Եթե իշխանությունն ուզում է կորցնել Արցախն ու Սյունիքը, ապա այն չենք կարող անվանել իշխանություն, «եսիմինչ» է. Կարեն Հեքիմյան

«44-օրյա պատերազմից, քաղաքական իմաստով մեր քաղած դասերը չնչին են, ըստ այդմ, եթե լինի «հաջորդ պատերազմը» մեր նախապատրաստվածությունը համարյա զրոյական մակարդակի վրա է», «Իրավունք»-ի հետ զրույցում նշել է Պահպանողական կուսակցության նախագահ ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆԸ եւ անդրադարձել նաեւ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակին ու Բերձորի միջանցքի խնդրին:

— Նախորդ շաբաթ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից Գուրգեն Արսենյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարեւորության մասին, ինչպես նաեւ նշեց, թե անընդհատ հիշատակում ենք Արցախի 120 հազար բնակչության մասին, մոռանալով՝ ՀՀ 3 մլն բնակչությանը: «Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»,- հավելել էր Արսենյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Պահպանողական կուսակցությունը հրավիրված չի եղել ԱԺ այդ լսումներին: Ես համակողմանի տեղեկատվությանը չեմ տիրապետում՝ տեղի ունեցածը գնահատելու համար: Մյուս կողմից՝ ինձ իրավունք չեմ վերապահում մտնել խորհրդարանական ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության արանքը: Վստահ չեմ, սակայն ենթադրում եմ, որ Ձեր նշած պատգամավորի ելույթը խորհրդարանական ուժերի պայմանավորվածությունների ծիրում է:

— Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը:

— Գործող ուժերի՝ ազգային կարեւոր խնդիրների շուրջ համագործակցությունը քաղաքական անհրաժեշտություն է: Խնդիրն այն է, որ քաղաքական ներկա մեծամասնությունը ազգային շահի, քաղաքական օրակարգի եւ առաջնահերթությունների վերաբերյալ շատ լղոզած մոտեցումներ ունի: Երբ հստակեցվեն, այն ժամանակ նրա հետ գործակցելու խնդիրը կարող ենք քննարկել:

— Կա՞ն համագործակցության եզրեր:

— Համագործակցության եզրեր այս պահին ունենք անկախական ուժերի հետ: Առաջիկայում նախատեսում ենք հանդիպումներ ունենալ մի շարք ուժերի հետ եւ փորձել որոշակի ընդհանուր նորմեր ներմուծել քաղաքական վարքաբանության մեջ: Եթե հաջողվի, ապա գործակցության ասպարեզները կարող են աներեւակայելի ընդլայնվել:

— Ի՞նչ է կատարվում Բերձորի միջանցքում, իշխանությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր:

— Եթե դեկտեմբերի 12-ին ՀՀ-ում իշխանության լինեին նորմալ մարդիկ, ապա մի քանի օր ժամանակ կտային Ադրբեջանին եւ Ռուսաստանին: Եթե այդ ընթացքում նրանք չբացեին միջանցքն ու չապահովեին անարգել երթեւեկությունը, ապա ՀՀ իշխանությունը միակողմանի կճանաչեր Արցախի անկախությունը եւ կչեղարկեր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

— ՀՀ իշխանությունն այս պահին որեւէ հստակ ծրագիր ունի՞, թե՞ աթոռից կառչելու վերջին փորձերն են անում:

— Ունի, թե՝ չունի, չգիտեմ: Գիտեմ միայն, որ ՀՀ իշխանությունը պարտավոր է ունենալ հստակ ծրագիր, եւ այն ներկայացնել ժողովրդին իր պաշտոնյաների, խոսնակների, գործակցող քաղաքագետների, կից կառույցների միջոցով: Պահպանողական կուսակցությունն այս շարքում չէ: Ինչ վերաբերում է աթոռից կառչելու նրա փորձերին, ապա կարող ենք կանխատեսել, որ եթե ուկրաինա-ռուսական պատերազմն ավարտվի վաղը, ապա մյուս օրը ՀՀ-ում կկազմակերպվեն ընտրություններ, որի ժամանակ նիկոլականները կարող են պարտվել:

— Մեր դիվանագիտությունը կարելի՞ է տապալված համարել, թե՞ արտաքին քաղաքական դաշտում դեռ անելիքներ ունենք:

— Հայաստանն անելիքներ ունի: Մասնավորապես՝ քաղաքակրթական ընտրանքի իրացման, իրական դաշնակիցների ձեռք բերման, նոր շուկաներ դուրս գալու հարցերում լուրջ անելիքներ ունենք:

— Առհասարակ, ի՞նչ է ուզում իշխանությունը, կորցնել Արցա՞խը, Սյունի՞քը, թե՞ այդուհանդերձ պահպանել մեր դիրքերը եւ նույնիսկ պատրաստվել պատերազմի:

— Նվազագույնը, ինչը պարտավոր է անել իշխանությունը՝ պահպանել դիրքերը եւ պատրաստվել հնարավոր պատերազմի, որի հավանականության մասին կանխատեսումներ կան: Իսկ եթե իշխանությունն ուզում է կորցնել Արցախն ու Սյունիքը, ապա այն չենք կարող անվանել իշխանություն, եսիմինչ» է:

— 44 օրյա պատերազմից դասեր քաղեցի՞նք, կամ ի՞նչ դասեր պիտի քաղեինք ու ինչպե՞ս է հարկավոր նախապատրաստվել հաջորդ պատերազմին, որն ինչ-ինչ կանխատեսումների համաձայն՝ անխուսափելի է:

— Կարծում եմ՝ 44-օրյա պատերազմից, քաղաքական իմաստով, քաղած դասերը չնչին են, իսկ ռազմական իմաստով՝ զրոյական: Ըստ այդմ, եթե լինի «հաջորդ պատերազմը» մեր նախապատրաստվածությունը համարյա զրոյական մակարդակի վրա է: Իսկ «հաջորդ պատերազմներին» հարկավոր է պատրաստվել առաջին հերթին քաղաքականապես:

Աղբյուրը՝ «Իրավունք», հեղինակ՝ Ս․ Ասատրյան, 07․02․2023թ․

Share this content: