Երբ Գերմանիայում 1930-ականներին նացիստական վարչակարգ հաստատվեց, գերմանական գիտակից մտավորականների մի զգալի մասը սկսեց հեռանալ երկրից, իսկ ով մնում էր, կա՛մ լռում էր, կա՛մ փորձում բողոքի իր ձայնը լսելի դարձնել: Հայտնի ֆիզիկոս Մաքս Պլանկն ասաց իր աշակերտենրին. «Այս վիճակում անիմաստ է բողոքելը, անիմաստ է մութ ալիքը կանգնեցնելը: Մտածե՛ք, թե ինչ է լինելու, եւ ինչ ենք անելու հետո»:
Իսկ աշխարհում հակասությունները դարձել են այնքան բազմաբղետ եւ այնքան բազմաթիվ, որ դրանք դժվարությամբ են տրվում որեւէ լուծման: Տարբեր կայսրությունների կազմում երկար ժամանակ գտնվելու փաստը սովորեցրել էր մեզ պարզ մտածողության. մենք չէինք որոշում, մեր փոխարեն էին որոշում: Այսօր այդ պարզությունը չկա, իսկ մենք դեռ շարունակում ենք ապավինել նրան, շարունակում ենք ամեն ինչ դիտել որպես սեւ ու սպիտակ: Թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Մենք պետք է տեսնենք նոր չափանիշերը, նոր փոփոխությունները, հասկանանք այն աշխարհը, որում ապրում ենք:
Մենք մինչեւ որոշումներ կայացնելու պահը կարիք ունենք ուշադիր քննելու քաղաքականության բոլոր ասպեկտները, սակայն որոշում կայացնելու անհրաժեշտությունը մեր օրերում մեզնից ճկունություն, արագություն, ակնթարթային արձագանք է պահանջում, քանի որ հենց ճկունության եւ անհրաժեշտ արագությունների զարգացման միջոցով մենք կկարողանանք խուսափել կործանիչ հարվածներից: Պետք է ուշադիր լսել Բիսմարկի խոսքերը` «Լավագույնը, ինչ կարող է անել պետական այրը, այն է, որ լսի Տիրոջ քայլերը համաշխարհային պատմության մեջ եւ հետեւի Նրա ուղուն: Հետո մի պահ թռչի, բռնի Նրա թիկնոցի ծայրը եւ չպոկվի Նրանից, քանի դեռ դա հնարավոր է»:
Իսկ մենք որոշումներ ենք կայացնում` չհասկանալով, թե ինչու: Մենք միայն ժամանակ ենք շահում, իսկ ամբողջ քաղաքականությունը հանգեցվել է նրան, թե ով ինչքան կմնա մի որեւէ դղյակում:
Նոր հարյուրամյակը ստիպում է հրաժարվել նախկին «սովետական», իսկ եթե ավելի խորը նայենք` «եվրասիական» մտածողության կարծրատիպերից ու նախագծերից, երբ ամեն ինչ այնքան հեշտ էր ու պարզ: Շրջապատին իրատեսական եւ համարժեք հայացքով նայելը նշանակելու է հասկանալ գոյություն ունեցող կենսունակ, զարգացող հասարակության վարքագծի կանոնները: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է լինելու ճիշտ գնահատել, այսինքն` չգերագնահատել եւ չթերագնահատել մեր սեփական ունակություններն ու կարողությունները` մեր ուժերից վեր գործողություններ եւ ծրագրեր չստանձնելու համար: Դրա հետ մեկտեղ պետք է կարողանանք անընդհատ ընդլայնել մեր հնարավորությունների դաշտը եւ չծուլանանք մեզ վրա պատմությամբ դրված առաքելությունները կատարելիս: Եթե հրաժարվում ես այդ առաքելություններից, ապա կարող ես մատնվել նոր մի ցեղասպանության, քանզի «պտուղ չբերող ծառը կրակն են նետում»:
Այսօր արդեն հստակ է այն իրողությունը, որ XXI դարը լինելու է կարգի եւ անկարգության, կառուցվածքի եւ քաոսի միջեւ պայքարի հարյուրամյակ: Ստեղծվելու են նոր դաշինքներ եւ վարչակարգեր: Պետությունները եւ անհատները ստիպված են լինելու կատարել ռազմավարական ընտրություն բարդագույն միջավայրում եւ իրավիճակում: Տարբեր մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսությունն ու բախումն ընթանալու են միաժամանակյա հարթությունում: Այսօրվա եւ վաղվա քաղաքականությունը ենթադրելու է համագործակցության եւ ուժի կիրառման համադրում:
Նախ եւ առաջ, անհրաժեշտ է ընկալել այն, որ առկա եւ գալիք մարտահրավերները կարող են շարունակաբար կայուն լարված վիճակում պահել մարդկությանը, սակայն ապագայի սցենարների մեջ դրանք կարող են վճռորոշ դերակատարում չունենալ, այլ կիրառվել ընդամենը որպես գործիքներ կամ միջոցներ` ինչ-ինչ երկրների կամ խմբավորումների շահերի ապահովման տեսանկյունից: Այդպիսի վճռորոշ շահեր են, օրինակ, դարձել ներկայումս բանկային-ֆինանսական համակարգի եւ էներգետիկայի գործոնները:
Այսօր փոխվում է աշխարհի եւ մեր տարածաշրջանի ռազմավարական աշխարհագրությունը, վերանում են հին եւ առաջանում են նոր տարածաշրջաններ: Ավելին, արդի աշխարհում աշխարհագրությունն ու տարածքները կատարում են եւ աստիճանաբար կատարելու են ավելի նվազ դեր: Տարածաշրջանային հիմքի վրա միավորումները դեռեւս գոյություն կունենան, սակայն կորցնելու են իրենց նշանակությունը:
Պետք է մտապահել, որ XX դարի Ատլանտյան աշխարհում գտնվող համաշխարհային ծանրության կենտրոնը XXI հարյուրամյակում հետզհետե տեղափոխվում է Խաղաղօվկիանոսյան ավազան: Չինաստան-ԱՄՆ եւ Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունները կարող են որոշել միջազգային քաղաքականության զարգացումը մի քանի տասնամյակի կտրվածքում, ինչպես նախկինում դա որոշում էին Եվրոպայի ներսում կամ ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունները:
Չինաստանի եւ Հնդկաստանի աշխարհաքաղաքական հեռանկարները միանշանակ չեն, դրանք առավել բարդ ռազմավարական դերակատարներ են, որ առավելագույն ունեն աշխարհաքաղաքական եւ ներքին հակասություններ: Դիտարկելով Չինաստանի եւ Հնդկաստանի հնարավորությունները` համաշխարհային ազդեցիկ դերակատարներ եւ անգամ գերտերություններ դառնալու համար, պետք է, սակայն, հաշվի առնել, որ այդ երկրները բախվում են լուրջ հիմնախնդիրների` բնական պաշարների եւ սննդի պակաս, թույլ ենթակառուցվածքներ, ազգային, կրոնական եւ տարածաշրջանանյին հիմքի վրա անջատողականություն: Այս ամենը կարող է կասկածի տակ դնել անգամ Չինաստանի եւ Հնդկաստանի գոյությունն իրենց ներկայիս տեսքով: Այս խնդիրները լուծելու եւ պաշարների ձեռք բերման նպատակով տվյալ երկրները կարող են դիմել արտաքին ինչպես ուժային, այնպես էլ տնտեսական էքսպանսիայի: Մյուս կողմից` Չինաստանն աշխարհի բազում երկրներից ավելի արագ է ըմբռնել գլոբալիզացման նշանակությունը եւ բոլոր ջանքերը գործադրում է դրա պտուղներից օգտվելու համար:
XXI դարի հիմնական հարցերից է լինելու` թե արդյո՞ք կմնան Չինաստանը եւ Հնդկաստանը տարածաշրջանային տերություններ, թե կդառնան գլոբալ (հատկապես` Չինաստանը):
Կարեւոր է նաեւ իմանալ պատասխանն այն հարցի, թե ինչ ուղիով է գնալու Ռուսաստանը: Կմնա՞ նա Եվրասիայում հումքի մատակարար, կորդեգրի կտրուկ ազգայնակա՞ն քաղաքական կուրս, ինչը կբերի այս երկրի քայքայմանը, թե՞ կգնա տնտեսական եւ սոցիալական ինտենսիվ զարգացման ճանապարհով` փորձելով իրականացնել նաեւ իր «լիբերալ կայսրության» հավակնությունները: Այս ուղիներից ցանկացածը կտրուկ կփոխի ուժերի հարաբերակցությունն աշխարհում:
Ինչ վերաբերում է Մեծ մերձավոր արեւելքին, ապա այն եղել եւ մնալու է Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ փոխազդեցության գոտի: Իսկապես, մահմեդական աշխարհն առավել սուր կերպով է ընկալում, որ գլոբալացումը եւ ընդհանրապես Արեւմուտքը հարվածի տակ են դնում իր կրոնական եւ ազգային ինքնությունները: Մահմեդական աշխարհը դրսեւորում է ներկայումս իր ռեւանշիստական հավակնությունները` ջանալով վերականգնել իր միջնադարյան կարգավիճակը, երբ Արաբական Խալիֆայությունը ձգվում էր Հնդկական օվկիանոսից մինչեւ Ատլանտյան: Իսլամի գրավչությունն ուժեղանում է: Եվրոպայում ուժեղանալու է եվրոպական ինքնագիտակցության միտումը: Արեւմուտքը գնալու է մարտական ոգու վերականգնման ուղիով, քանի որ իսլամական ջիհադականության հետ բախումն անխուսափելի է:
Սակայն այդ նույն մահմեդական աշխարհը միատարր չէ եւ հազիվ թե հնարավորություն ունի համաչափ քաղաքական, ռազմական, տնտեսական կամ մշակութային պատասխան տալ Արեւմուտքին:
Արեւմուտքն մոտակա առնվազն 20-30 տարվա առումով մնալու է աշխարհի գլխավոր քաղաքակրթական եւ ուժային կենտրոնը: Նա իրոք բախվելու է արտաքին եւ ներքին մարտահրավերների` բնակչության ծերացում, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի բնակչության խառնում ոչ արեւմտյան էթնիկ տարրերի հետ: Այսօր Արեւմուտքին մարտահրավեր նետելու միակ ուղին ոչ համաչափ սպառնալիքն է, որն արտահայտվում է աղետալի ահաբեկչության մեջ: Քանզի ոչ ոք հնարավորություն չունի պատասխանելու Արեւմուտքին նույն տնտեսական եւ ռազմական միջոցներով, ուստի դա նշանակում է, թե Արեւմուտքի հզորության մեջ այսօր առկա է նրա թուլությունը:
Արեւմտյան քաղաքակրթությունը շարունակելու է իր վայրիվերո քաղաքականության ուղին, երբ մե՛կ ընթանում են ժողովրդավարական-մարդասիրական ինտերվենցիաներ, մե՛կ էլ արեւմտյան տերություններն ի ցույց են հանում իրենց կարծեցյալ թուլությունը եւ ձգտում համաձայնության գալ աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ` «ռեալպոլիտիկ»-ի հարթությունում: Այս համատեքստում հարց կառաջանա (արդեն առաջանում է), թե ո՞ւր է գնում Արեւմուտքը, եւ արդյո՞ք գոյություն ունի այլեւս Արեւմուտք այն դասական իմաստով, որ մենք սովոր էինք ընկալել` Արեւմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի տեսքով:
Այստեղ ԱՄՆ-ի զարգացման դինամիկան ավելի է առաջ անցել, քան եվրոպական զարգացումը: Եվրոպան էլ, ցանկանալով վերադառնալ համաշխարհային քաղաքականություն, ստիպված է վերափոխել իր քաղաքական, տնտեսական եւ մշակութային մոտեցումները: Եթե ԱՄՆ-ն գոնե գիտի, թե ինչ է ուզում, ապա Եվրոպան դեռ պետք է մտածի, թե ինչ է ինքն իրենից ներկայացնում, թե որոնք են իր սահմանները եւ թե ինչ է ինքը դառնալու վաղը:
Նման հարցեր ծառացած են նաեւ Հայաստանի առջեւ: Ո՞րն է այն դաշտը, որը Հայաստանին թույլ կտա դուրս գալ իր մեկուսացված, բունկերային վիճակից: Ի՞նչ քաղաքական եւ կառավարման ոլորտի հաղթաթղեր են մեզ պետք, որոնք մեր կողմը կգրավեն հնարավորինս շատ եւ վստահելի դաշնակիցների: Ի՞նչ ենք մենք արտադրելու ավելի էժան, ավելի շատ եւ մյուսներից ավելի լավ: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում ներդնել այն միջոցները, որոնք մեր ձեռքում են: Որո՞նք են այն գիտատար ուղղությունները, որտեղ մենք կարող ենք ժամանակակից աշխարհին օգտակար լինել:
Եթե դիտարկենք կենսագործունեության ոլորտները, ապա ժողովրդագրական առումով մենք պետք է չկորցնենք (առնվազն մեր հարեւանների հետ համամասնության մեջ) մեր երկրի բնակչությունը: Տեղեկատվական ասպարեզ. մեր կերպարը եւ մեր ներկայությունն աշխարհում պետք է լինեն եթե ոչ համոզիչ, ապա լավագույնս ձեւակերպված: Ռազմական ոլորտ. բանակը, որ Երրորդ Հանրապետության հիմնական արժեքն է, արդեն կարիք է զգում կտրուկ արդիականացման:
Եվ, վերջապես, բարոյա-էթիկական ոլորտ` ինչ կանոնակարգված եւ իրական չափանիշերով եւ արժեքներով է մեզ անհրաժեշտ առաջնորդվել` արդիականացման թափքից դուրս չընկնելու եւ «իզգոյի» կարգավիճակում չհայտնվելու համար:
Այս բոլոր ուղղությունների հանրագումարն են ինքնաբավությունն ու անվտանգությունը, այն է` սեփական կամ օտար, սակայն առանց որեւէ խոչընդոտի կուտակվող պաշարների հաշվին ապրելու եւ զարգանալու հնարավորություն:
Անկախ Հայաստանն արդեն իսկ մեծ նվաճում է, սակայն այսօր էական է, թե ինչ տեսակի երկիր պետք է դառնա Հայաստանը: Իսկ այժմ Հայաստանը կարիք ունի այնպիսի քաղաքականության, որը հնարավորություն կտա նրան առավելագույնի հասցնել երկրի ներուժը` Հարավային Կովկասում ժողովրդավարական, տնտեսական, առեւտրային, մշակութային եւ գիտական կենտրոն եւ Արեւելքի ու Արեւմուտքի եւ Հյուսիսի եւ Հարավի միջեւ ռեգիոնալ կամուրջ լինելու համար:
Քանի որ Ռուսաստանի, ինչպես նաեւ բոլոր այլ տերությունների հետ հարաբերություններում Հայաստանը մշտապես գտնվելու է ստորադասի կամ արբանյակի կարգավիճակում, ապա Հայաստանի համար առավել օպտիմալ տարբերակ է ազգերի այնպիսի համագոյակցության մեջ ինտեգրվելը, ուր ոչ մի ազգ կամ պետություն չունի գերիշխող դիրքեր, իսկ գերակայող սկզբունքներն են ոչ թե անցյալի միֆերն ու նեղ-ազգային շահերը, այլ իրավական եւ գլոբալ սկզբունքները, որպիսին է այսօր Միացյալ Եվրոպան:
Ստեղծագործական ռազմավարության կիրառման դեպքում Հայաստանը բավականին լավ հնարվորություններ ունի դառնալու Մեծ Եվրոպայի մասը: Այդ գործընթացներում պետք է մասնակցի ոչ միայն հայկական պետությունը, այլ նաեւ պետության եւ հասարակության առանձին դերակատարները, քանզի ցանցային համակարգի սկզբունքը հենց դա է պահանջում:
Ներքին քաղաքականության ոլորտում Հայաստանը պետք է լուրջ քայլ կատարի դեպի ժողովրդավարական բարեփոխումները: Այս աոռւմով էական է ունենալ Հայաստանի ժողովրի աջակցությունն ու գործուն մասնակցությունը այդ գործընթացին, քանզի Հայաստանի քաղաքացիները վաստակել են իրենց կողմից ընտրված լիդերներին վստահելու իրավունքը: Այս առումով առանցքային կդառնան գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, որոնց ելքն արձանագրելու է, թե զարգացման ինչ ուղի է ընտրում Հայաստանը: Կայուն ժողովրդավարությունը, ազատությունը եւ իրավունքի գերակայությունը դառնում են Հայաստանի քաղաքական համակարգի փարոսները: Մենք չափազանց երկար ենք սպասել Հայաստանի անկախությանը, որպեսզի որեւէ շեղում նրա գոյության եւ զարգացման ուղուց այսօր հանդուրժելի կամ ներելի լինի:
Ժողովրդավարական իդեալներն այն իրական արժեքներն են, որոնց կիրառումը թույլ է տվել, տալիս եւ կտա հայերին Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհում լինել արդիականացման եւ գլոբալ աշխարհի «գործակալներ»:
Մենք պետք է անցնենք ուրբանիզացման միջով, որը հասարակության օրգանիզմի մեջ կբերի իսկական «հորմոնալ փոփոխությունների»` կանհետանա նահապետական մտածելակերպը, կփոխվեն միջանձնային հարաբերությունները, ինչն իր հետ կբերի նաեւ լուրջ քաղաքական փոփոխություններ: Ընդ որում, ուրբանիզացիան Հայաստանում պետք է ընթանա ոչ ի հաշիվ Երեւանի, այլ երկրով մեկ քաղաքային բնակչության ապակենտրոնացման, մոտավորապես շվեյցարական մոդելով, որտեղ գույություն ունեն մի քանի քաղաքային կենտրոններ: Մարզերը պետք է դադարեն լինել ֆեոդալական տիրույթներ, այլ դառնան Հայաստանի զարգացման գրավականներից:
Հետեւելով միջազգային եւ տարածաշրջանային միտումներին` պետք է կարողանանք տեսնել, որ Թուրքիան գնալով ուժեղացնելու է իր կապերը Արեւմուտքի, հատկապես` Եվրոպայի հետ: Թուրքիայի եվրոպականացման գործընթացը դեռ երկար է շարունակվելու, սակայն այդ երկրի համար հետդարձի ճամփա չկա, ինչպես չկա նաեւ մեզ համար:
Վրաստանն ու Ադրբեջանը եւս շարունակելու են ակտիվորեն հետեւել Արեւմուտքի հետ իրենց հարաբերությունների ամրապնդման ուղեգծին: Իրանի ապագան մնում է անորոշ: Այստեղ փոփոխությունների խնդիրը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի մեջ է: Թեեւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները մնալու են կարեւոր, սակայն Հայաստանը պետք է խուսափի դառնալ Ռուսաստանից կախյալ երկիր:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծման բացակայությունը միայն սահմանափակում է երկրի տնտեսական զարգացման եւ ազգային ու տարածաշրջանային անվտանգության բարելավման հնարավորությունները, ինչպես նաեւ վնաս հասցնում հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը եւ արգելակում Եվրոատլանտյան համակարգի մեջ ինտեգրումը:
Արձանագրելով Հայաստանի տեղն արեւմտյան քաղաքակրթության եւ անվտանգության համակարգում` միեւնույն ժամանակ լիովին արդիական է համաշխարհային եւ հատկապես տարածաշրջանային կտրուկ փոփոխություններին թե՛ զինված ուժերի, թե՛ ամբողջ հասարակության մակարդակում պատրաստ լինելու գաղափարը: Մեծ մերձավոր արեւելքում քրդական եւ Իրանում ադրբեջանական էթնոսների որպես նոր աշխարհաքաղաքական դերակատարների ի հայտ գալը կփոխի ուժերի հարաբերակցությունն առավել կտրուկ, թեեւ ոչ ակնթարթային ձեւերով: XX դարասկզբի փորձն արդեն հուշում է, թե ինչ է անհրաժեշտ անել` պատմության կացնի տակ չմնալու համար: Այսինքն, Հայաստանի համար կարեւոր է չհայտնվել «ձախողված» պետությունների շարքում, որոնք կարող են չհարմարվել համաշխարհային փոփոխությունների ընթացքին:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լինելու են մոտակա ժամանակահատվածի համար Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունները: Իսկ երկարաժամկետ կտրվածքում այդ օրակարգը ներառում է իր մեջ Հայաստանի եւ հայ ժողովրդի` որպես համաշխարհային պատմության դերակատարի ամրագրումը: րավները Հայաստանի համար իրոք բարձր են` իսկապես ժողովրդավարական եւ բարգավաճ, իր հարեւանների հետ խաղաղության եւ անվտանգության վիճակում ապրող:
Միաժամանակ մենք, որպես «Նոր Եվրոպայի» մաս, մեր գործընկերների հետ միասին, ինչպես, օրինակ, Լեհաստանը, Լիտվան, Ուկրաինան, Խորվաթիան, Սերբիան, Վրաստանը, պետք է կարողանանք լրացնել, ներդաշնակեցնել եւ նոր թափ հաղորդել եվրոպական ինքնությանը եւ զարգացմանը: Անշուշտ, այս հարթությունում մենք ինքներս պետք է շարունակենք ազգային իդենտիֆիկացման (նույնականացման) գործընթացը: Այսպես, օրինակ, հայոց լեզուն այդ ինքնության հստակեցման գործում հանդիսանալու է միակ անձեռնմխելի արժեքը, չափանիշը: Մյուս չափանիշների առումով մենք պարտավոր ենք դրսեւորել գլոբալ աշխարհին համարժեք գլոբալ ազգի որակներ:
Այս պարագայում մենք կագնած ենք նաեւ կարեւոր մի խնդրի լուծման անհրաժեշտության առջեւ: Ինչ կերպարով, ինչ բրենդով ենք ներկայանում մեզ եւ աշխարհին, որովհետեւ այսօր աշխարհում բրենդ ունենալը հավասարազոր է միջուկային զենք ունենալուն: «Ազատության» արձանը Նյու Յորքում, Էյֆելյան աշտարակը` Փարիզում, Հոլիվուդը, «վարդերի» ու «նարնջագույն» հեղափոխությունները…` սրա՛նք են այն բրենդները, որոնք ազդում են համաշխարհային քաղաքականության վրա: Մենք, ցավոք, եթե հայտնի ենք, աշխարհին, ապա Սփյուռքով, ցեղասպանությամբ, կամ էլ որպես ասիական, կոռումպացված, իրավագիտակցությունից զուրկ երկիր: Նման ոչ համարժեք եւ ոչ մրցունակ բրենդով պետություններն այսօր աշխարհում տեղ չունեն: Թեեւ առաջ ունեինք, օրինակ, «Միացո՛ւմ» կամ «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ» բրենդները:
Այս տեսանկյունից մեր բրենդի որոշման չափանիշերը կարող են որոշվել այնպիսի հասկացություններով, ինչպիսիք են «Ազատություն», «Ժողովրդավարություն», «Առաջընթաց», «Իդենտիֆիկացիա», «Ինտեգրացիա», «Ուրբանիզացիա»… Վերջապես, աստվածաշնչյան ժամանակներից կա մի չափանիշ, որին հետեւելը ցանկացած քրիստոնյա ժողովուրդ պարտավոր է. «Արա՛ ուրիշին այն, ինչ ուզում ես ուրիշը քեզ անի»:
ԴԱՎԻԹ ԶՈՐՅԱՆ
Share this content: