Թռեք, բայց ոչ պատասխանատվությունից

Ղարաբաղյան հարցում ժամանակին առաջարկվող լուծումները, հետաքրքիր պատահականությամբ, մերժում էին Ադրբեջանն ու Ղարաբաղը, իսկ Հայաստանն անում էր իր ծավալուն վերապահումները` համաձայնելով բանակցությունների հիմք ընդունել դրանք: Այդպես եղավ առնվազն երկու անգամ (համենայն դեպս, այդքանի մասին է հրապարակում եղել): Եթե հիշում եք, ամիսներ առաջ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե խոչընդոտողը Հայաստանն է. այն պետք է դուրս գա ֆորմատից, ետ քաշվի, իսկ Ադրբեջանն իր հարցերը կլուծի Ղարաբաղի հետ: Այդ ժամանակ, կարծում եմ, բոլորս էլ դա ընդունեցինք որպես Ադրբեջանի հերթական անհեթեթ ամբոխահաճություն: Վերջերս, դարձյալ հետաքրքիր պատահականությամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահը նույնը կրկնեց: Այնքան հետաքրքիր, որ Ռ. Քոչարյանը հեռուստատեսային ծավալուն հարցազրույցով ստիպված եղավ մանկապարտեզի երեխաներին հասկացնելու աստիճանի պարզունակությամբ բացատրել, որ Հայաստանը ետ քաշվել չի կարող, եւ դա չի բխում ազգային-պետական շահից:

Մի կողմ թողնենք, որ Ռ. Քոչարյանի հեռուստահարցազրույցը մկանունքի տղայական (չշփոթել տղամարդկայինի հետ) ցուցադրում էր Ադրբեջանին եւ աշխարհին, ինչպես նաեւ որոշ ժամանակ առաջ իր կողմից ասված «…մենք ստիպված կլինենք ճանաչել ԼՂՀ անկախությունը» պատերազմ հայտարարելու բանաձեւի կրնկնություն: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ այս խաղը կարող է լինել իմիտացիա կամ իրական: Մի կողմ թողնենք նաեւ Սումգաիթի ողբերգության օրը դիակապտությամբ զբաղված մեր քաղաքական ու վայ-հայրենասիրական դեմքերին: Ավելին` մի կողմ թողնենք նաեւ այն, որ դեպքերի զարգացման ընթացքը միանգամայն անդավաճան շարունակությունն է 1998թ. պետական հեղաշրջման գաղափարաբանության:

Որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը բավականին ահագնացել եւ շոշափելի է դառնում, պարզ է բոլորին` եւ՛ նրանց, ովքեր մոտ մեկ տասնամյակ հաշտ գոյակցում են սափրագլուխների եւ երկրի բարոյական, նյութական կենսահյութերը քամող խեղկատակների հետ ու հանկարծ նավը (չշփոթել «Կիլիկիայի» հետ) վառվելու նախաշեմին հիշում դրանց ասպատակությունների մասին, եւ՛ նրանց, ովքեր մոտ մեկ տասնամյակ բրդել են այն ճաշը, որը խրթելու են ստիպելու պատերազմի արհավիրքները նոր-նոր թոթափող ժողովրդին: Դա պարզ է նաեւ Ռուսաստանում ապաստան գտած, Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովին, ով փորձ չարեց Գուլիեւի նման գոնե Բաքվի վրայով թռչելու: «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում օրերս նա իր ռուսական թաքստոցից, ամենայն հավանականությամբ իրեն հյուրընկալածների հորդորով, շրջանառության է նետում այն միտքը, թե եթե Ադրբեջանն էլ հնարավորություն ունենա բանակցությունների ընթացքում առաջարկել Հայաստանից վերցված որոշակի տարածքներ, ապա քաղաքական կարգավորումը կլինի պարիտետային:

Սակայն մի հարցում Մութալիբովը գրեթե չի սխալվում. «…ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումն ավելի շատ կախված է Հայաստանի դիրքորոշումից, քան Ադրբեջանի: Հատկապես դրանով է որոշվելու խաղաղության եւ պատերազմի միջեւ ընտրությունը»: Չնայած իր ճշմարտացիությանը` սա ամենեւին պատահական մոտեցում չէ` հաշվի առնելով Ռուսաստանում ապաստանած լինելու հանգամանքը: Ռուսական կողմն այսօրվանից արդեն փորձում է պատերազմի հավանական վերսկսման եւ դրա հետեւանքների պատասխանատվությունը թողնել բացառապես հայկական կողմի վրա (այստեղ ավելորդ չէ վերհիշել ՌԴ նախագահի` Բաքվում ասած այն միտքը, թե կոնսուլտացիաների կկանչի ՀՀ նախագահին): Եվ դա ճիշտ այնպես, ինչպես հայ իշխանական վերնախավը փորձեց սումգաիթյան ողբերգության հանրահավաքում էն գլխից արդեն պատերազմի հնարավոր ելքերի պատասխանատվությունը թողնել հայ ժողովրդի վրա. դա հարյուրամյա փորձարկված միջոց է, դեռ Տերյանն էր իր ժամանակի գավառական-միլիտարիստների մասին գրում. «Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ ու ինքնակոչ թամադա եք դարձել… եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է… Մինչեւ անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այդքա¯ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա»:

Մի հանգամանք եւս. Ռուսաստանը, որ դարձել է մութալիբովների ու աբաշիձեների կարգի իր գործակալների ապաստարան, ինչպես «Նահապետի աշնան» մեջ Մարկեսն էր նկարագրում լատինաամերիկյան դիկտատոր-գեներալների որջը, ամենայն հավանականությամբ տեղ չի ունենալու հայաստանյան տիրակալների համար, ինչպես որ տեղ չունեցավ իր դաշնակիցներ Օջալանի, Միլոշեւիչի, Սադամի… համար: Թեեւ նախկին հավակնություններն ունեցող, սակայն սա այլեւս այն Ռուսաստանը չէ. մի գաղափար, որի հետ այդպես էլ հաշտվել չեն կարողանում պատասխանատվությունից թռչել կամեցող զառամախտավորները, ովքեր արդեն իսկ տենդագին սկսել են նախապատրաստել մեր բոլոր ողբերգությունների հեղինակների ցուցակը` աշխարհագրական դիրք, ապերախտ քրիստոնյա աշխարհ, հայի բախտ, ներքին թշնամի, միջազգային դավադրություն, թուրքի խորամանկություն եւ հարակից անհեթեթություններ: Պարզապես գոնե այս անգամ պետք է կամքն ու ողջախոհությունը լարել այն աստիճանի, որ նոր սիմոնվրացյանները «Հայաստանի Հանրապետությունը» գրեն Հայաստանում` Ազատ Հայաստանում:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ «Չորրորդ իշխանություն», 2006թ., մարտի 10

Share this content: