Եթե չենք ուզում

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երկրներն ու ժողովուրդները նվաճվում են ինչպես ասես, միայն ոչ զենքով: Զենքի ուժով նրանց վրա դրվում են միայն պարտավորություններ, այն էլ` ժամանակավորապես: Հետո նվաճողը թուլանում է, եւ կա՛մ նվաճված տարածքները զիջում է մի երրորդ երկրի, կա՛մ պարտվածները վերականգնում են իրենց դիրքերը: Նոր նվաճողները սահմանում են նոր կարգեր ու նոր պարտավորություններ այդ տարածքներում: Այդ նոր պարտավորություններն ինչ-որ բանով տարբերվում են նախորդներից, երբեմն պայմանները լինում են ավելի թեթեւ, եւ որպես կանոն` միայն սկբնական շրջանում: Էությունը, սակայն, մնում է նույնը՝ ծռված մեջք, վիրավորված ինքնասիրություն, ուժգնացող կարոտախտ` առ նախկին տերը կամ ազատությունը: Այդ ամենը կուտակվում է, ու երբ հավաքվում է այդ ամենի կրիտիկական զանգվածը, պայթում ու սկիզբ է դնում նոր իրողության: Հետո պատմաբանները գրում են, որ պատմության անիվն ավարտեց իր լրիվ պտույտը:

Լինում է եւ այնպես, որ այդ կրիտիկական զանգվածը չի հավաքվում: Երբ օտարը սկսում է ընկալվել որպես հարազատ, ինքնասիրությունը մյուս արժեքների հետ վերաիմաստավորվում է, իսկ ազատության ժամանակները մնում են միայն որպես բանահյուսության առարկա: Պետք է միայն սովորել ցավին, իսկ հետո արդեն կբթանան զգացողությունները, եւ առաջին հերթին ձուլման վտանգի զգացողությունը:

Այս տրամաբանությունն է ընկած մարդկության պատմության հիմքում: Այդպես են կործանվել մեծ քաղաքակրթությունները, այդպես են զարգացել այն փոքրերը, որոնք սկզբում նվաճված են եղել, բայց հետո իրենք են նվաճել:

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՆԸ
Իրերի ընթացքը հասկանալու համար` պետք է համադրել քաղաքական պատմությունը մշակութային պատմությանը: Ասորեստանի հզորությունը հնարավոր չէր առանց ասուրական մշակույթի էքսպանսիայի: Մակեդոնացիք իրենց հետ բերեցին եւ պատվաստեցին հելլենիզմը, արաբները` իսլամը… Սկզբունքորեն տարբեր են «մշակույթի ազդեցությունը» եւ «մշակութային նվաճումը»: Առաջին դեպքում լեզուն եւ մյուս բաղադրիչները հարստանում են, մյուս դեպքում` ազգային ընտրանին սկսում է ամաչել սեփականից, խոսել նվաճած մշակութակրի լեզվով ու գնալ իր տաճարներն ավերելու:

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Այս ամենը, ցավոք, միայն ազգագրության կամ պատմության տեսություն չէ: Այս ամենի հետեւանքներին ականատես ենք ամեն օր:

Սեփական մշակույթն ու լեզուն չհարգող ազգը նման է ծերունու: Պատկառելի տարիքում մարդիկ հիմնականում ի վիճակի չեն մտածել նորը ստեղծելու մասին եւ ընկնում են կարոտախտի գիրկը: Դրան հետեւում է մահը: Ինքնաոչնչացման ճանապարհը բռնած ազգերն էլ նախ ընկնում են կարոտախտի գիրկը` «մեր Տիգրան Մեծը», «մեր Արարատ 73-ը»…

Կա՛մ Հայաստանը կիրականացնի մշակութային մի հզոր պայթյուն, ինչպես հոգեւարքի մի շրջանում արեց` ծնելով 5-րդ դարի Ոսկեդարն ու ստեղծելով հետագա մի քանի դարերի գոյության հիմնարար երաշխիք, կա՛մ այլեւս ասելիք ու անելիք չունենալով` կդատապարտվի նախ օտարներին կապկելու, ապա եւ` իսպառ անհետանալու: Արդյո՞ք հարյուրամյակներով պետությունից եւ պետական մտածողությունից զրկված հայը բթացել է ցավից ու սովորել դրան, արդյո՞ք սեփական ես-ը բոլորից բարձր դասելը զառամախտի դրսեւորում է: Եթե այո, ապա էլ ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը: Ինքնախաբեությա՞ն…

ԵԼՔԸ
Անվերջ փոքրացող շագրենի կաշի հիշեցնող Հայաստանը վերջնական կործանումից փրկելու միակ ճանապարհը մշակութային կտրուկ շրջադարձն է: Մշակութային՝ երեւույթի ամենալայն իմաստով: Որեւէ բան չկա, որ իրականում խանգարի հայաստանցուն` իր պեսին հանդիպելիս ժպտալ, աղբը չշպրտել պատուհանից, երթեւեկել կանոններին համապատասխան: Աստծո ամենամեծ օժտանքին` ընտրությանը ձայնը վաճառող մարդը քաղաքացի՞ արդյոք, իրավունք ունի՞ պետությունից եւ այլ ազգերից պահանջելու, որ հարգեն իրեն ու դեռ մի բան էլ ավելին` իր պատմությունն ու նախընթաց մշակույթը, իր պատմական իրավունքները: Արտաքին որեւէ բան չկա խանգարող, որ այսօրվա հայ օլիգարխը, վայելելով սեփական հարստության ընձեռած բարեկեցությունը, սեփական օրինակով ու ԶԼՄ-ներով լպիրշություն ու հակապետականություն չսերմանի քսակի պարոնակությամբ իրեն զիջողներին` նրանց է՛լ ավելի չընկղմելով հուսահատության ճահիճը, այլապես նրանցից, «ում կյանքն անիծել է», երկրում կմնա այնքան քիչ, որ դառնաղի կողբան. «Ես ավերակացս ու՞մ օլիգարխեմ»:

Կիսատպռատություն. ահա մի բնորոշ բառ ներկա հասարակությունը բնութագրելու համար: Մենք քրիստոնյա ենք, բայց միայն քրիստոնեության 1700-ամյակ նշելու համար: 1600-ամյա գրատեր ենք, բայց միայն այդ կապակցությամբ հոբելյանական երեկոներ անցկացնելու եւ ռուսերեն ճառախոսելու համար: Սահմանադրություն ուենքն՝ խախտելու համար, ընտրություններ՝ արդյունքները խեղաթյուրելու համար, ոստիկաններ՝ վախեցնելու եւ թալանելու համար, պետություն՝ հյուսիսային հարեւանի դռանը հավատարմորեն կապված լինելու համար…

Կիսատպռատության վերացման դեպքում միայն կստեղծվի բարենպաստ հող մշակութային պայթյունի համար, կդադարի արտագաղթը, կկանգնեցվի երկրի խոտոր ընթացքը ու կկսկսվի հակադարձը…

Ժամանակը, սակայն, անվերջ չէ: Տաս-տասնհինգ տարի, ոչ ավել: Այն էլ լավագույն դեպքում: Իսկ հազարամյակների ընթացքում ձեւավորված հոգեբանությունը փոխելու համար այդ այնքան էլ շատ չէ: Թանկ է ամեն ակնթարթ… եթե իհարկե չենք ուզում, որ մեր սերնդի մասին տասնամյակներ անց օտար դասագրքերում հպանցիկ հիշեն, թե «անջատեցին օդանավակայանի լույսերն ու զառամյալ փղերի նման գնացին անդրաշխարհին միաձուլվելու»:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պահպանողական կուսակցության փոխնախագահ Երիտասարդական հարցերի գծով

Share this content: