«Վերջին» ընդառաջ

Մեր սիրած` «մեր վերջն ի՞նչ է լինելու» հարցի առումով զարմանալիորեն մեր բախտը բերում էր: Անընդնհատ աշխարհում ինչ-որ կատակլիզմներ էին առաջանում` բալկանյան պատերազմներ, սեպտեմբերի 11, Աֆղնաստան, Իրաք, հիմա էլ լիբանանյան պատերազմն իր վրա վերցրեց Հայաստանի «վահանի» դերը, եւ մենք նորից որոշ ժամանակ «շահեցինք»:

90 տարի առաջ ոչինչ չձեռնարկեցինք ազգային մահվան ելքից խուսափելու համար, որովհետեւ ունեինք կայսրությունների ծրագրերից չհասկացող, թեեւ մասոնական օթյակների «սուտ» անդամներ (նկատի ունենք Գրիգոր Զոհրապին, որն իր դիրքով երիտթուրքական շարժման կամ օթյակի մեջ ավելի բարձր էր կանգնած, քան թե Թալեաթ փաշան, ով համարվում էր հայ գործչի «սանիկը», սակայն այդ գործիչը բացարձակապես անտեղյակ էր իր «սանիկի» ծրագրերից եւ դարձավ նրա ոճրագործ հրամանի առաջին զոհերից):

Ոչինչ չձեռնարկեցինք 60 տարի առաջ, երբ կորցրեցինք փայլուն մի շանս` Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու եւ դիմացը մի քանի արեւմտահայ նահանգ ստանալու: Բայց մեր ամերիկահայ երեւելիներն առաջարկեցին նախագահ Թրումենին անջատել այդ նահանգները Թուրքիայից եւ միացնել… Խորհրդային Հայաստանին: Թե ինչպես այդ նույն ժամանակ ստեղծվեց Իսրայելի պետությունը, ծավալվելու կարիք չկա: Նման առաջարկներից հետո ո՞վ լուրջ կընկալի այդ ազգին… Իսկ այդ հողերն այդ ժամանակահատվածում պարզապես դատարկ էին, քանի որ Անկարան հետ էր քաշել թուրք բնակչությանը դեպի Անատոլիայի խորքերը` վախենալով ստալինյան բանակի ներխուժումից եւ ԱՄՆ-ի կառավարության գիրկը նետվելով պատրաստ էր կատարել նրա ցանկացած որոշում: Արդյունքում թուրքերն այնտեղ համարյա չվերադարձան, իսկ նրանց տեղը բազմացան այսօր արդեն երկու տասնյակ միլիոնից շատ քրդերը…

10 տարի առաջ էլ պատմության նոր փուլ մտնելու փոխարեն ինքներս մեր գլխին դավադրություններ սարքեցինք, որի դառը պտուղները մինչ օրս քաղում ենք ու «համտեսում»:

Պետական գործիչ ասվածը մեզ համար չէր. ունեինք երկու-երեք պետական գործիչ, մեկին հրաժարեցրինք 98-ի փետրվարին, մյուսին պարզապես գնդակահարեցինք 99-ի հոկտեմբերին: Արդյունքում այսօր քիչ թե շատ առավել «ականավոր դեմքեր» սկսել են համարվել Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը` «ձուկ չլինելու դեպքում խեցգետինն էլ է ձուկ»:

Հիմա էլ կենտրոնացել ենք ներքաղաքական «զարգացումների» վրա, որոնք մեծ հաշվով վիճակը չեն փրկու. դրանք չեն պատասխանում այն մարտահրավերին, որ պատմությունը նետել է մեր առջեւ: Ի՞նչ տարբերություն` Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն եւ կրիմինալիտետը կվերցնեն իշխանությունը, թե՞ Քոչարյանը «մեծ կոմբինատորի» իր գրոսմայստերությունը ցույց կտա եւ բարգավաճողների միջոցով նախագահ կկարգի, ասենք, Հարությունյաններ Գագիկին կամ Դավիթին` ինքն էլ գրավելով վարչապետի աթոռն ու ցմահ տնօրինելով Հայաստանը եւ ազգային սպորտը:

Պահն իրոք բացառիկ է: Անցած տարիների համաշխարհային հակասությունները եւ պլանները կուտակվել-հասել են մի աստիճանի, որտեղ պետք է ելք ունենան, ինչով մեր երկրի համար «հնարվորությունների լուֆթ (միջանցք)» է բացվում: Շատ նեղ միջանցք, որով հաջողությամբ անցնելու դեպքում մենք կնվաճենք մեր տեղը Մարդու արժեքը ճանաչող, արժանապատիվ կյանքով ապրող ժողովուրդների շարքում, որոնք համաշխարհային զարգացման եթե ոչ առաջատարներն են, ապա գոնե ոչ դուրս մնացածները: Հայերը, սակայն, հրեաների եւ անգլոսաքսերի նման ժողովուրդ էին, նրանց ամբողջ աշխարհն էլ քիչ է:

Չնայած Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «չարագուշակ» կանխատեսումներին, թե մենք անելանելի վիճակում ենք եւ այլեւս կորուստներ ենք կրելու` խաղաղության գնալու փոխարեն հապաղելու պատճառով, եթե մի քիչ մեր հողից եւ ջրից կտրվենք եւ դեպի վեր նայենք, ապա կարող ենք բեկել դեպքերի ընթացքը:

Այն նշանները, որ կարող ենք տանուլ տալ XXI դարը, ինչպես տանուլ տվեցին XX-րդը, արատքին աշխարհում առկա են: Բուն Հայաստանում էլ «լավ» հող նախապատրաստվեց խաղը տանուլ տալու համար: Սկսած Մեթյու Բրայզայի հարցազրույցից ու վերջացրած պատերամզների սպառնալիքներով, մեզ ասում են. «Ով ականջ ունի, թող լսի»: Ցավոք, Հայաստանում նման մարդիկ այնքան էլ շատ չեն, իսկ ականջները հիմնականում նախատեսված են լապշաների համար:

Իսկ աշխարհն այդ ընթացքում սահուն կերպով մտնում է Չորրորդ աշխարհամարտի «տաք» փուլը: Լիբանանյան դեպքերը ցույց են տալիս, որ պատերազմի շներն ազատ են արձակվել: Իրանը եւ Սիրիան այլեւս համարձակորեն մարտահրավեր են նետում Միացյալ Նահանգներին` Մեծ Մերձավոր Արեւելքում իրանական գերտերության հաստատման համար: «Հեզբոլլահը» կամ ՀԱՄԱՍ-ը միայն գործիքներ են, որոնցով Թեհրանը քայլ առ քայլ գնում է իր նոր կարգավիճակի ուղղությամբ: Հենց Իրանը, որը կարծես թե տարածաշրջանում Իսրայելի միակ բնական դաշնակիցն էր (քանի որ երկուսն էլ ունեին մեկ մրցակից` ի դեմս արաբների, եւ իրար հետ չունեին տարածքային խնդիրներ, ինչպես նաեւ զարգացման մակարդակով բարձր էին տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդներից), առաջինը բարձրացրեց մոռացված հարցը` Իրսայելի լեգիտիմության, Սուրբ Հողում գոյություն ունենալու իրավունքի հարցը: Իսրայելին ոչինչ չէր մնում, քան դիմել կանխարգելիչ հարվածի, որպեսզի նա չհայտնվեր անկյունի մեջ քշված գազանի դիրքում: Արդյունքը սպասելիքներից ցածր է. պարզապես Իսրայելը մի քիչ ժամանակ շահեց, ինչպես եւ մեր դեպքում է դա տեղի ունենում: Դրան պետք է հետեւի արդեն ավելի մեծ պատերազմը` մարգարեություններում անվանվող «Գոգի եւ Մագոգի» պատերազմը:

Իսրայելի միակ վստահելի դաշնակիցը դառնում են քրդերը, որոնք կապված չեն արաբական աշխարհի հետ, սակայն որոնց դիրքերը Իրանի դիմաց բավականին թույլ են: Բուն Իրանում քրդերն այնքան ճնշված են, որ իրաքյան կամ թուրքական տարբերակով ապստամբությունների մասին խոսք չկա: Իսրայելը ռազմականապես օգնելու է Իրաքի քրդերին, ինչն արդեն մղում է Թուրքիային դեպի Իրան եւ Սիրիա` քրդական սպառնալիքը վերացնելու համար: Արդյունքում ունենք երկու ճակատ. մեկ կողմում` Իրան, Սիրիա, Թուրքիա գումարած «Հեզբալլահի» եւ ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկչական խմբավորումներ, ինչպես նաեւ Ալ-Քաիդա, եւ այս ամենի դեմ Իսրայել եւ քրդեր:

Սա մեզանից հարավ տեղի ունեցող զարգացումներն են: Իսկ մեզանից հյուսիսում ոչ պակաս կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում: Վրաստանը համարյա հասել է Ռուսաստանի, այլ ոչ թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ պատերազմի շեմին, մինչդեռ Սահակաշվիլիի իշխանությունը բուն Վրաստանում արդեն երերում է: Ուկրաինայում քաղաքական պարտության հանդիման կանգնեցին արեւմտամետ եւ ժողովրդավար համարվող ուժերը, իսկ ռեւանշի հասան Մոկսվայի «սիրեցյալները»: Վերջապես, Ռուսաստանը եւ իր առաջնորդն ատամներ են ցույց տալիս Արեւմուտքին` բացահայտորեն ասելով, որ այլեւս չեն հետեւելու Արեւմուտքի ուղեգծին եւ գնալու են սեփական ճանապարհով` ծաղրանքի ենթարկելով ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: Օգտագործելով թե՛ էներգետիկ պաշարները, թե՛ զինված ուժը, թե՛ քաղաքական հակահեղափոխությունները` Մոսկվան հայտ է ներկայացնում Ռուսական կայսրությունը վերստեղծելու համար: ԱՄՆ-ն ու Եվրոպան կարծես թե միայնակ են թողնում իրենց առաջամարտիկներ Վրաստանին ու Ուկրաինային` ազդանշելով, որ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ծավալումը դեպի արեւելք առայժմ կանգ է առնում ու նախկին խորհրդային պետությունները մնում են Ռուսաստանի ազդեցության ոլորտում: Դրան պետք է գումարել այն, որ եւ՛ Վրաստանում, եւ՛ Ուկրաինայում իշխող ժողովրդավարական ուժերը փաստորեն տապալեցին անցումը դեպի արեւմտյան տիպի ժողովրդավարություն: Ոչ ոք չէր ակնկալում, որ երկու տարում ժողովրդավարություն կարող էր կառուցվել, սակայն ուկրաինական եւ վրացական էլիտաները գնացին վիշապին սպանելով` իրենք վիշապ դառնալու ճանապարհով: Կոռուպցիան, իշախանության եւ փողերի անընդհատ վերաբաժանումը ինչպես եղել են այդ երկրների քաղաքական մշակույթի առավել ակնառու որակները, այդպես էլ մնում են: Սրանից ո՞վ պետք է ավելի շատ շահեր, եթե ոչ չեկիսատական-օլիգարխական Մոսկվան եւ նրա հետխորհրդային վասալները: Արեւմուտքն էլ, որը որեւէ լուրջ ջանք չգործադրեց իրական եվրոպական ոգի, իրական ժողովրդավարական արժեհամակարգ հաստատելու եւ այդ արժեքներով ապրող էլիտա ձեւավորելու համար, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում սկսեց կորցնել իրեն ընծայվող վստահությունը:

Սակայն ամեն ինչ, չէ որ այդքան առերեւույթ է: Պարզ է, որ Ռուսական կայսրությունը վերականգնվելու որեւէ պաշար եւ գաղափարախոսական հենք չունի. այն շարունակվելու է քայքայվել: «ԽՍՀՄ-2» չի՛ լինելու: Ուկրաինայի գալիք իշխանությունը կարող է ավելի արեւմտամետ քաղաքականություն վարել, քան «նարնջագույնները»: Վրաստանում Սահակաշվիլիի տապալման դեպքում կարող է գալ ավելի հակառուսական իշխանություն կամ առնվազն` դեպի Եվրոպա հստակ կողմնորոշում ունեցող կանանցից մեկը` Բուրջանաձեն կամ Զուրաբիշվիլին: Նոր էլիտայի հաստատման համար էլ սերնդափոխություն է անհրաժեշտ:

Կարեւոր է մոտակա տարիներին նախատեսված աշխարհակարգի խնդիրը. ինչպիսի՞ն է լինելու մեր տեղն այդ աշխարհակարգում, եթե այդպիսին կա: Կարծես թե նշմարվում է, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան, որոնք գործելու են այսուհետ ավելի միասնական, կարծես թե չեն ցանկանում ընդլայնել «ազատության եւ բարօրության» դաշտը Լեհաստանի, Մերձբալթիկայի եւ Բալկանների սահմաններից դուրս: Նախկին խորհրդային տարածքը վերածվելու է անընդհատ անկայունության գոտու, որտեղ Բելառուսը, Ուկրաինան կամ Վրաստանը դիտվելու են զուտ որպես զորադաշտեր` Ռուսաստանին «հունից հանելու» եւ տիրանալու համար, քանի որ տաս-քսան տարի անց սպասվում է Մեծ Շախմատային Պարտիայի վերջին եւ վճռական փուլը` Չինաստանի եւ իսլամական աշխարհի դեմ, որտեղ էական հարցը լինելու է, թե ով է իշխելու Ռուսաստանին եւ արդյո՞ք Ռուսաստանն ինքնը չի լինի այդ երկու ուժերին ջարդող մուրճը:

Այս օրերին արդեն տեսնում ենք այդ խնդիրներից մեկի` «Իսլամական աշխարհի» լուծումը, որն ավելի շուտ քաղաքակրթական-մշակութային, քան թե քաղաքական-տնտեսական ուժային կենտրոն է (այդպիսին նա փորձում է դառնալ հենց Իրանի ջանքերի միջոցով, որն իրեն տեսնում է այդ աշխարհի առաջատար տերություն, ինչի համար էլ նրան անհրաժեշտ է միջուկային զենք, թեպետեւ հարց է, թե արաբական երկրներն ու Պակիստանը ինչպես են վերաբերում այդ դերին): Այստեղ առջեւում ավելի արյունալի եւ քայքայիչ զարգացումներից բացի ոչինչ չի սպասվում, միայն համատարած ապակայունացում ամբողջ Մեծ Մերձավոր Արեւելքում: Սակայն ավելի էական մի հարց էլ կա: Այդ «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծում գլխավորը թերեւս «Արեւելք» բառն է: Այսինքն, հետամնաց, անհուսալի, «ձախողված» մի տարածք, ուր իշխում են աշխարհի առավել կոռումպացված վարչակարգերը, որոնք երբեք «էլիտա» չեն կարող լինել, որոնք ապրելու են նավթային եկամուտների եւ նավթի գների տատանումների, Արեւմուտքի ֆինանսական աջակցության, պատերազմների, զենքի, թմրանյութերի, մարդկանց կյանքների վաճառքի հաշվին: Այստեղ չեն լինելու նորմալ, իրոք եվրոպական կամ գոնե եվրոպականի տիպին մոտիկ պետականություններ, այլ լինելու են պետությունների անվան տակ բաց եւ փակ ՍՊԸ-ներ կամ քրեական ընտանիքներ, որոնք վերոհիշյալ եկամուտները բաշխելու են իրար մեջ, իսկ սովորական մարդկանց այդ եկամուտից տալու են միայն փշրանքներ:

«Զարգացում», «ազատություն», «պետականություն» հասկացություններն այս տարածաշրջանի համար չեն եւ չեն էլ տարածվելու Արեւմուտքի կողմից: Բոլոր նրանք, ովքեր իրոք դավանում են այդ արժեքները, ստիպված են եղել արդեն հեռանալ դեպի Ամերիկա եւ Եվրոպա, ով մնացել է` կհեռանա: «Նորմալ էլիտա» ասվածն ու պետություն արարող մարդիկ պարզապես ֆիզիկապես վերացվում են այս Արեւելքում` ահաբեկչական-քրեական-կլանային համակարգի կողմից: Այստեղ խոսք լինել չի կարող ինչ-որ պատմական, քաղաքկրթական ինքնության եւ զարգացման մասին: Հիշո՞ւմ եք` ինչ եղավ, երբ ամերիկյան զորքերը մտան Բաղդադ. թալանի ենթարկվեց Բաղդադի ազգային թանգարանը, եւ անհետացան Բաբելոնի, Ասորեստանի, Միջագետքի գանձերը: Դա նման էր մոտավորապես Ալեքսանդրիայի գրադարանի հրդեհին, ինչի արդյունքում անհետացավ Եգիպտոսի քաղաքակրթությունը, մնացին միայն քարե բուրգերը, որոնց շուրջ այսօր պարզապես բնակվում են քաղաքակրթությունից հեռու ցեղեր: Այսօր էլ քաղաքկրթական ինքնության մի մասն է հեռացվում: Այս ամենը տեսնում ենք ոչ միայն Գազայում եւ Լիբանանում, Իրանում եւ Իրաքում, այլեւ Վրաստանում եւ Ադրբեջանում, եւ ամենատխուրը` մեր Հայաստանում: Հայը, որ ձգտում էր սովորել, ձգտում էր հարաբերվել արեւմտյան, եվրոպական քաղաքակրթության եւ կենսական ուժի հետ Դորպատի համալսարանում, Վաշինգտոնի Սպիտակ տանը թե Մորդովիայի բանտում, կտրվեց քաղաքակրթության կենսական աղբյուրներից. Արեւմուտքը ոչնչով չօգնեց, իսկ մինչեւ վերջ գավառականացած Ռուսաստանն այլեւս քաղաքակրթության հաղորդիչ մեզ համար ծառայել չի կարող: Մենք գործ ունենք համակարգի, արժեքների, գաղափարների չգոյության հետ:

Անշուշտ, այստեղ մեղավորը միայն մեր ժողովրդի խորքում նստած «արեւելյան» հոգին չէր. ցանկացած հող, եթե չես մշակում, վերածվում է մոլախոտի դաշտի, իսկ պտղատու ծառերն ու թփերը վերացվում են այդ մոլախոտի կողմից: Իոսիֆ Ստալինի հետ մեկ հարցում կարելի է համաձայնել` «Կադրերն են որոշում ամեն ինչ»: Մեր երկրի ղեկավարությունն իրեն պահեց ոչ թե ավետարանական մշակի, այլ գիշերագողի նման, որը Հայաստանը տարավ ապաարեւմտականացման «ծրագրով»:

Այդ պատճառով էլ մտցված ենք «Արեւելքի» ծրագրի տակ` որպես Գազայի եւ Լիբանանի պես անտեր, Սիրիայի եւ Իրանի նման աշխարհից վտարանդի: Այդ պատճառով էլ աշխարհի հզորները Հայաստանը կօգտագործեն որպես «Հեզբալլահ» եւ ՀԱՄԱՍ, կօգտագործեն եւ դեն կնետեն: Կմնանք առանց մեր հաղթանակների, կդառնանք մեր հարեւանների, ինքն արեւելք դարձող Ռուսաստանի ու նաեւ Արեւմուտքի համար մի կայանատեղի, ուր կարող են մի քանի հազար սփյուռքահայ բերել եւ մեր մանրավաճառ քաղքենիական ոգին կատարելության հասցնել` մեր երկիրը դարձնելով իրենց համար ոսկերչական իրերի եւ էժան զենքի պատրաստման շուկա ու հետախուզությունների հավաքատեղի:

Սակայն ելքը կա. թուրքերը եւ հրեաները ժամանակին այն ցուցանեցին: Ճիշտ է` նրանք գործում էին Արեւմուտքի ծրագրով, բայց կարողացան այդ ծրագիրը որոշ ժամանակահատվածով իրենց շահերին համապատսխանեցնել, սեփականը հաստատել: Չնայած այսօր եւ՛ Թուրքիան, եւ՛ Իսրայելը նորից կանգնած են ճակատագրական մարտահրավերի առջեւ, նորից արեւմտյան քաղաքկրթության կողմից դրվում է նրանց լինել-չլինելու հարցը, երբ ահաբեկիչների, իսլամիստների, քրդերի միջոցով այս երկրներին ներքաշում են առճակատման անօգուտ շրջանի մեջ, երբ հասարակության լավագույն զանգվածը ստիպված է արտագաղթել Ամերիկա եւ Եվրոպա` չցանկանալով ապրել այդ «արեւելյան» միջավայրում, բայց մեկ անգամ ճշգրիտ վճիռ կայացրածի համար մեծ է հավանականությունը կրկին խայծերը կուլ չտալու:

Թուրքիան փրկվեց եւ վերածնվեց մի անգամ երիտթուրքական շարժման եզերքում, որի արգասիքը Մուսթաֆա Քեմալն էր եւ նրա ստեղծած Հանրապետությունը, իսկ հրեական գործիչներն այնքան խելք եւ հմտություն ունեցան, որ կարողացան լեզու գտնել Բրիտանական կայսրության եւ նրա թագաժառանգ` ԱՄՆ-ի հետ, ինչի արդյունքում Թեոդոր Հերցլը, Դավիթ Բեն-Գուրիոնը եւ սիոնիստական շարժումը նախապատրաստեցին հրեական պետության վերածնունդը քսան դար անց: Այս ճանապարհով գնալու համար պետք է հիշել մի վտանագավոր պահ, որի մասին անգլոսաքսոնական քաղաքականությունը մեկ անգամ արդեն նախազգուշացրեց հայերին` Լոուրենս Արաբիացու շուրթերով, որ սեփական պետականություն կառուցելու եւ ազգ դառնալու համար պետք է չշեղվել խաղի կանոններից, որոնք եւ՛ ժամանակ, եւ՛ այժմ խստիվ պարտադիր են: Ուշադիր չեղանք, կոտորվեցինք, պետականությունը կորցրեցինք` չնայած «մանդատ» կար Հայաստանի վրա: Հետո կրկին շանսեր տրվեցին: Թրումենի դեպքում արդեն տեսանք: Բուշ-ավագի օրոք կարծես թե չսայթաքեցինք` հասկացրինք մեր տեղը եւ հասկացանք խաղի կանոնները: Իսկ այսօր… պատմության փոցխերի վրա կանգնելը երեւի մեզ բոլորից շատ է բնորոշ:

Օդ ու ջրի պես կենսական է այսօր «երիտհայկական» մի շարժում, որը կարող է սկսվել ամենուրեք` համալսարանում, բանակում, պետական ապարատում, կուսակցություններում` լուսավորյալ մարդկանց հենքով, որոնք դեռեւս մնացել են Հայաստանում: Միայն այդպիսի մի շարժումը կարող է արժանապատվորեն պայմանվորվել Արեւմուտքի հետ` Հայաստանը Էստոնիայի կամ Սլովենիայի, նույն Թուքրիայի կամ Իսրայելի կողքին կանգնեցնելու մասին: Դա ծանր առաքելություն է, բայց ոչ անիրական: Եթե Հայաստանի հաջորդ նախագահը, որը իշխանության կգա 2008-ից ավելի շուտ, կարողանա դրան հասնել` բացառելով Հայաստանի համար նոր Ալեքսանդրոպոլի եւ Մոսկվայի պայմանագրերով ստեղծված վիճակներ, Հայաստանի համար բացելով նոր դարպասներ եւ հնարավորություններ, ապա համարեք այս ամբողջ գրածը ոչ անիմաստ զբաղմունք: Հարցը միայն այն է, թե ով կարող է պայմանավորվել Արեւմուտքի հետ, ով կարող է հասկանալի լինել եւ չզիջել մեր սեփական շահերը եւ հեռանկարները` չմոռոնալով ներքին ապագավառականացման, ապաքրեականացման եւ արդիականացման մասին:

Հայտ ներկայացնելու ժամանակն է: Վերջը իրոք շատ շուտով բախելու է մեր դուռը… ԴԱՎԻԹ ԶՈՐՅԱՆ

Share this content: