Թոմաս  Հոբս «Լևիաթան. կամ կրոնապետության  և քաղաքացիական  պետության  նյութը,  ձևն  ու  իշխանությունը»:

Մասն առաջին` ՎԱՍՆ ՄԱՐԴՈՒ

Գլուխ XIV` ՎԱՍՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

Մասն երկրորդ` ՎԱՍՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ

Գլուխ XXI` ՎԱՍՆ ՀՊԱՏԱԿՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Թոմաս Հոբս, Երկեր երկու հատորով, հատոր 2-րդ, Մոսկվա, 1991, էջ 98-109, 163-173:

Ռուսերենից թարգմանեց Միքայէլ Հայրապետեանը

Թոմաս Հոբս (1588-1679)

ԼԵՎԻԱԹԱՆ. ԿԱՄ ԿՐՈՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԸ, ՁԵՎՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՎԱՍՆ ՄԱՐԴՈՒ

ԳԼՈՒԽ XIV

ՎԱՍՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

ԻՆՉ Է ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ (right of nature): Բնական իրավունքը, որը գրողների կողմից սովորաբար անվանվում է jus naturale, ցանկացած մարդու` սեփական բնության (իմա` սեփական կյանքի) պահպանման համար սեփական ուժերն իր հայեցողությամբ օգտագործելու ազատությունն է, եւ, հետեւաբար, այն ամենն անելու ազատությունը, ինչն իր դատողությամբ` դրա համար ամենահարմարն է:

ԻՆՉ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Ազատություն ասելով, ըստ բառի բուն իմաստի, ենթադրվում է արտաքին խոչընդոտների բացակայությունը, որոնք ոչ հազվադեպ կարող են մարդուն զրկել ուզածն անելու իր իշխանության մի մասից, բայց չեն կարող խանգարել իրեն թողնված իշխանության մնացյալ մասն օգտագործելու իր բանականության ու խոկման թելադրանքին համապատասխան:

ԻՆՉ Է ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ (law of nature): Բնական օրենքը (lex naturalis) կարգադրագիր է կամ բանականությամբ (reason) գտնված ընդհանուր կարգ է, համաձայն որի` մարդուն արգելվում է անել այն, ինչը կործանարար է իր կյանքի համար, ինչը զրկում է այն պահպանելու միջոցներից, ինչը զանցառում է կյանքի պահպանման` իր կողմից ամենալավը համարված միջոցը:

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Հարկ է տարբերել իրավունքն ու օրենքը (jus եւ lex), թեեւ նա, ով գրում է այդ թեմայով, սովորաբար խառնում է այդ հասկացությունները, զի իրավունքն անելու կամ չանելու ազատության մեջ է, մինչդեռ օրենքը սահմանում եւ պարտավորեցնում է այդ այլընտրանքի այս կամ այն անդամը. հետեւաբար, օրենքը եւ իրավունքը միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես պարտավորությունն ու ազատությունը, որոնք միեւնույն բանի նկատմամբ անհամատեղելի են:

ԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ: Քանի որ մարդու վիճակը (ինչպես ցույց տրվեց նախորդ գլխում) բոլորը բոլորի դեմ պատերազմական վիճակ է, երբ յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական բանականությամբ, եւ չկա ոչինչ, որ նա չկարողանա օգտագործել որպես թշնամիներից փրկվելու միջոց, ապա սրանից հետեւում է, որ այդպիսի վիճակում յուրաքանչյուր մարդ ամեն ինչի իրավունք ունի, նույնիսկ ցանկացած ուրիշ մարդու կյանքի վրա: Ուստի քանի դեռ պահպանվում է բոլորի` ամեն ինչի իրավունքը, ոչ մի մարդ (որքան էլ նա ուժեղ կամ իմաստուն լինի) չի կարող վստահ լինել, որ կկարողանա ապրել այն ամբողջ ժամանակը, որը բնությունը սովորաբար հատկացնում է մարդկային կյանքին: Հետեւաբար, բանականության կարգադրագիրը կամ ընդհանուր կարգն ասում է, որ ցանկացած մարդ, եթե ունի խաղաղության հասնելու հույս, պետք է ձգտի դրան. իսկ եթե չի կարող հասնել դրան, ապա նա կարող է օգտագործել պատերազմում առավելություն տվող ցանկացած միջոց:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ: Այս կանոնի առաջին մասն առաջին եւ հիմնական բնական օրենքն է, որը հռչակում է` հարկավոր է փնտրել խաղաղություն եւ հետեւել դրան: Երկրորդ մասը բնական իրավունքի բովանդակությունն է, որը հանգեցնում է բոլոր հնարավոր միջոցներով ինքն իրեն պաշտպանելու իրավունքին:

ԵՐԿՐՈՐԴ ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ: Այս հիմնական բնական օրենքից, ըստ որի մարդիկ պետք է ձգտեն խաղաղության, բխում է մյուս օրենքը` այլոց հետ այդ համաձայնությունն ունենալու դեպքում մարդը պետք է համաձայնի հրաժարվել ամեն ինչի նկատմամբ իրավունքից այն չափով, որչափ այն անհրաժեշտ է խաղաղության եւ ինքնապաշտպանության շահերից ելնելով, եւ բավարարվել մյուս մարդկանց նկատմամբ ազատության այն աստիճանով, որն ինքը կթույլատրեր ուրիշներին իր նկատմամբ: Զի այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր մարդ կառչած է իր ցանկությամբ ամեն ինչ անելու իրավունքից, բոլոր մարդիկ կգտնվեն պատերազմական վիճակում: Սակայն եթե ուրիշները չեն ցանկանում հետեւել իր օրինակին եւ հրաժարվել այդ իրավունքից, ապա ոչ մի հիմք չկա որեւէ մեկի համար (ով էլ լինի) զրկվել դրանից, զի դա ավելի շուտ կնշանակեր ինքն իրեն հանձնել ավարառման (որը որեւէ մեկը պարտավոր չէ ցանկանալ), քան ցուցադրել խաղաղության իր պատրաստակամությունը: Հենց այդպիսին է Ավետարանի օրենքը` Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կկամենայիր, որ ուրիշները քեզ հետ վարվեին: Եվ դա բոլոր մարդկանց օրենքն է` quod tibi fieri non vis, alteri ne feceris:

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ: Հրաժարվել ինչ-որ բանի նկատմամբ մարդկային իրավունքից` նշանակում է ուրիշի` նույն բանի նկատմամբ իրավունքից բխած շահից օգտվելուն արգելանք դնելու ազատությունից զրկվել: Զի նա, ով հրաժարվում կամ ետ է կանգնում իր իրավունքից, դրանով ոչ մի մարդու չի տալիս նախապես չտիրապետած իրավունք, որովհետեւ բոլոր մարդիկ ամեն ինչի իրավունք ունեն ի բնութենե: Սեփական իրավունքից հրաժարումը սոսկ նշանակում է հեռանալ մեկ ուրիշի ճանապարհից, որ չխոչընդոտի նրան` ի սկզբանե ունեցած իր իրավունքն օգտագործելիս, այլ ոչ թե այն, որ ուրիշ որեւէ մեկը չխոչընդոտի իրեն: Այսպիսով, մեկի իրավունքները նվազելու հաշվին` մյուսի ստացած շահը պարզապես իր` ի սկզբանե ունեցած իրավունքը օգտագործելուն խանգարող խոչընդոտների նվազումն է:

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ: ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ: ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ: ՊԱՐՏՔ: Իրավունքից հրաժարվելը կատարվում է կա՛մ նրանից պարզ հրաժարումով, կա՛մ այն ուրիշին փոխանցելով: Պարզ հրաժարումն այն է, երբ հրաժարվողը չի հետաքրքրվում, թե ում է բաժին հասնում այդ իրավունքի շնորհը: Փոխանցումն այն է, երբ հրաժարվողը կամենում է, որ այդ իրավունքի շնորհը տրվի կոնկրետ մարդու կամ մարդկանց: Եվ եթե մարդն այս կամ կերպ հրաժարվել է իր իրավունքից կամ զիջել է այն ինչ-որ մեկին, ապա ասում են, որ նա պարտավոր է այդ շնորհն օգտագործելիս չխոչընդոտել նրանց, ում զիջել կամ թողել է այդ իրավունքը, որ նրա վրա է իր ինքնակամ գործողությունը չեղյալ չհայտարարելու պարտքն ու պատասխանատվությունը եւ որ այդպիսի հակազդեցությունն անարդարություն եւ անօրինաչափություն է` լինելով sine jure (առանց իրավունքի – լատ.), քանզի տվյալ մարդը հրաժարվել է իր իրավունքից կամ զիջել է այն:

ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ: Անօրինաչափությունը եւ անարդարությունը խաղաղ վիճաբանությունների ժամանակ ինչ-որ կերպ նման են նրան, ինչը սխոլաստների բանավեճերում կոչվում է անհեթեթություն: Ինչպես այդ վեճերի ժամանակ մենք անհեթեթություն ենք համարում ավելի վաղ հաստատվածին հակադրվելը, այդպես էլ սովորաբար անարդարություն կամ անօրինաչափություն ենք համարում այն բանի ինքնակամ ավերումը, ինչն ավելի վաղ ազատակամորեն արվել էր: Իրավունքից պարզ հրաժարումը կամ իրավունքի փոխանցումը կատարվում է կա՛մ համապատասխան հայտարարությամբ, կա՛մ կամավոր նշանի կամ նշանների միջոցով, որոնք բավարար հստակությամբ պարզաբանում են, թե տվյալ մարդը հրաժարվում է կամ փոխանցում է իր իրավունքը նարն, ով այն ստանում է: Այդպիսի նշաններ են համարվում կա՛մ միայն բառերը, կա՛մ միայն գործողությունները, կա՛մ էլ (ինչն ավելի հաճախ է հանդիպում), եւ՛ մեկը, եւ՛ մյուսը: Այդ հայտարությունները կամ նշաններն այն պարտականության էությունն են, որոնցով մարդիկ կապում են իրենց եւ պարտավորվում. ընդ որում` այդ պարտավորությունների զորությունը ոչ թե իրենց սեփական բնավորությունից է գալիս (զի մարդու համար ավելի հեշտ բան չկա, քան սեփական խոսքը դրժելն է), այլ այն չարիքի հանդեպ ունեցած վախից, որ դրանց խախտումն անխուսափելիորեն կբերի իր ետեւից:

ՈՉ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՕՏԱՐԵԼԻ: Երբ մարդը փոխանցում է իր իրավունքը կամ հրաժարվում է դրանից, ապա նա այդ անում է կա՛մ նկատի ունենալով ինչ-որ իրավունք, որը դրա դիմաց կփոխանցվի անձամբ իրեն, կա՛մ էլ հանուն ինչ-որ ուրիշ շնորհի, որը հույս ունի ձեռք բերել: Իրոք, այդպիսի հրաժարումը կամ օտարումը կամավոր գործողություն է, իսկ ցանկացած մարդու կամավոր գործողության նպատակն իր համար որեւիցե շահն է: Ահա թե ինչու կան որոշ իրավունքներ, որ չի կարելի ենթադրել, թե ինչ-որ մեկը կարող է զիջել կամ փոխանցել բառերով կամ նշաններով: Ամենից առաջ մարդը չի կարող հրաժարվել դիմադրություն ցույց տալու իրավունքից նրանց, ովքեր հարձակվում են իր վրա` կյանքից զրկելու նպատակով, քանի որ անհնար է կարծել, թե նա հույս կունենա իր համար որեւէ շնորհ ձեռք բերել այդ ճանապարհով: Նույնը կարելի է ասել վերքեր պատճառելու, կապանքներ դնելու կամ բանտարկելու նպատակ ունեցող հարձակմանն ընդդիմանալու իրավունքի մասին, ընդ որում` զույգ նկատառմամբ. առաջին հերթին այն պատճառով, որ այդ բռնությունները համբերությամբ տանելն այնպիսի շահ չի ապահովի, ինչպիսին կապահովի մեկ ուրիշի վիրավոր կամ բանտում արգելափակված լինելուն համբերատար վերաբերվելը, երկրորդ հերթին այն պատճառով, որ երբ մարդ տեսնում է, որ իր վրա են գալիս հարձակում գործելու նպատակով, չի կարող ասել` եկողներն ունե՞ն իրեն սպանելու նպատակ, թե՞ ոչ: Եվ վերջապես` իրավունքից հրաժարման կամ օտարման դեպքում շարժառիթ կամ նպատակ են համարվում մարդկային անհատականության անվտանգության երաշխիքները, այսինքն` կյանքի պահպանումն ու այնպիսի կյանքի պահպանման միջոցների ապահովումը, որն ավելի ծանր չէր լինի այդ դեպքում: Ահա թե ինչու, երբ ակնբախ է, որ մարդը բառերով կամ նշաններով հրաժարվում է այն նպատակից, որին այդ նշանները հարմարեցված են, ապա պետք չէ մտածել, թե այդպիսին են նրա իրական մտադրություններն ու կամքը, այլ պարզապես այդ մարդը չգիտեր, թե ինչպես կարող են մեկնաբանվել այդպիսի բառերն ու գործողությունները: Իրավունքի փոխադարձ փոխանցումն այն է, ինչը մարդիկ պայմանագիր են (contract) անվանում:

ԻՆՉ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ: Հարկ է տարբերել իրի նկատմամբ իրավունքի փոխանցումը եւ հենց իրի փոխանցումը կամ հանձնումը: Զի իրը կարող է հանձնվել իրավունքի հանձնման հետ միաժամանակ, ինչպես օրինակ, առձեռն առք ու վաճառքի կամ ապրանքների կամ հողերի փոխանակման ժամանակ, ինչպես նաեւ կարող է հանձնվել որոշ ժամանակ անց:

ԻՆՉ Է ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ: Կարող է նաեւ այնպես լինել, որ կողմերից մեկը հանձնում է իրը (որն ըստ պայմանագրի է պարտավոր հանձնել) եւ մյուս կողմին հնարավորություն տալիս պարտավորությունները կատարել որոշակի` ավելի ուշ ժամկետում` որոշ ժամանակ մնալով պարտապան, եւ այդժամ պայմանագրում առաջին կողմի մասնակցությունը կոչվում է համաձայնություն (convenant), կամ երկու կողմերը կարող են միանգամից պայմանավորվել այն մասին, որ իրենց փոխադարձ պարտավորությունները կկատարվեն հետագայում: Այս երկու դեպքում էլ իրենց պարտավորությունների կատարումը (թե ով պետք է դրանք կատարի հետագայում) կոչվում է խոստման պահպանում կամ հավատարմություն, իսկ չկատարումը (եթե այն կանխամտածված է)` հավատարմության խախտում:

ԸՆԾԱ: Եթե իրավունքի փոխանցումը ոչ թե փոխադարձ է, այլ կողմերից միայն մեկն է իր իրավունքը փոխանցում մյուսին` հույս ունենալով դրանով ձեռք բերել ընկերներ, բարեկամություն կամ ինչ-որ ծառայություն` վերջինի կողմից, կամ էլ հույս ունենալով ձեռք բերել բարեսիրտ եւ մեծահոգի մարդու համբավ, կամ` հոգին տանջող զգացողություններից ազատելու եւ երկնքում պարգեւատրվելու հույսով, ապա իրավունքի այդ փոխանցումը ոչ թե պայմանագիր է, այլ ընծա, ինքնակամ նվեր, շնորհաբաշխում. այս բառերը նույն իմաստն ունեն:

ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ՆՇԱՆՆԵՐ: Պայմանագիրն արտահայտվում է նշաններով կա՛մ անմիջականորեն, կա՛մ էլ դրանցից արված եզրահանգումներվ: Անմիջականորեն այն արտահայտվում է բառերով, որոնց նշանակությունը հասկանալի է: Այդպիսի բառերը կարող են վերաբերել ներկային կամ անցյալին, օրինակ` «ես տալիս եմ», «ես նվիրում եմ», «ես տվել եմ», «ես նվիրել եմ», «ես ցանկանում եմ, որ այն ձեզ պատկանի», եւ կամ էլ ապագային, օրինակ` «ես կտամ», «ես կնվիրեմ», այս դեպքում դրանք խոստում են կոչվում:

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ՆՇԱՆՆԵՐ: Եզրահանգումների միջոցով պայմանագիրն արտահայտող նշաններ են համարվում երբե՛մն բառերը, երբե՛մն լռությունը, երբե՛մն գործողությունները, երբե՛մն գործողություններից ձեռնպահ մնալը, ընդհանրապես այն ամենը, ինչը բավարար չափով ազդում է պայմանավորվողների կամքի վրա:

ԸՆԾԱ` ՆԵՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՑՅԱԼԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՌԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ: Ապագային վերաբերող եւ սոսկ խոստում պարունակող բառերը կամավոր նվիրատվության ոչ բավարար նշան են համարվում եւ այդ պատճառով պարտավորեցնող չեն: Զի եթե դրանք վերաբերում են ապագային, օրինակ` «ես կտամ վաղը», ապա դա այն բանի նշան է, որ ես դեռ չեմ տվել, որ իմ իրավունքը դեռ փոխանցված չէ, այլ իմն է այնքան ժամանակ, քանի դեռ ես այն չեմ փոխանցել այլ ինչ-որ գործողությամբ: Իսկ եթե բառերը վերաբերում են ներկային կամ անցյալին, ինչպես օրինակ` «ես տվել եմ» կամ «ես տալիս եմ վաղը հանձնելու պայմանով», ապա վաղվա իմ իրավունքն արդեն իսկ այսօր տրված է, եւ միայն բառերով իսկ ուժի մեջ է, թեեւ իմ կամքի այլ ապացույց չի եղել: Հսկայական տարբերություն կա հետեւյալ բառերի իմաստների միջեւ` volo hoc tuum esse cras եւ cras dabo, այսինքն` «ես ցանկանում եմ, որ դա վաղը պատկանի քեզ» եւ «ես դա վաղը կտամ քեզ» արտահայտությունների միջեւ, զի առաջին խոսքում շրջանառված բառերը` «ես ցանկանում եմ»` արտահայտում են կամքի գործողություն, որ կատարվում է ներկայում. իսկ երկրորդում դրանք արտահայտում են կամքի արտահայտման ապագա գործողության խոստում: Ահա թե ինչու ապագային վերաբերող առաջին արտահայտությունը ոչինչ չի փոխանցում: Սակայն, երբ բացի բառերից կան նաեւ իրավունքի փոխանցման կամքի նաեւ այլ նշաններ, այդժամ իրավունքի կամավոր ընծայաբերման դեպքը կարող է համարվել բառերի օտարված միջոց` ապագային վերաբերող: Օրինակ, եթե մարդը պարգեւատրում է առաջարկում նրան, ով մրցման ժամանակ առաջինը կհատի վերջնագիծը, ապա այդ ընծան համարվում է կամավոր. ու չնայած բառերը վերաբերում են ապագային, այնուամենայնիվ իրավունքը փոխանցվում է, քանի որ եթե այդ մարդը չցանկանար, որ իր բառերն այդպես հասկացվեին, նա մարդկանց վազքի չէր դրդի:

ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ՆՇԱՆՆԵՐ ԵՆ ԻՆՉՊԵՍ ԱՆՑՅԱԼԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՊԱԳԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՌԵՐԸ: Պայմանագրերում իրավունքը փոխանցվում է ոչ միայն այն դեպքերում, երբ բառերը վերաբերում են ներկա կամ անցյալ ժամանակներին, այլ նաեւ ապագային, զի պայմանագիրը իրավունքների փոխադարձ փոխանցում կամ փոխանակում է: Ահա թե ինչու ընդամենը խոստացողի մտադրությունը պետք է մեկնաբանվի այն իմաստով, որ նա ցանկանում է, որպեսզի իր իրավունքն անցնի, քանի որ նա արդեն ստացել է այն շնորհը, որի դիմաց խոստանում է փոխանցել իր իրավունքը, եւ եթե ինքը համաձայն չլիներ բառերի այդպիսի մեկնաբանմանը, ապա մյուս կողմը առաջինը չէր կատարի այն, ինչ դրված է իր վրա: Այդ պատճառով էլ առքի, վաճառքի եւ պայմանագրի այլ գործողությունների ժամանակ խոստումը հավասարազոր է համաձայնության եւ այդու` պարտադիր:

ԻՆՉ Է ՎԱՍՏԱԿԸ: Եթե պայմանագրի դեպքում կողմերից մեկն առաջինն է կատարում իր պարտավորությունները, ապա նրա մասին ասում են, որ նա արժանի է այն բանին, ինչը պետք է ստանա երկրորդ կողմից, եւ որ նա դրա իրավունքն ունի որպես իրեն հասանելիքի: Ճիշտ նույն կերպ` եթե շատերին է առաջարկված մրցանակ, որը պետք է հանձնվի միայն նրան, ով այն կշահի, կամ եթե բազմության մեջ դրամներ են նետվել, որպեսզի դրանցից օգտվեն նրանք, ովքեր կկարողանան որսալ, ապա չնայած դա կամավոր ընծա է` այնուամենայնիվ, այն շահողները կամ որսացողները վաստակում են այն եւ ունենում` որպես իրենց հասանելիք: Այս դեպքում իրավունքը փոխանցվեց մրցանակն առաջարկելու կամ դրամները նետելու գործողություններով, թեեւ միայն մրցակցության ելքը պետք է որոշեր, թե հատկապես ում է փոխանցվում այդ իրավունքը: Սակայն վաստակի այս երկու ձեւերի միջեւ կա այն տարբերությունը, որ պայմանագրի դեպքում ես իմ սեփական իշխանության զորությամբ եւ մյուս կողմի պարտավորություններով եմ վաստակում, իսկ կամավոր ընծայի դեպքում վաստակելու իմ ունակությունը պայմանավորված է ընծայաբերողի բարի կամքով: Պայմանագրի դեպքում ես վաստակում եմ իմ կոնտրագենտի հրաժարումն իր իրավունքից. իսկ ընծայի դեպքում իմ վաստակը չունի այն իմաստը, որ իբրեւ թե տվողը պարտավոր է հրաժարվել իր իրավունքից, այլ ընդամենն այն իմաստը, որ եթե նա հրաժարվի դրանից, ապա այդ իրավունքն ավելի շուտ կպատկանի ինձ, քան ուրիշ որեւէ մեկի: Եվ դա, ինչպես ես ենթադրում եմ, արտահայտում է էությունն այն տարբերության, որը սխոլաստները դնում են meritum congrui-ի (վաստակ (վարձահատուցում) պայմանագրով – լատ.) եւ meritum condigni–ի (վաստակ արժանապատվության զորությամբ – լատ.) միջեւ: Զի քանի որ ամենակարող Աստված դրախտ է խոստացել բոլոր այն մարդկանց (մարմնական ցանկություններից կուրացած), ովքեր կարող են ընթանալ կյանքի ճանապարհներով` Իր պատվիրաններին համաձայն եւ Իր նախանշած սահմաններում, ապա սխոլաստներն ասում են, որ նա, ով այդպես է ընթանում, դրախտի է արժանի ex congruo (պայմանագրի զորությամբ – լատ.): Բայց քանի որ ոչ մի մարդ չունի արդարության եւ աստվածահաճո այլ որակներ` այն չափով, որպեսզի իրավունքով հավակնի դրախտին, այլ լոկ կարող է հուսալ` այն ստանալու որպես աստվածային ողորմություն, ապա սխոլաստներն ասում են, որ ոչ մի մարդ չի կարող արժանի լինել դրախտին ex condigno (արժանապատվության զորությամբ – լատ.): Այսպիսին է, ինչպես ես եմ հասկանում, այս տարբերության իմաստը: Այնուամենայնիվ, քանի որ վիճաբանող սխոլաստները համաձայնում են իրենց արհեստական տերմինների նշանակության հետ միայն մինչեւ այն պահը, քանի դեռ իրենց դա ձեռնտու է, ես չեմ ցանկանում այդ իմաստի հաշվով ոչինչ հաստատել եւ ասում եմ ընդամենը հետեւյալը` եթե ինչ-որ ընծա տրվում է չորոշարկված` որպես մրցանակ նրան, ով հաղթում է մրցակցության ժամանակ, ապա հաղթողը վաստակել է մրցանակը եւ կարող է հավակնել դրան որպես իրեն հասանելիքի:

ԵՐԲ ՓՈԽԱԴԱՐՁ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԵՆ: Եթե կնքված է համաձայնություն, որի դեպքում կողմերից ոչ մեկն իր պարտավորություններն անհապաղ չի կատարում, այլ մեկը մյուսին վստահում է, ապա բնական վիճակում (որն է` պատերազմական իրավիճակը բոլորը բոլորի դեմ) այդպիսի համաձայնությունը կողմերից մեկի դույզն-ինչ հիմնավորված կասկածի դեպքում, թե հակառակ կողմը չի կատարի իր պարտավորությունները, դառնում է անգործունակ: Իսկ եթե երկու կողմերի վրա կա իրավունք եւ բավականաչափ ուժ ունեցող ընդհանուր իշխանություն, որպեսզի հարկադրի նրանց կատարել համաձայնությունը, ապա այն գործունակ է: Իրականում նա, ով առաջինն է կատարում համաձայնության պայմանները, վստահություն չունի, թե մյուսն իր կողմից դրանք կկատարի հետագայում, քանի որ այնտեղ, ուր հարկադրող իշխանությունից վախ չկա, բանավոր պարտավորությունները բավականին թույլ են, որպեսզի կարողանան զսպել պատվամոլությունը, շահամոլությունը, ցասումը եւ այլ կրքեր. բայց բնական վիճակում անհնար է ենթադրել այնպիսի հարկադրող իշխանություն, ուր բոլոր մարդիկ հավասար են եւ իրենք են որոշում` որքանով են արդարացի իրենց սեփական կասկածները: Ուստի նա, ով առաջինն է կատարում համաձայնության պայմանները, ինքն իրեն պարզապես հանձնում է թշնամուն, ինչը հակասում է սեփական կյանքն ու կենսամիջոցները պաշտպանելու իրավունքին (որից նա երբեք չի կարող հրաժարվել):

Սակայն քաղաքացիական վիճակում, երբ կա նրանց վրա հարկադիր ներգործությամբ ազդելու համար հաստատված իշխանություն, ովքեր առանց այդ ազդեցության կխախտեին իրենց խոսքը, այդպիսի կասկածն անհիմն է, ուստի եւ` նա, ով համաձայնության հիման վրա առաջինն է պարտավոր կատարել իրենից կախված պայմանները, պարտավոր է այդպես էլ անել:

Այդպիսի համաձայնությունը անգործունակ դարձնող վախի պատճառը միշտ պետք է որ համաձայնությունը կնքելուց հետո ծագած ինչ-որ բան լինի` ինչ-որ նոր փաստ կամ այն չկատարելու կամքի այլ դրսեւորում: Հակառակ պարագայում այդ պատճառը չի կարող համաձայնությունը դարձնել անվավեր, զի այն, ինչը չի խանգարում մարդուն խոստանալ, չի կարող ճանաչվել որպես կատարման խոչընդոտ:

ՆՊԱՏԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ: Նա, ով ինչ-որ իրավունք է փոխանցում, փոխանցում է նաեւ այդ իրավունքն օգտագործելու միջոցներն այնքանով, որքանով դա իր իշխանության ներքո է: Օրինակ` նա, ով հողամաս է վաճառում,- հարկ է այսպես հասկանալ,- որ միաժամանակ փոխանցում է եւ՛ խոտը, եւ՛ այն ամենը, ինչ աճում է դրա վրա. ինչպես եւ նա, ով ջրաղաց է վաճառում, չի կարող տեղափոխել այդ ջրաղացն աշխատեցնող գետը: Իսկ նրանք, ովքեր մարդուն օժտում են բարձրագույն իշխանության իրավունքով,- հարկ է այսպես հասկանալ,- որ իրենք միաժամանակ նրան են տալիս զինվորներ պահելու համար հարկեր հավաքելու իրավունքը, ինչպես նաեւ արդարադատություն իրականացնելու համար դատավորներ նշանակելու իրավունք:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է: Կենդանիների հետ համաձայնության կնքումն անհնարին է, զի մեր խոսքը չհասկանալով` նրանք չեն հասկանում եւ չեն ընդունում որեւէ փոխանցվող իրավունք. ճիշտ նույն կերպ` նրանք ունակ չեն իրավունքը մեկ ուրիշին փոխանցել, իսկ առանց փոխադարձ ընդունման` չկա համաձայնություն:

ԱՌԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԲԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ` ԱՍՏԾՈ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ Է: Աստծո հետ համաձայնություն հնարավոր է կնքել միայն նրանց միջոցով, ում հետ Աստված շփվում է գերբնական բացվածության ճանապարհով, կամ Իր ներքո եւ Իր անունով կառավարող Իր տեղապահների միջոցով, զի այլապես չենք իմանա` ընդունու՞մ է Աստված մեր պայմանները, թե՞ ոչ: Ուստի նրանք, ովքեր հանդիսավորապես խոստանում են բնական որեւէ օրենքի հակասող ինչ-որ բան, զուր են խոստանում, զի այդպիսի խոստման կատարումը կլիներ անարդարացի: Եթե խոստացվում է բնական օրենքից թելադրված ինչ-որ բան, ապա պարտավորության ակունքը ոչ թե խոստումն է, այլ օրենքը:

ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ԱՅՆ ԲԱՆԻ ՇՈՒՐՋ, ԻՆՉՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՀՆԱՐԻՆ Է: Միշտ համաձայնության առարկան կամ էությունը խորհելու ինչ-որ օբյեկտ է (զի համաձայնությունը կամքի գործողություն է, այսինքն` խորհելու գործողություն, եւ` վերջին գործողություն), եւ այդու` մշտապես ընկալվում է որպես մի բան, որ ապագայում է լինելու, եւ որը հնարավոր կատարելի է ճանաչվում նրա կողմից, ով կնքում է համաձայնությունը:

Ուստի ակնհայտորեն անհնարինի խոստումը համաձայնություն չէ: Սակայն, եթե միայն արդյունքում է հայտնաբերվել անհնարինությունն այն բանի, որ նախկինում հնարավոր է համարվել, համաձայնությունը գործող է եւ պարտավորեցնում է, թեեւ ոչ անմիջական պարտավորության կատարման, բայց գոնե դրա դրամական համարժեքի փոխհատուցման կամ, եթե դա անհնար է, ապա ձգտելու բարեխիղճ կատարման այնքանով, որքանով հնարավոր է, զի ավելիին անհնար է մարդուն պարտավորեցնել:

ԻՆՉ ԿԵՐՊ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՕԳՈՒՏ ԴԱՌՆՈՒՄ: Համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից մարդիկ կարող են ձերբազատվել երկու ճանապարհով` կատարմամբ եւ ներմամբ: Կատարումը պարտավորության բնական ավարտն է, իսկ ներումն ազատության վերահաստատումն է, այն իրավունքի փոխանցումը, ուր կայացել էր պարտավորությունը:

ՎԱԽԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ԿՈՐԶՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՎԵՐ ԵՆ: Վախի ազդեցությամբ կնքված համաձայնությունները բնական վիճակում պարտադիր են: Օրինակ, եթե ես թշնամու հետ համաձայնություն եմ կնքում փրկագնի վճարման կամ նրան ծառայելու մասին` սեփական կյանքի դիմաց, ապա ես կապված եմ այդպիսի համաձայնությամբ: Զի այդօրինակ համաձայնություն է պայմանագիրը, որով մեկը կյանքն է շահում, մյուսը` պետք է փոխարենը դրամ կամ ծառայություն ստանա, եւ, հետեւաբար այնտեղ, ուր չկա նման պարտավորության կատարումն արգելող ուրիշ օրենք (ինչպես դա լինում է բնական վիճակում), այդպիսի համաձայնությունն իրավազոր է: Ըստ այդմ` ռազմագերիները, ում խոսքին հավատացել են, թե փրկագին կվճարեն, պարտավոր են այն վճարելու: Ու եթե վախի ազդեցությամբ առավել թույլ ինքնակալն առավել հզորի հետ խաղաղության ոչ ձեռնտու դաշն է կնքել, ապա պարտավոր է կատարել խաղաղ պայմանները, եթե իհարկե չի ծագել (ինչպես վերն ասվեց) նոր եւ հիմնավոր առիթ զգուշանալու, թե պատերազմը վերսկսվելու է: Եվ եթե ես նույնիսկ պետության մեջ եմ ստիպված (բռնության ենթակվելով) որպես կյանքիս փրկագին ինչ-որ մի ավազակի դրամ խոստանալ, ապա ես պարտավոր եմ վճարել, եթե քաղաքացիական օրենքն ինձ չի ազատում այդ պարտավորությունից: Զի այն ամենը, ինչ ես օրինական հիմքով կարող եմ անել առանց պարտավորությունների, ես կարող եմ օրինական կերպով` համաձայնության ճանապարհով անել նաեւ վախի ազդեցության ներքո: Իսկ օրինական հիմքով կնքված համաձայնությունը չի կարող օրինական կերպով խախտվել:

ՄԵԿԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՎԱՂ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՄՅՈՒՍԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՈՒՇ ԿՆՔՎԱԾԸ: Ավելի վաղուցվա համաձայնությունն անվավեր է դարձնում ավելի ուշ կնքվածը: Զի մարդը, որն այսօր իր իրավունքները փոխանցել է մեկին, չի կարող վաղն այն փոխանցել մեկ ուրիշի, ուստի ավելի ուշ տրված խոստումը չի փոխանցում ոչ մի իրավունք, այլ դատարկ հնչյուն է:

ՄԱՐԴՈՒՆ ՉՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ Է: Համաձայնությունը, որն ինձ պարտավորեցնում է բռնությանը չդիմադրել, միշտ է անվավեր: Զի (ինչպես ես դա արդեն իսկ ցույց եմ տվել) ոչ ոք չի կարող ինքդ քեզ մահից փրկելու իրավունքը փոխանցելու ստիպել խեղելով ու արգելափակելով (որոնցից խուսփումը որեւէ իրավունքից հրաժարման միակ նպատակն է), եւ ուստի բռնությանը չդիմադրելու խոստումը չի կարող իրավունքը փոխանցելու ուժ ստանալ` ինչպիսի համաձայնություն ու պարատավորություն էլ որ լինի: Ու թեեւ մարդը կարող է կնքել այսպիսի համաձայնություն` «Եթե ես այս կամ այն բանը չանեմ, ապա սպանիր ինձ», սակայն չի կարող կնքել մի այնպիսի համաձայնություն, որն ասի` «Եթե ես այս կամ այն բանը չանեմ, ապա, երբ դու գաս ինձ սպանելու, ես չեմ դիմադրի քեզ»: Քանզի մարդը հաճույքով ընտրում է չարյաց փոքրագույնը, որն այստեղ դիմադրության դեպքում մավան սպառնալիքն է, քան չարյաց մեծագույնը, որն է` հաստատ ու անխուսափելի մահը` դիմադրությունից հրաժարվելու դեպքում: Այս ըմբռնման ճշմարտացիությունը հաստատում են բոլոր նրանք, ովքեր հանցագործներին բանտ կամ մահապատժի են ուղարկում պահնորդների հսկողությամբ, թեեւ հանցագործները համաձայն են այն օրենքին, որով դատապարտվել են:

ՈՉ ՈՔ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԵԼ ՈՐԵՎԷ ՄԵՂՔ: Համաձայնությունը, որը պարտավորեցնում է իր վրա մեղք վերցնել, առանց ներում գտնելու վստահությունն ունենալու, զուրկ է պարտադիր լինելու ուժից: Զի բնական վիճակում, երբ յուրաքանչյուր մարդ դատավոր է, մեղադրանքի համար տեղ չկա, իսկ քաղաքացիականության վիճակում, երբ մեղադրանքին հետեւում է բռնություն հանդիսացող պատիժը, պարտավոր չէ չպաշտպանվել:

Նույնն է նաեւ մերձավորների մեղադրման պարագայում, որոնց դատապարտումը դժբախտություն է մարդու համար, ինչպես, օրինակ, հորը, կնոջը եւ բարերարին մեղադրելը: Զի այն դեպքում, երբ մարդու ցուցմունքները հոժարակամ չեն տրվում, բնականաբար, համարվում են զգացմունքային, ուստի եւ` չեն կարող ուշադրության առնվել. իսկ այնտեղ, ուր իր ցուցմունքները հավատ չեն ներշնչում, մարդը պարտավոր չէ տալու: Ճիշտ նույն կերպ` պետք է վճռորոշ չհամարվեն այն ցուցմունքները, որոնք խոշտանգումների արդյունքում են տրվել, զի խոշտանգումը պետք է որ կիրառված լինի որպես բացահայտման, քննության հետագա ընթացքի լուսաբանման ու ճշմարտության բացահայտման միջոց, բայց քանի որ նա, ում խոշտանգում են, այդ դեպքում խոստովանությունն անում է իր տանջանքները թեթեւացնելու համար, այլ ոչ թե նրանց տեղեկություններ տալու համար, ովքեր իրեն խոշտանգում են, հետեւաբար այդ ցուցմունքները վստահություն չեն ներշնչում` չդառնալով վկայի արժանահավատ ցուցմունքներ. մարդը ճիշտ կամ կեղծ ցուցմունքներով իրեն ապահովագրում է խոշտանգումներից` դա անելով սեփական կյանքը պաշտպանելու իրավունքով:

ԵՐԴՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ: Քանի որ բառերը, ինչպես ես արդեն իսկ նշել եմ, բավականին անզոր են, որ ստիպեն մարդկանց կատարելու իրենց համաձայնությունները, ուստի նրանց վրա հարկադիր ուժի տարածման համար` մարդկային բնույթը լոկ երկու միջոց ունի: Այդ միջոցներն են` կա՛մ սեփական խոսքը դրժելու հետեւանքներից վախը, կա՛մ փառքի տենչն ու հպարտության զգացումը, որոնք մարդուն հրահրում են ցույց տալ, թե ինքը սեփական խոսքը չդրժելու ունակ է: Այս վերջինը շատ հազվադեպ հանդիպող ազնվաբարոյություն է, որպեսզի հնարավոր լինի հենվել դրա վրա. հատկապես նրանց մոտ, ովքեր հարստության, իշխանության կամ զգայական հաճույքների նպատակ են հետապնդում, իսկ մարդկության մեծամասնությունը հենց այդ մասին է պատկանում: Այն կիրքը, որի վրա կարելի է հենվել, վախն է. ընդ որում` այդ վախը երկու քիչ թե շատ ընդհանուր օբյեկտ ունի: Առաջին օբյեկտն անտեսանելի ոգիներն են, երկրորդը` այն մարդկանց ուժն է, ում վնաս կպատճառի խոստման դրժումը: Ու թեեւ առաջինների ուժն ավելին է, քան երկրորդներինը, այնուհանդերձ վերջինների ուժի հանդեպ վախը սովորաբար ավելի զորավոր է, քան առաջինների: Առաջինների հանդեպ վախն ամեն մարդու մեջ սեփական կրոնն է, որը մարդու բնության մեջ տեղ ուներ քաղաքացիական հասարակության ծագումից առաջ: Մյուս վախը մարդուն ներհատուկ չէր մինչեւ քաղաքացիական հասարակության ծնունդը, կամ առնվազն ոչ այն աստիճանի էր հատուկ, որ մարդուն ստիպեր իր խոստումը կատարել, զի բնական վիճակում ուժերի անհավասարությունը որոշվում էր միայն մարտի արդյունքում: Այսու` մինչ քաղաքացիական հասարակության ծագումը կամ երբ քաղաքացիական հասարակության գոյությունն ընդհատվել է պատերազմով, ոչինչ չի կարող ամրապնդել խաղաղության պայմանագրի ուժը շահամոլության, փառամոլության, հեշտասիրության եւ այլ զորեղ կրքերի գայթակղության հանդիման, բացի այն անտեսանելի ուժի հանդեպ վախից, որին ամեն մարդ Աստված է համարում ու վախենում նրանից` որպես հավատուրացության վրիժառուից: Ուստի այն ամենը, ինչ կարող են անել քաղաքացիական հասարակության չպատկանող երկու անհատ, դա այն է, որ ստիպեն միմյանց` երդվել այն Աստծո անունով, որից երկուսն էլ վախենում են:

ԵՐԴՄԱՆ ՁԵՎԸ: Երդումը խոսքի ձեւ է, որը հավելվում է խոստմանը եւ որը խոստացողի համար, այն չկատարելու կամ դրանից հրաժարվելու դեպքում, նշանակում է, որ նա հրաժարվում է իր Աստծո բարեհաճությունից կամ իր վրա է կոչում Նրա վրեժխնդրությունը: Այսպիսին էր հեթանոսական ձեւը. «Հակառակ դեպքում թող սպանի ինձ Յուպիտերը, ինչպես ես եմ սպանում այս կենդանուն»: Այսպիսին է մեր ձեւը. «Ես կանեմ այսինչն ու այսինչը, եւ թող Աստված օգնի ինձ»: Բացի այս, պայմանավորվողներից յուրաքանչյուրն իր երդումն ուղեկցում է իր կրոնում գործառվող ծեսերով ու արարողություններով, որպեսզի հավատուրացության հանդեպ վախն առավել ուժգին դարձնի:

ԵՐԴՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆՈՎ ԼԻՆԵԼ: Այստեղից պարզ է, որ ձեւով կամ ծեսով ամրապնդված խոստումը տարբերվում է նրանցից, որոնք սովորաբար կիրառվում են երդումների ժամանակ եւ դատարկ հնչյուն են ու չեն կարող երդում համարվել. ինչպես նաեւ` չի կարելի երդվել այնպիսի առարկայի անունով, որին երդվողն Աստված չի համարում: Ու թեեւ մարդիկ երբեմն սովորություն ունեին վախից կամ քծնանքից երդվել իրենց արքաների անունով, սակայն դա նշանակում էր, որ ուզում էին ցույց տալ, թե նրանց աստվածային պատիվներ են մատուցում: Պարզ է նաեւ, որ Աստծո անունով անհարկի երդվելը` Նրա անվան սոսկ սրբապղծում է նշանակում, իսկ ինչ-որ այլ բանով երդվելը, ինչպես մարդիկ վարվում են առօրյա խոսակցություններում, երդում չէ, այլ սոսկ անազնիվ սովորություն` պայմանավորված խոսակցության չափազանց մեծ զգացմունքայնությամբ:

ԵՐԴՈՒՄԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԱՎԵԼՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ: Պարզ է նաեւ, որ երդումը ոչինչ չի ավելացնում պարտավորությանը: Զի օրինական համաձայնությունն առանց երդման էլ պարտավորեցնում է Աստծո առջեւ. ապօրինի համաձայնությունը ոչնչի չի պարտավորեցնում, նույնիսկ եթե ամրագրված է երդմամբ:

Թոմաս Հոբս, Երկեր երկու հատորով,

հատոր 2-րդ, Մոսկվա, 1991, էջ 98-109:

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՎԱՍՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԼՈՒԽ XXI

ՎԱՍՆ ՀՊԱՏԱԿՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

ԻՆՉ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Ազատություն նշանակում է դիմադրության բացակայություն (դիմադրություն ասելով` ի նկատի ունեմ շարժման համար արտաքին խոչընդոտը), եւ բանականազուրկ արարծների ու անշունչ առարկաների համար այդ հասկացությունը կարելի է կիրառել ոչ ավելի նվազ չափով, քան բանական գոյերի: Զի եթե ինչ-որ բան այնպես է կապված կամ շուրջկալված, որ կարող է շարժվել սոսկ որոշակի` որեւէ մարմնի կողմից դիմադրությունը սահմանափակող տարածության ներսում, ապա մենք ասում ենք, որ այդ ինչ-որն առաջ շարժվելու ազատություն չունի: Նույն կերպ` կենդանի գոյերի մասին. քանի դեռ նրանք փակված են պատերի ներսում կամ կապված շղթաներով, ինչպես նաեւ ջրի մասին, որը զսպված է ափերի կամ կաթսայի ներսում, այլապես այն կսփռվեր մեծ տարածությամբ մեկ, մենք սովորաբար ասում ենք, որ նրանք ազատություն չունեն այնպես շարժվելու, ինչպես կշարժվեին առանց այդ արտաքին խոչընդոտների: Բայց եթե շարժման խոչընդոտն առկա է երեւույթի բուն դրվածքի ներսում, զորօրինակ` երբ քարը գտնվում է հանգստի վիճակում կամ մարդը հիվանդությամբ գամված է մահճին, այնժամ սովորաբար ասում ենք, որ այդ երեւույթը զրկված է ոչ թե ազատությունից, այլ շարժվելու ունակությունից:

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԶԱՏ ՄԱՐԴ ԼԻՆԵԼ: Համաձայն այդ բառիմաստի` անհատական եւ համընդհանուր ընկալման` ազատ մարդը նա է, ում ոչինչ չի խոչընդոտում ցանկացածն անելու այնքանով, որքանով իր ֆիզիկական ու մտավոր կարողություններն են հնարավորություն ընձեռում: Բայց երբ ազատություն բառը կիրառվում է իրերի հանդեպ, որոնք նյութեղեն չեն, ապա դա բառի շահարկում է. զի այն, ինչը շարժան կարողունակությամբ օժտված չէ, չի կարող խոչընդոտի հանդիպել: Ուստի. երբ ասում են, որ ճամփան ազատ է, ի նկատի ունեն ոչ թե ճանապարհի ազատությունը, այլ այն մարդկանց, ովքեր անխոչընդոտ երթեւեկում են այդ ճանապարհով: Իսկ երբ ասում ենք ազատ ընծա, հասկանում ենք ոչ թե այդ ընծայի ազատությունը, այլ ընծայաբերողի ազատությունը` չպարտադրված որեւէ օրենքով կամ պայմանագրով` հանդեպ այդ նվիրատվությունը: Ճիշտ նույն կերպ` երբ մենք ազատ խոսում ենք, ապա դա ոչ թե ձայնի կամ արտաբերման ազատությունն է, այլ մարդու, ում որեւէ օրենք չի պարտադրում խոսել այլ կերպ, քան ինքը խոսում է: Վերջապես` կամքի ազատություն բառակապակցության կիրառումից կարելի է եզրակացնել ոչ թե կամքի, ցանկության կամ հակվածության ազատության մասին, այլ սոսկ մարդու ազատության, ինչը կայանում է իր կամքի, ցանկության ու հակվածության ուղղորդմամբ` գործողության անխոչընդոտ իրականացման մեջ:

ՎԱԽՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ: Վախն ու ազատությունը համատեղելի են: Օրինակ` եթե մարդը նավի խորտակվելու վախից իր իրերը ծովն է նետում, ապա նա, այնուամենայնիվ, դա անում է միանգամայն ինքնակամ եւ կարող է ձեռնպահ մնալ դրանից, եթե ցանկանա: Հետեւաբար, դա ազատ մարդու գործողություն է: Ճիշտ նույն կերպ` եթե մարդը վճարում է իր պարտքերը, ինչպես երբեմն դա լինում է բանտ ընկնելու վախից միայն, ապա դա եւս ազատ մարդու գործողություն է, քանի որ նրան ոչինչ չի խոչընդոտում պարտքը վճարելուց հրաժարվել: Որպես կանոն` պետություններում օրենքի հանդեպ վախից` մարդկանց կատարած բոլոր գործողությունները հանդիսանում են այնպիսի գործողություններ, որնցից` կատարողները ձեռնպահ մնալու ազատություն ունեն:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ: Ազատությունն ու անհրաժեշտությունը համատեղելի են: ետի ջուրն, օրինակ, իր հունով հոսելու ոչ միայն ազատություն, այլեւ անհրաժեշտություն ունի: Նույն կերպ` համատեղելիություն ունենք նաեւ մարդկանց` ինքնակամ կատարվող գործողություններում: Իրականում, քանի որ ինքնակամ գործողությունները բխում են մարդկանց կամքից, ուրեմն դրանք բխում են ազատությունից, բայց քանի որ մարդկային կամքի յուրաքանչյուր դրսեւորում, յուրաքանչյուր ցանկություն ու հակվածություն բխում են որեւէ պատճառից, իսկ այդ պատճառը` մեկ այլ անընդմեջ շղթայից (առաջին օղակը, որը գտնվում է Աստծո ձեռքին, առաջինն է բոլոր տեսակի պատճառներից), ուրեմն դրանք բխում են անհրաժեշտությունից: Եվ այսու` ցանկացածի համար, ով ի զորու է տեսնել այդ պատճառների կապը, կարող է ակնհայտ լինել մարդկային ինքնակամ բոլոր գործողությունների անհրաժեշտությունը: Եվ այդ պատճառով` Աստված, որ տեսնում է ամենն ու տնօրինում ամենին, տեսնում է նաեւ, որ երբ մարդն անում է այն, ինչ ինքն է ուզում, նրա ազատությունն ուղեկցվում է ոչ ավել եւ ոչ պակաս այն անելու անհրաժեշտությամբ, ինչ Աստված է կամենում: Զի թեեւ մարդիկ կարող են անել ավելին, որ Աստված չի պատվիրել անելու եւ որի համար Նա` պատվիրատու չլինելու պատճառով պատասխանատու չէ, միայն թե մարդիկ չեն կարող ինչ-որ բանի հանդեպ ունենալ ո՛չ կրքեր, ո՛չ համակրություններ, որոնց պատճառն Աստծո կամքը չլիներ: Եվ Աստծո կամքը չի ապահովել մարդկային կամքի անհրաժեշտությունն ու, հետեւեաբար, այն ամենը, ինչ կախված է այդ կամքից. զի մարդկային ազատությունը կհակասեր ու կխոչընդոտեր Աստծո ամենակարողությանն ու ազատությանը: Մեր նպատակի համար` սրանով բավականին բան է ասվում այն բնական ազատության մասին, որը եւ միայն հասկացվում է որպես ազատություն` բուն իմաստով:

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐ ԿԱՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ինչպես մարդիկ իրենց ինքնապահպանման բնազդով պայմանավորված` խաղաղության հասնելու համար` արհեստական մարդու հանգույն ստեղծեցին պետություն կոչվածը, ճիշտ նույն կերպ էլ նրանք կռեցին արհեստական շղթաներ, որ կոչվում են քաղաքացիական օրենքներ. եւ փոխադարձ համաձայնությամբ նրանք այդ շղթաները մի ծայրով ամրացրին այն մարդու կամ հանրույթի շուրթերին, ում տվեցին բարձրագույն իշխանություն, իսկ մյուս ծայրով` սեփական ականջներին: Միայն թե, իրենց բնույթով թույլ այդ կապանքները կարող են ագուցված լինել այնպես, որ պահվեն ոչ թե վտանգի շնորհիվ, այլ` քակվելու դժվարության:

ՀՊԱՏԱԿՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾԻ ԱԶԱՏ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ Է: Այժմ ես միայն այդ կապանքների առնչությամբ եմ խոսելու հպատակների ազատության մասին: Իրոք, քանի որ մենք տեսնում ենք, թե աշխարհում չկա այնպիսի մի պետություն, ուր մարդկանց բոլոր արարքներն ու արտահայտությունները կարգավորելու համար հաստատված լինեին բավականաչափ իրավունքներ (զի դա անհնարին է), ուստի սրանից անհրաժեշտաբար հետեւում է, որ ամեն կարգի գործողություններից, որոնց մասին կանոնակարգումները լռում են, մարդիկ ազատ են անելու այն, ինչ սեփական բանականությունն է հուշում` որպես իրենց համար համեմատաբար շահավետ: Զի եթե ազատության բուն իմաստը մենք հասկանանք որպես ֆիզիկական ազատություն, այսինքն` ազատություն շղթաներից ու բանտերից, ապա անհեթեթ կլիներ, որ մարդիկ, ինչպես հաճախ է պատահում, պահանջեին այն ազատությունը, որից առանց այդ էլ օգտվում են: Մյուս կողմից` եթե ազատություն ասելով հասկանանք ազատություն օրենքներից, ապա դա պակաս անհեթեթ չէ, զի մարդիկ իրենց համար այդժամ կպահանջեին, ինչպես եւ հաճախ են անում, այնպիսի ազատություն, որի պայմաններում բոլոր մնացյալ մարդիկ կարող էին դառնալ իրենց կյանքի տերերը: Միայն թե, որքան էլ դա անհեթեթ լինի, նրանք հենց դա էլ պահանջում են` առանց գիտենալու, որ օրենքներն անուժ են պաշտպանելու իրենց, եթե իրենց օգնության չգան սուրը ձեռքին մի կամ բազում մարդիկ` ստիպելով կատարել օրենքները: Այդ պատճառով էլ հպատակների ազատությունը կայանում է միայն այն բաներում, որոնք նրանց գործողությունները կանոնակարգելիս ինքնիշխանը (սուվերենը) լռությամբ շրջանցել է, ինչպես, օրինակ, գնել եւ վաճառել, միմյանց հետ այլազան պայմանավորվածություններ կնքել, բնակավայր, սնունդ, կենսակերպ ընտրել, սեփական հայեցողությամբ զավակներ դաստիարակել եւ այլն:

………

Share this content: