Պահպանողական կուսակցության հիմնադիր անդամ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մեծ հաշվով, միասնական խորհրդարանական ընդդիմության Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքական պատկերացումներն արտահայտվում են «Հայաստանը պետք է զարգացնի կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ» և «Արևմուտքը տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ անելիք չունի» նախադասություններով: Համենայնդեպս, նման եզրակացության կարելի է գալ միասնական ընդդիմության առաջնորդների խոսքերից:
Փաշինյան Նիկոլն էլ ասում է, որ ՀՀ քաղաքականությունը 100%-ով համապատասխանում է ԼՂ կարգավիճակի հարցում ՌԴ քաղաքականության հետ: Քաղաքականության համապարփակ համապատասխանություն է արձանագրվել նաև Իրանի հետ: Սա նշանակում է, որ, ըստ օրվա իշխանության, Հայաստանն ուղիղ կապվում է Մոսկվա-Թեհրան առանցքին և Արևմուտքին հասկացնում է, որ վերջինս տարածաշրջանում այլևս անելիք չունի:
Այժմ համեմատենք օրվա իշխանության ու միասնական խորհրդարանական ընդդիմության արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումները և արձանագրենք, որ դրանք իրարից չեն տարբերվում: Դա, իր հերթին, նշանակում է, որ հնարավոր իշխանափոխությունից ՀՀ շարքային քաղաքացին, գոնե արտաքին քաղաքականության մասով, որևէ փոփոխություն չի տեսնելու:
Այդուհանդերձ, օրվա միասնական խորհրդարանական ընդդիմությունը մեծ հանրահավաք է նախապատրաստում: Այսօրվա իրականությունից ելնելով, այն իմաստ կունենա բացառապես օրվա իշխանության ներքին քաղաքականությունը փոխելու պահանջի դեպքում, քանզի օրվա իշխանության և ընդդիմության արտաքին քաղաքականության պատկերացումներն այլևս միանման են»:
Share this content: