Ամառային կանխագուշակ

Կարճ ժամանակ առաջ աջ ուժերը Ռուսաստանում ներկայացված էին վարչապետներ Գայդարի ու Կիրիենկոյի, փոխվարչապետներ Յավլինսկու ու Նեմցովի տեսքով: Այսօր նրանց մասին գրեթե չեն հիշում. պատմության գիրկն են անցել ահեղասարսուռ «Յաբլոկոն» ու «Աջ ուժերի միությունը»: Այժմ պուտինյան Ռուսաստանում ծագեծագ դոփում է «մարդկային դեմքով» չեկիզմը:

Իսկ ինչո՞վ են չուբայսներից պակաս հայ ընդդիմադիրները (խոսքը զարգացածության մասին չէ). նախ հաշիվները մաքրվեց ՀՀՇ կոչված կառույցի հետ, որի բեկորները, համակերպվելով ներկա իշխանությունների հետ ու «խոսելու տեղ չունենալով», սրա-նրա համար արհեստավարժորեն վեքսիլներ են գրում ու փաստաթղթեր թխում իրենց սերտած աղբյուրներից: Հետո քամուն տրվեց Կարեն Դեմիրճյանի շուրջ առանց գաղափարական որեւէ հիմքի հավաքված զգայական եւ հաշվենկատ մարդկային պաշարը. հիմա նրա որդին հայտարարում է, թե «Արդարություն» խորհրդարանական դաշինքն էլ նիստ չի գումարելու: Գրեթե միաժամանակ որպես օտար մարմին դուրս մղվեց այն ազնիվների ու վիրավորվածների փոքրաքանակ խումբը, որ առկա էր Վազգեն Սարգսյանի ստեղծած փուչիկի ներսում:

Հայաստանի քաղաքական անգո դաշտի ընդդիմադիր հատվածը շարունակեցին ակոսել միաբանականները, ռուսաստաններից որպես հայտնություն ներկայացվող պատահականները, ազգի սիրելիի դերին հավակնող ժառանգականները, միայն կոտրված ժպիտ առաջացնող աիմականներն ու աժմականները` իրենց հուշիկ բեկորներով… եւ այսպես շարունակ: Իր համառությամբ անմրցակցելի նախագահն էլ ի լուր բոլորի այս բոլորի մասին հայտարարեց. «Շունը հաչի` քարավանը գնա»: Անկասելի այդ քարավանի դեպի ոչնչացում արշավի հերթական հանգրվանին դուրս նետվեց «Օրինաց երկիրը»:

Իսկ աշնանից սկսվում է խորհրդարանական նոր մրցապայքարը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ վերջնականապես քաղաքական լուսանցք ու դեպի էկզոտիկա են շպրտվելու այն բոլոր խմբավորումները, որոնց մասին այդպես նրբանկատորեն արտահայտվել էր նախագահը: Նախագահը, ունենալով եւ՛ ավելի համապարփակ տեղեկատվություն աշխարհաքաղաքական զարգացումների արագությունների մասին, եւ՛ խաղացողների ներուժի ու նրանց տերերի մասին, վստահաբար հետեւելու է խորհրդային հատուկ ծառայությունների սպա Պուտինի օրինակին: Նա պարզապես խակամադաների է վերածելու այսօրվա ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ: Ի՞նչ է անելու խակամադացուների մեր ընդդիմադիր հատվածը, եթե «հերոսական ապրիլի 12-ին» վերստին հակադրի իրեն թույլատրված ապրիլի 13-ի գիշերը: Ճիշտ այն, ինչ արեց առաջին անգամ:

Հաջորդ խորհրդարանում, եթե դրան չնախորդեն նախագահական արտահերթ ընտրություններ, պարոն Քոչարյանը պարզապես թույլ չի տա որեւէ ընդդիմադրի կամ այդպիսին ներկայացողի սողոսկել այնտեղ: Դրա համար կան բազում հիմնավոր պատճառներ: Նախ` բոլորին հայտնի է, որ ընտրության արդյունքները սովորականի պես նկարվելու են. այդ դեպքում ինչու՞ չնկարել այնպես, որ ընդդիմադիրի իրենց գործառույթն անգամ չընկալողներն ու չկատարողներն ավելորդ աթոռներ չզբաղեցնեն: Երկրորդ` եթե Արեւմուտքին կա հաշվետու լինելու հանգամանք, ինչի հույսով այսօր շնչում է մեր ընդդիմությունը, ապա կարելի է որպես ընդդիմադիր ներկայացնել իր երկնած կուսակցություններից մեկին, եւ հաշվետվությունը փակել ճիշտ այնպես, ինչպես փակվեց «Ա1»-ի հաշվետվությունը` տարածքը լցնելով «Շարմով», ՄԱԿ-ով կամ այսօրվա գործարարով, որ գավառական բռնապետության խաղի կանոններով ավելի ազնիվ է, քան անազատության մեջ թթվածնի մի փոքրիկ օդանցք թողնելը: Երրորդ` Մեծ Բրիտանիայի հույժ բարձրաստիճան ներկայացուցիչը հենց Երեւանում բոլորիս ի տես հայտարարեց, թե Քոչարյանը լեգիտիմ է, թեեւ մինչ այդ նրա նախագահ «ընտրվելու» առթիվ չշնորհավորելով կամ շնորհավորանքը ձգձգելով` Արեւմուտքը փորձել էր ցույց տալ, թե դժգոհ է պապուասության մեր աստիճանից. կնշանակի Արեւմուտքը Քոչարյանից սպասում է մի բան, որը տվյալ պահին ավելին է, քան իր հռչակած ժողովրդավարության կարգախոսը, ուստի մի քիչ մրթմրթալով` այնուամենայնիվ թույլ կտա այսօրվա նախագահին անել իր ուզածը խորհրդարանական ընտրություններում` որպես անձնական անվտանգության ավանսային երաշխիք. այդ դեպքում, փորձեք բացատրել, թե ինչու կիսաբերան բարեհաճություն վայելող Ռ. Քոչարյանը պետք է նոր խորհրդարանում ԱԺՄ-ի, Շ.Քոչարյանի, «Հանրապետության», ՀԺԿ-ի, Սադոյանի, Գեղամյանի ու մյուսների փոխարեն չբերի մազերը երկարացնելու հակված սափրագլուխների:

Ինչու՞ պետք է Ռուսաստանը կամ Արեւմուտքը խոչընդոտեն մեր ընդդիմադիր դաշտի Ա1ացմանը: Այդ մռայլ ճակատագիրը կարող է հուզել բացառապես միայն իրեն` քաղաքական ընդդիմադիր հատվածին. ինչպես Մարքսն էր ասում. «Խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է»: Մանավանդ որ հայտնի անեկդոտի օրինակով` Աստված նավակներ չի ուղարկելու նրանց ետեւից: Ուրեմն, ուղիղ մեկ տարի անց մենք կունենանք կա՛մ մի խորհրդարան, ուր չի լինի այսօրվա ընդդիմադիր դաշտից ոչ մեկը, կա՛մ ընդդիմությունը, առանց բացառության, կհավաքվի մեկ դրոշի ներքո ու կհայտարարի իր ոչ թե ապրիլտասներկուսյան անգո վճռականության, այլ դրոշին գրելիք ՆՈՐ գաղափարի մասին եւ ուղիղ գծով կարշավի դեպի նախագահական արտահերթ ընտրություններ` ապահովելով քաղաքական կառափնարանից իր փրկությունը: Միայն այդ դեպքում է, որ մեր ազգային օրացույցը կսկսի ճիշտ ժամանակը ցույց տալ` ուրբաթն ու շաբաթն իրենց տեղը դնելով:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ  2006

Share this content: