Տասնհինգով է արժեվորվում երեք հազարը

«Ազգ» հասկացությունն անծանոթ չէ հայերիս: Այն առնվազն Խորենացու ժամանակներից եւ՛ գրավոր, եւ՛ բանավոր շրջանառվում է: Այն ժամանակներում հայկական ընկալումներում «ազգ» էին կոչվում մի կողմից` արյունակցական ընդհանրություն ունեցող ազնվականական տոհմերը («Երբ Արշակունյաց ազգը վերացավ, Հայոց աշխարհին տիրեց պարսից Սասանի ազգը…» — Եղիշե), մյուս կողմից` նույնալեզու ու նույնահավատ էթնոսը («Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ…» — Խորենացի):

Անցան ժամանակներ, եւ եվրոպական առաջադեմ միտքն անընդմեջ սահմանեց ու վերասահմանեց այդ հասկացությունը` երբեմն ներմուծելով նոր հաստատուններ, երբեմն խոտանելով նախկին ու սպառված հաստատունները: Ամբողջ այդ ընթացքում մենք, որպես բացատրության ու ճշգրտման կարիք չունեցող հասկացության վերաբերեցինք դրան, քանի որ մեզ համար պարզ էր, թե որն է հայ ազգը, թեեւ քրիստոնեության մուտքից ի վեր այն մեզանում էլ ստացել էր հայ-քրիստոնյա ձեւակերպումը: Թողնենք հասկացության մոտեցման այս ոլորտի քննարկումն ու անդրադառնանք ոչ վաղ անցյալին, երբ խորհրդային դասագրքերում առանձնացվում էին, օրինակ, գերմանական սոցիալիստական ազգ եւ գերմանական կապիտալիստական ազգ ձեւակերպումները:

Անշուշտ, այն ժամանակ շատերիս համար անընդունելի էր այդ մոտեցումը, անընդունելի է առավել եւս այսօր: Սակայն, եթե սոցիալիստական այդ մոտեցմանը նայենք որպես կրոնի, ապա այն ոչնչով չի տարբերվում ավելի քան հազարամյա այն մոտեցումից, երբ ազգերը բնորոշվում էին կրոնական առաջնահերթությամբ, ինչպես վերոնշյալ հայ-քրիստոնյան, ավելի ուշ ի հայտ եկած հայ-կաթոլիկը, հայ- բողոքականը:

Արեւմտյան քաղաքացիական հասարակություններում առնվազն ետլուսավորչական ժամանակներից (նույնիսկ մուսոլինիության, հիտլերականության, ֆրանկոյականության… փուլերով հանդերձ) անդառնալիորեն հեռացան կրոնական, գաղափարական բաժանումները (այն այժմ հրաշալիորեն խաղացվում է միայն օրինաչափությունները գիտակցելու անկար հանրույթների գլխին, հիշենք Հյուսիսային Իռալնդիայի կաթոլիկ եւ բողոքական համայնքների պարագան): Քանի որ հայ ժողովուրդն այնքան կենսունակ չկարողացավ գտնվել, որ մրցակցեր ընթացիկ ժամանակների կտրվածքում, ավելին` 20-րդ դարասկզբին ունեցավ ցեղասպանություն ու հայրենազրկում, ստիպված էր համակերպվել ազգի` խորենացիական ժամանակների ըմբռնմանը, կամ, որ ավելի ճիշտ է, այդ ըմբռնումից բխող դրսեւորման մասնավոր կերպի: Այն արտահայտում էր ինքնապահպանման մեր բնազդը: Լավագույնը, ինչ կարող էինք անել, դա խորհրդային ըմբռնմանը մասնակիորեն չհամաձայնելն էր, ու մենք իրավամբ հայ ազգի բաղկացուցիչ մաս շարունակեցինք համարել սփյուռքահայությանը, թեեւ հրաժարվեցինք այլադավան (ոչ հայ-լուսավորչական) հայերից` նրանց հայ չհամարելով: Սրա պերճախոս վկայությունն է ոչ միայն 19-20-րդ դարագլխի հայ մտավորականների մտահոգությունը (տե՛ս Րաֆֆու, Մուրացանի, Մահարու, Թոթովենցի, Եսայանի… գրականության անբաժան մասը կազմող այդ թեմատիկան), այլեւ այլադավաններին տրված եւ նրանց կողմից անվերապահորեն ընդունված, ասենք, ֆրանկ անվանումը:

Այդ պատճառով էլ մեզ համար առ այսօր անհասկանալի մնացին քաղաքակիրթ աշխարհի տրամաբանության օրենքները, որի դրսեւորումներից է, ասենք, թե ինչու իրենց հայ համարող Հովհաննես Այվազովսկին պիտի անվանվի ռուս ծովանկարիչ, Մարիետա Շահինյանը` ռուս գրող, Շառլ Ազնավուրը` ֆրանսիացի երգիչ, Վիլյամ Սարոյանը` ամերիկացի գրող: Այս երեւույթի է՛լ ավելի խորքային դրսեւորումներից է մեր անհասկացողությունն առ այն, թե ինչու, ասենք, բյուզանդական կայսրեր դարձած հայազգիները ոչ միայն չթալանեցին Բյուզանդիան` նրա միջոցներն օգտագործելով Հայաստանը դրախտավայր դարձնելու «հայրենանվեր» գործում, այլ նույնիսկ իրենք վերացրին հայոց պետականությունը, թե ինչու Ռուսական կայսրության հայազգի վարչապետ Միքայել Լորիս-Մելիքովը դարձյալ նույնը չարեց. եւ այսպես շարունակ:

«Ազգ» հասկացության մեր եւ առաջավոր մարդկության պատկերացումների բախումը մեր գիտակցության մեջ կատարյալ ճգնաժամ առաջացրեց հատկապես անկախության այս տարիներին, որն իր սկզբնամասում ուղեկցվեց արցախյան երկարատեւ, ըստ իս, հայրենական պատերազմով, որի մասին մեր քաղաքացիների մի զգալի մասն իր խորհրդային պսեւդո-մտավորականներին կրկնելով` դեռ շարունակում է անվանել «ցրտի, խավարի, մթի» տարիներ: Ազգային համերաշխության, սիրո եւ կամքի ոգին, որ 1988-ին թեւածում էր Օպերայի հրապարակում, աստիճանաբար սկսեց նյութեղենանալ ու իրատեսական դառնալ, երբ մի քանի միլիոնանոց սփյուռքի վերածված ցեղասպանության զոհերի հետնորդների ուժի, զոհաբերման պատրաստակամությունը երեւակվեցին որպես հայրենական պատերազմին սփյուռքահայ ընդամենը 14 ազնվարյուն մասնակից, մինչդեռ Հայաստանում ապրող եզդի, հույն եւ մյուս ազգային փոքրամասնություններն ավելի մասնակիցներ տվեցին` հաճախ ոչ թե զորակոչմամբ, այլ կամավորական սկզբունքով, ինչպես 3 միլիոնանոց հայրենահայության մի քանի տասնյակ հազար ազատամարտիկները:

Հայաստանի պետության քաղաքացին, որ երեկ Խորհրդային Միության հպատակն էր, կանգնեց երկընտրանքի առջեւ` իր ազգակիցն այն եզդի կամ հույն տղանե՞րն են, որ ընկան Հայաստանի սահմանները պաշտպանելիս, թե՞ հնաբույր երգերն անգիր արած ու ճառասացության վարժված, հինավուրց հայկական անուններ կրող աշխարհասփյուռ նախագահացուները: Հարցի պատասխանն առ այսօր քաջությունը չունենք տալու, քանի որ ստվարաթղթե ամրոցի պես կփլվի ավելի քան հազարամյա մեր պատկերացումը «ազգ» հասկացության մասին. կփլվի այն, ինչ պետականազրկության պայմաններում պահպանել էր թեկուզեւ տասներորդական կարգի մեր ազգային գոյությունը:

Եթե այս ամենին գումարենք եւ այն, որ միջազգային հանրության առջեւ, ուստի եւ` մեր ներքին շրջանառման մեջ եւս «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երեւալու մեր ջանադրման պատճառով մենք ավելորդ վախկոտությամբ «հնաբույր գեղջկականություն» համարեցինք «ազգ» բառի օգտագործումը (թեեւ դրանից այն չէր կարող վերանալ ընդհանրապես), ինչպես ժամանակին հակասովետական հորջորջված արտահայտությունները, ապա միանգամայն պարզ կդառնա մեր հոմո-սովետիկուս հանրույթ լինելն ու, ամենակարեւորը, այն մեծ շփոթի ահագնությունը, որ հյուսվեց հասկացության շուրջ: Մենք այսօր էլ խուսափում ենք այդ բառի կիրառումից` կարծելով, թե այն վերապահված է ֆաշիստներին, նացիոնալ-սոցիալիստներին եւ նմանատիպներին, ու կիրառելու դեպքում մեզ հանգիստ կկպցնեն աշխարհի կողմից մերժված պիտակներ: Մինչդեռ այդ աշխարհը, չլինելով մեզ պես դարերով բարդութավորված, հստակ պատկերացնում է «ազգ» հասկացության տիրույթը եւ անընդմեջ վերասահմանում այդ օբյեկտիվ իրականությունը: Ու այդ հրաժարումը մեզ չբերեց ո՛չ աշխարհաքաղաքացիության (կոսմոպոլիտիզմ), ո՛չ էլ առողջ հանդուրժողականության, եւ չէր էլ կարող բերել, այլ ընդհակառակը` է՛լ ավելի խորացրեց մեր մի կողմից` ինքնամերժումը, մյուս կողմից` ինքնամփոփումն ու, որ ավելի վատ է, այլամերժումը:

Քաջության պարագայում ստիպված ենք լինելու խոստովանել, որ մենք ընդամենը 15 տարվա ազգ ենք: Դա լա՞վ է, թե՞ վատ: «Վատ» է այնքանով, որ ստիպված ենք լինելու հրաժարվել «ազգ» հասկացության` պետականազրկության ժամանակների մեր հնավանդ պատկերացումներից, որ հաճախ, հիմնականում մտքի կաղապարվածության պատճառով, շփոթվում է ուրացումների ու անցյալից հրաժարման հետ: Լավ է այնքանով, որ նախ` վերջապես կկարողանանք քարացած մտակաղապարներից դուրս ելնել ու վարժվել զարգացման, շարժման տրամաբանությանը, որին է բացառապես ինքնահատուկ բաց բանականությունը, երկրորդ` վերջապես դառնալ քաղաքացիական, պետական ազգ, որպիսին են արեւմտյան քաղաքակիրթ ազգերը: Իսկ եթե իրոք մեզ առաջիկայում հնարավոր լինի դա պատկերացնել ոչ միայն բանականությամբ, այլեւ հենց այդպիսին զգալ ինքներս մեզ, ապա այլեւս չենք լինի ուժերը սպառած, պայքարի միակ ձեւը փախուստն ու Հայրենիքը լքելու մեթոդն ընտրած էթնոս, այլ երիտասարդ ու գործելու ունակ, երազների մեջ ապրելու փոխարեն երազանքներ ունեցող ու այդ երազանքների իրականացման համար երիտասարդական ավյունով խիզախման ու զոհաբերման պատրաստ եւ գնացող պետական ազգ: Ինչի նախանշաններն առայժմ նշմարվում են անընդհատ մակընթացությամբ ու տեղատվությամբ, եւ ինչի բարեհաջող ելքի մասին լավատեսությունը կամ վատատեսությունը կլինեին գուշակության ոլորտից:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ «Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2006թ., փետրվարի 4

Share this content: