Ուղիղ քառասուն տարի անց

1965թ.-ին Խորհրդային Միության համար աննախադեպ մի բան եղավ` բազմահազար հայ ցուցարարներ Երեւանում ելան Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչության: Կոմունիստական «Իզվեստիա» թերթը ստիպված եղավ դիմելու իրեն հատուկ կեղծիքի` գրելով, թե Երեւանում մի քանի հազար մարդ բողոքել է վիետնամական պատերազմի դեմ: Հաջորդ ապրիլի 24-ին ԿԳԲ-ն արդեն նախապատրաստվել էր:

1966թ. ապրիլի 24-ի առավոտյան 10-ի կողմերը մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Կոմիտասի անվան հայ մեծերի պանթեոնում: Միլպետ Սերգեյ Մարտիրոսյանը, որ հետո անկախ Հայաստանում չգիտես որ ծառայության համար դարձավ գեներալ, ռուսախառը հայհոյանքներով հարձակվում է հավաքված աղջիկների ու պատանիների վրա, ձերբակալում շատերին: Ձերբակալված մոտ 40 սփյուռքահայ ուսանողներին, որոնց մեջ են եղել ներկայումս «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, դոկտոր Գեւորգ Բարդակչյանը, ռեժիսոր Երջանիկ Մարգարյանը, երաժիշտ Վարուժան Խաչատուրյանը եւ այլոք, ուշ երեկոյան ազատ են արձակում, իսկ մոտավորապես նույնքան տեղացի երիտասարդների մանր խուլիգանության սովետավայել մեղադրանքով (իբր տրորել են սիզամարգերը, ապակիներ են ջարդել, խաթարել են երթեւեկությունը եւ այլն) մի քանի րոպեանոց դատավարություններով, միլիցիոներ ու չեկիստ վկաներով դատավորը (ով հետագայում չգիտես ինչից դրդված` Սեւակի սիրտն է անատոմիկից թռցնում) դատապարտում է մինչեւ 15 օրվա ազատազրկման:

Հենց բանտախցում էլ միմյանց հետ ծանոթանում են հայ նշանավոր քաղաքական գործիչներ Հայկազն Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը եւ Ստեփան Զատիկյանը, ովքեր կարճ ժամանակ անց հիմնում են Խորհրդային Միության պատմության մեջ աննախադեպ ամենաստվար ու ամենաանկոտրում ընդհատակյա քաղաքական կազմակերպությունը` Ազգային Միացյալ Կուսակցությունը: Նույն բանտախցում են լինում նաեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշանավոր լեզվաբան, դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը, պատմաբան Էդուարդ Բաղդասարյանը, բանասերներ Լեւոն Անանիկյանը, Գեղամ Քյուրումյանը, Տիգրան Գամաղելյանը եւ այլք: Այլ խցերում արգելափակվում են այժմ դոկտոր Սամվել Մուրադյանն ու այլ երիտասարդներ: Ձերբակալված աղջիկներին` Մարգարիտ Թախտաջյանին, Արմենուհի Փափազյանին եւ մյուսներին ավելի շուտ են արձակում: Ու թեեւ խորհրդային անզուգական-տրոյկային արդարադատությունը 8-15 օր պատիժ է սահմանած լինում, սակայն որպեսզի խուսափեն մայիսի 1-ի տոնակատարությունը ուսանողական հուզումների վերածելու վտանգից, ապրիլի 29-ին խուզված գլուխներով ուսանողներին ազատ են արձակում:

Բայց միեւնույնն է, երիտասարդներն իրենց անելիքն անում են. մայիսի 1-ի շքերթին, երբ մոտենում են Լենինի արձանի ոտքերի տակ գտնվող Հայաստանի կոմունիստ ղեկավարների տրիբունային, պայմանավորվածության համաձայն բոլորը վեր են նետում գլխարկները` հրապարակը լցնելով իրենց խուզված գլուխներով:

Ուղիղ 40 տարի անց նույն ժամին Կոմիտասի արձանի մոտ էին հավաքվել այդ օրվա 30-40 ձերբակալվածներից 7 հոգի` Հակոբ Ավետիքյանը, Լեւոն Անանիկյանը, Արմենուհի Փափազյանը, Գեւորգ Բարդակչյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գեղամ Քյուրումյանը, Էդուրադ Բաղդասարյանը, ինչպես նաեւ ԱՄԿ-ի հիմնադիրներից Շահեն Հարությունյանի որդին` Շանթ Հարությունյանն ու յոթնամյա Շահեն Հարությունյան-կրտսերը: Ընթացքում մի քանիսը զանգահարեցին իրենց ընկերներին ու ցավ հայտնեցին, թե հարգելի պատճառներով չեն կարողանում ներկա գտնվել հավաքին:

Ճիշտ 40 տարի առաջվա նման մոտակայքում կային ոստիկաններ (ցավալիորեն դեռ նույն խորհրդային համազգեստը կրող), ովքեր մտքերով անգամ չէին կարող անցկացնել, թե մի ժամանակ ոստիկանի պարտականության մեջ է մտած եղել ամենայն ազգայինի, ազնիվի, մարդկայինի խեղդումը: Հակոբ Ավետիքյանի առաջնորդությամբ հավքված 60-ականների սերունդը, ինչպես ճիշտ 40 տարի առաջ, երգեց «Տէր, ողորմեայ»: 40 տարվա խորքից փորձեցին վերհիշել իրադարձությունների հերթականությունը. տհաճությամբ, բայց առանց հիշաչարության հիշեցին իրենց ձերբակալողներին, դատողին, բանտապահներին, համալսարանական վախվորած վերնախավին, կոմսոմոլ ակտիվիստներին: Առանձնակի սիրով հիշեցին ու լռությամբ հարգեցին Հայկազն Խաչատրյանի եւ Ստեփան Զատիկյանի հիշատակը:

Այսօր մի առանձին հերոսություն չէ ջահերով ու թուրքին ուղղված հայհոյանքներով Ծիծեռնակաբերդ բարձրանալը, սակայն այսօր էլ ակնածանք ներշնչող են 60-ն անց այդ մարդկանց սթափությունն ու «Տէր, ողորմեայ»-ն:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Share this content: