Կուսակցությունը թուլանում է ցանկացած անդամի դուրս գալով․ Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնակատար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՊԿ քարտուղար, ՊԿ նախագահի ժ/պ Թաթուլ Մկրտչյանը։

-Պարոն Մկրտչյան, Պահպանողական կուսակցության նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ համագումարում։ Ի՞նչ իրավիճակ է կուսակցությունում։ Արդյոք Միքայել Հայրապետյանի դուրս գալուց հետո այլ դուրս եկողնե՞ր էլ են եղել։

-Առաջիկա ամիսներին կհրավիրվի ՊԿ արտահերթ համագումար, որտեղ նոր նախագահ կընտրվի։ Կազմակերպչական աշխատանքները կարող են ձգձգվել տեխնիկական պատճառերով։ Իրավիճակը նորմալ է։ Կուսակցությունից դուրս եկողներ, այո, եղել են, սակայն բազմաթիվ մարդիկ անդամագրվելու ցանկություն են հայտնել։ Ուստի՝ ակնկալում եմ, որ առաջիկայում ներհոսք է լինելու։

Անակնկա՞լ էր արդյոք Միքայել Հայրապետյանի հայտարարությունը, թե՞ ոչ։

-ՊԿ նախկին նախագահի և նախկին անդամի հրաժեշտի հայտարարությանը, ինչպես նաև նրա գործունեությանը հանգամանալից անդրադարձ կկատարվի արտահերթ համագումարում հաշվետու զեկույցի շրջանակում։

Միքայել Հայրապետյանը իր հայտարարության մեջ նշում է, որ նպատակահարմար չի գտնում դիմակայել ի դեմս կուսակցության նախագահի՝ կուսակցության վարկաբեկման համակարգված արշավանքին, և պատրաստ է անձնապես շանթարգելի գործառույթ ստանձնել։ Ովքե՞ր են վարկաբեկում կուսակցությունը և երբ է առաջացել այս անառողջ մթնոլորտը կուսակցությունում։

-ՊԿ նախկին նախագահի հրաժեշտի հայտարարության մեկնաբանման վերաբերյալ հարցերը խնդրում եմ հասցեագրել վերջինիս։

-Արդյոք Հայրապետյանի դուրս գալով կուսակցությունը չի թուլանո՞ւմ՝ հաշվի առնելով նրա ակտիվ գործունեությունը։

-Կուսակցության ցանկացած անդամի դուրս գալով կուսակցությունը, բնականաբար, թուլանում է։ Օգտվելով առիթից, տեղեկացնեմ նաև, որ Պահպանողական կուսակցությունը ներկայում քննարկում է ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա խորհրդակցություններին հետագա մասնակցության հարցը, որի վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։

Share this content: