Երբ մեր պետությունն է գործում մեր պետության դեմ

Մենք մինչեւ այսօր մեր ազգային լինելը փաստելու համար, հակաճառություն չհանդուրժող ներքին համոզվածությամբ հայացքներս հառում ենք անցյալին ու հիանում մեր արքաներով, իշխաններով, մելիքներով` առանց մի պահ իսկ փորձելու իրականությանը նայել այսօրվա իրողությունների պրոյեկցիայով: Չէի կամենա ինքնահրաժարման, ինքնամերժման հետեւության տեղիք տալ, մանավանդ որ մեր ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ Ավարայրից ի վեր սթափ գիտակցության հասունություն չունի: Սակայն կուզենայի, որ գեթ մեկ պահ քաջությունն ունենայինք, ասենք, մելիքական շրջանին նայելու ոչ թե մեր Եկեղեցու կամ դրանից քիչ տարբերվող 19-րդ դարի մեր ամենալուսավոր հեղինակի` Րաֆֆու տեսանկյուններից, այլ այսօրվա մեր նախագահի, վարչապետի, նախարարների, հարկայինի ու կադաստրի պաշտոնյաների, ոստիկանների ու պալատական լրագրողների… հետ զուգահեռներ անցկացնելով: Կարծում եմ` ընթերցողն ամաչում է մեր վերնախավը ներկայացնողների ամենապակասը 90 տոկոսի` ոչ իր տեղում գտնվելու համար, եթե չասեմ ավելին: Իրո՞ք կարծում եք, թե, ասենք, Շուշին Փանահ խանին ծախած Մելիք-Շահնազարը տարբերվել է այսօրվա քաղաքական դաշտն ուզուրպացրածներից. նա պարզապես իր տեղում չի եղել, ինչպես որ իրենց տեղում չեն եղել իշխանությունը ժառանգությամբ կամ զոռբայությամբ ստացած մեր արքաներից, նախարարներից, իշխաններից, մելիքներից շատերը: Եվ սա միայն մեր խնդիրը չի եղել. ամբողջ մարդկությունն է անցել լեգիտիմությունը ժառանգությամբ ճանաչելու հազարամյակների միջով: Բայց երբ նույն մարդկությունը հասել է այն գիտակցությանը, թե չի կարելի մեկ անհատի կամ մի խումբ անհատների հույսին թողնել ոչ միայն ներկան, այլեւ սերունդների ապագան, միլիոնավոր զոհեր տալով, ստեղծել է ներկայիս բազմակուսակցական համակարգը` ժողովրդավարության քաղաքական հենասյուներից առաջինը: Դա գուցեեւ լավ բան չէ, պարզապես ավելի լավը դեռ հայտնաբերված չէ:

Ժամանակակից աշխարհում, բարեբախտաբար թե դժբախտաբար, քաղաքականության իրացման ճանապարհը կուսակցություններն են: Երբ հազարամյա դադարից հետո մեր պատմական հայրենիքի մի փոքրիկ հողակտորի վրա վերականգնվեց պետականությունը, վերականգնող առաջամարտիկները խոհեմաբար որդեգրեցին համաշխարհային նոր խաղի կանոնը` բազմակուսակցականությունը. Հայաստանի Հանրապետության առաջին եւ՛ ԳԽ նախագահը, եւ՛ վարչապետը կուսակցական էին, այսինքն` ստանձնել էին խմբային ու անհատական պատասխանատվություն եւ հոգ էին տանում, որ բացի իրենցինից կայանային նաեւ այլընտրանքային կուսակցություններ: Մինչեւ իսկ չարգելեցին անկախությանն ու Արցախյան պայքարին լրջորեն խանգարող, Մոսկվայից կախված կոմունիստական կուսակցությունը, թեեւ, եթե այսօրվա մեր իշխանությունների վարքագիծը հաշվի առնենք, պիտի որ Ռուսաստանի օրինակով կասեցնեին այդ կուսակցության գործունեությունը (ավելի ուշ միակ բացառությունը եղավ ՀՅԴ-ն. այն էլ ոչ թե քաղաքական դրդապատճառներով, այլ ահաբեկչության):

Մեր այսօրվա իշխանություններն էլ առնվազն մի բան հասկացել են. որ դրսեցիներից ոչ մեկն իրենց թույլ չի տա մելիքական իշխանություն ստեղծել, ուստի պետք է ձեւացնել, թե ընդունել են առաջավոր աշխարհի կանոնները: Սակայն միայն արտաքուստ: Բոլորին է պարզ, որ թեեւ մելիքական իշխանություն չեն ստեղծել, սակայն հաջողությամբ կառուցել են մելիքական համակարգ` բազմակուսակցական արտահագուստով:

Այլապես ինչո՞վ բացատրել, որ թեեւ վարչապետը, նախարարների մեծագույն մասը, հեռուստատեսության ղեկավարությունը կուսակցականներ են, սակայն չեն զլանում հստակ գծված ծրագրով ու ժամանակացույցով օրնիբուն վարկաբեկել բազմակուսակցական համակարգը. ուշադրությու՛ն` ո՛չ թե այս ու այն կուսակցության ղեկավարների անգրագիտությունն ու պատեհապաշտությունը կամ այս ու այն ինտրիգային կուսակցության գաղափարազրկությունը, այլ հենց բազմակուսակցական համակարգը, որ հիմքն է ժամանակակից ժողովրդավարական պետության: Պատճառը մեկն է. թեեւ իրենք անունով կուսակցություններ են, այն էլ` քառանիշ-հնգանիշ թվերով հաշվվող անդամներով, սակայն իրականում կուսակցություններ չեն ու հույսը դրել են ոչ թե ընտրությունների ժամանակ իրենց անդամների գաղափարական կայունությամբ ձայներ վաստակելու, այլ պետական լծակներն օգտագործելով` հերթական անգամ իշխանությունն ուզուրպացնելու վրա: Ու չեն զլանում ժողովրդավարության հիմքի դեմ քարոզչություն իրականացնել ոչ միայն արգահատելի տեխնոլոգիաներ կիրառելով` եթերը լցնելով իրենց ձեռնասուն «կուսակցությունների» կոլորիտային կուսգործիչներով, այլեւ դրա համար վարձելով խորհրդային շրջանում իրենց քաղաքագիտական պատրաստությունը ստացած ու այլեւս այդ ուղղությամբ չաշխատած մշակութային հանրահայտ դեմքերի, որոնք էլ ամենայն անկեղծությամբ սղոցում են այն սյունը, որի վրա կանգուն է ժամանակակից պետությունը:

Ամենեւին չեմ տրտնջում. չէ՞ որ մենք` ՀՀ քաղաքացիներս, հենց դրան ենք արժանի: Հիշու՞մ եք, թե ինչպես հավերժական Սադոյանն իր կրթությանը վայել «բարձունքից» բանաձեւում էր. «Թեկուզ պոլի փեդ լինի` մերը լինի»: Ոչնչով չի տարբերվում Ռ. Քոչարյանի` առաջին նախընտրականի հակապետական բանաձեւը` «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», որն իրականացրեց այն ժամանակ անկուսակցական Կ.Դեմիրճյանն ու ոչինչ չստացավ: Այս սադոքոչարադեմիրճյանիզմը մեր անբաժան ուղեկիցն է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանդուրժում այլակարծությունը, այլընտրանքի գոյության իրավունքը, որն էլ ապահովում է ազգի մրցակցային կենսունակությունը: Սա հենց այն գավառական մելիքականությունն է, որն արգելելու է երբեւէ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելը, արգելակելու է ժամանակակից աշխարհի զարգացման տրամաբանությունն ընկալելը, փորձելու է կաբինետներում միայնակ գծել, թե երկրին քանի կուսակցություն է հարկավոր, քանի դրամով է պետք հավելել թոշակն ու ուսուցչի աշխատավարձը` «կարգուկանոն հաստատելով նաեւ Հայաստանում»:

Միայն զարմանալ կարելի է իշխանության մեջ փոքրիկ չափաբաժին ունեցող «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ կուսակցությունների լռության վրա, որոնք օրը ցերեկով հանդուրժում են կատարյալ մելիքականության հաստատումը: Միայն զարմանալ կարելի է մեր շատ մտավորականների` իշխանության վերնախավի կողմից իրենց նետված խայծերը կլլելու վրա, մեր պետականության ծառը կտող կացնին կոթ դառնալու անմեղսունակության վրա: Միայն զարմանալ կարելի է մեր կոմունիստակիրթ, այսքան տարի իր կարծես համաձայնեցված գործունեությամբ գործող վարչախումբն ամրապնդած մանդատավոր ընդդիմության վրա, որ արեւմտյան արժեքային համակարգի մասին գոռգոռալու պահը բաց չի թողնում, սակայն հաճույքով հանդուրժում է հենց նույն արեւմտյան բարձրագույն արժեքի` ժողովրդավարության արմատները սղոցողների ծրագիրը:

Թեեւ զարմանալու ոչինչ չկա. ամեն ինչ շատ էլ հստակ է. պարզապես մեր պետականությունն ու մեր ազգն են ափսոս:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Հայկական ժամանակ» օրաթերթի «Արմատ» միջուկ, 2006թ., փետրվարի 25 «Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2006թ., մարտի 4

Share this content: