(Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի առթիվ)
Մեր դասականը` Հրանտ Մաթեւոսյանը, մի առիթով ցավով նշում էր, թե այդ ինչպե՞ս եղավ, որ չկարողացանք հերոսներ տեսնել ներկայում ու սկսեցինք անընդհատ ետ նայել, անցյալում փնտրել ու այնտեղից ոգեկոչել նրանց: Ավետարանում նման մի բան էլ Հիսուսն է ասում. «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում»:
Հարցն այն չէ, որ ցանկացած ժողովուրդ կարիք ունի հերոսի: Հերոսը մի տեսակ պարպիչ է, որ իրենով սպառում է այն, ինչ մահկանացուն կերազեր, սակայն երկնչում է անել: Հերոսը մահկանացուի ինքնարդարացումն է, ինքնամխիթարանքը, գոյության իմաստավորումը: Բայց ի՞նչ խեղում պետք է եղած լինի, որ հայն այսօր չի կարողանում սահմանել իր հերոսի պատկերացումը ներկայում եւ նրան փնտրում է անգո անցյալում: Ու երբ ներկայի մեջ չի կարողանում իր անցյալ հերոսների բանակները զորաշարժի ենթարկել, վրդովվում է, փրփրում, դառնանում ու խռովում` աշխարհից ու ինքն իրենից: Արդեն հազար տարի այդպես խեղված ու խռոված էլ թողնում էինք մեր Տունը կրակի մեջ ու կա՛մ փակվում Ագռավաքարում, կա՛մ սիբիրներում դառնում Գայ, ֆրանսիաներում` Մյուրատ, ու այսպես շարունակ: Իսկ այստեղ Գեւորգ Չաուշն ու Անդրանիկն արյունաքամ էին լինում տեսակի քչությունից:
Բայց 1988-ը ոտքի հանեց Գային ու Մյուրատին, Գեւորգին ու Անդրանիկին հենց մեր երկրում: Ու մենք, որ արդեն հազար տարի սովոր չէինք այդ տեսակի այդպիսի կրիտիկական զանգվածի, մինչեւ այսօր էլ զարմանում ու չենք հավատում, թե Շուշի մայրաքաղաք ենք ազատել, թե ավելի քան հազար տարի հայ զինվորի ոտք չտեսած Հորադիսում այսօր կարող ենք պահպանել Երեւանն ու Գյումրին, Մարտակերտն ու Իջեւանը: Եվ հենց այդ անհավատությունից էլ խեղդվում ենք: Բայց չէ՞ որ այդ հավատը մի պահ կար. կար, երբ Վազգեն Սարգսյանի խնդրած մահապարտների թվի բազմապատիկն էր հավաքվում:
Ու այդ պահի մասին դեռ հետո երգելու են` «Բախտավոր օրեր` պարծանք հայ ազգի»: Այդ պահն էր, որ երիտասարդ հայ գրողին դարձրեց հերոս, ինչպես որ մի հյուսն դարձավ Անդրանիկ, մի շինական` Սեբաստացի Մուրադ — կասեր Նժդեհը: Ու մենք, որ վարժված էինք համակերպվելու, երբ մեր ազգականը զոհվում էր Կերչում կամ Ստալինգրադում, մեռնում թոքախտից կամ Տեր-Զորում, եւ միայն դանակը ոսկորին հասնելիս` Սարդարապատում, ապշել էինք, որ փոխվում էր մեր ազգային պատմության տրամաբանությունը, որ պիտի կռվեինք ոչ թե Երեւանի մատույցներում, ոչ թե պիտի խայտառակ կերպով ճողոպրեինք Բերդաքաղաքից ու վերջում էլ Ալեքսանդրապոլում պայմանագիր կնքեինք, այլ ճիշտ ժամանակին մահապարտներ ունենայինք, Վազգեն Սարգսյանի համառությամբ բանակ հավաքեինք մեր` ինքն իրենից ապշահար հանրույթի միջից:
Ու հերոսների պակաս չէ, որ ունենք այսօր. այդ հերոսներին մեր մեջ տեսնելու պակասն ունենք: Վազգեն Սարգսյանի պակաս չէ, որ ունենք այսօր, այլ վազգենսարգսյանության, որ կարող է միեւնույն ժամանակ լինել նուրբ քնարերգակ-արձակագիրն ու անմնացորդ զինվորագրյալը պատվի, արժանապատվության, ազնվության, եղբայրասիրության
Եվ այստեղ չկա հիշատակումն անգամ հայրենիք բառի. հայրենիք ունենում են միայն այդ ու հարակից արժեքներն ունեցող Մարդիկ. միայն Մարդն է արժանի հայրենիքի: Եվ եթե չկա հայրենիքը, այսինքն այն հեծում է օտարի լծի տակ, ապա դա ոչ թե բախտի ու ճակատագրի, թշնամու նենգության ու աշխարհագրական անբարենպաստ դիրքի պատճառով է, այլ պարզ-մարդկային այդ որակների դեֆիցիտի: Հեռվից կամ մոտիկից, ամբիոններից ու սեղանատներից «հայրենիք, հայրենիք» ասելով չէ, որ հայրենիք է կերտվում, այլ գոնե մի քիչ վազգենսարգսյանություն ունենալով, այսինքն` Մարդ լինելով: Միայն այդ ժամանակ է, որ հայրենիքը դադարում է մետրերով չափվող արոտավայր լինելուց ու դառնում է հոգու անեզրության հանգրվան: Իսկ հոգի միայն Մարդն ունի:
Վերջին հաշվով, եթե անկեղծ լինենք, մենք հերոսներին նույնիսկ անցյալում փնտրելիս` պարզապես նրանց թիկունքում թաքնվելու, պատասխանատվության մեր բաժին բեռը նրանց ուսերին գցելու նպատակ ունենք: Իսկ որ ամենասոսկալին է` նրանց` մեզանից հնարավորինս հեռու տեսնելու մղումն է մեզ առաջնորդում. քանի որ անցյալի հերոսները չեն կարող իրենց տիրականությամբ ցցուն դարձնել մեր այսօրվա առօրյականությունը, մանր ու կենցաղային հարցերից վեր կանգնելու անկարությունը: Ու ազատ շունչ ենք քաշում, որ այսօր մեզ հետ չեն Մլեհն ու Սերոբը, Անդրանիկն ու Վազգեն Սարգսյանը: Մենք արագ շտապում ենք նրանց պատմության մաս հռչակել, եզակի, անկրկնելի, բացառիկ անհատներ կոչել, որ կարողանանք արդարացնել պատասխանատվությունից մեր խուսափողականությունն ու նյութին հակվածությունը: Հենց դրանով էլ սպանում ենք իրական Անդրանիկին ու իրական Վազգեն Սարգսյանին, որ ավելին էին, քան հողեղենությունը, որ արժանի էին հավերժական ներկայության ու ոչ երբեք պատմական անկենդան կուռք դառնալու:
Ու թե այսօր մի փոքրիկ մանչուկ, մի անտեսված շինական ու պարկեշտ ուսուցիչ կկարողանան նույն Մարդկային զուլալությամբ, առանց տոնական հայրենազեղության երգել «Արազի ափին», կկարողանան դիմանալ հացի ու ոգու փորձություններին, ինչպես Վազգեն Սարգսյանն էր երգում ու դիմանում, ուրեմն վերագտած կլինենք մեր Վազգեն Սարգսյանին հենց ողջերի՛ մեջ, ուրեմն ոչ թե ժամանակի մի կտրվածքում կարժեւորվի նա, այլ կդառնա հավերժական ներկա, որի կարիքն այնքա¯ն ունի Ազատության, Արդարության, Ազնվության, Արժանապատվության, Սիրո պակասից դեպի կռապաշտություն գլորվող մեր Մարդ տեսակը:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Share this content: