նվիրվում է քաղաքական գործչին
Ի՞նչ ասենք այն մարդկանց, որոնց թվում է, թե Հայաստանն անկախ չի, այլ՝ գաղութ ինչ-որ մեկի։ Կամ ի՞նչ ասենք նրանց, որոնք կարծում են, թե անկախությունը կարևոր չի, կարևորը՝ ժողովրդի անվտանգությունն ապահովելն է։ Այսպիսի մոտեցումները վիրավորական են ժողովրդի համար, քանի որ ի ցույց են դնում քաղաքական գործչի՝ իրականության հանդեպ անհամարժեք վերաբերմունքը, որը կարող է քաղաքական մտքի ճգնաժամ առաջացնել և ժողովրդին իրական վնաս պատճառել։ Օգտակար է այն խոսույթը, որը ելնում է անկախության կանխավարկածից։
Մի քանի տարի առաջ Պահպանողական կուսակցության խորհրդի անդամ Հայկ Միրզոյանը շրջանառության մեջ դրեց «Անկախության կանխավարկած» ձևակերպումը որպես քաղաքական մտածողության ելակետ։ Ի՞նչ կփոխվի, եթե այս ելակետն, իրոք, ամրագրվի քաղաքական տեքստերում։
Անկախության կանխավարկածը համեմատենք անմեղության կանխավարկածի հետ։ Անմեղության կանխավարկածը արդարադատության անկյունաքարն է։ Հանցավոր արարքի մասին խոսողը պարտավոր է հարգել անմեղության կանխավարկածը, ըստ որի՝ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ ուժի մեջ չի մտել նրան մեղավոր ճանաչելու մասին դատարանի վճիռը։ Նույնիսկ՝ վկայություններն ու ապացույցները բավարար չեն մարդուն մեղավոր ճանաչելու համար, քանի դեռ դատարանի վճիռը չկա։ Անմեղության կանխավարկածը պաշտպանի ելակետն է։ Պաշտպանը, ելնելով անմեղության կանխավարկածից, կառուցում է պաշտպանություն, ներկայացնում իր վստահորդի անմեղությունը հաստատող փաստ, ապացույց, վկայություն, նոր ի հայտ եկած հանգամանք և պահանջում, որ նա ճանաչվի անպարտ։
Ի՞նչ կլինի, եթե ակտիվ քաղաքականությամբ զբաղվող քաղաքացին ցանկացած խոսույթում անկախությունը դիտարկի որպես կանխավարկած, այսինքն՝ կասկածի տակ չառնի, որ Հայաստանն անկախ է, չսակարկի անկախությունը։
- Սուբյեկտիվ գործոնը
Կարող ենք բազմաթիվ ապացույցներ բերել, թե ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՌԴ-ն քաղաքական, տնտեսական, մշակութային ինչ ազդեցություն ունեն Հայաստանի վրա։ Բայց Հայաստանն անկախ է։ Չկա միջազգային վավեր փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե Հայաստանն անկախ չի։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի համար հեշտ է ազդել Հայաստանի վրա, եթե նրա պաշտպանը՝ քաղաքացին, կարծի, թե Հայաստանն անկախ չի՝ ռուսի, ամերիկացու, եվրոպացու գաղութն է։
Եթե քաղաքական գործիչը չկասկածի, որ Հայաստանն անկախ է և ժողովրդավարական, ապա նրա պաշտպանը՝ ՀՀ քաղաքացին, կարող է պաշտպանել իր իշխանությունը, երբ օտար երկիրը փորձի պարտադրել մեզ մի բան, որը հայերիս ազգային շահերի դեմ է։
Անկախության կանխավարկածը սուբյեկտիվ գործոն է։ Երբ լրագրողը, քաղաքական մեկնաբանը, քաղաքագետը, քաղաքական գործիչը բանավոր գամ գրավոր խոսքում Հայաստանը դիտարկում են որպես սուբյեկտ, պետություն, ապա ասենք, որ նրանք առաջնորդվում են անկախության կանխավարկածով։ Իսկ ով քաղաքական տեքստի այլ ելակետ է ընտրում, քան Հայաստանի անկախությունը, ապա ասենք, որ չի հարգում անկախության կանխավարկածը: Անկախության կանխավարկածը ապահովում է, որ քաղաքական միտքը չշեղվի, չընկղմվի ճգնաժամի մեջ։
- Միջավայր
Գործունեության 2 միջավայր կա։ Մեկը պայմանական անվանենք ճահիճ։ Ճահճում հաստատուն-նեխած, կայուն-գաղջ մթնոլորտ է։ Ոչինչ չի փոխվում, բացի օդի թեթև տատանումից, որն առաջանում է քամիների կամ գորտերի կռկռոցի հետևանքով։ Ճահճի բնակիչները երջանիկ են, որ իրենց ձայնը լսվում է, գոհ են, որ գազանները ճահիճ չեն մտնում, իրենց չեն ուտում։ Ճահճում վաստակավորի հանդեպ հարգանք չկա։ Վարպետ չկա։ Հրաշքին ոչ ոք չի հավատում։
Մյուսն առաջընթացի միջավայրն է։ Այստեղ շարժ կա։ Դիմահար քամի կա, մաքուր օդ։ Կոչման պատասխանատվություն կա։ Փոքրն ուզում է դառնալ մեծ, մեծն՝ ավելի մեծ։ Չմարող հավակնություն կա, ձգտում՝ ավելիին, անհնարինին, հրաշքին։ Կատարելագործման մղում կա։ Անվերջ նոր հնարքներ են կիրառվում, գրոհ-հակագրոհ կազմակերպվում։ Ամեն ինչ շարժման մեջ է։ Պարտվողը դուրս է մղվում ծափերի ներքո, քանի որ փորձում էր հաղթել։
Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողներ կան, որոնք կրիայի նման պարփակված են պատյաններում, բայց միմյանց ատում են։ Քաղաքական պաշտոն, մանդատ ունեցողների մի մասը չի էլ գիտակցում, որ քաղաքական գործիչ է, «Ինչո՞վ ես զբաղվում» սովորական հարցին չի պատասխանում՝ «Քաղաքականությամբ եմ զբաղվում»։ Նրանց մի մասի խոսքի առանցքում Երևանը չի։ Հայաստանը ներկայացնում են որպես արտաքին հետաքրքրության առարկա։ Պատկերացում չունեն, թե պետությունն ինչ է ակնկալում է քաղաքական գործչից։ «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է» խոսքի իմաստը չեն հասկանում։ Այս ամենը հանգեցնում է քաղաքական մտքի ճգնաժամի, որի վերաբերյալ երկու մոտեցում կա։ Կա՛մ գտնել ճգնաժամը հաղթահարելու ելքն ու առաջ ընթանալ, կա՛մ խորանալ ճահճի մեջ ու լռվել մինչև օրերի վերջը։
- Պատասխանատուն-մեղավորը
Քաղաքական մտքի ճգնաժամի մակերեսում աչք են ծակում քաղաքական գործունեության մասին անհամարժեք պատկերացումները։ Օրինակ՝ աշխարհում չկա երկիր, որտեղ ընտրություններին մասնակցող կուսակցության առաջնորդը չընդգրկվի կուսակցության ընտրական ցուցակի սկզբում, բայց մեր երկրում կա։ Աշխարհում չկա կուսակցություն, որն ասի՝ «ում ուզում եք՝ ընտրեք, մենք, միևնույն է՝ չենք անցնելու», բայց մեզ մոտ կա։ Չլսված բան է, որ ընտրական ցուցակի առաջին համարը՝ առաջնորդը, չգնա քվեարկության, մեզ մոտ եղել է։ Չկա երկիր, որտեղ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժի առաջնորդը չվերցնի մանդատը, մեզ մոտ սովորական բան է։ Մեր երկրում կուսակցությունը խայտառակ պարտվում է ընտրություններում ու դուրս մնում, բայց կուսակցության ղեկավարները չեն փոխվում, կարծես՝ ոչինչ էլ չի եղել, կարծես՝ այդպես էլ պիտի լիներ։ Այս անհամարժեք վարքն արտահայտվում է նաև պետության համար կարևոր հարցերում։ Օրինակ՝ վարչապետը ստորացուցիչ-եռակողմ հայտարարություն ստորագրելուց հետո շարունակում է կառավարել ու ժողովրդի անունից հոխորտալ ժողովրդի վրա, առանց ամաչելու։
Քաղաքական խնդրի, նպատակի, քաղաքական բարոյականության մասին պատկերացումները ևս իրականությանը համարժեք չեն։ Քաղաքական և լրագրողական համայնքների անդամների մի մասը բազմաթիվ եզրեր սխալ իմաստով է կիրառում, հակապետական, հակաքաղաքակրթական տեքստեր կազմում։ Հետո շուռ են գալիս ու ժողովրդին հանդիմանում, որ նա այս կամ այն իրավիճակում ճիշտ չի վարվում՝ դավաճանին ձայն է տալիս, անկախությանը հավատարիմ չի, իր ազատության համար չի պայքարում։
Եթե ժողովուրդը սխալ բաներ է անում կամ անհաջող ընտրություն, դրա պատասխանատուն-մեղավորը քաղաքական գործիչն է։ Իրավիճակը կարող է դրականորեն փոխել քաղաքական գործիչն ու նրա պատվերով-դրդմամբ գործողը։ Ովքեր սոցիալ-վարքաբանության վրա ազդեցության լծակ ունեն՝ կարող են իրավիճակը դրականորեն փոխել, եթե սևեռվեն անկախության վրա։ Դրանց առաջին շարքում են քաղաքական գործիչն ու քաղաքագետը։
- Ինչպես տարբերել քաղաքագետին քաղաքական գործչից
Քաղաքագետը երբեմն դառնում է քաղաքական գործիչ, որ լավ հասկանա քաղաքական գործընթացը ներսից։ Քաղաքական գործիչը երբեմն դառնում է քաղաքագետ, որ լավ տեսնի քաղաքական գործընթացները դրսից։ Երբ քաղաքագետը դառնում է քաղաքական գործիչ, ապա դադարում է քաղաքագետ լինելուց։ Երբ քաղաքական գործիչն է դառնում քաղաքագետ, ապա դադարում է լինել քաղաքական գործիչ։
Քաղաքագետը կեսօրին կարող է քաղաքական գործիչ դառնալ, գիշերը՝ կրկին քաղաքագետ։ Բայց միաժամանակ և՛ քաղաքագետ, և՛ քաղաքական գործիչ լինել հնարավոր չի, մուտանտ կերպար է ստացվում «զույգ մը քիթերով»։ Դրանք տարբեր մարդիկ են, տարբեր տեքստեր։ Ուստի՝ քաղաքական հետաքրքրություն ունեցողն իր համար պետք է պարզի՝ քաղաքական գործի՞չ է, թե՞ քաղաքագետ, այսինքն՝ իր քաղաքական հետաքրքրությունը գործնակա՞ն է, թե՞ զուտ տեսական։
Քաղաքագետը սպասարկում է քաղաքական գործչի հետաքրքրությունը, նրա պատվերով վերլուծում նրա, նրա մրցակիցների գործունեությունը, ուսումնասիրում քաղաքական խնդիրը, երևույթը, գործընթացը, իրադարձությունը։ Քաղաքական գործիչը ձգտում է իշխանության։ Այդ գործիքով է իրականացնում իր քաղաքական նպատակը, ծրագիրը, գաղափարը, երազանքը։ Քաղաքագետին բավարարում են ամբիոնը, հարթակն ու էջը, որտեղ քաղաքագիտական վերլուծություն է կարդում-գրում քաղաքական գործչի, քաղաքական գործնական ու տեսական հետաքրքրություն ունեցող հանրության համար։
Քաղաքագետը քաղաքական հավակնություն չունի, մանդատը, պորտֆելը հետաքրքիր չեն նրա համար, նույնիսկ բեռ են։ Բայց գիտական հետաքրքրություն ունի (քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր)։
Քաղաքական գործիչը ոչինչ է առանց քաղաքական հավակնության։ Իշխանության հասնելու կամ պահելու, քաղաքականության վրա գործնական ազդեցություն ունենալու ձգտում-խնդիր չունեցող քաղաքական գործիչ գոյություն չունի։ Եթե չես ցանկանում լինել ավագանի, պատգամավոր, նախարար, վարչապետ, նախագահ, զբաղեցնել քաղաքական, պետական դիրք, պաշտոն, ապա քաղաքական գործիչ չես։
Քաղաքագետը կարող է լինել թիմից, կարող է թիմից չլինել, անկախ-անկուսակցական լինել և տարբեր պատվերներ կատարել, առավոտյան պահպանողականի պատվերով վերլուծություն կատարել, երեկոյան սոցիալիստի, առավոտյան իշխանության, երեկոյան՝ ընդդիմության։ Քաղաքագետը կարող է զարգացնել ցանկացած թեզ, նույնիսկ կեղծ, եթե իր բարոյական սկզբունքները թույլ են տալիս այն զարգացնել։ Քաղաքական գործիչն այդպիսի ազատություն չունի, նա իր կուսակցության, գաղափարի նվիրյալն է։ Չի կարող առավոտյան մի բան ասել, երեկոյան հակառակ բան։
Քաղաքական գործչի տեքստը ենթադրում է համապատասխան գործողություն, կոնկրետ քայլ, կոնկրետ հավակնություն, առնվազն՝ իր առաջիկա քայլի մասին հանրային խոստում, որտեղ գործող անձն ինքն է, իր կուսակցությունը, թիմը։ Քաղաքական գործչի տեքստում կա՝ «ես», «մեր կուսակցությունը», «մեր պետությունը», «մեր խմբակցությունը», «կոչ ենք անում», «դատապարտում ենք», «առաջարկում ենք», «բոյկոտում ենք նիստը», «չենք ճանաչում ընտրությունների արդյունքը» և այլն։
Քաղաքագետը գործուն չի առնչվում այն ամենին, ինչի մասին հանգամանալից, հիմնավորված խոսում է։ Քաղաքագետի տեքստն օբյեկտիվ է, որտեղ ինքը՝ որպես գործող անձ, չի երևում, գիտական բարձրությունից է դիտում երևույթը, վերլուծում, չափում, գնահատում, եզրակացնում, խրատ-խորհուրդ տալիս, կարծիք հայտնում, ակնարկ անում, զուգահեռ քաշում այսօրվա-երեկվա-վաղվա միջև, բայց ինքը ո՛չ այսօր, ո՛չ վաղն այդ գործընթացներին չի մասնակցում, կողմնակալ կամ անկողմնակալ դիտորդի դերում է։ Քաղաքագետի տեքստն ավարտվում է գիտական եզրակացությամբ։
Քաղաքական գործիչը իրադարձության կենտրոնում է կամ հավակնում է լինել կենտրոնում, փոխում է, կամ հավակնում է փոխել քաղաքական իրավիճակը, ուժերի դասավորությունը, օրենքները, արժեքները, հանրային հարաբերությունները։
Քաղաքական գործիչը դադար չունի, քանի չի հասել իր քաղաքական նպատակին, որն անվերջ նորոգվում է։ Քաղաքագետը վերլուծում է, գնահատում քաղաքական խնդիրը, իրադարձությունը, գրում, կարդում այդ տեքստը, այդքանով՝ իր գործը կատարված համարում ու իրենից գոհ գնում տուն։
- Քաղաքական տեքստ
Երբ խոսքում կիրառվում է «պետություն», «ազգ», «իշխանություն» բառերն, ապա այդ տեքստն արդեն քաղաքականության մասին է։ Անկախ այն բանից, թե ինչպես են կիրառվում այդ բառերը, այդ տեքստը քաղաքականության մասին է։ Երբ ասում են՝ «պետությունը կամ ազգը կարող է այսինչ բանն անել», ապա այդ տեքստը քաղաքական հավակնության մասին է։ Երբ ասում են՝ «կոչ ենք անում վարչապետին, նախագահին, իշխանություններին», ապա այդ տեքստը իշխանության իրացման մասին է, այսինքն՝ կոչ անողը գիտի, որ օրենքով՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովրդի մի մասը, խումբը, մեկ միավորն՝ ինքն, այդ իրավունքով է կոչ անում, իրացնում իր քաղաքական իրավունքը։
Վերը նշված արտահայտությունները կիրառողների մի մասը չի էլ գիտակցում, որ իր խոսքը քաղաքականության մասին է։ Նույնիսկ, զավեշտալի է, երբ այսպիսի արտահայտություններ անողն ընդգծում է, որ քաղաքականության մասին չի ուզում խոսել։
Քաղաքական տեքստը քաղաքական պատասխանատվություն է ենթադրում՝ անկախ տեքստի հեղինակի զբաղեցրած պաշտոնից, դիրքից, վաստակից։ Քաղաքական տեքստը բանական է, ամեն բառը կշռված է, ուղղված կոնկրետ թիրախի, արժեքի, հավակնության։ Քաղաքական տեքստն ունենում է ազդեցություն պետության, ժողովրդի, տեքստի հեղինակի, նրա համախոհների, ընտրողների, մեծ հաշվով՝ աշխարհի վրա։ Հիմար բան ասողից պոտենցիալ ընտրողը երես է թեքում։ Սխալ բան ես ասում՝ ժողովուրդը սխալ ուղերձ է ստանում և սխալ վարք դրսևորում, իսկ հարևան երկիրը նոտա է հղում կամ պատերազմ սկսում։ Ազգանվեր, քաղաքական գործչին վայել բան ես ասում՝ մեծացնում ես համախոհ-զինակիցներիդ բանակը, բարձրացնում քո, պետության վարկանիշը, դրական արձագանք ստանում հանրության կողմից։
- Հնարավորի արվեստը
Փորձում ես դառնալ վաչապետ, բայց բավարար քվե չես ստանում։ Երբ ստանում ես այնքան, որ կարող ես դառնալ պատգամավոր կամ ավագանի, ապա պարտավո՛ր ես դառնալ պատգամավոր կամ ավագանի։
«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է» խոսքը նշանակում է, որ քաղաքական գործիչը պարտավո՛ր է անել հնարավորը, նույնիսկ եթե այդ հնարավորն, իր հավակնության համեմատ, չնչին բան է, իր սրտով չի։ Հնարավորի արվեստում հնարավորությունն իրացնելը պարտավորություն է։ Երբ քաղաքականության մեջ անում ես այն, ինչն այդ պահին հնարավոր է, ապա բոլորը հասկանում և ընդունում են, որ քաղաքական գործիչ ես։ Հնարավորի արվեստում ևս վարպետ է նա, ով կարողանում է հասնել քաղաքական այնպիսի արդյունքի-հաղթանակի, որն անհնարին էր թվում։ Վարպետին ենք վստահում դիրք, ընտրում առաջնորդ, քանի որ հրաշք է գործել, այսինքն՝ նրա ձեռքով գործել է Աստված։
- Ճգնաժամ կա քաղաքում
Գաղութում, զավթված երկրում ազգային-քաղաքական միտք չկա կամ լուսանցքում է։ Այդտեղ դոմինանտ է զավթիչի-գաղութարարի քաղաքական միտքը, դրա տեղական թարգմանությամբ ու մեկնաբանությամբ։ Անկախ երկրում կա քաղաքական միտք, որի հիմքում պետության հավակնությունների և հետաքրքրությունների մասին խոսույթն է։ Եթե հիմքում այլ բան է, ապա ճգնաժամ կա։
Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամի պատասխանտուն քաղաքական գործիչն է։ Վերջինս է քաղաքական միտքը գեներացնողը, գաղափարն իրականացնողը, քաղաքական պատվեր իջեցնողը։ Երբ քաղաքական իրական հավակնություն չկա, նպատակ, երազանք, գաղափար չկա, ապա ռեալ պատվեր չի իջնում քաղաքագետին, լրագրողին։ Երբ պատվեր չի իջնում՝ քաղաքագետն ու լրագրողը, ստիպված՝ քաղաքական գործչի տեղն են զբաղեցնում։ Բայց երբ մնում են քաղաքագետի կամ լրագրողի ափսեներում, ապա մարդկանց թվում է, թե քաղաքական գործիչը նա է, ով քաղաքագիտական վելուծություն է անում կամ իրազեկում հանրությանը։ Արդյունքում՝ քաղաքական գործչի կերպարն աղավաղվում է, քաղաքական միտքն ընկղմվում ճահճում։
Քաղաքագիտական վերլուծությունների և տեղեկատվության մեջ խճճված, քաղաքական հավակնությունից զուրկ տեքստը քաղաքական մտքի զարգացմանը չի նպաստում, այլ ճգնաժամի պատճառ է դառնում։
- Անվտանգության փոսը
Վերջին շրջանում, մասնավորապես՝ 2021-ի նախընտրական շրջանում, Հայաստանում շրջանառվում էր տեսակետ, թե քաղաքացուն առաջին հերթին հետաքրքրում է իր, իր անձի, ընտանիքի, ունեցվածքի անվտանգությունը։ Նախքան այդ՝ փորձում են երևակայել, իբր աշխարհում անկախ երկիր չկա։ Դրանից հետո էլ եզրակացնում են՝ «դե եթե անկախություն չկա, ապա առաջնային խնդիր է ժողովրդի համար անվտանգ միջավայրի ապահովումը»։ Ավելին՝ փնտրում-գտնում են այդ խնդրի լուծման «տարբերակներ»։
Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամի պատճառներից է այն, որ քաղաքական տեքստում ազգային անվտանգությունը դրվում է անկախությունից առաջ։ Այսինքն՝ մատուցվում է, իբր առաջնայինն անկախությունը չի, այլ ազգային անվտանգությունը։ Այս մոտեցումն անհեթեթ է, քանի որ՝ եթե անկախությունը երկրորդական է, ապա ո՞ր պետության անվտանգության մասին է խոսքը։ Քաղաքականություն մեջ չկա ժողովրդի անվտանգության խնդիր, կա ազգային անվտանգության խնդիր, որը կա, երբ պետություն կա։ Իսկ երբ երկիրն անկախ չի, այսինքն՝ երբ պետություն չկա, ապա չկա ազգային անվտանգության խնդիր։ Տարրական բան է, որը հասկանում են աշխարհում բոլորը։ - Քարոզչական 5 հնարքները
Ճգնաժամի ցուցիչ է այն, որ քաղաքական գործիչների մի մասին թվում է, թե իրենք մանիպուլյացիայի են ենթարկվում, բայց չեն կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս պաշտպանվել դրանից։
Քաղաքական գործիչների մի մասը վստահ չի, որ այն, ինչն ինքն ասում կամ անում է՝ օգտակար է պետության, ժողովրդի համար։ Նրանց խոսքում հավակնություն չկա, քաղաքական խնդիր չկա, իրենց երազած պետությունը չկա։ Իսկ եթե կա, ապա իրենք այդ պետությունում չկան՝ դիրք-պաշտոն չունեն։ Քաղաքական առումով՝ նրանց խոսքն այնքան լղոզված է, որ նույնիսկ իրենք չեն կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ են ուզում։ Շատերն անգիտակցաբար հակառակվում են օրակարգի ցանկացած հարցի, արժեզրկելով ձեռքբերումն ու արհամարհելով իրականությունը։
Իհարկե՝ կարելի է հանրային վարքի և տրամադրության վրա ազդող հրապարակախոսական-քարոզչական հնարքներ կիրառել։ Բայց դրանք ի շահ պետության-ժողովրդի ծառայեցնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել անկախության կանխավարկածով։
Կա 5 մեթոդ, որոնք առավել հաճախ կիրառվում են հրապարակախոսութան մեջ դարեր ի վեր և հայտնի են քարոզչությամբ, լրագրությամբ, քաղաքական գործունեությամբ զբաղվողների մեծ մասին։ Դրանք են՝
ա) Բացարձակ ակնհայտություն։
բ)Մեծ սուտ։
գ) 40-ը 60-ի։
դ)Հոտած ձուկ։
ե) Շրջված բուրգ։
Այս մեթոդներով է կազմվում հանրությանն ուղղված տեքստերի մեծ մասը։ Հաշվի առնելով, որ մեր քաղաքական գործիչների մի մասն անփորձ է ու քաղաքականապես կիսագրագետ, ապա նրանց օգտակար կլինեն այս մեթոդների իմացությունը, որպեսզի արդյունավետ կազմակերպեն իրենց գաղափարների քարոզը, չկապկեն հակապետական տեքստերն ու չտարածեն փչացած հեռախոսի նման։ Պատկերացնել կարելի է, թե ինչ հիմար վիճակում կարող են հայտնվել ոմանք, երբ հասկանան, որ տևական ժամանակ սխալվել են, տրվել օտար խաղերի, գործել ազգի-պետության դեմ։
- Շրջված բուրգ
Շրջված բուրգի ժամանակ ամենակարևոր բանն ասվում է տեքստի սկզբում։ Այնուհետև մանրամասնվում, հիմնավորվում է ասելիքը։
Ինչո՞ւ է մեթոդը կոչվում շրջված բուրգ։ Գրական գործերի մեծ մասի մեջ կիրառվում է բուրգի մեթոդը՝ նախ լիարժեք ներկայացվում են կերպարները, միջավայրը, հետո խնդիրը, բախումը, վերջում լուծումը, պատկերավոր ասած՝ դրվում է բուրգի վերջին քարը։ Բուրգի մեթոդով կազմված տեքստում հերոսը մահանում է վերջում։ Իսկ Շրջված բուրգի պարագայում հերոսը մահանում է սկզբում՝ առաջին դրվագում, առաջին պարբերության մեջ, որից հետո պարզվում են մահվան հանգամանքները, միջավայրը, մեղավորները և այլն։ Քաղաքական խոսույթում Շրջված բուրգի մեթոդի կիրառումը լսարանին հնարավորություն է տալիս միանգամից, առաջին րոպեից հասկանալ տվյալ գործչի բարձրացրած խնդիրը, գաղափարը, հավակնությունը։ Եթե դա լսարանին հետաքրքրում է, ապա շարունակում է հետևել։
Եթե քաղաքական գործիչն ուզում է արագ ժողովրդականություն ձեռք բերել, ապա պարտավոր է կարևոր ասելիքը պարզ ներկայացնել խոսքի սկզբում, հետո հիմնավորել ու մանրամասնել։ Երբ խոսքն սկսվում է երկար-բարակ նախաբաններով ու նկարագրություններով, ապա լսարանի մեծ մասը հոգնում-հեռանում է՝ չլսելով կարևորը, իսկ մի մասը կորցնում է կարևոր ուղերձը ճռճռան նախաբանի կամ հագեցած տեղեկատվության մեջ։
Այս մեթոդով տեքստ ներկայացնելու ժամանակ քաղաքական գործիչն առաջին հերթին պարտավոր է ընդգծել, որ Հայաստանն 1991-ից ի վեր անկախ է։ Այնուհետև թեման դիտարկել այդ ելակետից։ Օրինակ՝ քանի որ Հայաստանն անկախ է, ապա ազատորեն իրավունք ունի սեղմել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մեկնած աջակցության ձեռքերը, կամ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, երբ իր սահմանների նկատմամբ ոտնձգություն է կատարվում։ Ցավոք՝ ներկայում քաղաքական գործիչների մի մասը թյուրիմացաբար կասկածում է՝ Հայաստանն անկա՞խ է, հետևաբար՝ ազգային իրավունքներ ունի՞, կարո՞ղ է դիմել ՄԱԿ ԱԽ-ին կամ բարձրացնել ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը և այլ կարևոր-առաջնային-կենսական հարցեր։
- Հոտած ձուկ
Հոտած ձկան մեթոդը կիրառվում է նոմինալ-սև քննադատության դեպքում, երբ թիրախում է հանրային գործիչը, իսկ խնդիրը՝ նրան սևացնելու, խայտառակելու, հանրային հեղինակությունից զրկելու, այդպիսով՝ ասպարեզից հեռացնելու, պաշտոնազրկելու մեջ է։
Ինչու՞ է կոչվում Հոտած ձուկ։ Ձուկը քրիստոնեական խորհրդանիշ է, քրիստոնեական առաքինության խորհրդանիշը։ Քաղաքական գործիչը, ընտրանին, հանրային դեմքը, պետական պաշտոնյան առաքինության օրինակ են ծառայում ժողովրդի համար, խորհրդանշական առումով՝ ձուկ են։ Նրանց առաքինի վարքի օրինակով հոգեպես-բարոյապես սնվում են մարդիկ, պատկերավոր ասած՝ ձուկ են ուտում։
Երբ ի ցույց է դրվում հանրային գործչի հակամարդկային, հակապետական, անբարո վարքը, ապա նա զրկվում է հանրային հեղինակությունից, նրա վրայից վատ հոտ է գալիս, ինչպես հոտած ձկից, որն ուտելու համար պիտանի չի, դեն նետելու ենթակա է։
Արդի Հայաստանում այս մեթոդն արդյունավետություն չունի։ Օրինակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և պարտությունից հետո ՀՀ վարչապետի, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հասցեին շատ վատ բաներ, հայհոյանքներ են ասվել-գրվել հրապարակայնորեն, սակայն 2021-ի հունիսի 20-ի ընտրություններում նրանք հավաքել են մոտ 54 տոկոս քվե։
Հոտած ձկան մեթոդն արդյունավետ չի Հայաստանում նաև այն պատճառով, որ կա տարածված կարծիք, թե քաղաքականությունն անբարոյականություն է։ Կան քաղաքական գործիչներ, որոնք մինչև հոգու խորքը վիրավորվում են այս արտահայտությունից։ Կան նաև այնպիսի գործիչներ, որոնք ընդունում են այս բնորոշումն ու իրենց հերթին տարածում, քանի որ իրենք, իրոք, անբարոյական են, չեն հարգում հանրային, մարդկային արժեքները, հասարակական կարծիքը, չունեն հայրենիքի, պատվի, ինքնասիրության զգացում։
Հոտած ձկան մեթոդն արդյունավետ կլինի, երբ առաջնորդվենք անկախության կանխավարկածով։ Այսպես. Քանի որ Հայաստանը գաղութ չի, այլ անկախ-ժողովրդավարական պետություն, ուստի՝ Հայաստանում քաղաքական-պետական պաշտոն-դիրք չեն կարող զբաղեցնել անբարոյականը, սրիկան, դրածոն, օտարերկրյա գործակալը, հակահայկական դիրքորոշում ունեցողը։ Այսպիսով՝ Հայաստանի քաղաքական-պետական գործիչը կպատկերացնի, որ Հայաստանում առաքինության խորհրդանիշ է, ուստի՝ նրան քսված բարոյական բիծը, նույնիսկ՝ կասկածը պաշտոնից հրաժարվելու կամ պաշտոնանկ արվելու հիմնավոր պատճառ կլինեն։
Իսկ եթե ներկայիս պես կարծենք՝ թե Հայաստանն անկախ չի, թե մեր պետությունը չի, թե Հայաստանում դրածո վարչախումբ է, թե բոլոր քաղաքական գործիչները գործակալներ են, ապա բնական է և օրինաչափ, որ պաշտոններում պիտի ընտրվեն-նշանակվեն սրիկան, տականքը, անբարոյականը, վատից-վատը, հոտած ձուկը։
Կրկնենք՝ եթե առաջնորդվենք անկախության կանխավարկածով, ապա հոտած ձուկը պաշտոն-դիրք չի ունենա։
- Բացարձակ ակնհայտություն
Բացարձակ ակնհայտության մեթոդն ամենահինն է և պարզագույնը։ Այս մեթոդով է կառուցված Կիկերոնի (Marcus Tullius Cicerō) հանրահայտ ճառն ընդդեմ Կատալինայի (Lucius Sergius Catilina)։ Ք.ա. 63թ. Հռոմի կոնսուլի ընտրություններում մրցակցում էին Կիկերոնն ու Կատալինան։ Վերջինս հարուստ էր, ազնվական, բազմաթիվ պատերազմների մասնակից։ Իսկ Կիկերոնը բարձր ծագում չուներ, ոչ էլ փառապանծ կենսագրություն, բայց տաղանդավոր հռետոր էր։
Սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող մի կնոջ՝ Ֆուլվիայի անունից քաղաքում լուրեր են տարածվում, իբր Կատալինան դավադրություն է կազմակերպում իշխանությունը զավթելու նպատակով։ Դրանից հետո հրավիրվում է Սենատի նիստ Ք.ա. 63 թվականի նոյեմբերի 8-ին Յուպիտերի տաճարում, որտեղ Կիկերոնն իր ճառը սկսում է այնպես, կարծես՝ բոլորն արդեն գիտեն, որ Կատալինան դավադրություն է նյութում, և քաղաքում բոլոր մարդիկ այդ ակնհայտ փաստից տագնապած ու վրդովված են.
«Մինչև ե՞րբ ես դու, Կատալինա, չարաշահելու մեր համբերությունը: Դեռ ինչքա՞ն ես դու քո կատաղությամբ ծաղրելու մեզ: Մինչև ի՞նչ սահմանի ես մեծամտանալու քո անսանձ հանդգնությամբ: Միթե՞ քեզ չեն մտահոգում քաղաքում շատացած գիշերային պարեկները, քաղաքի շուրջը զինվորների ստվար շարքերը, ժողովրդին համակած վախը, ազնիվ մարդկանց այստեղ հավաքվելը, այս հուսալի և պաշտպանված վայրի ընտրությունը, ներկաների տագնապած հայացքները: Միթե՞ չես հասկանում, որ քո մտադրությունները բացահայտված են: Քո կարծիքով՝ մեզնից ո՞վ չգիտի, թե դու ի՛նչ ես արել վերջին, նախավերջին գիշերը, որտեղ ես եղել, ում ես հրավիրել, ինչ որոշումներ ես ընդունել: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր (O tempora, o mores!)»:
Բացարձակ ակնհայտության մեթոդը թույլ է տալիս խնայել թեմայի հանրայնացման համար նախատեսված ժամանակը։ Այսինքն՝ հարցը, թեման ներկայացվում են այնպես, կարծես այդ մասին բոլորն արդեն գիտեն։ Եթե մարդը հավատում է, որ բոլորն այդ մասին գիտեն, ապա ձևացնում է, թե ինքն էլ գիտի։ Իսկ եթե զարմացած հայացք է ընդունում, ապա հետևում է զինափաթող հարցը՝ «չգիտեի՞ր»։
Հայաստանում բացարձակ ակնհայտի մեթոդը շատ լավ է աշխատում, քանի որ ազնվությունն արժանիք չի համարվում, շատ մարդիկ կեղծավոր են, ձևացնում են, թե իրազեկ են։ Դեբիլներն, ըստ որոշ հոգեբանների՝ նորմայից շատ են։ Կրթօջախներում ուշադրություն չի դարձվում աշակերտների մտածողության զարգացմանը, մտածել չեն սովորում։ Մարդիկ անտարբեր են հանրային կյանքին, լսած նորությունները չեն կարողանում համադրել ունեցած տեղեկատվության հետ, քանի որ ապրում են առօրյա կյանքով, սոցիալական հոգսերի տակ ծառացած։ Եվ երբ նրանց մատուցում են մի բան որպես բացարձակ ակնհայտություն, նրանք չեն կասկածում, միանգամից հավատում են, որպեսզի իրենց անիրազեկի, դեբիլի, վախեցածի տեղ չդնեն, չծիծաղեն։
Ասելիքը բացարձակ ակնհայտության մեթոդով մատուցելիս անհրաժեշտ է ընդգծել, որ բոլորը գիտեն, բոլորն ընդունում են, բոլորը ճանաչում են, որ Հայաստանը 1991-ից անկախ է։ Եվ ամոթ նրանց, ովքեր չգիտեն, որ Հայաստանն անկախ է, կամ կասկածում են, որ Հայաստանն անկախ է։ Այսինքն՝ անկախությունը հարկ է դիտել որպես բաձարձակ ակնհայտություն։
- Մեծ սուտ
Մեծ ստի մեթոդը նույնպես շատ հին է։ Այս դեպքում ասվում է այնպիսի մեծ սուտ, որը հնարավոր չի հերքել ստի չափի-ծավալի մեծության պատճառով։ Իսկ եթե մի բանը ամբողջությամբ չի հերքվում, ապա շատերի կողմից ընդունվում է որպես ճշմարիտ կամ մասամբ ճշմարիտ։ Մեծ սուտ հորինելու համար մեծ ծավալի գիտելիք, տեղեկատվություն և երևակայություն է հարկավոր։ Իսկ դրան հավատացողները սահմանափակ տեղեկատվություն ու հիվանդագին երևակայություն ունեցողներն են, որոնք երևակայում են, թե հասկանում են, ավելին՝ փորձում են հատվածական մեկնաբանություններ անել ու հիմնավորել, որ այդ մեծ սուտը ճիշտ է։ Այս մեթոդով են հյուսվում համաշխարհային դավադրությունների տեսությունները, գաղտնի ուժերի համաշխարհային ազդեցության մասին պատմությունները։ Հայաստանում իշխանության ձևավորման վրա ունեցած սորոսականների ազդեցության, Հայաստանի քաղաքական կյանքում Ռուսաստանի համապարփակ ազդեցության, տնտեսության մեջ օլիգարխների բովանդակ ազդեցության, հանցագործների՝ հանրային կյանքի վրա ունեցած անդիմադրելի ազդեցության, այլմոլորակայինների՝ մարդկանց մտքերի վրա ունեցած անտեսանելի ազդեցության մասին ստերը հյուսվում են Մեծ ստի մեթոդով։ Հետո երբ որոշ մարդիկ հավատում են այդ ստերին, նշված ուժերը, նրանց գործակալները կամ պսևդոգործակալները կարողանում են, իրոք, իրենց ազդեցությունը մասամբ հաստատել։ Դրանից հետո հիվանդագին երևակայություն ունեցողը հիշեցնում է՝ «բա որ ասում էի՞, չէիր հավատում, տեսա՞ր»։
Կա թյուր կարծիք, թե ուտոպիան՝ քաղաքական երազանքը, առասպելը, գեղարվեստական ստեղծագործությունները ևս գրված են Մեծ ստի մեթոդով։ Այս կարծիքը շրջանառվել է խորհրդային բռնազավթման տարիներին, երբ արժեզրկվում էր հոգևոր գիտելիքը։
Առասպելական տեքստերում անհավատալի կամ անիրական թվացող բաները ռեալ գոյություն ունեն, ինչպես որ ռեալ գոյություն ունի Աստված։ Իսկ մեծ ստի մեթոդով մատուցվողը գոյություն չունի ո՛չ ռեալ, ո՛չ իրականում։ Մեծ ստի մեթոդով կազմված տեքստը մարդուն-ժողովրդին տեղափոխում է գոյություն չունեցող՝ սուտ-կեղծ իրականություն, ստեղծում հոգեկան առողջության ռիսկ։
Քաղաքական երազանքը, ուտոպիան, առասպելը խարսխված են առկա կամ երազելի արժեքների վրա, նպաստում են հասարակության, բնության, աշխարհի, Աստծո հետ ներդաշնակության հասնելուն, դրդում են մարդուն առաքինության, կատարելության, կառուցելու ավելի լավ հասարակություն և աշխարհ։ Քաղաքական երազանքը, ուտոպիան, առասպելն ունեն հոգևոր, մշակութային, գիտական նշանակություն, նպաստում են ժողովրդի-մարդկության քաղաքակրթական առաջընթացին։
Քաղաքական գործիչը պարտավոր է չտարածել մեծ ստեր հարազատ երկրում, ավելին՝ կանխել դրանց տարածումը։ Իսկ եթե նրա երևակայությունը սնունդ է պահանջում, ապա այն հագեցնել արժեքավոր ստեղծագործություններով, կարդալ-գրել գիտակարգի և առասպելի լեզվով տեքստեր, օրինակ՝ մաթեմատիկա, քաղաքական երազանք, ռոմանտիկ հեքիաթ, առասպել և այլն։
(Այս առումով՝ վնասակար է հակաուտոպիան, երբ պատկերավոր նկարագրվում է, թե ինչպես է կործանվում երկիրը։ Այդպիսին է, օրինակ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» պոեմանման վեպը։)
Առասպելը, հեքիաթը կամ քաղաքական երազանքը միանշանակ օգտակար կլինեն, երբ Հայաստանի անկախության ամրացման, պետության առաջընթացին վերաբերվեն։ Պետությունն ու հասարակությունը հոգևոր լիցք կարող են ստանալ, եթե գրողը, քաղաքական-մշակութային գործիչը պոզիտիվ առասպելներ, հեքիաթներ գրեն, որտեղ բարին հաղթում է չարին, ազնիվը հաղթում է սրիկային, նվիրյալը հաղթում է դավաճանին, որտեղ պետությունը (անկախ Հայաստանը) հզորանում է, հաղթում թշնամիներին, համընդհանուր բարեկեցություն է ապահովվում, որտեղ գովերգվում է առաքինությունը, սերը, ազատությունը, հավասարությունը, մարդասիրությունը, հայրենասիրությունը, մաքրասիրությունը, ազատասիրությունը, ընկերասիրությունը, խիզախությունը, հաստատակամությունը, ժուժկալությունը, ազնվությունը, արդարամտությունը, օրինապաշտությունը, ճշտախոսությունը և այլ վեհ արժեքներ ու արժանիքներ։
Հայաստանում մարդկանց մեծ մասը դյուրահավատ է։ Եվ եթե հավատում են մեծ ստերին, ապա ենթադրելի է, որ կհավատան նաև քաղաքական երազանքին, առասպելին, մարգարեությանը, հեքիաթին և դրանք իրականություն կդարձնեն։ Խնդիրն այն է, որ դրանք գրվեն՝ հարգելով անկախության կանխավարկածը։
- 40-ը 60-ի
40-ը 60-ի մեթոդը տարածվել է համեմատաբար ուշ։ Առաջին փորձն իրականացրել է Դանիել Դեֆոն՝ պրոֆեսիոնալ լրագրության հիմնադիր-հայրը, որն առաջին անգամ մամուլն օգտագործել է որպես հանրային կարծիքի վրա ազդեցության գործիք։ Նրա հայտնի «Այլախոհների հետ վարվելու ամենակարճ ուղին» պամֆլետը (The Shortest-Way with the Dissenters, 1702թ.) գրվել է այնպես, որ իշխանամետ ընթերցողները կարծել են, թե իրոք այլախոհների հետ հաշվեհարդար տեսնելու խնդիր կա օրակարգում։ Որոշ ժամանակ անց, վերլուծելուց հետո հասկացել են, որ Դեֆոն ծաղրել է իշխանություններին։ Նշված պամֆլետը սկզբում հակառակ էֆեկտն է թողել, որովհետև տեքստի մեծ մասում՝ 60 տոկոսում, ներկայացված էին իշխանությունների տրամադրությունները այլախոհների նկատմամբ՝ նրանց հալածելու հիմքերը, սակայն տեքստի մնացած մասում հանրայնացվել են այլախոհների տրամադրությունները, գաղափարները, հակափաստարկներ՝ հօգուտ այլախոհների։
Կա պատմույթ, իբր 40-ը 60-ի մեթոդը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կիրառել են գերմանացիները։ Նացիստները զավթված երկրներում քարոզչական թերթիկներ են տարածել դիմադրության ինչ-որ անհայտ-գաղտնի շարժումների անունից։ Թռուցիկների տեսքտի 60 տոկոսում նկարագրվել է, թե ինչ վատն են նացիստները, սակայն տեքստի մնացած 40 տոկոսում նշվել է Գերմանիայի անպարտելիության, զավթված երկրի ընտրանու համատարած ծախվածության, դրածո պոլիցայների պաշտպանվածության, հականացիստական պայքարում պարտվելու հավանականության մասին։ Այդ թերթիկները կարդացող տեղացիները հավատացել են, որ դրանք կազմել է դիմադրական շարժումը, և իրենց հերթին տարածել են այդ թռուցիկները, բայց արդյունքում հանրայնացրել նացիստների քարոզչությունը Գերմանիայի հզորության և նրա դեմ պայքարելու անկարողության մասին։ Այդ թռուցիկները կարդացողները սկզբում ոգևորվել են հականացիստական տեքստերից, բայց վերջում գործուն չեն մասնակցել ազատագրական պայքարին, քանի որ տեքստը պարտվողական տրամադրություն է ներգործել։
40-ը 60-ի մեթոդի ճանաչելիությունը կարևոր է հայ քաղաքական գործչի համար, քանի որ շատերը, երբեմն, իրոք, չբարեկամի քարոզչությունն են հանրայնացնում։ Օրինակ՝ անկախության և ժողովրդավարության ջատագովների մեծ մասը խոսում է ռուսական ազդեցությունից ազատվելու, ռուսական զորքերը դուրս հրավիրելու, լյուստրացիայի, դեկոմունիզացիայի մասին, ըստ էության՝ անկախությունն ու ժողովրդավարությունն ամրացնելու մասին։ Բայց երբ այդ տեքստերում շեշտը դրվում է Ռուսաստանի համաշխարհային հզորության, նրա հետ հակամարտության մեջ գտնվող երկրների կորուստների անդառնալիության, Հայաստանում ռուսական գործակալների համատարած ազդեցության, Հայաստանի անվտանգութունն ապահովելու անկարողության վրա, ապա, ըստ էության՝ իրականացվում է ռուսական քարոզչություն։
Եթե անկախության և ժողովրդավարության մասին տեքստի առնվազն 40 տոկոսում ասվում է, թե Ռուսաստանն անհաղթահարելի ազդեցություն ունի, իսկ հայ ընտրանին, գործարարը, զինվորականը, գիտնականը ռուսական գործակալներ են և, իբր՝ հնարավոր չի ազատվել ռուսական ազդեցությունից, ապա այդ տեքստը ծառայում է ռուսական շահերին։ Կամ եթե տեքստի առնվազն 40 տոկոսում նշվում են ոչ բարեկամ պետության՝ ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի հետաքրքրությունների, շահերի, հավակնությունների մասին, ապա այդ տեքստը հանրային գիտակցության վրա թողնում է վատ ազդեցություն, քանի որ քաղաքական հետաքրքրության-հավակնության առանցքը պատկերացվում է ոչ թե Երևանը, այլ Մոսկվան, Անկարան, Բաքուն, այդպիսով՝ տեքստը ծառայում է օտար շահերին։
Օրինակ՝ տևական ժամանակ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հոդվածների, լուրերի մեծ մասը ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի հավակնությունների և հետաքրքրությունների մասին է, և ընթերցողի պատկերացումների առանցքում հայտնվում են այդ երկրները, ոչ Հայաստանը։ Այս դեպքում կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ է այդ թերթի անունը «Հայաստանի Հանրապետություն»։
40-60-ի մեթոդով տեքստի հետ առնչվելու դեպքում անկախության կանխավարկածը ոչ միայն ելակետ է, այլև օտար քարոզչական ծուղակի մեջ չընկնելու գործիք։ Ինչքան էլ մեծ և արդարացի լինի ռուսական ազդեցության դեմ թունդ խոսելու ցանկությունը, հարկ է նկատի ունենալ, որ վտանգավոր է ասել՝ «Հայաստանը ռուսական գաղութ է», «իշխանության մեջ բոլորը ռուսական գործակալներ են»։
Եթե գաղութ է և բոլոր հայերը ռուսական գործակալ են, ապա այստեղ ռուսական զորքերի ներկայությունն ու դրածո վարչախումբն օրինաչափ են։ Այսինքն՝ եթե գաղութ է, ապա ո՞վ պիտի լինի իշխանության, եթե ոչ ռուսական դրածոն, ո՞վ պիտի Հայաստանի սահմանները պաշտպանի, եթե ոչ ռուսական զորքը։
Բայց երբ չփախչենք իրականությունից և ասենք, որ Հայաստանն անկախ է, ապա ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը կդառնա տրամաբանական, օրակարգային հարց։ Եթե հաստատ գիտենք, որ Հայաստանն անկախ է, ապա ռուսական գործակալի մասին հրապարակային մեկ խոսքն անմիջապես կհանգեցնի իրավական գործընթացի և պաշտոնանկության։
Հայաստանն, իրոք, շատ հարցերում այնպիսի իրավիճակում է, որը բնորոշ է գաղութին։ Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը և Թուրքիան ձգտում են վերականգնել իրենց երբեմնի ազեցությունը Հայաստանի նկատմամբ, վարվում չբարեկամի նման։ Բայց քաղաքական գործիչը ոչ թե պետք է ողբալով բարդացնի այդ իրավիճակը, ինչպես ներկայում անում են ոմանք, այլ մտածի, թե ինչպե՞ս պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, զսպել թշնամի-չբարեկամների նկրտումները, կազմակերպել համարժեք հակահարված-հակագրոհ։
Առաջնորդվելով անկախության կանխավարկածով, նախ անհրաժեշտ է պարզեցնել քաղաքական գործչի պատկերացումները անկախության և ժողովրդավարության մասին: Այնուհետև անհրաժեշտ է սահմանել, որ ռուսների, թուրքերի և այլ չբարեկամների հակահայկական քաղաքականության դեմ խոսքը չպիտի գերազանցի ընդհանուր տեքստի 40 տոկոսը, որպեսզի հակառակ արդյունքը չունենա, չծառայի ոչ հայկական շահերին։
- Անվտանգության բարձիկ
Եթե տեքստում ընդգծվում է, որ Հայաստանն անկախ չի, և ամեն ինչ Ռուսաստանն է որոշում, ապա լսարանի պրագմատիկ մասը հակվում է այդ մտքին, համակերպվում այդ մտքի հետ և ընտրության ժամանակ տեղ տալիս ռուսների հովանավորյալին, քանի որ կարծում է, թե Հայաստանն անկախ չի, ու պաշտոնյան ռուսական դրածո պիտի լինի։ Օրինակ՝ 2021-ի հունիսի 20-ի ընտրություններում մեծ թվով ընտրողներ ձայն տվեցին Մոսկվայից «դաբրո ունեցողներին», Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ջատագովներին, քանի որ չէին առաջնորդվում անկախության կանխավարկածով՝ չէին հավատում, որ Հայաստանն անկախ է, թյուրիմացաբար կարծում էին, թե այստեղ ամեն ինչ ռուսներն են որոշում։
Իսկ եթե քաղաքական գործիչը, քաղաքագետն ու լրագրողն առաջնորդվեին անկախության կանխավարկածով, ապա ռուսական «դաբրո» ունեցողը հանրային պարսավանքի կենթարկվեր, կորակվեր դավաճան։ Եթե ընտրողներն էլ առաջնորդվեին անկախության կանխավարկածով, ապա կամաչեին ընդգծել, որ իրենց թեկնածուն Պուտինի ընկերն է։ Այսպիսով՝ կչեզոքացվեր ընտրություններին ռուսական միջամտությունը։ Նույնիսկ ռուսական գործակալը կամաչեր բարձրաձայն ասել, որ ընտրելու է Կրեմլի հովանավորյալներին, իսկ վերջիններս շատ քիչ ձայներ կստանային։
Անկախության կանխավարկածը նախընտրական գործընթացում հանդիսանում է ազգային-անվտանգային բարձիկ, չեզոքացնում կամ նվազագույնի է հասցնում արտաքին-օտար միջամտությունը ընտրությունների ընթացքի և արդյունքի վրա։
- Հրաշք
Դարեր շարունակ կարծրատիպ կար, թե մարդը մեղավոր է ծնվում, հակված է մեղք գործելու, պոտենցիալ հանցագործ է, հանցանք գործելու համար առիթ է հարկավոր։ Միջնադարում մարդուն ներկայացնում էին հանիրավի, անհիմն մեղադրանք, հետո նրանից պահանջում ապացուցել իր անմեղությունը։
Անմեղության կանխավարկածի շնորհիվ ռոմանտիկ հրաշք է տեղի ունեցել աշխարհում։ Եթե նախկինում մարդն ի սկզբանե համարվում էր մեղավոր, ապա Անմեղության կանխավարկածով՝ մարդն ի սկզբանե համարվում է անմեղ։ Մարդուն հանցանքի մեջ չեն կասկածում առանց հիմքի, հանիրավի, նրան չեն ստիպում արդարանալ չկատարած կամ ենթադրյալ հանցանքի համար։ Մեղքն ապացուցելը մեղադրող կողմի խնդիրն է։ Մեղադրանքի անբավարար ապացույցը անպարտ ճանաչելու բավարար հիմք է։ Անմեղության կանխավարկածը քաղաքակրթական նորմ է շատ երկրներում։ Մի քանի տարի առաջ Կաթոլիկ եկեղեցին ևս ճանաչեց անմեղության կանխավարկածը։
Դարեր շարունակ Հայաստանն անկախ չի եղել։ Զավթիչները դարերով ներշնչել են մեզ, որ Հայաստանը չի կարող անկախ լինել, անկախ քաղաքականություն վարել, ազգային անվտանգությունն ապահովել, սահմանները պաշտպանել, տնտեսություն վարել։ Հայ ժողովրդի մեծ մասն այնքան էր հավատացել այդ անբարոյական քարոզին, որ անկախություն չէր երազում։ Հայաստանի անկախությունը, նույնիսկ, 1988-89 թվականներին շատերին թվում էր անիրկանանալի։ Բայց 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը «Այո» է ասել։ Այսինքն՝ դարավոր կարծրատիպը կոտրված է։ Հայ ժողովուրդը հավաքական «Այո» է ասել անկախությանը, Հայաստանը հռչակվել է անկախ։ Տեղի է ունեցել մի բան, որը շատերն անհնարին էին համարում։ Այսինքն՝ հրաշք է տեղի ունեցել։
Հայաստանի անկախությունը ճանաչել են գրեթե բոլոր երկրները։ ՀՀ-ն ՄԱԿ-ի, միջազգային մի շարք կազմակերպությունների լիիրավ անդամ է։ Հայ քաղաքական գործիչները, կուսակցություննները Հայաստանի քաղաքականության վարման տարբեր ծրագրեր ունեն։ Այդ ծրագրերի առանցքում անկախ Հայաստանն է։ Հետևաբար՝ քաղաքական տեքստի ելակետը կարող է լինել միայն ՀՀ անկախության փաստը։
44-օրյա պատերազմից և Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանի դեմ ոտնձգությունների փորձեր են կատարվում, ՀՀ իշխանությանը փորձում են հակահայ պայմանագրեր պարտադրել։ Ինչպե՞ս պաշտպանվել այդ գրոհներից, և ե՞րբ կսկսվի ռևանշը։
Ենթադրելի է, որ ռևանշը կսկսվի այն պահից, երբ քաղաքական գործիչն ամենուր, ցանկացած տեքստում կառաջնորդվի անկախության կանխավարկածով։ Այս առումով՝ անկախության կանխավարկածը կարող է հրաշք գործել։
- Սրբազան գործը
Հայաստանի սուբյեկտությունը պաշտպանելը քաղաքական գործչի սրբազան գործն է։ Հայ քաղաքական գործիչը, քաղաքական տեքստ կազմելիս, պարտավոր է Հայաստանը ներկայացնել որպես ինքնիշխան սուբյեկտ, այսինքն՝ առարկան, իրադարձությունը, երևույթը, հարցը դիտել Հայաստանի տեսանկյունից, Հայաստանի շահերի տեսանկյունից, ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը կամ ցանկալի դիրքորոշումը դրանց վերաբերյալ։
Եթե կուսակցականն իր քաղաքական տեքստում Հայաստանը դիտում է որպես առարկա-օբյեկտ, ապա այդ հայացքը հակապետական է, առնվազն՝ օտար-կողմնակի։ Նման հայացք կարող է ունենալ օտարը, օտարի գործակալը, օտարի պատվերը կատարողը։ Ցավոք, կան իրենց քաղաքական գործիչ համարողներ, որոնք այլ պետությունների հայացքով են դիտում Հայաստանը, պատկերավոր ասած՝ Հայաստանին վերաբերվում են որպես ցուցափեղկում դրված միս, որն ուզում են ուտել հարևանները։ Այսպիսով՝ իրենց ոչ թե ասոցիացնում են պետության հետ, այլ օտարում են պետությունից և ստեղծում քաղաքական վակուում։
Օրինակ՝ «հակառուսական» և «ռուսամետ» եզրերը Մոսկվայի բառապաշարից են, «հակաթուրքական» և «թուրքամետ» բառերը՝ Անկարայի բառապաշարից։ Հակառուսական կամ ռուսամետ բառերն օգտագործում են ռուս գործիչը, Կրեմլի մունետիկը, ռուսական գործակալը կամ ազդեցության գործակալը։ Թուրք գործիչը, թուրք լրագրողը աշխարհում Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները որակում են հակաթուրքական ցույցեր։ Բայց հայ մարդու տեքստում այդպիսի որակում չկա, նույնիսկ՝ պատկերացնել հնարավոր չի։ Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը վրդովվեցրեց Մոսկվային, նրա մունետիկները այն որակեցին հակառուսական ցույց։ Բայց հայ գործիչը, հայ լրագրողը Նժդեհի արձանի տեղադրումը չեն որակել որպես հակառուսական ցույց։
Երբ խորհրդային բռնազավթման տարիներին հայ մարդը խոսում էր ազատության, հայրենիքի, Հայոց ցեղասպանության (Մեծ եղեռնի), հողերի, անկախության մասին, ապա նրան մեղադրում էին հակասովետական գործունեության մեջ։ Այնքան էին տանջում, որ խոստովանում էր, թե «հակասովետական» է։ Հետո գնդակահարում էին կամ դատապարտում, աքսորում, հալածում։
1988-90-ին, երբ խոսում էինք Հայաստանի անկախության և ժողովրդավարության մասին, մեզ հանդիմանում էին, թե պետք չի հակասովետական բաներ ասել։ Անկախություն հռչակելուց հետո էլ, երբ խոսում էինք անկախության ու ժողովրդավարության մասին, մեզ ասում էին՝ «դուք հակասովետական եք»։ Ասում էինք. «սովետը չկա՜, կործանվե՜լ է»։ Մեզ ասում էին՝ «ուրեմն՝ հակառուսական եք»։
Խորհրդային բռնազավթման տարիներին հակասովետական բառը քրեական օրենսգրքում կար։ Այդ տարիներին Հայաստանում բազմաթիվ հայտնի մարդիկ են դատապարտվել հակաթուրքական արարքների համար, որոնց մեծ մասը միաժամանակ որակվել են հակասովետական։ Օրինակ՝ Երվանդ Քոչարը Սասունցի Դավթի արձանի սուրը սովետի եղբայր Թուրքիայի դեմ ուղղելու մեղադրանքով 2 տարի 2 ամիս անցկացրել է բանտում (1939-41թթ)։
Եթե Հայաստանը 1991-ին չանկախանար ու մնար Ռուսաստանի լծի տակ, ապա, այստեղ, տեսականորեն, կարող էին լինել հակառուսական տրամադրություններ, ուժեր։ Բայց ՀՀ ոչ մի փաստաթղթում հակառուսական բառը չկա, քանի որ Հայաստանն անկախ է։ Այսինքն՝ ով ասում է, որ Հայաստանում հակառուսական կա, նա, այդպիսով, կա՛մ թյուրիմացաբար կարծում է, թե մեր երկիրը դեռ ռուսական լծի տակ է, կա՛մ նա ռուսական գործակալ է և ստեղծում է կեղծ պատկեր՝ իբր մեր երկիրը ռուսական լծի տակ է։
Եթե երեկ ու այսօր ասում ենք, որ ռուսական զորքերը դուրս ենք հրավիրելու Հայաստանից, լյուստարցիա ենք անցկացնելու, ռուսերենին տալու ենք օտար լեզվի կարգավիճակ, Հայաստանը դուրս ենք բերելու ռուսական ազդեցության օղակներից, ապա, վստահաբար, դրանք իրականացնելու ենք միայն ու միայն հայ ժողովրդի ազատության համար, ոչ ի հեճուկս ինչ-որ մեկի, այլ Հայաստանի անկախության ու ժողովրդավարության համար, հայ մարդու ներկան և ապագան ազատ ու բարեկեցիկ դարձնելու համար։ Այս հարցերում ժողովրդի, քաղաքական-հասարակական կազմակերպությունների, ողջամիտ մեծահարուստների, մշակութային գործիչների, պատիվ ունեցող սպաների և ազնիվ պաշտոնյաների միջև կա կոնսենսուս։ Բայց ինչպես երեկ, նույնպես և այսօր հակառուսականին կամ ռուսամետին կարող եք տեսնել, եթե քաղաքական գործընթացին, նախաձեռնությանը, երևույթին, գործիչներին նայեք Մոսկվայի աչքով։
Կարճ ասած՝ քանի որ Հայաստանն անկախ է, այստեղ չեն կարող լինել հակառուսական կամ ռուսամետ։ Այսինքն՝ հակառուսական-ռուսամետ բնորոշումների շրջանառումը հնարավոր է կասեցնել անկախության կանխավարկածով։
Պետական, քաղաքական պաշտոն-դիրք զբաղեցնողը կամ հավակնորդը չեն կարող օտար հայացքով նայել աշխարհին։ Նրանք պարտավոր են հայտնել և պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի տեսակետը, շահը, հավակնությունը, հետաքրքրությունը։ Դրանք անկաշկանդ ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել անկախության կանխավարկածով։
Հայաստանի սուբյեկտությունը պաշտպանվում է ոչ միայն Սահմանադրությամբ, միջազգային երաշխիքներով, այլև քաղաքական գործչի տեքստով։ Վերջինիս առումով՝ կարելի է ասել, որ Հայաստանն անկախ է, քանի կա քաղաքական գործիչ, որն առարկան, իրադարձությունը, երևույթը դիտում է Հայաստանի տեսանկյունից, Հայաստանի իշխանության տեսանկյունից, ներկայացնում է Հայաստանի ինքնիշխան դիրքորոշումը առաջադրված հարցերի վերաբերյալ, սրբորեն պաշտպանում է Հայաստանի սուբյեկտությունը, պարզ ասած՝ առաջնորդվում է անկախության կանխավարկածով։
Ամփոփում
Անկախ երկրներում կամ անկախության համար պայքարող երկրներում քաղաքական գործիչը, նրա համախոհներն ու նրան սատարողներն առաջնորդվում են անկախության կանխավարկածով։
Հայաստանի անկախությունն այնքան հանրահայտ բան է, որ դրա պարզաբանման մասին չարժեր նույնիսկ երկու տող գրել։ Բայց քաղաքական համակարգի, պետության ու ժողովրդի հասցեին հնչող ստորացուցիչ արտահայտությունները վարակել են քաղաքական միտքը։ Քաղաքականությամբ փաստացի զբաղվողների մի մասը անբարոյականի նման ստորադասում է պետության գոյությունը, ազգային-հանրային արժեքները, չի ներկայացնում ազգային հավակնություն, կարծես՝ չի էլ գիտակցում, որ զբաղվում է քաղաքական գործունեությամբ։
Ենթադրություն կա, որ եթե քաղաքական գործիչը քաղաքական թիրախ ընտրելիս, ծրագիր կազմելիս, խնդիր, հարց բարձրացնելիս, հայտարարություն անելիս, կարծիք հայտնելիս, առաջարկություն ներկայացնելիս առաջնորդվի անկախության կանխավարկածով, ապա այդպիսի տեքստերը դրական և ռեալ ազդեցություն կունենան քաղաքական մտքի առողջացման ու զարգացման վրա։
Երբ բոլոր քաղաքական գործիչներն առաջնորդվեն անկախության կանխավարկածով, ապա կարելի է նաև Քրեական օրենսգրքով պատիժ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կառնեն Հայաստանի անկախությունը կամ խոսքում այլ ելակետ կընտրեն, քան Հայաստանի անկախությունը։
Եվ երբ բոլոր քաղաքացիները ևս, ընդօրինակելով քաղաքական-հանրային գործիչներին, առաջնորդվեն անկախության կանխավարկածով, ապա կարող ենք հույս փափայել, որ մեր ազգային երազանքները մի օր կիրականացվեն, և Հայաստանը կրկին կդառնա օրինակելի պետություն աշխարհում։
Թաթուլ Մկրտչյան,
2021թ․, Երևան
Share this content: