Բնականից հարց ՀՀԿ-ին

Վերջերս Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաճախ է իրեն հռչակում «ազգային պահպանողական»: Բնականից հարց է առաջանում, թե որքանով է այդ կոչումը համապատասխանում այդ կուսակցության անցյալի եւ ներկայի էությանը եւ վարքին:

Վերջերս Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաճախ է իրեն հռչակում «ազգային պահպանողական»: Բնականից հարց է առաջանում, թե որքանով է այդ կոչումը համապատասխանում այդ կուսակցության անցյալի եւ ներկայի էությանը եւ վարքին: Պահպանողականության էությունն էվոլյուցիոնիստական է, այն առաջադիմական գաղափարախոսություն է, որը կողմ է պետության եւ հասարակության անընդմեջ զարգացմանը` հնից նորի մեջ այն լավագույնի ներառմամբ, որը կենսունակ է իր իսկ ներուժով եւ արժանի է պահպանման, այն երբեք դոգմատիկ եւ հեղափոխական չի լինում: Հայաստանի պահպանողականի համար բարձրագույն արժեքներ են Հայաստանի պետությունը, պետական անվտանգությունը, պետական լեզուն` հայերենը, մշակույթը, բարոյականությունը, քաղաքացու իրավունքները, խղճի ազատությունը, սեփականության իրավունքը: Քիչ հետեւողական ընթերցողը եթե մեկ թռուցիկ հայացքով համեմատի վերը նշվածը ՀՀԿ-ի ներկայիս պատկերի հետ, ապա ամեն ինչ պարզ կդառնա: Ոչ ոք չի կարող պնդել, որ մեր կառավարության քաղաքականությունը ծառայում է Հայաստանի պետականությանը, երբ համատարած անարգվում են այնպիսի պետական խորհրդանիշեր եւ արժեքներ, ինչպիսիք են պետական լեզուն, սահմանադրությունը, քաղաքացու իրավունքները, երբ չգրված հասարակական չափորոշիչներ են դառնում կաշառակերությունը, քցողությունը, երբ մեր ազատության նվաճման` հպարտության տարիները դասագրքերում որակվում են որպես մթի ու ցրտի տարիներ, երբ Հայաստանի ռազմավարական անվտանգության համար կարեւոր բազում օղակներ հանձնվում են օտարներին, երբ Հայաստանն օտար պետության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հենց մեր երկրում որակվում է որպես ֆորպոստ, իսկ մեր ինքնահռչակ «պահպանողականները»` պետական այրերը լռելյայն համաձայնում են, տազ են անում` դրանով իսկ իրողություն սարքելով այդ արտահայտությունը:

Առավել հակասական է «ազգային»-ի պարագան. նախկինում հայ պահպանողականությունն ինքնակոչվել է «ազգային»` պետության բացակայության պատճառով եւ նպատակ է հռչակել ազգին սեփական պետական տանիքի տակ առնելը: Այժմ` Պետություն ունենալուց հետո, երբ ազգը նույնանում է քաղաքացիության հետ, «ազգային» պիտակն այլեւս ժամանակավրեպ է: Մնում է հարցնել ինքնակոչ «պահպանողական» հանրապետականներին` խոսքը ինչ-որ ազգի մասի՞ն է, որ խնդիր ունի ինքնորոշվել Հայաստանի Հանրապետության «լծից», թե՞ սփյուռքահայ որեւէ գաղութի, որ տենչում է «ինքնորոշման»:

Ես սպասում եմ նախապես բանավոր պայմանավորված Հանրապետական եւ Պահպանողական կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների միջեւ առաջիկայում կայանալիք բանավեճին, որ պետք է նախաձեռնեն հանրապետականները, քանզի պատկերաձայնային լրատվամիջոցներն ամբողջությամբ եւ մամուլը մեծավ մասամբ ուզուրպացված են եւ հասանելի բացառապես իշխանական կլաններին, իսկ այսօր պահպանողականներն իշխանության չեն:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Երիտասարդ պահպանողականներ» ՀԿ անդամ

Share this content: