Հայկ Միրզոյանի ելույթը Սեպտեմբերի 21-ին Երևանում, ԱԺԲ-ի հրավիրած հանրահավաքում

Սեպտեմբերի 21-ին Երևանի Ազատության հրապարակում ելույթ է ունեցել Պահպանողական կուսակցության անդամ Հայկ Միրզոյանը։ Ելույթի տեքստը ստորև

Սիրելի հայրենակիցներ, այսօր միասնության օրն է։ Այսօր չկա ընդդիմություն, չկա իշխանություն։ Չկա տարակարծություն։ Այսօր կա մեկ արժեք եւ մեկ նպատակ։

Այսօր հայ ժողովրդի բոլոր արժեքների միաձուլման օրն է, Հայաստանի պետականության օրը։ Այստեղ՝ այդ արժեքներից մեծագույնի, ազատության խորհրդանիշ հրապարակում մեծ եւ պատմական պատիվ է դիմել մեր քաղաքացիներին՝ արժեւորելու ազատությունն ու դրա միակ գրավական հայոց պետականությունը։

Պետականությունն արժեւորելու համար պետք է հիշել եւ վերանայել այն մարտահրավերները, որոնց դիմակայել եւ դիմակայում ենք մինչ օրս։ Դրանցից առավել մտահոգիչը «փոքր ածուի» բարդույթն է, որը ռուսական բռնատիրությունը հմտությամբ օգտագործել եւ օգտագործում է մեր դեմ՝ ստիպելով զերծ մնալ ինքնիշխանությունը ամրացնելու գործուն քայլերից։

Փոքրության բարդույթի պատճառով է, որ մեծ հայրենիքի սին խոստումների դիմաց պատրաստ ենք եղել հրաժարվել ինքնիշխանությունից եւ ինտեգրվել կայսրության անմարդկային ծրագրերի մեջ։ Զիջել ենք ինքնիշխանությունը հանուն Արցախի։ Անհրաժեշտ է վերջապես գիտակցել, որ չկա որեւէ տարածք, հանուն որի արժե զոհել ինքնիշխանությունը։ Պետականությունն է միայն, որ ունակ է պաշտպանել ոչ միայն սեփական տարածքներն, այլեւ պաշտպանել ժողովրդի շահերը սեփական տարածքից դուրս։

Անօգնականության վախը մեզ ստիպել է հորինել մտացածին թշնամիներ, թշնամանալ բարեկամների հետ, հանձնել մեր հարստությունը ուրիշին եւ ակնկալել նրա ողորմածությունը հնարովի կամ իրական հակառակորդների հարձակումների ժամանակ։ Այսպիսի մի քայլ էլ եղել է ՀԱՊԿ կոչվող անպիտան, ավելին, վնասակար կառույցի մեջ ինտեգրվելը։

Այժմ, երբ Հայաստանի անկախական ուժերի երկարամյա անձնուրաց պայքարի պտուղները հասունացել են, եւ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գիտակցում է ՀԱՊԿանման կառուցների վնասակարությունը, ժամանակն է կատարել քաղաքացիների պահանջն ու վերադարձնել մեր ինքնիշխանությունը՝ մերժելով Հայաստանի մասնակցությունը այդ կառույցին։

Պահպանողական կուսակցությունը անելու է հնարավոր ամեն ինչ, որ Հայաստանը ազատ լինի ՀԱՊԿ-ից, կեղեքող ռուսական ռազմակայանից, ավազակ ռուսական մենաշնորհներից եւ ընտրի քաղաքակիրթ եւ ազատ աշխարհի հետ ինտեգրվելու իր ճանապարհը։ Հայաստանը անկախ է և պիտի անկախ լինի միշտ։

Ազա՛տ, անկա՛խ, Հա՛-յա՛ս-տա՛ն։

Share this content: