Մեքքա այցելության գնացած մահմեդականներին ասում են հաջի, իսկ Երուսաղեմ գնացած քրիստոնյաներին` մահտեսի: Հնում նրանց նկատմամբ առանձնակի վերաբերմունք է եղել, մոտավորապես այնպիսին, ինչպիսն մի քանի տարի առաջ կար կոմունիստական բանտերում պատժաժամկետ անցկացրածների, երեկ եւ այսօր` Ղարաբաղում եղածների եւ միայն այսօր` Մոսկվա կամ Վաշինգթոն գնացածների հանդեպ: Արտաքին տարբերությունն այն է, որ հնում Մեքքա կամ Երուսաղեմ գնում էին ոտքով, բանտեր եւ կռվելու` երազներին հակառակ, մետրոպոլիաներ` հրավերքով: Առաջին նմանությունն այն է, որ նրանք ատում են ոչ միայն իրենց կաստաներից դուրս գտնվողներին, այլեւ միմյանց:
Մեր այսօրվա հասարակության մեջ ապրում են եւ՛ տարեցներ, որ սրբացվել են սուրբ վայրերում, եւ՛ մարդիկ, որ սրբացվել են բանտերում, հարթակներում կամ ռազմաճակատում, եւ՛ էլի սրբացվածներ, որ «դաբրոներ» են ստացել մետրոպոլիաներում: Նրանք բոլորն էլ մեզնից` հասարակությունից պահանջում են իրենց վարձքը` սրբության անվերապահ ճանաչում: Նրանք միակ պահանջողը չեն. կան, ասենք, հարստացածներ, իշխանավորներ, մտավորականներ, որ սրբացվել են կարողության, դիրքի եւ ավանդույթի ուժի շնորհիվ, բայց խոսքն այս վերջինների մասին չէ. ինչպես կասեր պոետը` «Nomina odiosa sunt!»: Նրանք բոլորն էլ ՀԱՋԻ են (հայերեն բառն այս դեպքում այնքան էլ բարեհունչ չէ): Հասարակության մնացյալ ստվար հատվածը բազմաբղետ է, սորուն եւ հաջիներ ծնելու ունակ. նա լավագույն դեպքում ընտրող է, իսկ եթե իր այդ կարգավիճակից դուրս փորձի այլ բան անել, ապա ընտրողի իր ձայնն էլ արժեք չունի. միշտ կարելի է սրբության ու հերոսության վաստակը վկայաբերելով` ձայները տեղաբաշխել ըստ հարկի, իսկ հարկի միակ իմացողը հաջիներն են:
Բայց որ պարզ լինի, պատմեմ մի անեկդոտ: Ուրեմն, շատ կենդանիներ գնում են Աստծո մոտ` բողոքելու իրենց վիճակից: Նապաստակն ասում է, որ գազարն ու կաղամբը քիչ են, ոչխարները բողոքում են գայլերից, բորենիները` մսի պակասից, եւ այսպես շարունակ: Լսելով եկածներին` վերջում Աստված հարցնում է էշին, թե ինչ պահանջ ունի: Եվ էշն ասում է. «Դե, տղերքը գալիս էին, ես էլ հետները եկա»:
Պատկերացնու՞մ եք, այդ էշը տեսել է Կենդանի Աստծուն, մինչդեռ Աստծո առաքյալների անցած տեղերն ընդամենն այցելածները ստիպում են, որ իրենց որպես ՀԱՋԻ ընդունեն ու համապատասխան վերաբերմունք դրսեւորեն: Տվյալ էշն ավելին էր, քան հաջին: Հիմա. ի՞նչ անեն նրանք, որ ո՛չ էշ են, ո՛չ էլ Հաջի, այլ միայն գիտեն, թե տարրերի ընթացքը փոխելը կախված է Աստծո կամքից ու իրենց վարքից: Ու կրակն են ընկել հաջիների, եւ որ ավելի վատ է` հաջի էշերի, ձեռքը:
Պարզապես անհնար է դառնում պարզելն այդ առանձնաշնորհյալների հաջիության պատճառը. նրանք Երուսաղեմ էին գնում իրենց հոգու՞ համար, թե՞ որ վերադառնալուց հետո ցույց տային հաջիության վկայականն ու հնազանդություն պահանջեին: Խորհրդային կարգերն ու չարի կայսրությունն ուզում էին փլվեր, որովհետեւ Ազատությունն անբեկանելի արժե՞ք է, թե՞ որ բանտերից գալուց հետո զանազան դիրքեր զբաղեցնելով իրե՛նք հարստահարեին հարստահարվածներին: Ղարաբաղ գնում էին մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու՞, թե՞ վերադարձից հետո պատերազմի թիկունքի հարուստների թալանը վերաբաժանելու եւ նույն մարդկանց արժանապատվությունն իրե՛նք լլկելու համար: Մետրոպոլիաներից «դաբրոներ» են պոկում ասպատակից երկիրն ազատելու՞, թե՞ նրանց տեղը գրավելու համար:
Սրանք հարցեր են, որոնք ծագում են բացառապես իրենց պատճառով, եւ որոնց մասին մենք միայն ենթադրություններ կարող ենք անել, իսկ առանձնաշնորհյալները երբեք չեն ասի ճշմարտությունը, քանի որ ապացույցներ պետք կլինեն: Եվ նրանց ձեռնտու է, որ կարգը մշտապես լինի հենց այսպիսին. հալածվի ճշմարիտ հավատացյալը` բայց Հաջին ընկալվի որպես Աստծուն ամենամոտը կանգնած, հալածվի հայրենասերը` բայց հերոսի դափնիով ավարառի կոռուպանտը, անարգվի Ղարաբաղն իրականում ազատագրողը` բայց Ղարաբաղում եղածը կամ այդ ծագումն ունեցողն իրեն իրավունք վերապահի ուրիշի վաստակի մեջ մտնելու, արհամարհվի երկրի աղը` քաղաքացին, բայց մետրոպոլիաներից ու քունջուպուճախներից ուղարկվածները հայտնություն բեմականացնեն:
Առանձնաշնորհյալների կեղծությունը մեկ վայրկյանում հօդս կցնդի, եթե գեթ երեքական ճշմարիտ հավատացյալ, ճշմարիտ հայրենասեր, ճշմարիտ զինվոր ու ճշմարիտ քաղաքացի ամբողջ հոգով ուզեն միայն մեկ բան` Ազատություն` իրենց ու իրենց Հայրենիքի համար:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Չորրորդ իշխանություն», 2005թ. հուլիսի 19 «Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2005թ. հուլիսի 30
Share this content: