«Էնպես զարկեց ջաղացքարին`
Քարը եղավ հազար կտոր,
Կտորները երկինք թռան
Ու գնում են մինչեւ էսօր»:
Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
ԱԶԳԵՐԸ
Ք.ա. 605թ. վերացավ Ասորեստան գերտերությունը: Ասորիք պետությունը խիստ հազվադեպ է ինքնիշխան եղել: Ու թեեւ գիտնականներն ասում են, թե ասուրներն ու ասորիները տարբեր ժողովուրդներ են եղել, խոսել են տարբեր լեզուներով, բայց այսօր ապրող ասորիներն այդ տարբերությունը չեն ընդունում եւ իրենց համարում են միացյալ ժառանգորդ: Գուցեեւ ճիշտն իրենք են: Կարեւոր չէ:
Ասորեստանին ժամանակին ենթարկվել են Ուրարտուից սկսած մինչեւ Եգիպտոս, Ասորիք փոքրիկ երկրի թագավոր Աբգար 9-րդը 207թ.-ին աշխարհում առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը: Իսկ Իրաքյան պատերազմի սկզբում անխնա թալնվեցին ու անհետացան հենց այդ մշակույթի միլիարդներ արժեցող նմուշները: Բայց սա էլ կարեւոր չէ:
Պարզապես այնքան հզոր էր մարդկության արշալույսի առաջին այդ պետականություններից մեկի մշակութային պայթյունը, որ անգամ կործանումից հետո ավելի քան 1500 տարի հունա-հռոմեական քաղաքակրթության Առաջավոր Ասիայի մշակույթներում տնօրինում էին հենց ասորական մշակույթն ու ասորիները, այս ու այնտեղ տալիս կաթողիկոսներ, գիտության, քաղաքականության, բոլոր բնագավառների առաջնորդներ: Իսկ արդեն 20-րդ դարում Վիլյամ Սարոյանը ցավով գրում էր իր «70 հազար ասորի» հանճարեղ պատմվածքը, երբեմնի գերհզոր ժողովրդի բեկորները` մխիթարվում սրա-նրա կողմից կիսաբերան հիշատակման արժանանալուց: Գերհզոր քաղաքակրթության այդ երբեմնի Մեծ պայթյունը 2500 տարի իրենով սնեց մաշվող իր ժողովրդին ու սպառվում է վերջնականապես:
Մեկ այլ գերհզոր քաղաքակրթության` հելլենիզմի կրող հույները, որ մի ժամանակ ակոսում էին ցամաքն ու ջրերը` աշխարհի ծագերում ամուր կանգնեցնելով իրենց հերկուլեսյան սյուները, թեեւ իրենց կայսրությունն ու պետությունները կորցրին հռոմեական կանգնումի առաջին իսկ հարվածներից, սակայն շարունակելով սնվել ու մսխել իրենց Մեծ պայթյունի էներգիան, կարողացան դեռ երկար ժամանակ ոտքի մնալ` մի կիսահունական Բյուզանդական կայսրություն ստեղծելով: Բայց քանի որ երբեմնի փառքն ու զորությունը ոչնչով չէր ավելացվում, աստիճանաբար մարեցին, մինչեւ երախտապարտ Եվրոպան արդեն հազար տարի կլինիկական մահվան մեջ գտնվող իր ծնողի համար թոշակ նշանակեց` ստեղծելով այսօրվա Հունաստան պետությունը: Այսօր հույներն աշխարհին Արիստոտել ու Պլատոն, Պյութագորաս ու Թալես այլեւս չեն տալիս. դրա փոխարեն բարգավաճում է իրենց նախնիների ստեղծածը տեսնելու եկող տուրիստներից ստացվող եկամուտը: Եվ ընդամենը: Բարեհաճ զավակի` զարգացած Արեւմուտքի ներողամիտ պաշտպանությունը վայելելով ունակ են, ասենք, տեղ տալու նեղացած խմբավորումների, որոնք իրենց էլ նեղացրածների դեմ կհոխորտան կամ, ասենք, «ԱրմենԹելի» տիպի գործունեության` եւ միայն Հայաստանի տիպի երկրներում, մինչդեռ նույն ռազմական բլոկի մեջ մտնող Թուրքիան կարող է մինչեւիսկ իրենց պաշտպանության նախարարի ինքնաթիռն ուղղորդել իր ցանկացած տեղը: Ի տարբերություն ասորիների, հելլենների հետնորդ ժողովուրդներն ապերախտ չեն: Եվ ընդամենը:
Այսպես կարելի է թվել հզոր քաղաքակրթությունների այլ չնչին բեկորների եւս, որոնք իրենց երբեմնի Մեծ պայթյունի մարող իներցիայի ուժով շարունակվել են մինչեւ մեր օրերը եւ ապրում են ոչ թե նոր պայթյունի հավատով, այլ դրա դիմաց վարձք ակնկալող անհիմն հույսերով:
Մեր` հայերիս մասին մի փոքր դժվար է խոսելը, քանի որ մեր պայթյունը, եթե անգամ եղել է այն, պատված է պատմության անթափանց մշուշով, բայց որ այսքան երկար կարողացել ենք առանց պատմությանը հայտնի թալեսների ու մակեդոնացիների լինել ոչ այնքան փոքր թվաքանակով ու երբեմն-երբեմն նույնիսկ պետականություն ունենալ, խոսում է մեր ենթագիտակցության ու հիշողության ամենախոր ծալքերի զգայական մակարդակում պահված «մի երկնային առնչության առասպելի» մասին: Ուրեմն դարձյալ մի խոշոր հրման, մի խոշոր պայթյունի էներգիա ենք մսխել, որ հազարամյակներ հետո ավելի քան 10 անգամ մեծ հայրենիքի մի այլեւս նահանջի տեղ չթողած հատված այնուամենայնիվ ունենք, որ դեռ հայերեն մտածող զանգված կա այդ փոքրիկ հատվածում: Եվ ընդամե՞նը…
ԱՆՁԻՆՔ
Օրենքն ամենուր է օրենք. եւ հատկապես աներկբա է, երբ բնական օրենք է: Եթե ժողովուրդների պարագայում Մեծ պայթյունը, կախված նախնական ուժի մեծությունից, իներցիայով շարունակվում է որոշ դեպքերում նույնիսկ հազար տարուց ավելի, որի ընթացքում էներգիան միայն մսխվելով ու չավելանալով` մարում ու մարմանը զուգընթաց դեգրադացնում է կրող ժողովրդին, ապա ինչու՞ պիտի բացառություն լինեն անհատները, մանավանդ այդ ժողովուրդների անհատները, որոնք ապրում են ոչ թե արարելով, այլ նախապապերի արարածը մի կերպ սրա-նրա վրա ծախելով:
Ասորիներն այսօր էլ տալիս են նշանավոր մարդիկ, բայց միայն իրենց գետտոյից դուրս: Իսկ գետտոյի կյանքում դեռեւս վերապրողները բացառապես սպառողներ են, որ պարտվել են քանի հազար տարի առաջ: Նրանց եւ մյուս հին ազգերի մասին այսպես է ասում Լոուրենս Արաբիացին. «…Ինչ վերաբերում է ասորիներին, հույներին, հայերին… կգնան ցանկացած տեղ, ուր աշխատավորներ կան աշխատեցնելու, խորամանկորեն կխիզախեն` հեզորեն տառապելով, դրամ խնայելով, գործ անելով: Այո՛, նրանք գործ են անում: Այնպես են գործ անում, որ աշխատավորն այդպես չի՛ աշխատի… Այսօրվա արաբը հին, փառավոր Արաբիայի արվեստներից, բարքերից, գործարարությունից զուրկ է. նա անապատի փոշին է…»:
Թեեւ Հունաստանն այսօր Եվրամիության անդամ երկիր է (կրկնեմ` որպես վարձք երախտապարտ զավակի կողմից տրված), սակայն Եվրոպայի էության հետ կապ չունի: Գերմանացին, ֆրանսիացին, չեխը, անգլիացին… արգելված տեղով ու ոչ իր լույսի տակ փողոցը չի հատի, իսկ Հունաստանում օրական այնքան մարդ է այդ հասարակ կարգը խախտելու պատճառով ավտովթարի ենթարկվում, որքան իրական Եվրոպայում միասին վերցրած: Եվ սա մշակույթ է: Թեկուզ պետություն, բայց հունական գետտոյում Դեմիս Ռուսսոս չի ծնվում, թեեւ եւ՛ հույներն են իրենցը համարում, եւ՛ Ռուսսոսն է ասում, որ ինքը հույն է, ինչպես ֆրանսիական մշակույթի մեր Ազնավուրը:
Արդյո՞ք նույնը չէ հայերիս պարագայում: Նույն տեսքի անհատը հայկական գետտոյում Սերո Խանզադյան է, իսկ գետտոյից դուրս` Վիլյամ Սարոյան: Տաղանդի չափն այստեղ ոչ մի կապ չունի. պարզապես մեկը վաղուց մսխված էներգիայից է սնվել, մյուսն էներգիայի այլ` կենսունակ, վերարտադրվող աղբյուրից: Իսկ Չարենցի կամ Մաթեւոսյանի բերած էներգիան մեզ պետք չէ, մենք մեկ խնդիր ունենք` դուրս գալ նրանց «պարտքի տակից»` մի փողոց ու նման բան անվանակոչելով: Մեր ինչի՞ն է պետք կենդանի Վազգեն Սարգսյանը` զինվորը, դա ավելորդ գլխացավանք է, մեզ պետք են հերոսների աճյուններ, անվանակոչված շենքեր ու նման բաներ:
Ու այսպես էլ նոր, երիտասարդ, կենսունակ արժեքներով իրականում ապրող ժողովուրդների կողքին պետություն ենք սարքում: Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ է անում. մեզ հետաքրքրում է, թե ով ինչ է արել. իսկ որ ավելի վատ է` ում հայրը կամ պապն ինչ է արել: Մենք ներկան չենք հարցնում. եւ ներկայի մասին մեզ ոչինչ չեն ասում, որովհետեւ շուկան նման պահանջարկ չի ձեւավորում:
Քանի որ չի էլ հետաքրքրում, մեզ չեն ասում, թե անկախությունը միակ բնական վիճակն է, ամուր պահե՛ք անկախությունը: Մեզ ասվում է` անկախություն բառն առաջին անգամ սա է արտասանել, ուստի կախված արտասանողի հանդեպ վերաբերմունքի ձեւավորման հնարավորությունից` այն լավ կամ վատ բան է: Անկախության ընթացքում հարստացել է այսինչը, որին չեմ սիրում, ուստի դա զզվելի բան է: Աշխատում է մի այնպիսի թափանիվ, որ նույնիսկ անկախության մարտիկներին կարծես չի հետաքրքրում, թե անկախությանն ինչպես են տիրություն անում: Սա դեռ ոչինչ. մի ժամանակ կռվում էին օտար պետության դեմ, որը զրկել էր մեզ անկախությունից: Բայց կռիվն այնքան ինքնամոռաց էր, որ չնկատեցին էլ, որ նաեւ, եւ գուցե առաջին հերթին, հենց իրենց շնորհիվ եկավ անկախությունը: Ու շարունակվում է կռիվը պետության դեմ, թեկուզեւ այլեւս դա օտարինը չէ: Ահա թե ինչ ողբերգական բան է, երբ ոչ թե դու ես իներցիայիդ տերը, այլ իներցիան է քեզ քշում: Այդ վիճակում գտնվողն այժմ նորի, արարման ունա՞կ է…
Թեեւ վաղուց մեռել էր հին կայսրությունը, շրջանառությունից ելել էին, ասենք, «ընկեր» բառը, Մոսկվան «կենտրոն» համարելը, ատենախոսություններում Մարքսից, Էնգելսից ու Լենինից պարտադիր մեջբերումներ անելը, բայց վերապրող կոմունիստական նոմենկլատուրան անկեղծորեն զարմանում էր, թե իրեն ինչու այլեւս «ընկերով» չեն դիմում, ինչու չեն քծնում ու կաշառք չեն տալիս, ինչու, ասենք OPT-ն կենտրոնական հեռուստատեսություն չի հորջորջվում, ինչու գիատական նոր հրապարակումների մեջ չկան «պարտադիր» մեջբերումները հին աստվածներից: Մարդկայնորեն հասկանալով նրանց ու ցավելով նրանց համար` հարցնում եմ` այդ վիճակում գտնվողն այժմ նորի, արարման ունա՞կ է…
Կոմունիստներից հետո բազմաթիվ մեծ ու փոքր պաշտոնյաներ փոխվեցին, բայց չդադարեց կոմունիստի` անցյալի հոգեբանական մոտեցումը: Նրանք էլ անկեղծորեն զարմանում են, թե ինչու «իրենց տեղը չեն բերում», թե ինչու նույն ոստիկանը, որը երեկ իրենց պատվի էր առնում, այսօր իրենց հետ վարվում է այնպես դաժան, ինչպես սովորական քաղաքացու: Զարմանում են, որ թեեւ միակ սթափ ու խորը առաջնորդն իրենցն է եղել, այսօր ինչու իրենց չեն ասում. «Դու՛ք եք մեր անկախության կերտիչն ու Սահակաշվիլի-Բուրջանաձե-Ժվանիան, արեք մեզ հետ այն, ինչ ուզում եք»: Այս հասարակ բանը չհասկացողը նորի, արարման ունա՞կ է…
Ու եթե հասարակության քիչ թե շատ ուսյալ խմբավորումները` իներցիայի ու դեգրադացիայի ընթացքի մեջ` ունակ չեն հասկանալու, թե ինչերն են կյանքի շարժիչ ուժերը, ապա ինչպե՞ս է մեր ժողովրդին ներշնչվելու, որ պետք է բոլոր դեռ չմսխված լիցքերն ուղղորդել դեպի գետտոյազերծում, դեպի սեփական մշակութային պայթյուն, դեպի առաջավոր աշխարհի մաս դառնալ, ինչպե՞ս է մեր ժողովրդին ցույց տրվելու, թե հակառակ պարագայում կարող ենք նայել այսօրվա ասորուն, ղպտիին, ացտեկին… ու տեսնել մեր ոչ հեռու վաղվա օրը:
Եվ սրանք ամենեւին հռետորական հարցեր չեն եւ պատասխան են ակնկալում կոչվածության զգացումն ունեցող յուրաքանչյուր հայաստանցուց:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2005թ., օգոստոսի 13
Share this content: