Ցեղասպանության  ճանաչմանն ուղղված  քաղաքականության  տրամաբանական  տխուր  անհրաժեշտությունը

Ետխորհրդային տարածքի նորանկախ պետությունները մեկը մյուսի ետեւից թեւակոխում են անկախացման եւ ժողովրդավարացման երկրորդ փուլը: Օրերս իր համարձակ թռիչքը կատարեց նաեւ Ղրղզստանը: Ո՞վ է լինելու հաջորդը` դա մեզ չի վերաբերում: Երբ 1990 թ. մարտի 11-ին ԽՍՀՄ-ից անկախացավ Լիտվան, հետո Լատվիան, Էստոնիան, Վրաստանը, մենք, բացառությամբ անկախական մի քանի խմբերի, թաքուն հրճվում էինք մեր նախկին բախտակիցների ազատագրական պայքարի հաջողություններով, բայց մեր կանանց ու երեխաներին համոզում էինք, որ ԽՍՀՄ-ից ազատվելը մեզ, միայն մեզ ձեռնտու չէ կամ ժամանակավրեպ է:

Սեպտեմբերի 21-ին ազգովի «Այո՛» ասացինք անկախությանը, բայց մի քանի տարի անց միլիոնով ստորագրություններ տվեցինք Ռուսաստանին միանալու համար: Կա՛մ միլիոնով ստորագրություններն էին կեղծ, կա՛մ` «Այո»-ն, կա՛մ էլ աշխարհին հիմարի տեղ էինք դրել: Ընդհանրապես նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունքի բուն պատճառը` Հայաստանն անկախացնելու եւ կայսրության հպատակին ոչնչացնելու փորձի պատասխանատվությունն է: 1878թ. Օսմանյան կայսրության մի շարք ազգեր անկախություն ստացան: Այն ժամանակ էլ մենք ոգեւորվում էինք մեր բախտակիցների հաղթանակներով, բայց համառորեն չէինք ուզում անկախանալ Թուրքիայից: 1878թ. Գրիգոր Օտյանի կազմած Ինքնավարության ծրագիրը արեւմտահայ Ազգային ժողովի հավանությանը այդպես էլ չարժանացավ: Ինքնավար Հայաստանին դեմ էին ոչ միայն արեւելահայ հեղինակությունները, այլեւ հենց արեւմտահայերը` բացառությամբ Խրիմյանի գլավորությամբ մի խումբ ազգային պահպանողականների: Բեռլինի կոնգրեսի նախօրեին Թուրքիայում Անգլիայի դեսպան Լեարդը արտգործնախարար Սոլսբերիին հղած հաշվետվության մեջ արձանագրել է. «հայերը անկախություն չեն ուզում, նրանք հավատարիմ են կայսրությանը եւ սիրում են Սուլթանին»: Իր հերթին ռուս ռազմական-քաղաքական գործիչ Լոռիս-Մելիքովը խորհուրդ էր տալիս Բեռլինի կոնգրեսում հայկական ինքնավարության հարցն ընդհանրապես չբարձրացնել, քանի որ այդ տարածքները ռուսների ճանապարհն են: Լոուրենս Արաբիացին արաբներին ոգեշնչեց դեպի պետություն ունենալու նպատակն ու հաջողության հասավ, բայց ոչ մի կերպ չկարողացավ ծերացած ու իմաստնացած հայ ժողովրդին հանուն անկախության պայքարի հանել:

Այսօր, ի տարբերություն վրացիների եւ ուկրաինացիների, հայ ժողովուրդը չի ուզում ազատ ապրել եւ սիրում է Ռուսաստանը: Ավելին` մեր գործարաններն ու երկաթուղին նվիրում ենք նրան, մեր սահմանների պաշտպանությունը վստահում ենք նրան, հորթային անօգնականությամբ չենք բացում դեպի Եվրոպա սահմանը, մեր գրքերը ռուսերեն ենք գրում, մեր հեռուստաեթերը լցնում ենք ռուսերենով, մեր երեխաների հոգիները պղտորում ենք հավերժ բարեկամի եւ հավերժ թշնամու մասին ցնորաբանություններով եւ անհեթեթ ատելություն ենք սերմանում Աշխարհի եւ նրա գործիքների հանդեպ: 19-րդ դարավերջին Աշխարհը Օսմանյան կայսրության կործանման խնդիրն ուներ, իսկ մենք հակառակը` Թուրքիայից անկախանալ չէինք ուզում, աշխարհը Ռուսաստանին արգելում էր մտնել Միջերկրական, իսկ մենք հող էինք դառնում ռուսների առաջխաղացման համար: Հարկ էր ազատվել համառ-անուղղելի տարրից: Անցած դարասկզբի սոցիալիստ-հեղափոխականի կերպարից Ատոմ Էգոյանի ներկայացմամբ այսօր մնացել է հիշողությունը մշուշած բռնաբարվածի ուրվականը, որն ազդում է հոգեկանի վրա` մղելով ինքնասպանության:

Աշխարհն այսօր Ռուսաստանին դուրս է մղում Կովկասից եւ կարծանված Խորհրդային կայսրության երբեմնի ազդեցության գոտիներից, իսկ մենք հակառակը` ձգձգում ենք նրա ներկայությունը՝ Հայաստանը հռչակելով նրա ֆորպոստը: Եվ ինչպես 1915 թվականին, այսօր էլ քաղաքական ամբոխահաճ գործիչների մեծ մասը, դավաճանաբար, պարտվողի եւ դուրս մղվողի գործակալն է: Իսկ ամենաայլանդակ զավեշտն այն է, որ գրերի գյուտի 1600 ամյակին եւ Ցեղասպանության 90 ամյակին հայտարարվում է վերջին 177 տարիներին հայերենը հալածողի եւ Ցեղասպանության պատճառ հանդիսացողի` Ռուսաստանի տարի: Կործանված կայսրության բարքերը վերականգնել երազող հպատակն այլեւս խոչընդոտ է համընդհանուր առաջադիմության համար: Հովհաննես Թումանյանը մի առիթով ասել է` «Մեր ժողովուրդը մեծ փորձ ունի, բայց փորձառություն չունի»: Այս դեպքում կարելի է ասել. «Մենք ցեղասպանվելու մեծ փորձ ունենք, բայց ցեղասպանությունից խուսափելու փորձառություն չունենք»: 19-20-րդ դարերի սահմանագլխին այսօրվա պես գնում էինք հոսանքին դեմ, որի համար 1915 թվականին մեզ ցեղասպանության ենթարկող գտնվեց: Չեչենների նկատմամբ ռուսների ձեռքով շարունակվող ցեղասպանությունն ավելորդ անգամ ապացուցում է վերոշարադրյալը. 21-րդ դարում էլ համաշխարհային զարգացումներն արհամարհելու համար կարող են ցեղասպանության ենթարկել, բացառված չէ` դարձյալ մեզ: Քաղաքական բացառիկ հեռատեսությամբ մենք վերահաս աղետից պաշտպանվելու համար ենք Ցեղասպանության ճանաչման հարց բարձրացնում, որ մեզ` որպես անուղղելի ու պնդաճակատ տարրի, նորից գենոցիդ չանեն: Գուցե խղճա՞ն: Բարեգութ Աստված:

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության քարտուղար
«Չորրորդ իշխանություն, 2005թ., ապրիլի 12

Share this content: