Սիրելի պապիկ, վաղվա ազատ Հայաստանին դու ես ծնունդ տվել․ Հայկ Միրզոյան

Ավետարանական ճշմարտություն է, որ աշխարհակարգին անտարբեր մնացողը դատապարտված է քարանալ՝ լավագույն դեպքում մնալ որպես անցյալի սրբացված հուշարձան։ Իսկ երբ պետությունը ձևավորած հանրության գերակշիռ մասն է արհամարհում աշխարհակարգային փոփոխությունները, այդպիսով՝ զոհասեղանին է դնում իր պետությունը։

Ցավոք՝ մեր քաղաքական ընտրանին 31 տարում չի իրականացրել իր գլխավոր առաքելությունը՝ ձևավորել քաղաքացիական հասարակություն ու ՀՀ դարձնել քաղաքակիրթ աշխարհի ներդաշնակ մասը։ Նրանք ընդամենն արձանագրել են հանրային-սոցիալական ակնկալիքները՝ արդարանալով, թե քաղաքացին-ընտրողը դրա համար իրենց մանդատ չի տվել։

Աշխարհակարգի ներկայիս գահավիժման պարագայում, երբ փոփոխվում են արտաքին պայմանավորվածությունները և դրանք ձևավորած աշխարհընկալումը, մենք, որպես հասարակություն, դեռ շարունակում ենք ապրել նախորդ աշխարհակարգի աշխարհընկալումներով, պարզ ասած՝ խորհրդային բռնազավթման տարիների բարդույթներով։ Թերևս սա է պատճառը, որ ՀՀ-ն գործնականում չի մասնակցում մեր տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելու միջազգային նախաձեռնություններին։ Նույնիսկ ցուցադրվում են վախեր, իբր աշխարհակարգի փլուզումը կարող է կրկին մեր հաշվին լինել։ Նկատենք, որ նման վախ տարածողը չի ներկայացնում ենթադրյալ կորստի պատճառն ու այն կանխելու միջոցները։ Ուստի՝ կարելի է ասել, որ այդ վախերն իրականում քաղաքական ամլության ցուցիչ են։

Աշխարհընկալման ձևավորման հիմնական գործիքը տեղեկատվությունն է։ Ցավալի է, որ ժողովրդի մի մասը դեռ չի պատկերացնում, որ Հայաստանն անկախ է և կարող է անկախ լինել միշտ։ Տարեցների և չտեղեկացվածների մի մասը չի պատկերացնում, որ նոր աշխարհակարգում չեն լինելու ազդեցության գոտիներ, շարունակ խաբում ու վախեցնում է ինքն իրեն, թե եթե դուրս գանք ռուսական ազդեցության գոտուց, ենթադրաբար կհայտնվենք այլ ազդեցության գոտում։

Մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, երբ մի կողմից՝ երիտասարդ սերունդն, ունենալով տեղեկացվելու ազատ հնարավորություն, տեղեկատվությունը հիմնականում ստանում է ռուսական աղբյուրներից և ապա դատողություններ անում ռուսական աշխարհընկալման շրջանակներում (օրինակ՝ ազդեցության գոտիների պահպանման մասին թյուրըմբռնումը)։ Մյուս կողմից՝ տարեց մարդիկ, որոնք տիրապետելով միայն մեկ օտար լեզվի (ռուսերենի), հետևում են միայն ռուսական հեռուստատեսային «ճշմարտությանը»։ Ու քանի որ մեր հասարակության մեջ գերակշռում է ավագից դաստիարակչական կախվածությունը, երիտասարդները կաշկանդվում են աշխարհին նայել անկախ Հայաստանի աչքերով։

Տեղեկատվական անվտանգության այս մարտահրավերը հաշվի առնող երկրներում մեծահասակների ըմբոստության խնդիրը լուծելու և ներքին խաղաղություն պահպանելու համար արգելում են ռուսական տեղեկատվական ռեսուրսների ներթափանցումը հանրային տիրույթ։ Սակայն հաշվի առնելով համացանցի մատչելիությունը, նման արգելքի արդյունավետությունը բարձր չի։ Մեծահասակների մեծ մասը կարողանում է գտնել ու սնվել այն տեղեկատվությամբ, որը հաճելի է իրեն։ Ավելին՝ նրանց մի մասը վախենում է աշխարհին նոր հայացքով նայել և ընդունել, որ իր կյանքի մեծ մասն ապրել է ապազգային արժեքներով։

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ մեր երկրում ևս սերունդների բախում է հասունանում, որը կանխելու ամենաարդյունավետ միջոցը մեծահասակներից շնորհակալություն հայտնելն է, քանի որ այսօրվա ու վաղվա ազատ Հայաստանին հենց իրենք են ծնունդ տվել, երիտասարդներին սովորեցրել՝ լինել ազատ, համարձակ, պաշտպանել ժողովրդի ազատությունը, չփախչել-չթաքնվել, այլ խիզախորեն ընդառաջ գնալ աշխարհին և փոփոխություններին։ Գուցե այս թիրախային շնորհակալական վերաբերմունքը նպաստի ներքին խաղաղության պահպանմանը, ինչը կարևոր է աշխարհաքաղաքական ընթացիկ վերափոխումների շրջանում։

Հայկ Միրզոյան
Պահպանողական կուսակցության անդամ

Աղբյուրը՝ Lragir.am, 04.11.2022թ

Share this content: