Այո՛, ոճիրը և՛ դատապարտել, և՛ կանխել է պետք

Հիշու՞մ եք, թե ինչ ակնածանքով ու տագնապով էինք հետեւում իռլանդացի այն երիտասարդներին, ովքեր տարիներ առաջ իրենց հայրենի եզերքի ազատության համար հացադուլի էին նստել ու իրար ետեւից սկսեցին մարել: Այսօր այդպիսի քաղաքացիներ ունեցող փոքրիկ Իռլանդիան որոշ ոլորտներում համաշխարհային առաջատար է, ու դրան էլ նույն ակնածանքով ենք հետեւում, նաեւ` մի տեսակ նախանձով:

Մեր զսպանակված իղձերի պոռթկման սկզբին էլ, երբ Զորի Գայկովիչի ու տիկին Սիլվա Կապուտիկյանի` ի պաշտոնե հանդիպումը Միխայիլ Սերգեեւիչի հետ` Թատերական հրապարակից տուն քշեց պայքարից դեռեւս բան չհասկացող մեր ժողովրդին, հաջորդեց խորհրդային մարող կայսրության մայրաքաղաքում տոնական-հայրենասիրական մի հացադուլ, որն անմիջապես էլ դադարեց, երբ կաթողիկոսը սրտաճմլիկ խոսքերով դիմեց հացադուլավորներին: Եվ նրանք այնպես հերոսապանծ հեռացան կոմունիստական մայրաքաղաքից, ինչպես տասնամյակներ առաջ օսմանյան մայրաքաղաքն էին թողել Բանկ-Օտոմանի հերոսապանծ արծիվները: Հերոսապանծության արդյունքները նույնն էին` սովորական մարդկանց արյուն ու ողբերգություններ:

Հետո պայթած պատերազմի հեղինակների հայկական կողմի ներկայացուցիչներից առնվազն Զորի Բալայանին տեսնում էինք միայն հայկական ազատագրումների ժամանակ (ասենք, Շուշիի), բավականին կինեմատոգրաֆիկ տեսքով: Չենք էլ ուզում իմանալ, թե 1988-ից մինչեւ 1994թ. ձգված ռազմական բախումների ժամանակ նրա ընտանիքի անդամներից գոնե մեկը եղե՞լ է զորակոչային տարիքի եւ որտեղ է եղել: Պարզապես ցավալի է, որ մարդիկ իրենց վառած կրակի մեջ նետելիք սեփական ցախ չունեն. նմանների ձեռքից լուցկին ուղղակի վերցնել է պետք, այլապես հազարներով կվառեն, ինչպես կյանքը ցույց տվեց, ազգի ամենակապտարյուն այն զավակներին, ովքեր օտար սառցադաշտեր ակոսելու փոխարեն ընդամենը չարքաշորեն ապրել էին իրենց հայրենիքում, խոսել ու գրել իրենց մայրենի լեզվով:

Հետո տեսնում ենք, որ նույն մարդիկ ամենից բարձր են բղավում ոչ միայն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը լինելու, այլեւ հայկական մշակույթի ադրբեջանական ոչնչացումների մասին: Իսկ նույն Քրիստոսի Ավետարանում ասվում է սեփական աչքի գերանը տեսնելու մասին, որից հետո միայն հնարավոր է վաստակել եղբոր աչքի շյուղի մասին խոսելու բարոյական իրավունքը: Երբ Աստծո ու մարդկանց առջեւ ձայներ կեղծելով Հայաստանի իշխանությունը վերցրած կոալիցիան` բալայանների առաջնորդությամբ արդեն Հանրապետության հրապարակում է ընդվզում մեր նախնիների ստեղծած խաչքարերի ադրբեջանական ոչնչացումների դեմ, ակամայից նայում ես այդ նույն մարդկանց հայացքի ուղղությամբ ու տեսնում, որ հենց իրենք հենց նույն պահին արել են նույնը, ինչի դեմ բողոքում են: Թամանյանական հրապարակի սրբատաշ քարերը հիմնավորապես պղծված են իրենց գավառական կարպետ հիշեցնող պլակատներով, ուր պահանջվում է ոճիրը կանխել ու դատապարտել: Հիմա, հայտնի խաղի նման առաջարկում եմ գտնել գոնե մեկ տարբերություն, որ կա ադրբեջանցիների` Ջուղայում իրականացրած ոճիրի ու հայերի` մեր մայրաքաղաքում իրականացրածի միջեւ: Ասենք թե, ադրբեջանցիները մերոնց նման պլակատներ սոսնձեին Ջուղայի խաչքարերի վրա, ապա մաքրասիրությունից դրդված` քերեին, մաքրեին ու նորից սոսնձեին. եւ այսպես ընդամենը մի քանի անգամ: Արդյունքը նույնը կլիներ, ինչ կլինի մեր հրապարակում, եթե քաղաքապետի մաքրասիրությունը բռնի, որից հետո էլ մի քանի անգամ եւս բռնի զորիգայկովիչների դատապարտելու միտինգային ու պաստառային բուռն մղումը: Այստեղ արդեն կոտրված ժպիտ կարող է առաջացնել ռուսագիր հրապարակախոսի «թուրքը մնում է թուրք» անհեթեթ ձեւակերպումը:

Եվ հետո. ինչու՞, ասենք, Տաթեւի խաչքարերը չեն ոչնչացվում: Պատճառներից մեկը շատ պարզ է` որովհետեւ տաթեւցիներն ապրում են իրենց փոքրիկ հայրենիքում ու իրենց ծնողների խաչքարերը չեն թողել օտարի ողորմածությանը` տեղափոխվելով Երեւանում տրոլեյբուսի վարորդ աշխատելու, իսկ չստացվելու դեպքում` ռուսահաճ հրապարակախոս, քաղաքապետ, գրականագետ… դառնալու: Իսկ եթե սրան կառարկեք, թե արեւմտյան չափանիշերով, միեւնուն է, դա ոճիր է, ապա բարի եղեք` ինքներդ էլ նույն արեւմտյան չափանիշերին համապատասխան` կատարված ոճրագործությունը չկապել որեւէ ազգի պատկանելու հետ ու չասել` «թուրքը մնում է թուրք», այլ բացառապես տվյալ երկրի ասիական, բռնապետական իշխանության հետ, որ մերինի հետ հաղորդակից անոթ է հիշեցնում: Իսկ եթե, ճիշտ 1988-ի սկզբի պես (քանի դեռ կոմունիստական նոմենկլատուրային թույլատրելի հայրենասերներին չէին փոխարինել «Ղարաբաղ» կոմիտեի անդամները) սրանց նորից իրականում ազգամիջյան հերթական թշնամանք ու պատերազմական գործողություններ են պետք, ապա առաջին հերթին պետք է ասեն, թե իրենք անձնապես ի՛նչ են զոհելու: Թե՞ հավաքվել էին հերթական կեղծիքի ու մատաղացուներ հավաքագրելու:

Շատ ուզեցի լսել, որ Հանրապետության հրապարակում տոնական հայրենասիրության դիակապտություն բեմադրողներից մեկնումեկը ներողություն կխնդրի, որ ժամանակին եղել է կոմունիստական կուսակցության անդամ, որի իշխանության օրոք հենց Հայաստանում հայկական եկեղեցիները քանդվել են, շատերը դարձել ախոռներ ու այդպիսին էլ շարունակում են մնալ առ այսօր` իրենց ազգային իշխանության օրոք, ինչպես Ադրբեջանում է: Եվ դեռ ուզում են` հավատանք, որ իրենց սիրտը ցավու՞մ է Ջուղայում կատարվածի համար: Սա արդեն կրկնակի ոճիր է:

Բայց միայն այսքանը չէ, որ պետք է կանխել ու դատապարտել: Մեր Բակունցը, որ զոհը դարձավ գորբաչովների ու պուտինների նախորդների, մի պատմվածք ունի` «Նամակ ռուսաց թագավորին»: Արդյունքում մնաց ծերունի նամակագրի անարգվածությունը: Հիմա էլ մեր միակ հայրենիքի (իսկ սրանց համար դեռ կա աշխարհի 1/6 մասը կազմող արնագույն հայրենիքը) կենտրոնական հրապարակում հայազգի հրապարակախոսն է հնչեցնում իր ռուսերեն խոսքը` ուղղված հերթական Գորբաչովին` Պուտինին: Սա էլ կրկնակի ոճիր է. նախ` որ 15 տարվա պետականությունը մեր ժողովրդի առնվազն ուսանող ու դպրոցական քաղաքացիներին (ում էլ հենց իրենց ստոր սլաքն էին ուղղել ազգի ինքնահռչակ առաջնորդները) վարժեցրել է որպես բարձրագույն ատյան` սեփական երկրի ղեկավարին տեսնելուն ու ոչ ռուսաց թագավորներին, եւ մեր ազգային գիտակցությանն է հարվածում նորից ստրկամիտների դաշտ տեղափոխելու այդ ողորմելի փորձը, եւ երկրորդ` ի՞նչ տարբերություն մեր հրապարակում կհնչեցնենք ռուսերենը, թե՞ թուրքերենը. օտարն օտար է: Թե՞ դարձյալ` միայն «թուրքն է թուրք մնում»:

Պարոնայք, դուք էկոլոգիական աղետ եք` սկսած ձեր «Ստամբուլը պիտի լինի արյան ծովից» մինչեւ մեր հրապարակի պղծում, սկսած ձեր ռուսերենից մինչեւ հայի հոգեւոր ու բանական էկոլոգիայի դեմ ձեր չդադարող ոտնձգություններ:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ «Չորրորդ իշխանություն», 2006թ., ապրիլի 1

Share this content: