Հերոս և քաղաքացի

Դեռ հին հույներն էին աստվածներից հետո ճանաչում հերոսի դասը: Հերոսն աստվածներից հեռու էր այնքան, ինչքան մահկանացուներից. ու այսպես` Երկնքի ու Երկրի միջեւ: Ու քանի դեռ հույն ժողովուրդը կարողանում էր ծնել հերոսներ, հունական միտքն ու զենքն ակոսում էին ճանաչելի աշխարհի ցամաքն ու ջրերը:

Մենք էլ մեր հերոսներն ունեինք, որոնք պակաս պաշտելի չէին, քան աստվածները. ավելինայդ հերոսներն էին, որ ժամանակի հեռվից մոռացվելու ու փոքրանալու փոխարեն թանձրացել ու ահագնացել էին դառնալով աստվածներ:

Հերոս. այսինքնոչ սովորական, այսինքն գերբնական:

Նախորդ դարի 60-ականներին ծնվածներիս սերունդը բախտավոր է, որովհետեւ Սիմոն ծերունու նման բախտն ունեցավ տեսնելու ոչ միայն այդ հերոսներին, այլեւ այդ հերոսների ջանքերով կերտված Հայաստանի անկախությունը (թող որ այսօր, որպես նորածին, մի փոքր տկար ու ծնված օրից Վահագն աստծո պես պատերազմի մեջ լինելու արդյունքում` մի փոքր արյունաքամ): Այդ հերոսներն էլ Օլիմպուս կամ Արարատ տանող իրենց ճամփան սկսեցին հենց 60-ականներից:

Նրանցից էր Շիրակ Գյունաշյանը:

Փորձենք հաշվել, թե ինչ է պետք մարդու որդուն, որ Հերոս դառնա, բայց ոչ թե իր ժամանակի հերոսը, այլ Հերոս իրապես, Հերոս անժամանակյաճիշտ այնպիսին, ինչպիսին Շիրակ Գյունաշյանն էր: Երեւի թե առաջին հերթին անանձնական գաղափար եւ այդ գաղափարին անմնացորդ նվիրում է պետք: Նրանց համար այդ անանձնականը Հայրենիքն էր: Երբ կոմսոմոլա-բոլշեւիկյան կեղծիքն էր քամու պես շրջում հայերով բնակեցված այն փոքրիկ տարածքում, որ անվանվում էր Խորհրդային Հայաստան, գտնվեցին մարդիկ, որ Հիշողություն ունեին, որ Արժանապատվություն ունեին, որ Երազ ունեին: Իսկ դրանք արժեքներ էին, որոնց համար ոչ թե լենինների ու ստալինների պատկերներով մեդալներ էին տրվում, այլ վճարել էր պետք, եւ թանկ էր պետք վճարել: Այդ Վճարը, այդ Վարձքը տալուց չհրաժարվեցին Շիրակ Գյունաշյանն ու իր գաղափարակից, բախտակից, զինակից, խորհրդային բանտերում խցակից ընկերները: Նա էր Հերոսը, որ ոչ թե դիպվածի բերմամբ էր Հայրենիքի զինվոր դարձել, այլ գիտակցված ու ափեափ զարկվող զգացողության վերին հրահանգով. «պատիժը կրելուց», իսկ ավելի ճիշտՎարձքը վճարելուց հետո նա չընկճվեց, չփորձեց սոփեստություններով ինքնարդարացումներ որոնելով «խելոքանալ», այլ շարունակեց եւ կրկին հայտնվեց Վարձքը տալու առջեւ բանտարկվեց երկրորդ անգամ:

Սա՛ էր Շիրակ Գյունաշյանը, որի մասին բոլոր հայ քաղբանտարկյալները խոսել եւ խոսում են առանձնակի եւ անվերապահ սիրով: Սա էլ անկարեւոր չէ. սա Հերոսի գլխավոր չափորոշիչներից էր նաեւ անտիկ շրջանում: Ավելին, նրա հետ գեթ մեկ անգամ շփված մարդը մշտապես ունենում էր այն զգացողությունը, որ հաղորդակից դարձավ իրապես գերբնական մաքրության, լուսավոր եւ անվերադարձ նվիրման, անչար ու ներող զորության հետ:

Քիչ առաջ ասվեց, թե անանձնական գաղափար էր պետք, որ սահմանեցին դարի 60-70-ականների հայ քաղբանտարկյալները: Եվ դա ճիշտ է: Բայց ոչ միայն: Հայրենիքը որքան անանձնական գաղափար էր Շիրակ Գյունաշյանի համար, նույնքան եւ թանձրացյալ անձնական: Այնքան էր մեծ նրա Ես-ը, որ ձուլվում, ինքնադրսեւորվում էր ավելի մեծ մի Ես-իՀայրենիքի մեջ: Եվ համաձայն ավետարանական խոսքին հանուն Հայրենիքի խոնարհված անձնական Ես-ը բարձրացվել էր Հայրենիքի հետ միաժամանակ ու միատեղ վեհորեն գոյելու աստիճանին: Այսպիսին են Հերոսները, որոնց մենք հաճախ շփոթում ենք լավ կամ թեկուզ գերբնական արարք կատարող քաջ մարդկանց հետ. Հերոսը նաեւ քաջ է, բայց քաջը դեռեւս Հերոս չէ:

Ապրեց համեստորեն, փորձեց նաեւ աննկատ` ինչքան հնարավոր է Հերոսին: Իր անձին վայել, իր վաստակին համարժեք որեւէ ակնկալիք չունեցավ նա, քանի որ իր Նվիրումը նյութեղենացած պատասխանի, վճարի համար չէր: Քանի՞ այսպիսի միակողմանի ու անակնկալիք Սեր կգտնենք մեր ժողովրդի մեջ. ինչքան գտնենք, այնքան մեր ժողովրդի աստիճանն է բարձր ու բարձրակարգ: Այո՛, միակողմանի: Բայց, դարձյալ ոչ միայն: Այդ Սերն այնքան կարող է միակողմանի համարվել, որքան քեզ կողմ ես դիտում Հայրենիքի հետ հարաբերության մեջ. Շիրակ Գյունաշյան եւ Հայրենիք հասկացությունները մե՛կ էին, մե՛կ կողմ էին նրա աշխարհընկալման ու աշխարհզգացողության մեջ: Սա՛ է Հերոսը:

Բայց ոչ միայն:

Պետություն չունեցող ժողովուրդները Քաղաքացի չեն ունենում. իսկ երբ չկա Քաղաքացին, ապա յոթ սարից այն կողմ է նաեւ պետությունըցանկացած ազգի կարգաբանական ցուցիչը: Մահկանացուներից շատ ու շատ տարբերվող հատուկենտ անհատականությունները բնական օրենքներից վեր են եւ կարողանում են լինել դեռեւս միայն գաղափարի, դեռեւս միայն երազների մեջ գոյող երկրի Քաղաքացի: Եվ հենց իրենց այդ քաղաքացիականությամբ կերտում են գալիք այն երկիրը, ուր քաղաքացիներ են լինելու բնակիչների, սոսկական սպառողների փոխարեն: Հազար տարվա պետականազուրկ համայնքային հային մեր երազների ՀայրենիքիՊետության քաղաքացու դաս եւ օրինակ էին տալիս պոետ Տերյանն ու գնդապետ Մազմանովը, Շիրակ Գյունաշյանն ու իր ընկերները: Մահկանացուներիս համար աներեւակայելի է լինել մի երկրի քաղաքացի, որ դեռ չկա: Այստեղ եւս մարդկային այս տիպը գոյում է ժամանակից ու տարածությունից դուրս: Թեեւ իրական ժամանակի եւ իրական տարածության իսկական գինը հենց նրանք գիտեն. նրանք է, որ հանուն այդ բարձր գիտակցված, ոչ սոսկական կենսաբանական Կյանքի զինվորագրվել են, նրանք է, որ բաղդատելիք ունենԿյանքը իրենց անցած ազատազրկման ու տառապանքների հետ: Այս կենսասիրությունը, որ չէին կարող ունենալ «ճոխ խնջույքների» սովոր մահկանացուները, առարկայացած տեսել է նա, ով գեթ մեկ անգամ բախտ է ունեցել համեստ սեղան նստելու Շիրակ Գյունաշյանի հետ: Այսինքնայն չէ, թե մի ամբողջ սերնդի պատմության դատաստանի առջեւ պարզերես արած հայ քաղբանտարկյալները չգիտեին հրճվանքի գինը. ուղիղ հակառակը. պարզապես արժեհամակարգն էր բարձր` վայել Մարդուն, Քաղաքացուն: Նաեւ այն չէ, թե սոսկական հայրենասերներ էին, որ անիմաստ ճակատ էին տալիս խորհրդային այն երկաթե վարագույրին, որի դեմ շատ երկար ժամանակ անզոր էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը. նրանք պարզապես Քաղաքացի էին, չեղած մի երկրի Քաղաքացի եւ իրենց քաղաքացիական իրավունքի արժանապատիվ Տերն ու Պաշտպանը:

Հենց այդ պաշտպանության դիրքերից է պետք նայել նաեւ խորհրդային բանտերի միջով անցած, բանակայինի տարիքից վաղուց դուրս եկած Շիրակ Գյունաշյանի այն գործունեությանը, որին ծանոթ է յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ «Էրեբունի» օդակայանից զենքը ձեռքին շտապել է շրջափակված Արցախին օգնության: Նա բոլոր կամավորների համար Շիրակ Հոպար էր, որ խտրություն չէր դնում, թե կամավորականը որ կուսակցությունից է, ինչ համակրանքներ ու հակակրանքներ ունի: Նա Քաղաքացի էր, իսկ Քաղաքացու համար Պետությունը մեկն էր:

Շիրակ Գյունաշյան Հերոսն ու Քաղաքացին եւ իր նմաններն էին, որ իրենց անլուր տառապանքներով, ինքնամոռաց նվիրմամբ կերտեցին Հայաստանի պետությունը, որի քաղաքացին լինելու պատիվն ունենք հիմա շատերս:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2005թ., ապրիլի 30
«Չորրորդ իշխանություն», 2005թ., մայիսի 3

Share this content: