Ինչպես չմնալ թշվառ և անտեր

1920թ. մայիսին Հայաստանում բռնկվել էր բոլշեւիկյան խռովությունը, սակայն այն ճնշվեց, մինչդեռ Ադրբեջանում իշխող Մուսավաթը նախընտրեց առանց որեւէ դիմադրության իշխանությունը հանձնել Կարմիր բանակին: Արդյունքը եղավ այն, որ 1920-1921թթ. Հայաստանի տարածքներից բոլշեւիկները խլեցին Ղարաբաղն ու Նախիջեւանը` կցելով դրանք Ադրբեջանին: Հայերին մնում էր մխիթարվել նրանով, որ գոնե Զանգեզուրը պահվեց:

Սա որպես նախաբան: Այս տարվա սկզբից մենք ինչ-որ չափազանց խրվել ենք «սահմանադրություն», «կոալիցիաներ», «ընդդիմություն» կոչվող խաղերի մեջ: Մինչդեռ մեր ժամանակները խոստանում են հատկապես մերձավորարեւելյան եւ հարավկովկասյան մեծ տարածաշրջանում դառնալ ազգերի ու սահմանների վերաձեւման նոր պատմական փուլը, որտեղ բոլոր նախկին պատկերացումներն ու մտապատճենները այլեւս չեն գործում: Արեւմտյան քաղաքակրթությունը, որը հաղթարշավում է վերջին հինգ հարյուր տարվա ընթացքում, մատրիքսային եւ կայծակնային քայլերով տանում է աշխարհը դեպի մեծ բախում. նրա դեմ մարտահրավեր նետող ուժերն էլ թափ են հավաքում, որ կա՛մ կադապտացվեն ու կինտեգրվեն, կա՛մ դուրս կնետվեն պատմությունից: Եվ եթե 80 տարի առաջ մեր տարածաշրջանում տարածվում էր նորածին Խորհրդային կայսրությունը, ապա այսօր մենք ականատես ենք դառնում համաշխարհային պատմության մեջ ամենահզոր՝ Ամերիկյան կայսրության եւ նրա եղբայր` Եվրոպական կայսրության հաստատմանը:

Իսկապես, այսօր աշխարհում ընթանում են նոր որակի գործընթացներ, ընդ որում` երկու բնույթի: Մի կողմից` սկսած 1985-ից շարունակվում եւ արագանում է աշխարհակարգի արմատական փոփոխման ընթացքը, մյուս կողմից` այսօր դիտվում է այդ նոր աշխարհակարգի երկու հենասյուների` Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության լուրջ եւ խորքային ճգնաժամ, որի հետեւանքով նրանց ծավալապաշտությունը կարծես թե կանգ է առել, եւ նրանք ստիպված են փնտրել այսպես կոչված համաշխարհային ուժային այլ կենտրոնների` Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի աջակցությունն ու համաձայնությունն իրենց քաղաքականության եւ տնտեսական ապահովության նպատակներին հասնելու համար: Ավելին, հենց նախկին հետխորհրդային տարածքում, որին մեր երկիրը, դժբախտաբար, դեռեւս պատկանում է, այսօր առկա է արեւմտյան քաղաքակրթության եւ ժողովրդավարության եթե ոչ ձախողում, ապա դադար:

Մինչդեռ մենք մեր երկրի հետ միասին կարիք ունենք վճռական քայլերի, որոնց գնալով` պիտի հիշենք, որ դրանից հետո մենք կա՛մ պետք է բեկում իրականացնենք, կա՛մ էլ ընդմիշտ մնանք համաշխարհային լուսանցքում եւ մոտ հիսուն կամ հարյուր տարի անց անհետանալ պատմության թատերաբեմից որպես երկիր, ազգ եւ պետություն: Իսկ այսօր մատների վրա կարելի է հաշվել այն անհատներին, ովքեր հասկանում են, թե ուր ենք մենք գնում (ավելի ճիշտ ` չգնում), եւ ինչ ուղղությամբ է այսօր գնում աշխարհը:

Իսկ ժամանակակից աշխարհը, կարծես թե, գնում է նոր մի մեծ բախման, որի նախերգանքը այժմյան «ահաբեկչության դեմ պատերազմն» է, որը պարզապես ուժերի փորձարկում է գալիք բախումից առաջ: Այն պարտադիր չէ, որ ընդունի միջուկային հրթիռների կիրառմամբ համաշխարհային պատերազմի տեսք: Ավելի շուտ, լինելու են «փռոքսի» (փոխարինիչ, երբ քո տեղը կռվում են քո կողմից մոդելավորված «մարտիկ-երկրները») պատերազմներ, որտեղ ներգրավվելու են մեծ շախմատային տախտակի զինվորները, որոնց ընթացքում հնարավոր է բազմաթիվ ժողովուրդների եւ պետությունների զոհաբերում, ինչպես դա արդեն պատահեց մեզ հետ 90 տարի առաջ: Այսօր արդեն նման պատերազմներ ընթանում են Աֆրիկայում, Իրաքը եւ ամբողջ Մերձավոր արեւելքը դառնում են այդ տեսակի պատերազմների հիմնական թատերաբեմ, իսկ Կովկասը, Կենտրոնական Ասիան արդեն հերթի են կանգնեցված:

Այո, ոչ ոք չորս տարի առաջ պատկերացնել չէր կարող, որ Ամերիկան այդքան արագ կփոխի իրերի դրությունն ամբողջ աշխարհում, եւ այլեւս ինքն է մեծ ու փոքր պետությունների, միջազգային կառույցների, միջազգային իրավունքի փոխարեն որոշում այս կամ այն կառավարության ճակատագիրը, այս կամ այն երկրին հարվածելու հարցը: Կանգնեցնել այդ ընթացքը կնշանակեր կանգնեցնել ամերիկյան եւ ընդհանրապես արեւմտյան քաղաքակրթության հաղթարշավը, արեւմտյան տնտեսության զարգացումը եւ վտանգել Արեւմուտքի բարեկեցությունն ու անվտանգությունը: Ինչպես Խորհրդային Միությունը չէր կարող կանգնեցնել իր ծավալումը եւ պետք է հասներ Բերլինի եւ Քաբուլի դարպասներին:

Թերեւս այսօր ամերիկյան քաղաքականության ճարտարապետների` նեոպահպանողականների գլխավոր գաղափարը կայանում է հենց այդ ծավալման անընդհատության մեջ, ինչպես դա անում էին ռուսական բոլշեւիզմի ճարտարապետները` Տրոցկին եւ Ստալինը, որոնք «անընդհատ համաշխարհային հեղափոխության» ջատագովներ էին: Բուշը, Չեյնին, Ռամսֆելդը եւ Վուլֆովիցը, թերեւս, Տրոցկի ու Ստալին չեն, սակայն գիտակցում են, որ այսօրվա ընթացքի դադարեցումն ուղղակի կփլուզի ամերիկյան հզորությունն ու համաշխարհային փխրուն կարգը. այդ պատճառով էլ աշխարհում սկսվել է համաշխարհային հեղափոխության նոր փուլ, որն ընդունել է «ահաբեկչության դեմ պատերազմի», վաղը` մեկ այլ տարածաշրջանային պատերազմի, վաղը չէ մյուս օրը` Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի միջեւ պատերազմի կամ էլ հենց նրանց քայքայման տեսք, իսկ Մերձավոր արեւելքը, Կենտրոնական Ասիան եւ, չի բացառվում, Կովկասը կվերածվեն Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի դարաշրջանի Եվրոպան հիշեցնող մարտադաշտի` բոլոր հետեւանքերով:

Այն, որ ՆԱՏՕ-ն ծավալվում է դեպի Արեւելք եւ պատարստ է հիմա ընդգրկել Ուկրաինային, Վրաստանին, Հայաստանին, ապագայում` անգամ Ղազախստանին, այն, որ Եվրամիությունը, չնայած ներքին ճգնաժամին, որոշում կայացրեց գնալ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների, նշան էր, որ Արեւմուտքը հասկանում է, թե իր ծավալումը դադար չի կարող առնել: Հակառակ դեպքում ինքը կհայտնվի «պարտվածի» դիրքում եւ չի դիմանա մահմեդա-ասիական Արեւելքում ու աֆրո-լատինաամերիկյան Հարավում ծնվող քայքայիչ ալիքին, ինչպես դա պատահեց հոների, արաբների, մոնղոլների եւ օսմանցիների ալիքների դեպքերում: Այսօր, առկա տեխնոլոգիաների պայմաններում, նման ալիքը կարող է պարզապես կործանարար դառնալ բոլոր տեսակետներից, եւ արեւմտյան ամբողջ սպառազինությունը չի կարողանա օգտակար լինել:

Այնպես որ, եթե վստահենք մեր տեսածին, ապա այսօր Միացյալ Նահանգները նպատակաուղղված ստեղծում է «ազատ մայրուղի» (freeway), որը տարածվում է Բալկաններից մինչեւ Չինաստանի սահմանները, որտեղ նրանք անխափան կարող են տեղափոխել իրենց ռազմական, տնտեսական, վառելիքային ուժերը եւ պաշարները, որտեղ չի կարող գոյություն ունենալ իրենց հակառակվող որեւէ վարչակարգ, եւ որտեղ ամերիկյան գերակայության հաստատումը բխում է ինչպես Մեծ Մերձավոր եւ Միջին Արեւելքներում անվտանգության ապահովման եւ ահաբեկչության վերացման, այնպես էլ համաշխարհային Ամերիկյան կայսրության ստեծման տրամաբանությունից: Քայլ առ քայլ ամերիկացիները մաքրում են «ֆրիվեյը»՝ սկսելով Հարավսլավիայից, ապա անցնելով արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմանը (այլ հարց է, թե ինչ հաջողությամբ), զսպելով Թուրքիային (Իրաքի պատերազմից հետո այս երկիրը սկսում է կորցնել իր դերակատարումը, քանզի պարզվեց, որ ԱՄՆ-ն կարող է իր հարցերը լուծել նաեւ առանց Անկարայի, եւ, ավելին, ժամանակին ճիշտ չկողմնորոշվելու համար Վաշինգտոնը հարկադրելու է թուրքական ղեկավարությանը գնալ քայլերի, որոնց ամենեւին չէր պատրաստվում. օրինակ, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ), հնազանդեցնելով Սիրիային, վերացնելով թալիբներին Աֆղանստանում եւ Սադամ Հուսեինին` Իրաքում, հաստատվելով Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում: Սա սցենար է, որը մեկնարկեց 2001թ. սեպտեբերի 11-ից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտնվեցին աահաբեկչության ցանցային պատերազմի մեջ, եւ այժմ սցենարը գնալով ավելի է արագացվում: Հերթը՝ Իրանինն է: Իրանն արդեն վերցված է աքցանի մեջ՝ Իրաքի եւ Աֆղանստանի կողմից: Մինչդեռ հարցը վերջնականապես լուծելու համար անհրաժեշտ է լուծված ունենալ նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրները (Ղարաբաղյան հակամարտությունը): Այս առումով Ղարաբաղյան հարցում, դատելով ըստ առկա միտումների եւ զարգացումների, որոշումն արդեն կայացված է, խնդիրը ժամանակն է: Որոշում, որի մասին եւ որի գնի մասին մեր երկրում ոչ ոք չի համարձակվում կամ չի ցանկանում բացահայտ խոսել:

Ամերիկյան ռազմական ներկայության հաստատումը Ադրբեջանում եւ Վրաստանում այսօր այլեւս փաստ է, իսկ Հայաստանում այն տեխնիկական հարց է, ինչպես նաեւ օրակարգում է Իրանում` վերջին շրջանում քիչ թե շատ կանխատեսելի եւ համաձայնության համար ընկալելի այաթոլլաներից իշխանությունը խլող իսլամական գվարդիականների վարչակարգի վերացման հարցը: Ընդ որում, հանուն այդ խնդրի լուծման Ամերիկյան կայսրությունը որոշ պահին կարող է զոհաբերել Հարավային Կովկասի որեւէ երկիր: Ինչպես 1920-21-ին Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան զոհաբերեցին Հայաստանին, Վրաստանին, անգամ` Հունաստանին` Մեծ Մերձավոր Արեւելքում իրենց ծրգարերի իրականացումն ապահովելու համար: Ահա՛ ինչ է մեզ հուշում 1920թ. մայիսյան իրադարձությունների օրինակը: Իսկ կկարողանա՞նք մենք այսօր առաջ ընկնել մեր հարեւաններից, ժամանակին կողմնորոշվել: Նման օրինակներ ունենք:

Հետաքրքրական է, որ ամերիկյան նեոպահպանողականները, որոնք, մոտիկ են տրոցկիզմին, իրատեսները (Քիսինջեր, Բեյքեր), լիբերալները (Բժեզինսկին), թեեւ տարբերվելով իրենց մոտեցումներում, չեն տարբերվում հիմնական ռազմավարության հարցում: Այն է` ԱՄՆ-ն պետք է իրապես ստանձնի համաշխարհային առաջնորդի անվիճարկելի դերը` տարածելով իր կայսերական ազդեցությունն աշխարհի բոլոր ծայրերում եւ ճնշելով ամերիկյան շահերին եւ հետաքրքրություններին սպառնացող ցանկացած վտանգ` ներառյալ պետություններ, միջազգային կառույցներ եւ զանազան տեսակի խմբավորումներ: Ինչ-որ նման բան ստեղծվում էր երկու հազար տարի առաջ: Նման գաղափարախոսությամբ, աշխարհը սեփական կերպով տեսնելու եւ համաշխարհային խաղաղությունն ապահովելու իղձն էր, որ մղում էր Ալեքսանդր Մակեդոնացուն եւ հռոմեական կայսրերին եւ լեգեոններին դեպի Պարսկաստանի տափաստանները, Աֆղանստանի լեռները եւ Հնդկաստանի անտառները, դեպի մառախլապատ Բրիտանիա, ձյունածածկ Գերմանիա, անապատային Արաբիա, լեռնային Հայաստան…

Հայոց թագավորներից Արտաշես Առաջինը, Տիգրան Երկրորդն ու Տրդատ Առաջինը դա լավ էին հասկացել, եւ մի կողմ դնելով բոլոր ամբիցիաներն ու նախասիրությունները` օգտվեցին պահից, մեկը նրանցից Մակեդոնացու ժառանգորդների` Սելեւկյանների հետ հարցերը լուծելով, հռչակեց Հայքի անկախությունը, մյուսը գնաց հռոմեական ճամբար, իսկ երրորդը՝ ուղղակի Հռոմ՝ կայսրի կողմից թագադրվելու համար: Ամերիկան էլ այսօր անցնում է Հռոմեական կայսրության ճանապարհը:

1991թ. մեր երկրի այն ժամանակվա ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկացավ, թե Պարսից ծոցի առաջին պատերազմից հետո եւ Խորհրդային կայսրության փլուզմանը զուգահեռ` ում առագաստներին են փչում քամիները, եւ նախանձախնդիր եղավ Ջորջ Բուշ-ավագի վարչակազմի հետ կապերի հաստատմանը՝ արժանանալով վերջինիս դրվատանքին ու հարգանքին ժողովրդավարության կառուցման եւ նոր աշխարհակարգում պատասխանատու դերակատարում ստանձնելու առումով (արդյունքում ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչվեց եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ միաժամանակ, տրամադրվեց զգալի ֆինանսական աջակցություն, իսկ Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանը ոչ միայն չենթարկվեց որեւէ պատժամիջոցի, այլեւ ստացավ ԱՄՆ-ի քաղաքական աջակցությունը թե՛ 907 բանաձեւի, թե՛ Թուրքիայի ռազմամոլ տրամադրությունները զսպելու, թե՛ հայկական կողմի ռազմական հաջողությունները անվերապահորեն ընդունելու տեսքով):

Այսպես մեզ մնում է հիմա որոշել` ո՞վ է լինելու մեր նոր Տրդատ Առաջինը, որ կգնա Նոր Հռոմ: Հետաքրքիր է, որ սկսած 2004թ. նոյմեբերից այդ հոսքը սկսվեց Հանրապետության Առաջին նախագահի ԱՄՆ կատարած այցով եւ նախագահ Բուշի հետ հանդիպմամբ: Դրան հաջորդեցին շատերը, այսօր էլ նրանք այնտեղ են: Քայլերը, որոնք պետք է կատարվեն, հերթական անգամ տիեզերական եւ համաշխարհային ուժերի ճակատամարտում չճզմվելու համար, պարզ են` Հայաստանը պետք է մինչեւ 2015թ. դառնա կամ ձգտի դառնալ Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի անդամ եւ մինչեւ 2010թ. Հայաստանից պետք է դուրս բերվեն ռուսական զորքերը:

Այսօր Հայաստանի համար առաջացել է մի կարեւոր հնարավորություն` օգտվել ԱՄՆ-ի «անընդհատ հեղափոխության» դոկտրինից, ըստ որի` Միացյալ Նահանգները, ելնելով իրենց անվտանգության շահերից եւ կանխարգելիչ հարվածների իրավունքից, պահպանելով հիմնականում դաշնակցային հարաբերություններն իրենց ավանդական գործընկերների հետ, սկսում են ստեղծել իրենց համար նոր աշխարհաքաղաքական հենարան՝ համախմբելով իրենց շուրջ Խորհրդային կայսրության փլուզման հետեւանքով առաջացած նոր պետություններին՝ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքներում: Այսպես, արդեն այս պետություններ են տեղափոխվում մինչ այժմ Արեւմտյան Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորքերը: Այստեղ նախ եւ առաջ գործում է պարզ մի ճշմարտություն. եթե որեւէ պետություն ցանկանում է շարունակել գոյատեւել, զարգանալ եւ չմնալ համաշխարհային զարգացման «լուսանցքում», ապա նա պետք է դառնա այս աշխարհում առաջատար քաղաքական, տնտեսական եւ անվտանգության համակարգերի անդամ:

Այսպիսի համակարգն այսօր ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն են: Մյուս բոլոր դեպքերում դու իսկապես մնում ես «լուսանցքում»:

Այս բոլոր խնդիրները, իրենց հերթին, պահանջում են բարդ, բայց լուծելի խնդրի կարգավորում՝ նոր որակի քաղաքական համակարգի եւ նոր քաղաքական ղեկավարության ձեւավորում: Նրանից, թե մոտակա հինգ-տասը տարում ինչքանով կկարողանան Հայաստանի ողջախոհ, արդիական ուղղվածության ուժերը համախմբվել ու իրենց վրա վերցնել իրական պատասխանատվությունը երկրի վերակենդանացման համար, կախված է, թե հայոց պետականությունը որքան ուժեղ եւ կայացած կլինի կամ որքանով կնմանվի աֆղանական կամ սալվադորական մոդելներին:

Իսկ մոտակա ժամակահատվածը նման հնարվորություն ընձեռում է, որպեսզի մենք դուրս գանք քայքայիչ ապատիայի վիճակից եւ այլեւս լքենք կայսր Ներոնի դաստիարակ, հռոմեացի փիլիսոփա Սենեկայի դիրքը, երբ մոտ երկու հազար տարի առաջ, հեռացվելով կայսերական արքունիքից, ասում էր իր սանիկի մասին. «Դա չի կարելի հաղթել, բայց դա կարելի է արհամարհել»: Թեեւ մենք` հայերս, ունենք առավել վառ օրինակ, երբ աշխարհի անարդարությունը փոխելու փոխարեն` Փոքր Մհերը գերադասեց փակվել վիհում եւ սպասել, մինչեւ նրան աշխարհովի հետ կանչեն: Չեն կանչելու: Ժամանակ այլեւս չի մնում:

Այսինքն, այսօր մեզ համար խոսքն իրական պատմության մեջ իրական ժողովրդի իրական տեղի մասին է: Եվ այդ պատմությունից կարելի է դուրս մնալ: Ժամանակն է գիծ քաշել XX դարի տակ` հաշվի առնելով նրա դառը փորձը: Այլապես XXII դար կարող է չլինել: Առնվազն մեր երեխաների եւ թոռների համար:

Այո, մենք իրոք ապրում ենք տագնապալի եւ դաժան աշխարհում, որտեղ արեւի տակ տեղի համար պայքարը ոչ թե հանդարտվում է, այլ միայն թեժանում: Գալիք մեծ բախումը իրոք կործանարար կլինի Հայաստանի համար. եթե չօգտագործվի վերջին շանսը` չի անցնի անցյալից դեպի ապագա տանող կամրջով: Այն ազգերը եւ պետությունները, որոնք կառչած չեն անցյալից, որոնք նպատակաուղղված են դեպի ապագան, վճռորոշ կամ ազդեցիկ խոսք կունենան նոր աշխարհում: Մենք էլ կարող ենք այդ խոսքը եւ տեղը ապահովել, եթե ցույց տանք, որ մեր կյանքը շարունակվում է, եւ մեր պատմությունը դեռ չի ավարտվել:

ԴԱՎԻԹ ԶՈՐՅԱՆ

Share this content: