Ասում են՝ մանրավաճառի ու գյուղացու համար միեւնույն է, թե ով տանում իր ցորենը՝ մո՞ւկը, թե՞ հրեշը: Հրեշը պարզապես նստել է ոսկեբեր գետակների վրա՝ գազ, երկաթուղի, էներգետիկա եւ այլն, ու լափում է, ջահելներին հավաքագրում, տանում իր խոպան արտերում աշխատեցնում, ականջները եփում է ու դարձնում իր ծառաները: Միչեւ այսօր այդ կենդանին է որոշում, թե ով իրավունք ունի հատել Հայաստանի ցամաքային եւ օդային սահմանը, ով՝ ոչ: Հեքիաթում շատ պարզ լուծում է առաջադրվում. իշխանորդին կռվում է հրեշի դեմ, հաղթում նրան ու ազատում ժողովրդին: Բայց այսօր այդպիսի իրողություն չկա: Իշխանության հիմնական հավակնորդները հրեշի դեմ դուրս գալու տրամադրություն չունեն: Ուղիղ հակառակը. նրանք ձգտում են ընկերանալ հրեշի հետ, արժանանալ նրա բարեկամությանը, հետո ձեռքն ուսին գցած ասել. «Ինձ ու հրեշին բան ասող կա՞»:
Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիրը կլուծվի, երբ Հայաստանում արտաքին միջամտությամբ իշխանության հարց լուծելու հոգեբանական բարդույթը հաղթահարվի: Խոսքը վերաբերվում է կուսակցություններին, քաղաքական գործիչներին: Այսօր տակավին գերակշռում է այն կործանարար մտածողությունը, որ եթե ընկերանանք հրեշի հետ, ապա չնչին զոհողություններով կպաշտպանենք ժողովրդին՝ այլ գազանների հարձակումներից: Մարտի 16-ի ստորացուցիչ պայմանագրից հետո ոչ թե չնչին, այլ շատ մեծ զոհողությունների ենք գնացել՝ անվերջ կեղծվող ընտրություններ, բանակցային դիրքերի թուլացում Ղարաբաղի հարցում, Նախագահի հարկադիր հրաժարական, Հոյտեմբերի 27, Գույք պարտքի դիմաց ու այլ անհավասար գործարքներ, ռուս-թուրքական ստրատեգիական խաղերին հարկադիր ներգրավվածություն եւ, ի վերջո, նկատելի նահանջ անկախության ճանապարհից: Իսկ եթե Մարդու նման դուրս գանք հրեշի դեմ ու հաղթենք, կունենանք 1000 կյանք (1000 տարի գլուխը բարձր ապրելու կենսաուժ կհաղորդվի ժողովրդին), զարգանալու հեռանկար, եւ ամենակարեւորը՝ Ազատություն: Պարտվելու տարբերակ էլ կա. թեքել գետի հունը, ժողովրդին մատնել ծարավի, քաղաքի բանալիները հանձնել ուղղափառ կայսրությանը, ցրվել աշխարհով մեկ ու 1000 տարի մաքառել Անկախությունը վերականգնելու համար:
Նախընտրական փուլում ժողովուրդն իրավունք ունի իմանալ՝ ով է իր կողմից, ով՝ հրեշի: Այս բարոյական նորմից ելնելով՝ հարկ է, որ կուսակցություններն ու քաղաքական նախաձեռնությունները, անկախ այն բանից՝ ներգրավված են երկխոսության մեջ, թե ոչ, հստակեցնեն իրենց դիրքորոշումը Հայաստանից ռուսական ռազմակայանները դուրս բերելու, ԿԳԲ-ի հայաստանյան արխիվները բացելու, եւ անկախությունն ամրապնդող մի շարք կարեւոր հարցերի շուրջ: Մեր երբեմնի բախտակից պետությունների համանման նախաձեռնություններին Ռուսաստանը մի քիչ բռբռալով, բայց ըմբռնումով է մոտեցել՝ հոգնած մինոտավրոսի նման:
Ի դեպ՝ հրեշին սպանելուց ու լաբիրինթոսից դուրս գալուց հետո հերոսն ասել է. «Պատկերացնո՞ւմ ես, Արիադնե, մինոտավրոսը գրեթե չպաշտպանվեց»:
Թաթուլ Մկրտչյան
Պահպանողական կուսակցության քարտուղար
Աղբյուրը՝ Lragir.am, 29.07.2011թ․
Share this content: