Պահպանողական կուսակցության անդամ Հայկ Միրզոյանը ելույթ է ունեցել հոկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում ԱԺԲ-ի կազմակերպած հանրահավաքում։
«Սիրելի հայրենակիցներ,
Մեր պետությունը վճռական քայլերի անհրաժեշտության առաջ է։
Հայտնի ճշմարտություն է, որ ազատ անհատն իր ցանկությունները չի կապում իրադրության հետ, իսկ պետությունը իր նպատակը չի կապում օտարների կեցվածքի հետ։ Երբ ռուսաստանը արդեն վճարված զենքը չի մատակարարում, երբ ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլեւ Ռուսաստանի Դաշնությունը որեւէ կերպ չի կատարում իր պարտավորությունները , երբ Հայաստանի ազատագրումը ռուսական բռնազավթումից երբեք այսքան չի միավորել մեր հանրությանը, իշխանության կրավորական կեցվածքը արկածախնդրություն է։
ՀԱՊԿ-ից դուրս գալու նախաձեռնության փոխարեն, հնչում է դրա կողմից մե՛զ լքելու սպասում միայն, այն դեպքում, երբ նույնիսկ ռուսական գործակալ ընկալվող ուժերն այլեւս անխուսափելի են համարում Ռուսաստանի մոտալուտ անկումը։ Սեփական կրավորականությունն արդարացնելու նպատակով հորինվում են դավաճաններ, չուզողներ, թշնամիներ, սակայն վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանում այս առնչությամբ թշնամի չկա, դավաճան չկա։ Հայաստանում կան միայն դաշնակիցներ, որոնք երբեմն վախեցած են, երբեմն կաշկանդված, երբեմն ծպտված։
Աշխարհի ներկա ալեկոծ ժամանակահատվածում, երբ արագ կողմնորոշվելը հրամայական է, անկաշկանդ արտահայտվելու ունակ ուժերը պետք է համատեղեն ջանքերը եւ նախաձեռնեն ծպտված դաշնակիցներին ազատագրելու գործընթաց։
Պահպանողական կուսակցությունը համոզված է, որ միայն դրանով հնարավոր կլինի միավորել հանրությանը Անկախության նպատակի շուրջ եւ դիմակայել պետականության դեմ ուղղված ռուսական սպառնալիքին։ Պետականության հիմքերի ամրապնդումը եւ նոր ձեւավորվող աշխարհում Հայաստանի դերի բարձրացումը ուղիղ կապ ունի նախաձեռնողականության, պատասխանատվության եւ վճռականության հետ։
Ժամանակն է սեփական որոշումները օտարների հետ համաձայնեցնելու փոխարեն, ստանձնել դրանց ամբողջական պատասխանատվությունը՝ հիշելով, որ ճակատագրի դեմ պայքարում ամենակարեւորը վճռականությունը չկորցնելն է։
Հայաստանն անկախ է և պիտի անկախ լինի մի՛շտ»։
Share this content: