Հանրությանը ճիշտն ասեք․ ի՞նչ է մեզ համար Արցախը՝ Հայաստա՞ն, ԼՂՀ՞, Ռուսաստա՞ն, Ադրբեջա՞ն, թե՞ Լուգանդոն

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Առնվազն տարակուսելի է, երբ հասարակության քաղաքականացված սեգմենտի ներկայացուցիչները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, չմանրամասնելով միջանցքի բացման ձևաչափը:

Լավ, դուք չգիտե՞ք, որ միջանցքը, նույնիսկ՝ «բացվելու» դեպքում, չի ունենալու այն բովանդակային ձևը, որն ունեցել է, օրինակ՝ 2022թ դեկտեմբերի 11-ին (2020թ սեպտեմբերի 26-ը չեմ էլ հիշատակում):

Ավելին՝ բոլորդ լավ գիտեք, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ որոշումը ևս մեզ չի վերադարձնելու 2022թ դեկտեմբերի 11-ին եղած «երանելի» վիճակին:

Այդ դեպքում, ի՞նչն եք ցանկանում բացել և ի՞նչ ձևաչափով:

Կարծում եմ, որ «բացվելու» դեպքում, Լաչինի միջանցքում ադրբեջանցիներն ու ռուսները անցակետեր են տեղադրելու և մեզանից շատերը (մեծամասնությունը) չեն կարողանալու Արցախում հյուրընկալվել: Իսկ բեռներն այնպես, ինչպես այսօր կտեղափոխեն ռուս խաղաղապահները: Արդյո՞ք մեզ այդպիսի «բացում» է անհրաժեշտ: Դա կարող է ժամանակավոր, սակայն ոչ համապարփակ լուծում հանդիսանալ: Հետևաբար՝ հանրությանը ճիշտն ասեք: Բառերն իրենց անուններով կոչեք:

Օրինակ՝ ասեք, որ միջանցքն իրականում կբացվի, երբ մենք բոլորս հստակ պատկերացնենք, թե ինչպիսին ենք ցանկանում տեսնել Արցախի ապագան: Ի՞նչ է մեզ համար Արցախը՝ Հայաստա՞ն, ԼՂՀ՞, Ռուսաստա՞ն, Ադրբեջա՞ն, թե՞ Լուգանդոն: Ասեք, որ հանրությունն այս հարցին պետք է պատասխանի այնպես, ինչպես պատասխանեց 1988թ այս օրերին: Եվ, հավատացրեք հանրությանը, որ նրա պատասխանից է կախված Լաչինի միջանցքի գործունեության ձևաչափը: Վստահեցրեք նաև, որ նույն Արդարադատության միջազգային դատարանը վճիռներ կայացնելիս, անկասկած հաշվի է առնում կողմերի հաստատակամությունը: Ի դեպ, հաստատակամությունը բոլորն են հարգում»:

Share this content: