Ելակետի օրենքը

Ընդհանրապես, պետականության մշակութային բարձրակետին հասել են մոլորակի ոչ բոլոր ազգերը. այն կարգաբանական ցուցիչ է: Իսկ առանց այդ ցուցչի ելակետային ճշտումների հնարավոր չէ կառուցել մրցունակ, զարգացման հեռանկարով երկիր: Մենք վերջապես պետք է ազգովի խիզախությունն ունենանք բարձրաձայնելու մեր առաջնահերթությունները: Օրինակ, կոմունիստները դա արել էին` ասելով, թե իրենց համար էականը գաղափարախոսականացված երկրի մաս կազմելն է, որի համար կարելի է զոհել ամեն ինչ. ուստի նրանց համար կարեւոր չէր, թե իրենց առաջնորդն ինչ ազգից է, կարեւոր չէր, թե ինչ սոցիալական վիճակում է ապրում ժողովուրդը: Այդ խիզախումն ունեն նաեւ այսօրվա, ասենք, հայ արիները, որոնք պարզ հայտարարում են, որ իրենց համար էականը արիական (հնդեվրոպական) ցեղակիցների երկիր ստեղծելն է, ուր կարեւոր է, որ անհատն ապրի ցեղորեն, պաշտի իր տոհմիկ աստվածներին. եւ միայն այդ արժեքներին են արժանի զոհաբերություններ: Եթե անգամ չընդունենք նրանց պատկերացումները` համարելով հնացած ու անօգուտ, ապա պարտավոր ենք հարգել նրանց խիզախումը, մի բան, որ ի տարբերություն կոմունիստների եւ հայ արիների` չունի այսօրվա ոչ միայն քաղաքական վերնախավի մեծագույն մասը, այլեւ հասարակությունն իր ամբողջության մեջ:

Ելակետային անորոշության կամ գուցե հակադիր լինելու արդյունքում ժամանակին Հայ եկեղեցին ոչնչացրեց Պապ թագավորին, Վարդան Մամիկոնյանը փորձեց իր կալվածքները թողնել ու հեռանալ ապահով Բյուզանդիա (ինչը հետագայում հաջողությամբ արեցին հայ բազմաթիվ իշխանական տներ), Պետրոս Գետադարձ կաթողիկոսը թշնամուն օգնեց գրավելու ու ավերելու մայրաքաղաքը, եւ այլն եւ այլն, եւ մինչեւ այսօր: Երբ հստակեցված ելակետային դրվածք է եղել, ապա միայն հաղթանակներ են արձանագրվել: Օրինակ, մեր առաջին ֆիդայիներն ունեին հստակ ելակետ` պետք է քրդին ու թուրքին ստիպել, որ հարգի հայի արժանապատվությունը: Ֆիդայությունն այդ ընթացքում պարտություններ չէր կրում, այլ միայն զոհեր էր տալիս. իսկ զոհի գաղափարը սրբազան է հռչակված աշխարհի բոլոր սուրբ գրքերում:

Մենք այսօր չենք հստակեցրել մեր ելակետը, թեկուզեւ ժողովրդին անհաղորդ սահմանադրություն ու է՛լ ավելի անհաղորդ դրա «բարեփոխումների» փաթեթ ունենք` մինչեւիսկ Վենետիկի «դաբրոյով»: Ուզում ենք մի երկիր, ուր արյան «մաքրությու՞նն» է էությունը, ցեղային գերազանցության ինքնագիտակցու՞մը, մեկ եկեղեցու շուրջ համախմբված լինե՞լը, թե՞ ուր Մարդն ազատ ապրի:

Մեր առնվազն Արշակունի թագավորները «արյամբ» հայ չէին, բայց մեր ամբողջ պատմության ընթացքում դժվար թե կարողանանք առավել լուսավոր դեմքեր ցույց տալ, քան Պապ եւ Վռամշապուհ Արշակունիներն էին: Մեր երգահան Ավետ Տերտերյանը, մեծագույն հայագետ Ղեւոնդ Ալիշանը հավատքային այլ հակվածություններ ունեին, բայց նրանցից հրաժարումը դժվար թե ողջախոհության սահմաններում լինի: Եվ միայն մենք չենք: Օրինակ, ազգությամբ հրեա Մուսթաֆա Քեմալը, որ մուսուլման էլ չէր, այլ անհավատ, տառացիորեն ոչնչից կարողացավ թուրք ժողովրդի համար ստեղծել այսօրվա Թուրքիան: Եթե թուրքի «ազգային կրոնը»` իսլամը, մոլեռանդորեն դավանող որեւէ «զտարյուն թուրք» կարող էր` թող փրկեր իր ժողովրդին. չգտնվեց այդպիսին, իսկ Քեմալի ելակետը մրցունակ երկիր ստեղծելն էր, ո՛չ արկածախնդիր երազայնությունը: Կորսիկայի ազատագրության համար ֆրանսիացիների դեմ կռվող ընտանիքում ծնված կորսիկացի Նապոլեոնը դարձավ բոլոր ժամանակների մեծագույն ֆրանսիացիներից:

Այսինքն, շատ վաղուց անցել են (եթե իհարկե երբեւէ իրականում եղել են) եւ՛ կրոնական, եւ՛ արյունակցական, եւ՛ համանման արժեքային ելակետների ժամանակները: Մյուս կողմից` ելակետները կարող են լինել ժամանակավոր` մարտավարական հաջողությունների հասնելու համար հռչակված, եւ հիմնարար` ռազմավարական շահեր ենթադրող: Սրանք գործում են զուգահեռ` առանց մեկը մյուսին բացառելու, առանց միմյանց խաչվելու: Այն անձինք եւ հանրույթները, որոնք չեն գիտակցել զուգահեռների` չհատվելու կանխադրույթը եւ շարունակում են գիտակցաբար կամ անգիտակցաբար հակադրել դրանք միմյանց, մեկը պայմանավորելով մյուսով` դատապարտված են անընդհատական խորը հիասթափությունների: Այսօր առաջավոր մարդկությունը, անցնելով բազում պատմափուլերի միջով, հավանաբար մի տեւական ժամանակի համար հռչակել է խիստ որոշակի արժեհամակարգ: Ամենեւին ճիշտ չի լինի պնդել, թե դրանք հավերժորեն անփոփոխ եւ միստիկորեն անվիճարկելի են, սակայն փաստ է նաեւ այն, որ դրանք օրվա համար ամենաարդյունավետն ու կենսունակն են: Դրանք արհամարհելն ու չընդունելը նշանակում է տոտալ պատերազմ հայտարարել մարդկության հենց այդ առաջավոր մասին, ավելի կոպիտ` համաշխարհային ուժային կենտրոններին: Ու եթե դեռ մեր մեջ մնացել է Հայրենիք հասկացությունը, որպես իրական ու միեւնույն ժամանակ բնազանցական երեւույթ, ապա պարտավոր ենք անսալ վերասահմանումների հրամայականին, ինչպես երբեմն եղել է մեր պատմության մեջ. եւ միայն այդ դեպքերում է, որ ունեցել ենք հաջողություններ` ժամանակի մեջ եւ հեռահար կտրվածքի համար:

19-20-րդ դարագլխին, երբ համաշխարհային վերարժեւորումներին նոր` հեղափոխական զարկ էր տրված, հայ մտավոր վերնախավն էլ ոչ սակավ հաջողությամբ որսաց ժամանակի զարկերակը` Չարենցի «Երկիր Նաիրիով» գալով ամփոփելու բանաձեւումը` Ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում: Եվ եթե հաջող ու ուղենշային էր այդ բանաձեւումը, ապա բացառապես այն բանի շնորհիվ, որ մի կողմից` համահունչ էր համաշխարհային գործընթացներին ու բխում էր նրա տրամաբանությունից, մյուս կողմից` որպես ելակետ էր ընտրված Հայրենիքի շահը:

Այժմ, ունենալով ու բավարարված լինելով չարենցյան պատասխանով եւ լուծմամբ, աշխարհը ստիպում է պատասխանել, լուծել հերթական հարցը` Ի՞նչ ենք ուզում մենք: Ինչպիսին էլ լինի պատասխանը, ելակետն անփոփոխ է` Հայրենիքի շահը, որի զուգահեռականություն ունեցող էության մասին պետք չէ մոռանալ: Սակայն, ցավոք, տարերայնորեն առաջարկվող լուծումներում մենք դեռեւս մնացել ենք նախորդ պատմափուլերին հատուկ Հայրենիք հասկացության սահմանման շրջանակներում, ուր արյունակցություն, կրոն եւ համանման զանազան կարծրատիպերն են հիմնարար. մենք դեռ զուրկ են գլոբալ հայացքից, ռազմավարական մտածողությունից, ուստի եւ մեզ չի տրվում առաջավոր արժեհամակարգի կապկումներից այն կողմ անցնել` հարազատել այն:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ «Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2005թ., դեկտեմբերի 3

Share this content: