Մաշտոցյան մշակութային քաղաքականությունը

(Սուրբ թարգմանչաց տոնի առթիվ)

Քաղաքակրթական անցումային փուլերում, երբ տեւտոնիկ փոփոխությունների են ենթարկվում մշակույթների արժեհամակարգերի առանցքային արժեքների գիտակցումն ու սահմանումները, անհրաժեշտ է գտնել մշակութային համակեցության, ներդաշնեցման բանաձեւեր, որ հաջողությամբ իրականացրեց Մաշտոցը: Նույն քաղաքակրթական գլոբալ ճգնաժամի առջեւ է այսօր մարդկությունը, որից ելքեր առաջադրող մշակույթները միայն կանցնեն հաջորդ պատմափուլ` որպես կենսունակ տարրեր, մինչդեռ արժեհամակարգի առաջնահերթությունները չարձանագրած, ինչպես նաեւ այդ առաջնահերթությունների գլոբալ համապատասխանեցման բանաձեւեր չգտած մշակույթները կմարեն ժամանակի մեջ եւ կփոշիանան` բախվելով գլոբալ քաղաքակրթության արագություններին: Խնդրի մաշտոցյան լուծումը կարող է շահեկան եւ կենարար լինել այսօրվա մարտահրավերների պայմաններում: Մաշտոցյան գրերի գյուտի անդրադարձերն ու ուսումնասիրությունները բազմաճյուղ են հայագիտության մեջ, սակայն նվազ ուշադրություն է դարձվել Մաշտոցով սկիզբ առնող մշակութային քաղաքականությանը:

Թվարկությունների սահմանագլխին սկսված քաղաքակրթական համաշխարհային ճգնաժամը չշրջանցեց եւ հայ մշակույթը. մեր թվարկության երրորդ դարի վերջերից հայ մշակույթը կանգնած էր քաղաքակրթական ընտրության առջեւ, որ Գրիգոր Լուսավորչի միջոցով 301-ին կատարեց հօգուտ արեւմտյան քաղաքակրթական համակարգի: Սակայն եթե դա ամրակայված չլիներ մշակութային անհրաժեշտ այլ գործոններով` ի սկզբանե ունենալու էր դատապարտվածության խարանը: Այդ ամրակայման համակարգված որոնումները հանգուցալուծվեցին քրիստոնեությունը պետականորեն ընդունելուց մոտ 100 տարի անց` 405-ին, հայ գրերի մաշտոցյան գյուտով:

Ցանկացած պատմափուլի ցանկացած քաղաքակրթության էությունն է համապարփակեցումը, ուստի ազգային մշակույթները կանգնում են քաղաքակրթության մետրոպոլիայի առանցքային մշակույթին կուլ չգնալու մարտահրավերի առջեւ: Կենսական է դառնում ինքնությունը պահպանելու համար տարբերակիչ առանցքային արժեքների փնջի ճանաչումն ու դրանք անխոցելի պաշտպանական համակարգով ապահովումը: Հստակ որսալով նոր` արեւմտյան քաղաքակրթության զարգացման տրամաբանությունը` Մաշտոցին հաջողվեց առանց քաղաքակրթության մետրոպոլիայի արժեքների հետ բախման վտանգի առջեւ կանգնեցնելու հայությանն ու հայ մշակույթը, արձանագրել այդ փունջը եւ գործնական ու համակարգված քայլեր կատարել այդ ուղղությամբ: Ավելին` նա մշակեց եւ կիրառեց մշակութային այն քաղաքականությունը, որը թույլ էր տալու ապահովել հայ մշակույթի համակեցությունը որդեգրված քաղաքակրթության ներսում` պահպանելով ինքնությունը: Որպես ամբողջ համակարգի ողնաշար` Մաշտոցն ամրակայեց լեզուն` սեփական գրային համակարգով, որը նույնպես կրում էր որդեգրված քաղաքականության տրամաբանությունը: Դա, առաջին հերթին, քրիստոնեության տարածման հեղափոխականության փուլում գրեթե հիմնովին ոչնչացված ազգային մշակութային իրողությունների եւ արեւմտյանի ներդաշնեցումն էր (տառերի գծապատկերներից սկսած մինչեւ այբուբենի ներքին փիլիսոփայությունը): Երկրորդ` եթե նախորդ պատմափուլի եւ հայ մշակույթի օրրան հնդ-իրանական քաղաքակրթության տրամաբանությամբ ազգ հասկացությունը սահմանվում էր որպես արյունակցական միավորում, ապա նոր` արեւմտյան քաղաքակրթությունը բերում էր ազգ հասկացության մի նոր սահմանում` ազգ-եկեղեցի տեսքով, որ պիտի գոյատեւեր ավելի քան մեկ ու կես հազարամյակ. ուստի Մաշտոցն իր գործունեությունը ծավալեց եկեղեցաշինության եւ տաճարական դպրոցներ հիմնելու ճանապարհով: Երրորդ` պորտալարը չկտրելու համար համաշխարհային ձեռքբերումներից` սկիզբ դրվեց մի շարժման, որ կոչվեց թարգմանչական շարժում, որ դարձյալ մեկ գործողությամբ լուծում էր մի շարք խնդիրներ` ա) արեւմտյան մտքին համընթաց քայլք, բ) որպես պահպանության արժանի եւ ինքնության պահպանման բարձրագույն արժեք հռչակված լեզվի մշակում ու զարգացում, գ) հայ մտավոր վերնախավի ձեւավորում:

Մաշտոցյան մշակութային քաղաքականության ամենակարեւոր էութենական մոտեցումներից էր այն, որ նա այդ բաղադրիչների իրացումը կատարում էր ժամանակային վեկտորի հստակ հաշվառմամբ: Այդ քաղաքականության հիմքում դրվեց կամրջման փիլիսոփայությունը, որն առավել մեծ չափաբաժիններով նյութականացավ գրերի համակարգման եւ մշակութային գործունեության հատկապես սկզբնական շրջանում: Այդ քաղաքականության հետագա լավագույն կիրառողը եղավ Խորենացին: Ժամանակային հաջորդ փուլում այս առաջնահերթությունը մշտապես պահպանվելով հանդերձ` իրենից առաջ թողեց մեկ այլ առաջնահերթության, այն է` տաճարականության փիլիսոփայությունը, որը ներառում է եւ՛ տաճարական մտավորական-ազնվական խավի ստեղծումն ու դրա ներսում ինքնավերարտադրման մեխանիզմի տեղակայումը, եւ՛ տաճարականությանը հատուկ գաղափարախոսականացումը, եւ՛, մի կողմից՝ մշակութային սպունգի, մյուս կողմից` մշակութային վահանի գործառույթները: Ժամանակի կտրվածքի մեջ սրան անմիջապես հաջորդած փուլում զարկ տրվեց համընթացության փիլիսոփայությանը, որը դարձավ հերթական առաջնահերթությունը` երկար ժամանակ իր տեղը չզիջելով նախորդ երկուսին, թեեւ դրանք գործեցին մշտապես: Խնդրի դրվածքն այսպիսին էր. քանի որ անհնար եւ անարդյունավետ է տոտալ պատերազմ հայտարարել քաղաքակրթության արժեքներին, ինչպես նաեւ անիմաստ է պաշտպանվել դրանցից ու մերժել դրանք, քանի որ այդ ուղին կտաներ ինքնամեկուսացման, անմրցունակության ու դանդաղ մահվան, ապա պետք է ամբողջ ճակատով սկսել համաշխարհային մտքի եւ ժամանակակից տրամաբանության հայերենացման շարժում` դրանով ապահովելով եւ՛ կենսունակությունն ու մրցունակությունը, եւ՛ աշխարհի համար ընկալելի լինելն ու անընդմեջ զարգացման հնարավորությունը: Հատկանշական է հատկապես այն ռազմավարական մոտեցումը, համաձայն որի այս եռյակ առաջնահերթությունները երբեք պետք չէ, որ հանդես գային մեկուսի, այլ, ներսում ունենալով ճկունության մեխանիզմը, փոխնեփոխ հայտնվեին առաջինից երրորդ տեղերում` ըստ միջազգային զարգացումների, ազգային հրամայականների ու առկա ներուժի թելադրանքների: Այս հանգամանքն իր կարեւորությամբ մի նոր առաջնահերթության արժեք ուներ, որ խստագույնս կիրառվեց Մաշտոցի կենդանության օրոք, եւ որի խաթարումից բողոքում էր Խորենացին իր «Ողբում»: Մաշտոցյան այս մշակութային քաղաքականության արդյունավետ եւ խիզախ կիրառման արդյունքը վեր էր սպասվածից. այն ապահովեց ոսկեղենիկ գրաբարի հաղթարշավը, մի բան, որ առանցքային թիրախներից էր այդ քաղաքականության, ինչպես նաեւ ընդամենը մի քանի տասնամյակում ստեղծեց մշակութային այն աննախընթաց պայթյունը, որ հայագիտության մեջ կոչվում է Ոսկեդար, ինչպիսին հայ մշակույթը այլեւս երբեք չունեցավ, չնայած իր բազում մշակութային հաղթանակներին:

Արդյունավետության տեսանկյունից հույժ կարեւոր եւ արմատական բաղադրիչ-չափորոշիչ է նաեւ թիվ մեկ անհրաժեշտ պայմանի առկայությունը, այն է` պետականությունը` ինքնիշխանության թեկուզ եւ նվազ պաշարով, ինչպես Մաշտոցի ժամանակներում էր: Պատճառահետեւանքայնությամբ տեսանելու դեպքում հստակ երեւում է, որ ինքը` մաշտոցյան Ոսկեդարը, լինելով պետականության ծնունդ, կարող էր դառնալ ծնողը նույն պետականության, հանգամանք, որին իրավացիորեն մեծ ուշադրություն է դարձված հայագիտության մեջ: Պետականության կորստին հաջորդած մի քանի տասնամյակների ընթացքում հայկական ապստամբական հուժկու շարժումը, որը, ցավոք, չպսակվեց պետականության վերականգնումով, պայմանավորված էր հենց այն կենսական հողով, որ նախապատրաստել էր մաշտոցյան մշակութային քաղաքականությունը:

Մաշտոցյան այդ քաղաքականության շարունակությունը, հիմնականում պայմանավորված պետականության կորստով, հետագա դարերում նույն արդյունավետությամբ չկիրառվեց: Իսկ երբ հնարավորինս մերձ քաղաքականություն տարվեց հայ իրականության մեջ` այս կամ այն չափով կիրառելով մաշտոցյան քաղաքականության բաղադրիչների կենսական լիցքերը, ապահովվեց մշակութային վերելք. դրա վկայությունն են միջնադարյան Բագրատույաց-Արծրունյաց շրջանի վերածնունդն ու Կիլիկյան Հայաստանի մշակութային պայթյունը: Այսօր դարձյալ նույն մարտահրավերի առջեւ է հայ մշակույթը` մի ոչ անկարեւոր տարբերությամբ. եթե գլոբալացող աշխարհը Մաշտոցի ժամանակներում հայոց դուռը թակում էր հայերի` մշակութային որեւէ պատմափուլ բաց թողած չլինելու շրջանում, ապա հիմա բաց են թողնված բազում շրջաններ` սկսած ռեֆորմացիայից ու լուսավորչականությունից մինչեւ հետարդյունաբերական ժամանակներ: Թեեւ ներկան էլ ունի իր առավելությունը. եթե մաշտոցյան քաղաքակրթական ընտրանքի ժամանակներում հայ ժողովուրդն իր կիսանկախ պետականությունը վերջնականապես կորցնելու վայրէջքի մեջ էր, ապա այսօր հայ մանուկ պետականությունը եզակի բարեբախտություն ունի վերելքի շրջանի մեջ հայտնվելու:

Ամփոփենք. Մաշտոցը Վռամշապուհ արքայի եւ կաթողիկոս Սահակ Պարթեւի հետ որդեգրել էր մշակութային մի քաղաքականություն, որի գրագետ իրականացման արդյունքում՝ ա) հայ ժողովուրդը 16 դար պահպանեց իր ինքնությունը, իսկ պատեհ առիթի դեպքում` նաեւ մի քանի անգամ վերականգնեց սեփական պետականությունը, բ) ազգն այլեւս չկտրեց արմատներն իր բնիկ մշակութաբանական տարրերից, թեեւ քրիստոնեությունն իր նախնական` հեղափոխական փուլում գործել էր բազում մշակութային ավերածություններ, գ) այս կամ այն չափով հնարավոր եղավ հայ ժողովրդի համար տարածաշրջանում ապահովել մշակութային ջահակրի գործառույթներ, դ) նույնիսկ էթնիկ սպառման շեմին գտնվելու պայմաններում հայությանը հաջողվեց հնարավորինս համընթաց քայլք պահել քաղաքակրթական այն բեւեռի ժողովուրդների հետ, դեպի որոնց մշակույթի զարգացման ուղին ուղղորդեց Մաշտոցը հայ մշակույթը 1600 տարի առաջ: Մաշտոցյան մոտեցումները խորությամբ ընկալելու պարագայում` հնարավոր է դրանք ստեղծագործաբար կիրառել նաեւ այսօր, մանավանդ որ նույն մարտահրավերներն են` առավել զարգացված արագությունների պայմաններում: Դրա համար անհրաժեշտ է խնդրի նույն ընկալումը, այն է՝ ա) ժառանգման, պահպանման, զարգացման եւ փոխանցման արժանի արժեքային համակարգի հստակեցումը, որտեղ նույնպես, ըստ մեզ, որպես ողնաշար կարող է հանդես գալ ազգային լեզուն, բ) Լուսավորիչով ու Մաշտոցով ուղենշված արեւմտյան քաղաքակրթական համակարգում համակեցության մոդուլների հստակեցումը, գ) «ազգ», «կրոն» եւ հարակից հասկացությունների հերթական վերասահմանման մտքի քաջությունը:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2005թ., նոյեմբերի 19,
ՀՊՃՀ տարեկան գիտաժողով. նյութերի ժողովածու, հատոր 2, Ե., 2005թ.

Share this content: