Անմեղության կանխավարկած` հայաստանյան ընկալմամբ

Հայաստանյան քաղաքների փողոցների անցորդների, այսինքն` ինքներս մեր մասին բոլորս էլ օտարներից լսած կլինենք, որ մի տեսակ առաջին պատրաստակամության վիճակում ենք կռվարարության ու դրանից բխող հետեւանքների` վիրավորելու, գոռգոռալու եւ հատկապես փախչելու համար: Թեեւ նույն օտարների սրատես աչքից կարճ ժամանակ անց չի վրիպում, որ մենք դրա ուղիղ հակառակ ներաշխարհն ունենք. սիրում ենք ծորուն ու թախծոտ երաժշտություն, պատրաստ ենք անհատապես հոգիներս բացել մի փոքր մտերմանալուց հետո: Ու քիչ առաջվա կասկածամտությունից, համայն տիեզերքի հանդեպ անվստահությունից հետք չի մնում, այն փոխարինվում է անվերապահ ու իռացիոնալ հավատով:

Այս ծայրահեղությունների մասին կարելի էր նշել նաեւ օտարներին չվկայակոչելով, սակայն մեր ազգային մենթալության առանձնահատկություններից է այն, որ առավել կարեւորություն է տրվում ցանկացած օտար կարծիքի` առանց զանազանելու դրա մեջ հիմնավորն ու անհիմնը, լավն ու վատը, տրամաբանականն ու անտրամաբանականը:

Ապացուցման պետք չունի մեր չհիմնավորված ներազգային ագրեսիան այն տեղերում, ուր դրա կարիքն ամենեւին չկա: Մենք կարող ենք չթույլատրված մասում հատել փողոցը` միեւնույն ժամանակ հայհոյելով վարորդներին ու, որ առանձին վերլուծության թեմա է, «էս երկրին»: Իսկ եթե մեքենայով ենք, ապա խախտում ենք կարգն ու հայհոյում հետիոտնին, մյուս վարորդներին ու համայն «ազգին»: Դժվար թե գտնվի ոչ արեւելյան մի քաղաք, ուր մեքենաների շչակների աղմուկն այսքան բարձր, անընդմեջ ու իմաստավորված-հայհոյող լինի, որքան հայաստանյան քաղաքներում: Դժվար թե գտնվի ոչ արեւելյան մի քաղաք, ուր չհանդուրժելով մյուսի գոյությունը` յուրաքանչյուրս չհիմնավորված մի «մունաթով» ենք վարվում միմյանց հետ` սկսած զանգերին պատասխանող մեր «Ալո» ասածի հնչերանգից. կարծես թե չէինք ուզում, որ մեզ զանգահարեին ու ստիպված ենք հետներս քարշ տալիս հեռախոսը, որի համար մի քանի տարի առաջ նույնիսկ գիշերներն էինք հերթ կանգնում` այն ձեռք բերելու համար, քանի որ որպես դասական գեղջուկներ` այն մեզ համար ոչ թե հաղորդակցման, այլ պերճանքի ու ինքնահաստատման առարկա էր եւ, դժբախտաբար, է’: Մենք բոլորի մեջ տեսնում ենք մեզ վրա պոտենցիալ հարձակվողին, օրգանապես չենք ուզում ճանաչել որեւէ մեկի անմեղության կանխավարկածը:

Իսկ հիմա հակառակը. երբ որեւէ օտարերկրացի (անգամ մեզ պես հայ) ենք տեսնում, շտապում ենք դուր գալ նրան, հպարտանալ մեր երկրի այս ու այն իրողությամբ, որը քիչ առաջ զզվանքով մերժում էինք: Անհիմն հավատով փորձում ենք փառաբանել մեր անցյալն ու մեր անձը` այպանելով ներկան ու բոլոր ժամանակակիցներին. կարծես միակ ժառանգորդն ենք, ասենք, Տիգրան Մեծի ու Խորենացու, իսկ մնացյալները մուտանտներ են: Պատրաստ ենք նրա առաջ այն աստիճանի բացվել, որ որեւէ մեկն իրեն թույլ չէր տա անգամ խոստովանահոր առջեւ: Մենք բոլորի մեջ տեսնում ենք փրկության խարիսխն ու փարոսը, չենք պատկերացնում, որ կարող է եւ` մեր դիմացինն անարժան է նման հոգեկանության, օրգանապես չենք ուզում ընդունել դիմացինի հնարավոր մեղավորության հնարավորությունը:

Սրանով թերեւս կզբաղվեն մեր հոգեբանները` փորձելով կուտակված եւ ոչ արդյունավետ ելքեր ունեցող մեր ազգային էներգիան շահավետ ինքնադրսեւորումների ուղղորդելու դեղատոմսեր առաջարկել: Պարզապես փորձենք առկա դրսեւորումները պրոյեկտել մեր հասարակական եւ քաղաքական կյանքի ներկա իրողությունների վրա:

Այս տրամաբանությամբ առաջնորդվելու ընթացքի մեջ էինք, երբ հայկական հողի վրա 946 տարվա ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականությունը: Ու հենց առաջին կամ երկրորդ տարուց, երբ սկսեց մարել տոնական ոգեւորությունը ու փոխարինվել նորմալ առօրեականությամբ, մենք հրաժարվեցինք քաղաքացուց` այն փոխարինելով հերոսով կամ դավաճանով: Իշխանության մեջ հայտնվածների մեծագույն մասի համար հերոս էին իրենք ու դավաճան` իշխանությունից դուրս գտնվողները, եւ հակառակը` իշխանությունից դուրս հայտնվածների մեծագույն մասի համար հերոս էին իրենք ու դավաճան` իշխանավորները: Սկսվեց խելակորույս մի մրցավազք շփոթի մեջ հայտնված, պետականության ու քաղաքացիականության փորձառություն ու ավանդներ չունեցող ժողովրդի հոգեորսությունը: Իսկ ժողովուրդն էլ պատրաստ էր այդ «մարտահրավերն» ընդունելու: Ու քանի որ մոտ հազար տարի ժողովուրդն ապրել էլ օտարի պետությունների մեջ, առավել հարազատությամբ ընդունեց իշխանությունից դուրս գտնվողների մոտեցումը` «դավաճան են իշխանավորները»: Ու եթե դավաճան են նրանք, բայց ունեն իշխանություն, ինչպես օտարը` «թաթարը, պարսիկը, թուրքը», ուրեմն պետք է լուռ անիծել նրան եւ փորձել անձնական բարեկեցությունն ապահովելու համար ծախվել նրան, ինչպես «թաթարին, պարսիկին, թուրքին»: Թեեւ ատելությունն ամենասոսկալի բանն է, բայց գոնե այդ ատելությունը պահվեր — այն կարող էր նոր ելքեր փնտրելու խթան հանդիսանալ: Ատելությունը կարճ ժամանակ անց օրինաչափորեն փոխվեց համատարած անտարբերության, ու երբ 1998-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջումը, ժողովուրդն ընդամենը չարախնդաց ու շարունակեց համակեցության մոդելներ փնտրել նոր իշխանությունների` նոր «թաթարի, պարսիկի, թուրքի» հետ` փոխանակ վկայակոչելու երկրի Սահմանադրությունը, որից իրեն խորթացրել էին քաղաքացու փոխարեն հերոսներ ու դավաճաններ տեսնելու վարժեցրած իր իշխանավորներն ու իշխանությունից դուրս մնացածները:

Ի՞նչ Սահմանադրության մասին է խոսքը, երբ երկրի բնակչությունը ոչ մի օր չապրեց Սահմանադրությամբ (սահմանադրություն կարող են ունենալ միայն սահման ունեցողները, մինչդեռ մենք վաղուց ենք կորցրել ոչ միայն մեր հոգու, բարոյականության ու համակեցության, այլեւ նույնիսկ մեր նյութական Հայրենիքի սահմանները` սկսած 29 հազարից, պլյուս կամ մինուս Արցախ, պլյուս կամ մինուս ազատագրված-գրավյալ տարածքներ, վերջացրած Սեւրի դաշնագրով ու ծովից-ծովով): 1995-ի հուլիսի 5-ից` Սահմանադրության ընդունման առաջին իսկ օրվանից, ավելին` նրա ծննդին նախորդած ավելի քան մեկ տարի տեւած երկունքի ժամանակներից, նրա լեգիտիմությունը զրկվեց անմեղության կանխավարկածից` «ի շնորհիվ» հավերժական «դեմ»-ի` սադոյանիզմի: Ու ապրեցինք ամենքս մեզ համար` իշխանավորներն ու իշխանավոր դառնալու բուռն մղում ունեցողներն իրենց, ժողովուրդն իր, իսկ Սահմանադրությունն իր կյանքով: Սահմանադրությունն ամենեւին չդարձավ մեզ համար որպես կյանքի, համակեցության, պետականության բարձրագույն արժեքներից, ինչպես որ չդարձան մեր զինանշանը, դրոշը, օրհներգը, ազգային դրամը (վերջինն էլ իր ծննդյան առաջին իսկ օրից կքեց օտարվածության, անեծքի, չսպասված զավակի մերժվածության բեռան տակ, թեեւ օտարի` ռուսական արժեզրկված ռուբլին ոչինչ լավը չէր տալիս, «մեջը բարաքյաթ չուներ»):

21-րդ դարում Եվրոպան պահանջեց, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա Սահմանադրության փոփոխված տարբերակ (թե ինչու` մոտակա պատմությունը ցույց կտա, թեեւ աչք ունեցողի համար այն այսօր էլ տեսանելի է): Մի անգամ այն աննկատելիորեն ու պասիվ մերժվեց հոգնած ու իր երկրից խորթացած ժողովրդի կողմից. եւ ոչ թե այն պատճառով, որ վատն էր, այլ որ իրենը չէր, ինքը չուներ սահմանադրական գիտակցություն. այդ գիտակցությունը խեղվել էր հայրենասեր-դավաճան կոնցեպցիայի մամլիչի տակ: Երկրորդ անգամ նույն հոգնած, «թաթարի, պարսիկի, թուրքի» գերիշխանությանը համակերպված ժողովուրդն իբր ավելի քան 90 տոկոսով զավեշտալի «Այո» ասաց, թեեւ բոլորին է պարզ, որ այդ թիվն առնվազն 10 անգամ ուռճացված է: Ինչու՞ չընդվզեց ժողովուրդն իր ձայնը` իր քվեն` իր լռությունը` իր կամքը` իր Աստծուն կեղծելու դեմ: Ա’յ, այստեղ է, որ ճշմարտության կուրացնող լույսին նայելու համարձակություն է պետք եւ’ իշխանավորներին, եւ’ իշխանավոր դառնալ ցանկացողներին, եթե չենք ուզում մեր երկիրը դատապարտել իրապես երկիր դառնալու հնարավորությունից զուրկ ու ժամանակավոր աշխարհագրական տարածքի վերածվելու վտանգին:

Քաղաքական հարափոփոխ վերնախավի (եւ’ իշխանավորների, եւ’ հակառակ ճամբարի) տասնամյա վարժեցրածությանը համաձայն` ժողովուրդը բոլորին զրկեց անմեղության կանխավարկածից օգտվելու հնարավորությունից: Քանի որ ժողովուրդը Արցախյան` հայրենական պատերազմի օրերից սրսկվել էր, թե ինքը գաղութացված է` համաձայն «հայի բախտի» եւ գտնվում է համատարած «թաթարի, պարսիկի, թուրքի» կրնկի տակ, իրեն համակերպվելով ընդամենը գոյատեւել է պետք, ձեռք չէր բերել ՍԱՀՄԱՆԻ մեջ` քաղաքացիորեն, պետականորեն ապրելու անհրաժեշտության գիտակցումը, ուստի ոչ էլ մասնակցեց հանրաքվեին: Ժողովրդի «տառապանքը փորձ ուներ», այդ պատճառով չէր էլ հավատում, թե իրեն «թաթարի, պարսիկի, թուրքի» իշխանությունը փոխելու կոչող ընդդիմությունը նույն «թաթարը, պարսիկը, թուրքը» չէ:

Սակայն առաջին անգամ ժողովուրդն անմեղության կանխավարկածից զրկեց նաեւ օտարին, տվյալ դեպքում` Եվրոպային: Սա արժեքային համատարած քաոսի պարագայում թեեւ ոչ հուսադրող, սակայն մխիթարիչ քայլ էր (սակայն ոչ երբեք արդարացված): Ու եթե հանկարծ այդ քայլը շարունակվի, ապա բացառված չէ ժողովրդական գիտակցության դրական վեկտորին հուսալը: Խոսքը վերաբերում է վերջին երկու հարյուր տարում անմեղության հայկական կանխավարկածից անվերապահորեն օգտվող ռուսական գործոնին: Բարեբախտաբար, իր շահերը հետապնդող ռուսական վերջին քայլերն այսօր մասամբ հասու են հայ քաղաքական վերնախավի որոշ մասին: Գազի գնի թանկացման շնորհիվ Հայաստանի ժողովուրդն այսօր բարեպատեհությունն ունի հասկանալու, որ միակողմանի «ռազմավարական դաշնակցությունը», «եղբայրությունը», «մշակութային միահյուսվածությունը» կեղծ կատեգորիա է, որ դրանք միակողմանի լինել չեն կարող: Այս առնչությամբ թույլ հույս է առկայծում, թե վերջապես հայկական աշխարհընկալման մեջ ռուսը կկանգնի նույն հարթության վրա, ինչ վրացին, չինացին, պարսիկը, կանադացին…` ազատագրելով մեզ համայնքային ստրկամտությունից: Սա իր երկրորդ դրական կողմն էլ ունի. վերջապես իրենց իրական դեմքով կերեւակվեն հայաստանյան քաղաքական դաշտում արմատակալած այն ուժերը, որոնք նողկալի ժառանգությունն են «Հավերժ ռուս մեծ ժողովրդի հետ» կարգախոսի եւ սպասարկողը ռուսական ազդեցության ու հետաքրքրությունների:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ «Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2006թ., փետրվարի 18

Share this content: