20-րդ դարը, որը հայերիս համար սկսվեց ցեղասպանությամբ եւ Արեւմտյան Հայաստանի հայազրկմամբ, ավարտվեց Նախիջեւանի, Ուտիքի, Արցախի մի զգալի հատվածի վերջնական հայաթափությամբ: Թե սա հայ հասարակական գիտակցության մեջ ինչ տեղաշարժեր է առաջացրել, ցույց կտա ժամանակը, թեեւ այդ գիտակցության ամենազգայուն նյարդահանգույցը` գրականությունը, չի կարելի ասել, թե միանգամայն անտարբեր է եղել: Ավելին, ասենք, Մուշեղ Գալշոյանի գրականության մեջ այն եղել է առանցքային թեմա` ո՛չ ողբասացության, ո՛չ պաթետիկ-տոնական հայրենասիրության, այլ խորը քննումների եւ ահազանգի առումով:
«Միայնակ ծառը» պատմվածքի օրինակով փորձենք ցույց տալ դա` նախապես արձանագրելով, որ այն հայ գրականության մեջ բացառիկ ստեղծագործություն է, ուր ամեն մի կետադրական նշանը, բառը, արտահայտությունն ու ամփոփ միտքը խորհրդանշան է: Եվ դա հատկանշական է ոչ միայն այն պատճառով, որ ճշմարիտ գեղարվեստն ընդհանրապես բազմաշերտություն է ենթադրում, կամ խորհրդային գրաքննության պայմաններում այլ կերպ հնարավոր չէր, այլեւ կորսված հայրենահատվածի ու Խորհրդային Հայաստանի մետաֆիզիկայի թելադրանքն էր պահանջում: Պատմվածքի այլեւայլ խորքերի բացահայտումն ու դրանց տակ հառնող ճշմարտությունների վայելումը թողնելով ընթերցողին` անդրադառնանք ընդամենը մեկ-երկուսին, որոնք առավել հրատապ են:
Պատմվածքում որպես ժողովրդի խորհրդանշան ընտրված է ծառը: Արեւմտահայաստանում այն հադես է գալիս ընկուզենու տեսքով, որը եղեռնից փրկված ու իր նոր հյուղակը մի ոտքի վրա սարքած, այսինքն` վերադարձի հնարավորությանը սպասող հերոսի` Հազրոյի երազներում մշտապես հայտնվում է չխամրած գույներով ու կենդանի: Ընկուզենու երկվորյակ եղբայրը միայնակ մի բարդի է Արեւելահայաստանում, որի միայն կենտրոնաձիգ ճյուղն է առողջ, մյուս երկուսից մեկն իսպառ չորացել էր, երկրորդը` թեեւ չորուկներ ուներ, բայց դեռ կենդանի էր (շատ թափանցիկ է արեւելահայության թեւերի մասին այս ակնարկը): Պարզ է այդ ժողովրդի` գալշոյանական զգացողությունը. այն` այլեւս երբեւէ «չհայտնված երիտասարդ հողաչափի» կողմից անհիշելի ժամանակներում է տնկվել` այլ ծառերի հետ միաժամանակ, որոնք չդիմանալով ժամանակի քննությանը` չորացան, անհետացան, իսկ այս մեկը «համառեց ու անջուր ապրեց», այն «անտառի ծառերից մեկը չէր, ջրերի հետ խաղացող գետափի ծառերից մեկը չէր, այգիներում գուրգուրվող ծառերից մեկը չէր… կացնի ահը ծնված օրվանից իր մեջ ունեցող ծառ էր… գուրգուրանքը անցուդարձողների անտարբեր հայացքներում որոնող հավատավոր ծառ էր, գետը քարե ընդերքում որոնող համառ ծառ էր, անտառից վտարված-վիրավորված ծառ էր, հրաշքներով ապրող երազկոտ ծառ էր… Այս ծառի միակ բարեկամն ու պաշտպանը Արեւն էր…»:
Մի մառախլապատ օր հերոսն այլեւս չդիմացավ, կարծեց, թե մառախուղը հավերժ է լինելու, իսկ ինքն էլ հավերժական ճամփորդ է այդ խավար ճամփի միջնամասում, նրա «հոգում մեռավ Արեւը» եւ կտրեց ծառը` ընկուզենու երկվորյակին. «որքան անհավատարիմ ու ապերախտ է մարդը. մի պահ, միայն մեկ պահ անհայտացավ Արեգակը, կարծում է` արդեն այրվել-հանգել է, մոխիր է դարձել»: Ժողովուրդն անպաշտպան է դառնում հենց այն ժամանակ, երբ իր Տերը (տվյալ դեպքում` Հազրոն) փորձում է հիմնավորումներ տալ անհավատությունից, վատուժությունից, ապերախտությունից… ծնված գործողություններին. «Այս ծառից վերջապես մի բան պե՞տք է մնա… եթե արմատները առողջ են` նորից շիվ կտա-կաճի, իսկ մնացածը կտանի տուն, կտնկի թոնրի մեջ եւ միասին կապրեն…»: Միասին ապրել անհնար էր. գերանն ամենեւին ծառ չէ, այլ հենակացու, ուստի սա սոսկ ինքնարդարացում էր Տիրոջ համար, մանավանդ որ նրա հյուղակի օջախի խոնավությունը «մինչ ի թոնրի հատակն էր ներծծված»:
Միայն ծառը կտրելուց հետո է մշտապես Էրգրի երազով ապրածը դուրս գալիս կործանարար երազկոտությունից ու իր Էրգիրը տեսնում առանց ընկուզենու. իսկ առանց ընկուզենու, այսինքն` ժողովրդի, իր հայրենի տունը` Էրգիրը, «երեւաց խղճուկ հյուղակ, անծանոթ, օտար, շատ օտար»: Ավելին` «Եվ արդեն մի տեսակ անհասցե էր Հազրոյի երազը, եւ անբուն էր Հազրոյի կարոտը»: Սա այն սթափության կոչն էր, որ Գալշոյանը ժամանակին ուղղեց ազգի բոլոր տոնական, վայ-հայրենասիրության կրող տերերին, որն այսօր էլ երկրորդելը ոչ միայն չէր խանգարի, այլեւ հրատապ է, քանի դեռ չեն հասցրել սին երազների ու օտար խաղերի զոհասեղանին դնել մեր իրոք վերջին հանգրվանը: Գալշոյանին, ում ամեն տողի տակից Էրգրի կարոտն է տնքում, համենայնդեպս, անհնար է մեղադրել էրգիրուրացության մեջ:
Այս ողբերգության պատճառն ըստ Գալշոյանի այն է, որ Հազրոն մի անգամ արդեն «վախեցել, փախել, թաքնվել էր լույսից», որի արդյունքում կորցրել էր ընկուզենու տիրոջ իրավունքը, թեեւ մշտապես երազներում խաբել էր ինքն իրեն, թե օսմանը չի կտրել ընկուզենին: Նույն «լույսի սուփրեն»` ճշմարտությանը սթափ նայելու հրամայականը, որ, ըստ Գալշոյանի, բնության ամնեամեծ հրաշքն է, կրկին է հայտնվում նրան, երբ ինքը ծառի մոտ էր: Հրաշքները` ճշմարտությունները, ծառի համար էին, ու եթե հերոսն էլ ուզում էր հրաշքների հաղորդակից ու կրող լիներ, մի բան անել ծառի համար, ապա պետք է լիներ ծառի հետ, մանավանդ «մշուշով բռնված առավոտին, երբ ծառը պլլված էր մառախուղով, եւ բնում բորբոքվել էր կացնի ահը: Այն ժամանակ էր պետք, որ Հազրոն ջերմ-ջերմ փաթաթվեր, մշուշի միջով առանց կացնի գար` գրկվեր եւ միասին սպասեին Արեւին»:
Երիցս ճշգրիտ է Գալշոյանը. անցորդ օտարները վատագույն դեպքում կարող էին իրենց կերուխումերի համար որպես կպչան ընդամենը կեղեւ ճանկռել ծառից, նրա բնի մոտ կրակ վառել ու վնասել, երբ իր տեղում չէ Տերը, բայց վերջնականապես ոչնչացնել կարող էր միայն Տերը, երբ ծառի հետ լինելու փոխարեն ծառն օգտագործելու ձեւեր ու միջոցներ է փնտրում: Եվ պատահական չէ, որ ծառը մերժում է իր սեւ գործն արած Տիրոջ գգվանքը, նույնիսկ` միասին տապալվելու կանչը: Սա տասնամյակների խորքից եկող սթափության ահազանգ է:
Այսպիսի մի հատված կա պատմվածքում. «Ճյուղերը սրսփում էին, ճյուղերը արդեն կապերը կտրել էին իրարից` դողում էին զատ-զատ, ամեն մեկը իր համար, դեռ հրաժեշտ չտված տերեւները ուրու տեսած ծտերի նման ալեկոծվել էին. տերեւները լսել էին կացնի ձայնը, գիտեին, որ բունը կտրված է»: Ու եթե այսօր մեր ծառի, այսինքն` ժողովրդի, ճյուղերն ու տերեւները` պարզ հատվածներն ու ներկայացուցիչները, նույնպես ինքնամփոփված, ընդհանուրի զգացողությունը կորցրած` «դողում են ամեն մեկն իր համար», ապա արժե անսալ գալշոյանական ահազանգին, տեսնել պատմվածքում կանխանշված վերջն ու անել համապատասխան հետեւություններ` առնվազն հավատալ Արեւի բացվելուն:
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Share this content: