Բայղուշը, գործակցողը և ռուսական սպառնալիքի չեզոքացման ուղին․ Թաթուլ Մկրտչյան

Ասում են, թե ռուսական սպառնալիքը չեզոքացնելու երկու մոտեցում կա՝ պասիվ և ակտիվ։ Պասիվիստը թախտին նստած սպասում է մինչև սպառնալիքի աղբյուրը կործանվի, ինչը կարծես՝ մոտ է։ Պասիվական ճամբարում գործող անձինք են բայղուշն ու գործակցողը։

Բայղուշն ընդծգում է սպառնալիքի աղբյուրի դեմ ակտիվ պայքարի մեծ ռիսկը, կանխատեսում ազգային կորուստներ։ Սպառնալիքի աղբյուրի կողմից ուղղորդվող բայղուշը պրոֆեսիոնալ բայղուշ է։ Կան նաև անվճար բայղուշներ, որոնք կորուստներ կանխատեսելով, «վրեժ են լուծում ամեն ինչի համար»։

Բայղուշը վախկոտ է, բայց գործակցող չէ։ Վախկոտը փախչում է առաքելությունից, կոչումից, դիրքից։ Իսկ գործակցողը (collaborationist) կռվել չի ուզում, բայց փախչել էլ չի ուզում, այլ գործակցում է սպառնալիքի աղբյուրի հետ, բավարարում նրա «առաջարկները», պաշտպանում նրա շահերը։ Գործակցողն ազգի ազատության գործն իր գործը չի համարում։ Կարևոր է համարում ֆիզիկական գոյատևումը։

Ռուսական սպառնալիքը հաղթահարելու ակտիվ մոտեցումն ազնիվ է և Աստվածահաճո, քանի որ անկախությունը Աստծո պարգևն է մեզ՝ քաղաքացիներիս։ Երբ նկատելի է, որ սպառնալիքն ուղղված է ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ապա ողջամիտ մարդն, ում համար ամենաթանկը ժողովրդի ազատությունը է, ռուսական սպառնալիքի դեմ կանգնում է անվարան, պատրաստ է կռվով պաշտպանել ժողովրդի ազատությունը՝ ինչպես Նժդեհը կամ ուկրաինացին։

Երեկ և այսօր որոշ գործիչներ ձևացնում են, թե մեծ ահ ունեն ռուսական սպառնալիքից, բայց թյուրիմացաբար կարծում են, որ եթե ռուսական սպառնալիքի աղբյուրի հետ գործակցեն ու բավարարեն նրա պահանջները, ապա կարող են մեղմել սպառնալիքը։ Իրականում՝ պասիվիզմի արդյունքում, հնարավոր է որոշ ժամանակ ապահովել ժողովրդի մի մասի գոյությունը, սակայն ժողովուրդն այլասերվում է, և բազմապատկվում են կորուստները՝ Նոյեմբերի 9-10-ի եռակողմը վկա։ Ուստի՝ պասիվիզմն անհեռանկար է, ճիշտ տարբերակ չէ։

Ռուսական սպառնալիքը հաղթահարելու ճշմարիտ ուղին ակտիվ մոտեցումն է։ ՀՀ անկախությանը սատարելու հարցում հանձնառու դաշնակիցը, ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում ՀՀ-ին սատարողը քայլեր են անում ՌԴ-ին մեր տարածաշրջանից դուրս մղելու ուղղությամբ, սակայն հայ ժողովրդի ազատության պայքարում գլխավոր անձն ակտիվ մոտեցման ջատագովն է՝ ակտիվիստը։ Ռուսական սպառնալիքը հաղթահարելու հարցում ակտիվիստների գործնական համախմբման արդյունքում կստեղծվեն ազգային և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու սոցիալական հիմքեր։

Վերջին շաբաթներին ակտիվիստների աճն ու համախմբման փորձերն օրինաչափ են։ Բոլորը հասկանում են, որ ռուսական սպառնալիքի վերանալուն քիչ ժամանակ է մնացել։ Իսկ ազգի հեղինակության համար կարևոր են համարում, որ գործակցողն ու բայղուշը վերանան ռուսական սպառնալիքի վերացման՝ առնվազն նախորդ օրը։ Արդեն նկատելի է, որ քչերն են մտածում հեռացող ռուսական սայլերի մի անկյունում ծվարած հեռանալու մասին։ Չի բացառվում նաև, որ նախկին գործակցողները (բացառությամբ 1-2 իդիոտների) առաջիկա օրերին կփորձեն համալրել ակտիվիստների շարքերը, ազատագրվել գործակցողի խարանից և իրենց ակտիվությամբ մոտեցնել ռուսական սպառնալիքի չեզոքացման բաղձալի օրը։ Եվ ինչպես երեխայի ծնունդն է սրբում ծննդկանի նախկին մեղքերը, այնպես էլ Ազատության ծնունդն ազատելու է պասիվիստին պատասխանատվությունից։

Թաթուլ Մկրտչյան
Պահպանողական կուսակցության քարտուղար

Share this content: