Կանոնադրություն

Պահպանողական կուսակցության Կանոնադրությունն ընդունվել է 1991թ․ ապրիլի 14-ին կուսակցության հիմնադիր համագումարում, գրանցվել է՝ 1991թ. հունիսի 10-ին` 3-րդ համարի ներքո: ՊԿ Կանոնադրության սույն խմբագրումն ընդունվել է 2023թ. հունվարի 8-ին Պահպանողական կուսակցության 12-րդ արտահերթ համագումարում:

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Պահպանողական կուսակցությունը (հապավումը՝ ՊԿ)  (այսուհետ տեքստում՝ ՊԿ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

2. ՊԿ-ի գործունեության, վերակազմակերպման, լուծարման, գործունեության արգելման կարգը, ինչպես նաև իրավական կարգավիճակը սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, Կուսակցությունների մասին Սահմանադրական օրենքով և այլ օրենքներով, սույն Կանոնադրությամբ:

2.1. ՊԿ գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության սկզբունքների վրա: ՊԿ-ն ինքնուրույն է որոշում իր ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության ձևերն ու մեթոդները, կուսակցության մարմինների ձևավորման կարգը, որոնք չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

ԳԼՈՒԽ II
ՊԿ-Ի ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ

3. ՊԿ-ն ունի դրոշ և զինանշան`

3.1. ՊԿ-ի դրոշը 12×12 համամասնությամբ քառակուսի է, քառակուսու գույնը ծիրանին է. քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր ամբողջական մակերեսին ունի 1,6×1,6 լայնքով խաչ, խաչի գույնն է կապույտը։

3.2. ՊԿ-ի զինանշանը 45 աստիճանի անկյամբ շեղված, 12×12 համամասնությամբ քառակուսի է, քառակուսու գույնը ծիրանին է. 45 աստիճանի անկյամբ շեղված քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր ամբողջական մակերեսին ունի 1,6×1,6 լայնքով խաչ, խաչի գույնն է կապույտը։

3.3. ՊԿ-ի դրոշի և զինանշանի քառակուսի ձևը խորհրդանշում է արևը, ծիրանին՝ բարիքը, խաչը քրիստոնեություն, կապույտը՝ ազնվությունը:

ԳԼՈՒԽ III
ՊԿ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

4. ՊԿ-ի խնդիրներն են՝

4.1. Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը, միջազգային բարձր վարկի հաստատմանը, քաղաքացիների բարօրությանը` ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված միջոցներով նախանձախնդիր մասնակցությունը,

4.2. ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված միջոցներով ՊԿ-ի ծրագրային դրույթների իրացումը:

5. ՊԿ-ի նպատակներն են՝

5.1. ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական հայոց պետության ամրապնդմանը նպաստելը,

5.2. քաղաքական հավասարակշիռ դաշտի ստեղծումը, որը կբացառի հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունները, բռնապետություն կամ ամբոխապետություն հաստատելը,

5.3. քաղաքացիական հասարակության կայացման օժանդակումը,

5.4. հասարակական-քաղաքական համաձայնության մթնոլորտի ամրապնդումը,

5.5. ՀՀ-ում գործող քաղաքական, հասարակական ուժերի, անհատների միասնականության ապահովումը՝ պետական շահերի պաշտպանության գործում,

5.6. ազգային արժեքների իմաստավորումն ու արժևորումը,

5.7. ազգային զարգացման ծրագրերի մշակումը,

5.8. հայրենիքի և սփյուռքի կապերի խորացումը և ամրապնդումը,

5.9. ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը,

5.10. ժողովուրդների, պետությունների միջև բարեկամության, փոխըմբռնման մթնոլորտի հաստատման օժանդակումը:

6. ՊԿ-ի ծրագրային հիմնադրույթները`

6.1. ՊԿ-ն որպես պետության տիպ ընդունում է ՀՀ Սահմանադրությամբ ամրակայված հանրապետական կարգերը:

6.2. ՊԿ-ի համար բարձրագույն արժեքներ են հայ պետականությունը, պետական անվտանգությունը, հայոց լեզուն, ազգային մշակույթը, քաղաքացու իրավունքները, բարոյականությունը, ազգային անվտանգության և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմաններում՝ խղճի ազատությունը:

6.3. ՊԿ-ն ՀՀ-ի զարգացումը տնտեսական ոլորտում տեսնում է պետության կողմից խթանվող և ազատ շուկայի կողմից կառավարվող տնտեսության մեջ:

6.4. ՊԿ-ն ջատագովն է ազգային և ժողովրդավարական արժեքների այնպիսի ներդաշնակությանը, որը կապահովի քաղաքացու և հասարակության մինչև վերջ ինքնադրսևորման հնարավորությունը:

6.5. ՊԿ-ն միջին խավի շահերի արտահայտողն ու պաշտպանն է. պայքարելու է, որ ստորին և ընչազուրկ խավ ՀՀ-ում չլինի, փորձելու է վերջինների կենսամակարդակը բարձացնել և վերացնել աղքատությունը։

6.6. ՊԿ-ն պայքարում է, որ բոլոր ռազմավարական, պետական անվտանգության տեսակետից առաջնային օբյեկտները լինեն պետական սեփականություն կամ պետության կողմից խիստ վերահսկողության ներքո:

6.7. Ազատ մրցակցությունն ապահովելու համար՝ ՊԿ-ն կողմնակից է մասնավոր սեփականության հակամենաշնորհային օրենքների:

6.8. Որպես պահպանողական՝ ՊԿ-ի մշտական խնդիրն է նպաստել պետական, հասարակական և տնտեսական կարգուկանոնին:

7. ՊԿ-ի գործունեության ձևերը`

7.1. ընտրությունների միջոցով մասնակցել պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը, դրանց գործունեությանը,

7.2. համագործակցել ՀՀ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինպես նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ,

7.3. ՊԿ-ի ռազմավարական-վերլուծական կենտրոնի միջոցով մշակել անհրաժեշտ ծրագրեր և իրականացնել դրանք,

7.4. հարցման միջոցով տեղեկանալ և ներկայացնել հասարակության կարծիքը տարբեր գործընթացների, իրադարձությունների վերաբերյալ,

7.5. կազմակերպել հետազոտություններ, կոնֆերանսներ, դասախոսություններ, սեմինարներ և մշակութային միջոցառումներ,

7.6. օրենքով սահմանված կարգով հիմնել և օգտագործել զանգվածային լրատվության միջոցներ,

7.7. իրականացնել այլ գործունեություն, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:

ԳԼՈՒԽ IV
ՊԿ-Ի ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

8. ՊԿ-ն կազմված է կամավոր հիմունքներով՝ դրանում 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների անդամագրումից, ովքեր ընդունում են ՊԿ-ի Ծրագիրն ու Կանոնադրությունը, չեն հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ:

9. ՊԿ-ին կարելի է անդամագրվել գրավոր դիմումի հիման վրա`

9.1. ՊԿ-ի  տարածքային ստորաբաժանման ժողովի որոշմամբ,

9.2. ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի որոշմամբ:

10. ՊԿ անդամը միաժամանակ ՊԿ-ի որևէ տարածքային ստորաբաժանման անդամ է:

11. ՊԿ անդամը մուծում է ամսական անդամավճար, որի չափը և վճարման կարգը որոշվում է ՊԿ Կենտրոնական խորհրդի կողմից:

12. ՊԿ անդամի իրավունքները`

12.1. ընտրելու և ընտրվելու ՊԿ ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,

12.2. մասնակցել ՊԿ-ի կողմից իրականացվող միջոցառումներին, ներկա լինելու ՊԿ  համագումարի նիստերին, ծանոթանալու ՊԿ մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները, տեղեկատվություն ստանալու ՊԿ ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, ստանալու փաստաթղթերի պատճեններ` ՊԿ կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու ՊԿ ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը,

12.3. ՊԿ-ի ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ, մասնակցել այն ժողովներին ու նիստերին, որտեղ քննարկվում են իր անձնական հարցը կամ առաջարկությունները, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի շուրջ,

12.4. ազատորեն դուրս գալ ՊԿ-ի շարքերից՝ սեփական դիմումի կամ բանավոր հայտարարության համաձայն, բողոքարկելու ՊԿ մարմինների որոշումներն ու գործողությունները, կամովին դադարեցնելու իրենց անդամակցությունը:

12.5. ՊԿ անդամակցությունը կամավոր է և անհատական:

12.6. ՊԿ անդամներ կարող են լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները:

12.7. ՊԿ անդամը չի կարող միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության անդամ:

12.8. ՊԿ անդամակցությունը կատարվում է քաղաքացու դիմումի հիման վրա` Կուսակցությունների մասին ՀՀ օրենքին համապատասխան, ՊԿ կանոնադրությամբ նախատեսված կարգով:

12.9. ՊԿ անդամները, ՊԿ կանոնադրությանը համապատասխան, կարող են ունենալ այլ իրավունքներ եւ պարտականություններ:

12.10. Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ՊԿ անդամները կարող են կանոնադրությամբ սահմաված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` ՊԿ-ից հեռացման:

13. ՊԿ անդամի պարտականությունները`

13.1. կատարել ՊԿ-ի վերադաս մարմինների որոշումները,

13.2. մասնակցել ՊԿ-ի՝ իր տարածքային ստորաբաժանման ժողովներին և միջոցառումներին,

13.3. մասնակցել ՊԿ-ի խնդիրների և նպատակների իրականացմանը:

14. ՊԿ-ի անդամությունը կորցնելու պայմաններն ու կարգը`

14.1. ՊԿ-ի անդամն իր անդամությունը կորցնում է Կենտրոնական խորհրդի որոշմամբ՝ տարածքային ստորաբաժանման նախագահին և (կամ) ՊԿ Կենտրոնական խորհրդին ուղղված սեփական դիմումի կամ բանավոր հայտարարության հիման վրա, կամ կենտրոնական խորհրդի որոշմամբ։

14.2. ՊԿ-ի անդամն իր անդամությունը կորցնում է, եթե անցնում է այնպիսի ծառայության, ում համար ՀՀ օրենսդրությունը կուսակցական լինելու արգելանք է սահմանում,

14.3. ՊԿ-ի անդամն իր անդամությունը կորցնում է, եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ նա գործել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների դեմ, և ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ կայացվել է համապատասխան որոշում,

14.4. ՊԿ-ի անդամն իր ՊԿ անդամությունը կորցնում է, եթե ՊԿ-ի Կենտրոնական խորհուրդը միաձայն որոշում է, որ նա կատարել է ՊԿ-ի Կանոնադրությանը հակասող գործողություններ, կատարել քաղաքական գործչին անվայել արարք։

14.5. ՊԿ-ի անդամությունը ՊԿ-ի շարքերում վերականգնվում է անձնական դիմումի համաձայն՝ ՊԿ-ի Համագումարի որոշմամբ:

14.6. ՊԿ անդամի նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական պատասխանատվության միջոց՝ նկատողություն, երբ ՊԿ անդամը խախտել է ՊԿ կանոնադրությունը, կատարել քաղաքական գործչին անվայել արարք, կամայականորեն չի կատարել ՊԿ ղեկավար մարմինների որոշումները։ Կարգապահական պատասխանատվության միջոց կիրառում է ՊԿ կենտրոնական խորհուրդը՝ միաձայն։

ԳԼՈՒԽ V
ՊԿ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

15. ՊԿ-ի տարածքային ստորաբաժանումները՝

15.1. ՊԿ-ն ունի տարածքային ստորաբաժանումներ, որոնք կազմվում են միայն տարածքային հատկանիշով,

15.2. ՊԿ կառուցվածքային հենքը կազմում են տարածքային ստորաբաժանումները, որոնք իրավաբանական անձի կարգավիճակ չունեն և գործում են ՊԿ Կենտրոնական խորհրդի լիազորագրերով,

15.3. Տարածքային ստորաբաժանումները, ընդգրկում են ՊԿ-ի առնվազն 7 անդամ,

15.4. Նոր տարածքային ստորաբաժանման ստեղծման դեպքում ՊԿ կենտրոնական խորհուրդը և դիմում ՀՀ պետական լիազոր մամին՝ դրանք հաշվառելու համար,

15.5. Տարածքային ստորաբաժանումներ կարող է ստեղծել ՊԿ-ի Կենտրոնական խորհուրդը,

15.6. Տարածքային ստորաբաժանումները գործում են ՊԿ Կենտրոնական խորհրդի հաստատած կանոնակարգով և ՀՀ գործող օրենսդությանը համապատասխան,

15.7. Տարածքային ստորաբաժանունը, կազմալուծվում է ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի նիստի որոշմամբ` խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե տարածքային ստորաբաժանման անդամների թիվը նվազում է սույն Կանոնադրությամբ նախատեսված 7 հոգուց,

15.8. Տարածքային ստորաբաժանումը, կազմալուծվում է ՊԿ-ի Համագումարի որոշմամբ, եթե տարածքային ստորաբաժանումն իրականացրել է ՀՀ Սահմանադրությունից և օրենքներից, ինչպես նաև սույն Կանոնադրությունից չբխող գործունեություն:

16. ՊԿ-ի տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները, գործունեության ժամկետը և գտնվելու վայրը.

16.1. Տարածքային ստորաբաժանումը ղեկավարում է տարածքային ստորաբաժանման նախագահը, որը սահմանում է տարածքային ստորաբաժանման, հերթական ժողովի օրակարգը, վարում է տարածքային ստորաբաժանման, ժողովները, ընդունում է ՊԿ անդամների առաջարկությունները և դրանք ներկայացնում ՊԿ խորհրդին, ՊԿ անդամներին է փոխանցում ՊԿ կենտրոնական խորհրդի որոշումներն ու առաջադրանքները։   

16.2. Տարածքային ստորաբաժանման նախագահին Տարածքային ստորաբաժանման անդամների միջից 1 տարի ժամկետով նշանակում է ՊԿ Կենտրոնական խորհուրդը՝ տարածքային ստորաբաժանման ժողովի որոշման համաձայն,

16.3. Տարածքային ստորաբաժանման նախագահի հերթական նշանակում է կատարվում ՊԿ-ի հերթական համագումարից հետո՝ 10 օրվա ընթացքում,

16.4. ՊԿ Նախագահի որոշմամբ կարող են վաղաժամկետ դադարեցվել Տարածքային ստորաբաժանման նախագահի լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում նշանակվում է տարածքային ստորաբաժանման նոր նախագահ,

16.5. Տարածքային ստորաբաժանման նախագահը ղեկավարում է Տարածքային ստորաբաժանման գործունեությունը, հրավիրում և նախագահում է Տարածքային ստորաբաժանման ժողովները, հաշվետու է ՊԿ Կենտրոնական խորհրդին: Տարածքային ստորաբաժանման նախագահը 6 ամիսը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում ՊԿ Կենտրոնական խորհրդին՝ տարածքային ստորաբաժանման գործունեության մասին, ինչպես նաև գույքի, ստացված դրամական միջոցների, ծախսերի վերաբերյալ` ՊԿ նախագահին:

16.6. Տարածքային ստորաբաժանման ժողովը լիազորված է կատարել անդամագրում և ազատել ՊԿ-ի անդամությունից` համապատասխան սույն Կանոնադրության, քննարկել ցանկացած հարց՝ կապված տարածքային ստորաբաժանման գործունեության հետ, ինչպես նաև սեփական որոշմամբ իարականացնել ՊԿ Ծրագրի` ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի քարոզչություն,

16.7. Տարածքային ստորաբաժանման ժողովն իրավազոր է, եթե ներկա է տարածքային ստորաբաժանման, անդամների 2/3-ը,

16.8. Տարածքային ստորաբաժանման հերթական ժողով հրավիրվում է կես տարին մեկ անգամ, որը նախագահում է տարածքային ստորաբաժանման նախագահը,

16.9. Արտահերթ ժողով կարող է գումարվել տարածքային ստորաբաժանման անդամների 1/3-ի պահանջով,

16.10. Արտահերթ ժողովի օրակարգը սահմանում է տարածքային ստորաբաժանման անդամների 1/3-ը, որի պահանջով գումարվել է այն,

16.11. Տարածքային ստորաբաժանման ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, տարածքային ստորաբաժանման անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

16.12. Տարածքային ստորաբաժանման ժողովի լիազորությունն է տարածքային ստորաբաժանման անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ 1 տարի ժամկետով ընտրել տարածքային ստորաբաժանման վերահսկողությունն իրականացնող մարմին, որի թիվը չի կարող պակաս լինել 3 հոգուց,

16.11. Տարածքային ստորաբաժանման վերահսկողությունն իրականացնող մարմնի գործունեությունը ղեկավարում է տարածքային ստորաբաժանման վերահսկողությունն իրականացնող մարմնի նախագահը, որն ընտրվում է տարածքային ստորաբաժանման վերահսկողությունն իրականացնող մարմնի անդամների քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ։ Վերահսկողություն իրականացնող մարմնի որոշումներն ընդունվում են վերահսկողությունն իրականացնող մարմնի բոլոր անդամների մասնակցությամբ` վերահսկողությունն իրականացնող մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ։

16.13. Տարածքային ստորաբաժանման վերահսկողությունն իրականացնող մարմնի նախագահը հաշվետու է ՊԿ-ի Կենտրոնական խորհրդին,

16.14. Տարածքային ստորաբաժանման վերահսկողությունն իրականացնող մարմինը վերահսկում է տարածքային ստորաբաժանման ֆինանսա-տնտեսական գործունեության՝ ՀՀ օրենսդրության հետ համապատասխանությունը և այդ մասին առնվազն 3 ամիսը մեկ գրավոր հաշվետվություն է ներկայացնում ՊԿ-ի Կենտրոնական խորհրդին,

16.15. Տարածքային ստորաբաժանման գտնվելու վայրը կարող է լինել բացառապես տվյալ մարզի ցանկացած համայնքում:

17. ՊԿ-ի բարձրագույն մարմինը համագումարն է, որը գումարվում է տարին 1 անգամ՝ ՊԿ կենտրոնական խորհրդի կողմից: Համագումարին մասնակցելու իրավունք ունեն ՊԿ բոլոր անդամները։ ՊԿ համագումարը պատվիրակներով անցկացվելու դեպքում համագումարին ձայնի իրավունքով մասնակցում են ՊԿ կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված ներկայացուցիչները՝ պատվիրակները: Հերթական համագումարի հրավիրման օրը և օրակարգը հայտարարվում է ՊԿ Կենտրոնական խորհրդի կողմից՝ համագումարի հրավիրման օրվանից առնվազն 1 ամիս առաջ:

17.1. ՊԿ համագումարի պատվիրակներն առաջադրվում և ընտրվում են ՊԿ տարածքային ստորաբաժանումների ժողովներում տարածքային ստորաբաժանումների անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ՝ ՊԿ կենտրոնական խորհրդի կողմից սահմանված համամասնությամբ։

17.2. ՊԿ համագումարն իրավազոր է, եթե համագումարին ներկա է ՊԿ անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ համագումարին պատվիրակների մասնակցության դեպքում՝ պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ։

17.3. ՊԿ համագումարի որոշումները, բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ Օրենքով և սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ։

17.4. ՊԿ կանոնադրության հաստատման եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ Օրենքով և սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության,  ՊԿ վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

18. ՊԿ-ի արտահերթ համագումարները առաջարկվող օրակարգով հրավիրվում են Կենտրոնական խորհրդի կողմից`

18.1. ՊԿ նախագահի որոշմամբ,

18.2. ՊԿ Կենտրոնական խորհրդի որոշմամբ,

18.3. առնվազն 2 տարածքային ստորաբաժանումների գրավոր պահանջով,

18.4. ՊԿ անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ։

19. ՊԿ-ի Համագումարը`

19.1. քննարկում և ընդունում է ՊԿ Ծրագիրը, հաստատում է Կանոնադրությունը, լրացումներ և փոփոխություններ է կատարում դրանցում,

19.2. ընդունում է ՊԿ գործունեությունը կարգավորող որոշումներ, հրահանգներ, կանոններ,

19.3. ընտրում է ՊԿ Նախագահին,

19.4. ընտրում է ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի անդամներին, որոնց թիվը սահմանում է Համագումարը, կազմալուծում է Կենտրոնական խորհուրդը,

19.5. Կենտրոնական խորհրդի կազմից՝ ՊԿ Նախագահի առաջարկությամբ հաստատում է ՊԿ Նախագահի տեղակալին և ՊԿ Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարին,

19.6. ընտրում է Վերստուգիչ հանձնաժողովի նախագահին և անդամներին, կազմալուծում Վերստուգիչ հանձնաժողովը,

19.7. լսում և հաստատում է ՊԿ Նախագահի և Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, դադարեցնում ՊԿ Նախագահի լիազորությունները, 

19.8. հաստատում է ՊԿ-ի նպատակների և խնդիրների իրագործման համար անհրաժեշտ գործելակերպ,

19.9. հաստատում է ՊԿ-ի նախընտրական ծրագիրը,

19.10. որոշում է կայացնում ՊԿ-ի` նախընտրական դաշինքների մեջ մտնելու մասին,

19.11. ընդունում է որոշումներ ՊԿ-ի վերակազմակերպման, անվանափոխության, լուծարման վերաբերյալ,

19.12. հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում ՊԿ ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ հաստատում է կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակը։

19.13. ՊԿ ղեկավար մարմինների ընտրություններն անցկացվում են փակ գաղտնի քվեարկությամբ,

19.14. Համագումարի աշխատանքները կոորդինացնում են Համագումարի նիստերի նախագահողը և նրա տեղակալը, որոնք ընտրվում են Համագումարի կողմից` բաց քվեարկությամբ, ընտրված պատվիրակների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, 1 տարի ժամկետով:

20. ՊԿ համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ՊԿ-ի մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարն է ՊԿ Նախագահը.

20.1. ՊԿ Նախագահն ընտրվում է համագումարի կողմից` 1 տարի ժամանակով։

20.2. ՊԿ Նախագահը ՊԿ Կենտրոնական խորհրդի անդամներից՝ ՊԿ Նախագահի տեղակալի և Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարի թեկնածություններ է ներկայացնում Համագումարի հաստատմանը,

20.3. ՊԿ Նախագահը հարավիրում է ՊԿ Կենտրոնական խորհրդի և աշխատակազմի նիստեր և վարում դրանք,

20.4. ՊԿ անունից այլ մարմինների եւ անձանց հետ հարաբերություններում առանց լիազորագրի հանդես է գալիս ՊԿ նախագանը, որպես մշտապես գործող կոլեգիալ ղեկավար մարմնի  ղեկավար,

20.5. ՊԿ Նախագահը տնօրինում է ՊԿ-ի կնիքը և դրոշմը,

20.6. ՊԿ Նախագահը ՊԿ Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարի ներկայացմամբ հաստատում է ՊԿ-ի աշխատակազմը,

20.7. ՊԿ Նախագահն իրականացնում է սույն Կանոնադրությունից բխող այլ գործողություններ:

21. ՊԿ Նախագահի հիվանդության, բացակայության կամ այլ անհրաժեշտ դեպքերում նրա լիազորություններն իր իսկ կողմից դրվում են տեղակալի կամ անհրաժեշտության դեպքում՝ ՊԿ Կենտրոնական խորհրդի անդամներից որևէ մեկի վրա:

22. ՊԿ նախագահի հրաժարականի դեպքում, մեկ ամսվա ընթացքում ՊԿ Կենտրոնական խորհուրդը հրավիրում է արտահերթ համագումար՝ ՊԿ Նախագահի ընտրության հարցով: Խորհուրդը ՊԿ Նախագահի հրաժարականի կապակցությամբ արտահերթ համագումար հրավիրելու մասին որշումն ընդունում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Մինչև ՊԿ նոր Նախագահի ընտրությունը՝ ՊԿ Նախագահի լիազորությունները կատարում է տեղակալը:

23. ՊԿ Նախագահի թեկնածուներն առաջադրվում են համագումարի պատվիրակների կամ ՊԿ անդամների առնվազն կեսի կողմից: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ում օգտին քվերակել է համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Անհրաժեշտ ձայների քանակը չհավաքելու դեպքում կատարվում է նոր առաջադրում և ընտրություն: Եթե առաջադրվել են երկուսից ավելի թեկնածուներ, և նրանցից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Լրացուցիչ քվեարկության ժամանակ համագումարի համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն համարվում է ընտրված:

24. ՊԿ մշտապես գործող ղեկավար մարմինը ՊԿ Կենտրոնական խորհուրդն է, բաղկացած է ՊԿ-ի Նախագահից, տեղակալից, Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարից և համագումարի կողմից ընտրված անդամներից:

24.1. ՊԿ կենտրոնական խորհուրդն ընտրվում է ՊԿ համագումարի կողմից, գործում է 1 տարի ժամկետով։

25. ՊԿ Կենտրոնական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության՝ ՊԿ նախագահի կամ Կենտրոնական խորհրդի անդամներից որևէ մեկի պահանջով:

26. ՊԿ Կենտրոնական խորհրդի որոշումներն ընդունվում են ՊԿ Կենտրոնական խորհրդի անդամների 2/3-ի մասնակցությամբ՝ բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

27. ՊԿ-ի Կենտրոնական խորհուրդը

27.1. անդամագրում և ազատում է ՊԿ անդամակցությունից,

27.2. սահմանում է համագումարի պատվիրակների ընտրության կարգը,

27.3. ընդունում է ՊԿ-ի գործունեությունը կարգավորող որոշումներ, հրահանգներ, կանոններ,

27.4. սահմանում է համագումարների որոշումների իրականացման ուղղությունները,

27.5. վերահսկում է համագումարների որոշումների կատարումը,

27.6. սահմանում է ՊԿ-ի աշխատակազմի թվակազմը և կառուցվածքը,

27.7. սահմանում է ՊԿ Նախագահի և աշխատակազմի աշխատողների վարձատրության դրույքաչափերը,

27.8. հաստատում է ՊԿ տարածքային ստորաբաժանումների հաշվետվությունները,

27.9. նշանակում է իր ԶԼՄ-ների ղեկավարներին և նրանց ներկայացմամբ՝ հաստատում խմբագրական կոլեգիայի կազմերը,

27.10. առաջարկություններ և միջնորդություններ է ներկայացնում պետական մարմիններին,

27.11. մշակում և Համագումարի հաստատմանն է ներկայացնում ՊԿ-ի նախընտրական ծրագիրը,

27.12. հրավիրում է արտահերթ համագումար,

27.13. համագումարի քննարկմանն է ներկայացնում ՊԿ-ի վերակազմակերպման, լուծարման հարցերը,

27.14. հաստատում է ՊԿ-ի տարեկան բյուջեն, նպաստային ֆոնդերը, հիմնական և համալիր միջոցառումների ծրագրերը,

27.15. հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է ՊԿ ծախսերի նախահաշիվը.

27.16. Ծրագրի և Կանոնադրության փոփոխման և լրացման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Համագումարին,

27.17. համակարգում է Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված կուսակցականների աշխատանքները,

27.18. կազմում է հանձնաժողովներ և հանձնախմբեր,

27.19. մեկնաբանում է ՊԿ-ի ծրագրերը, Կանոնադրությունը, ՊԿ համագումարների որոշումները,

27.20. որոշում է ընդունում ՊԿ-ի անունից կատարվող պարգևատրումների վերաբերյալ,

27.21. լուծում է այլ հարցեր, որոնք բխում են սույն Կանոնադրությունից:

27.22. առաջադրում և հաստատում է ՀՀ Նախագահի և ԱԺ պատգամավորի թեկնածուներին,

27.23. ՊԿ Կենտրոնական խորհուրդը հաստատում է ՊԿ-ի կողմից առաջադրվող ԱԺ պատգամավորի թեկնածուների ցուցակը,

27.24. հաստատում է տեղական ինքնակառավարման մարմիններում ՊԿ-ի կողմից առաջադրվող թեկնածուներին,

27.25. ՊԿ անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ.

27.26. փոփոխություններ է կատարում համագումարի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե համագումարի կողմից հաստատվելուց հետո ՊԿ կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է ՊԿ կամքից անկախ պատճառներով,

27.27. որոշում է կայացնում ՊԿ լուծարման մասին, եթե համագումարն իրավազոր չի եղել.

27.28. իրականացնում է օրենքով եւ կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ։

28. ՊԿ-ի աշխատակազմը ղեկավարում է ՊԿ Կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարը, որը հաշվետու է ՊԿ Նախագահին:

29. ՊԿ-ի աշխատակազմը`

29.1. հսկողություն է իրականացնում ՊԿ համագումարների և Կենտրոնական խորհրդի որոշումների կատարման հանդեպ,

29.2. կազմակերպում է ՊԿ-ի համագումարի հրավիրման նախապատրաստական աշխատանքները,

29.3. նախապատրաստում է համագումարում, Կենտրոնական խորհրդի նիստերում և այլ միջոցառումներում քննարկվելիք հարցերը, մշակում է համապատասխան փաստաթղթերը,

29.4. մշակում և Կենտրոնական խորհրդի քննարկմանն է ներկայացնում ՊԿ-ի տարեկան բյուջեի նախագիծը, կազմում է աշխատանքային գործունեության ծրագրեր և ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ՝ դրանց իրագործման ուղղությամբ,

29.5. մշակում է ՊԿ-ի հիմնական և համալիր միջոցառումների ծրագրերը,

29.6. հսկողություն է իրականացնում ՊԿ-ի մամուլի, լրատվական և հրատարակչական ծառայությունների գործունեության հանդեպ:

30. ՊԿ ղեկավար մարմինների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Վերստուգիչ հանձնաժողովը, որն ընտրվում է համագումարի կողմից և հաշվետու է նրան:

30.1. Վերստուգիչ հանձնաժողովը լիազորված է պահանջելու, ստանալու և քննելու  ՊԿ ղեկավար մարմինների ֆինանսական գործունեության՝ ֆինանսական մուտքերի-ելքերի, նվիրատվությունների, գնումների, կազմակերպված հանգանակությունների վերաբերյալ փաստաթղթերը, կազմել համապաստախան հաշվետվություններ և զեկույցներ, ներկայացնել դրանք ՊԿ Համագումարին։

31. ՊԿ Վերստուգիչ հանձնաժողովի անդամներն ընտրվում են ՊԿ համագումարի կողմից 1 տարի ժամանակով:

32. Վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, անդամները միաժամանակ չեն կարող լինել ՊԿ ղեկավար մարմնի անդամ:

33. Վերստուգիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Վերստուգիչ հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցությամբ, բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

34. Վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է Վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների կազմից ընտրում է ՊԿ համագումարը՝ ՊԿ համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ԳԼՈՒԽ VI
ՊԿ-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

35. ՊԿ-ի դրամական միջոցները գոյանում են`

35.1. անդամավճարից, որը սահմանում է ՊԿ կենտրոնական խորհուրդը,

35.2. ՀՀ օրենքներին չհակասող այլ աղբյուրներից:

36. ՊԿ-ի` գույքի ձեռքբերման աղբյուրներ կարող են հանդիսանալ բացառապես ՀՀ օրենսդրությամբ կուսակցությունների համար սահմանված աղբյուրները:

37. Դրամական միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում են ՊԿ-ի նախագահը, ՊԿ-ի Կենտրոնական խորհուրդը՝ ըստ ՊԿ-ի տարեկան բյուջեի և ֆինանսական այլ ծրագրերի:

38. ՊԿ-ի տարածքային ստորաբաժանումները կարող են ունենալ դրամական միջոցների և գույքի ձեռքբերման բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբյուրներ և միջոցներ:

39. ՊԿ-ի տարածքային ստորաբաժանումները դրամական միջոցները և գույքը տնօրինում են ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի կարգով և ՊԿ Կենտրոնական խորհրդի որոշումներով` ծրագրային և կանոնադրական խնդիրները լուծելու համար:

ԳԼՈՒԽ VII
ՊԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

40. ՊԿ-ի Կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելը ՊԿ-ի Համագումարի լիազորությունն է։ Այս մասին որոշումներն ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

41. ՊԿ-ի Կանոնադրության մեջ կատարվող փոփոխություններն օրենսդրությամբ սահմանված ժամկետում ՊԿ-ի Կենտրոնական խորհրդի կողմից ներկայացվում են գրանցման պետական լիազոր մարմնին:

ԳԼՈՒԽ VIII
ՊԿ-Ի ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

42. ՊԿ-ն ենթակա է լուծարման` համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանդրական Օրենքի համապատասխան կետերի:

43. ՊԿ լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է ՊԿ կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության: «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանդրական Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության։

ԳԼՈՒԽ IX
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

44. ՊԿ-ն իրավաբանական անձ է, ունի դրոշմ, կլոր կնիք:

45. ՊԿ-ն կարող է ունենալ հաշիվ բանկում՝ ինչպես ազգային դրամով, այնպես էլ արտարժույթով:

46. ՊԿ իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Ն/Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան նրբանցք, շենք 11, բն. 4:

ՊԿ կանոնադրության այս խմբագրումն ընդունվել է ՊԿ 12-րդ համագումարում՝
08.01.2023թ.
Երևան