Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից «Չորրորդ իշխանություն» թերթում ներկայացրինք 60 մեջբերում: Շնորհակալություն եւ՛ թերթին, եւ՛ ընթերցողներին` արձագանքների համար: Սակայն ինչու՞ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի մտքերն էին, ըստ մեզ, անհրաժետ մատուցել մեր հասարակությանը, մանավանդ երբ տարին հայրենի իշխանությունները հռչակել են Հայ գրերի, Գարգին Նժդեհի, Հայաստանում Ռուսաստանի, Տիգրան մեծի գահակալման հոբելյանական տարի:
Չգիտեմ, թե մեր պատմության որ պահից` մենք սկսեցինք աշխարհն ընկալել ոչ այնպես, ինչպես ուրիշ ժողովուրդները. մեր ոչ թե հերոսներից մեկը, այլ գլխավոր հերոսը` Փոքր Մհերը, ոչ թե արտաքսվեց, այլ ինքնափակվեց ժայռի մեջ, ու մենք երգեցինք դա ցավով ու սպասմամբ: Ցավը` ոչինչ, այն երբեմն նույնիսկ ուժ է հաղորդում, բայց սպասումը դատապարտում է անգործության եւ հանկարծակի չսխալվելու վախի: Ու այսպես, հայը երկար, շատ երկար դարեր խորհեց, ուր պետք էր զգալ, եւ զգաց` ուր պետք էր խորհել: Սա գուցեեւ հրաշալի էր, բանաստեղծորեն գեղեցիկ, բայց արդյունքն այն էր, որ հազար տարվա ընթացքում չհաղթեցինք եւ ոչ մի պատերազմ, որ պարտադրվում էր մեզ: Ճակատամարտեր հաղթեցինք ու այն ընկալեցինք որպես պատերազմական հաղթանակ, եւ այդ շփոթի ապտակը երբեք չուշացավ` մեր երկիրը դարձնելով անվերջ փոքրացող, իսկ ժողովուրդը` աշխարհասփյուռ ու սրա-նրա ձեռքին նայող:
Հիմա կա՞ մի երազ կամ հանրային ցանկություն, որ ընդհանուր լինի հայության, ասենք, կեսի համար: Եթե կա, ապա դատելով մեր ստեղծած մշակույթից, մեր մամուլից ու վերնախավի եւ զանգվածի վարքականոնից` դա անհատակն բարեկեցության երազն ու մղումն է: Այս չափանիշով էլ կառուցում ենք մեր ներազգային կյանքը: Եթե ինչ-որ մեկն ինձ դուր է գալիս, ապա նա կարող է լինել եւ՛ իմ բարեկամը, եւ՛ գործընկերը, եւ՛ կույրաղիքս վիրահատողը, եւ՛ մայրենիի ու օտար լեզվի ուսուցիչը, եւ՛ ամեն բան: Այդ մեկի հետ կապելով ամեն մի հույս` մեզ դատապարտում ենք խորը հիասթափության, խռոված Փոքր Մհեր դառնալու, քանի որ մեր երազն ու նվիրվածության մեր կերպը անիրատեսության ոլորտից են ի սկզբանե:
Թեեւ մեր պետությունն արդեն 14 տարեկան է, բայց այդպես էլ մենք դեռ չունենք, ասենք, նորմալ երկիր ունենալու, այնտեղ զարգանալու ու զարգացնելու իղձը: Մենք մեր մտապատկերում ունենք ծովից-ծովը, ու եթե իրականության մեջ այն կանգ է առնում ծովից թեկուզ տասը մետր հոռավորության վրա, ապա փշրվում է մեր կամքը, խորտակվում են երազները, իմաստազրկվում է հայորեն լինելը` մեզ դատապարտելով հավերժական նեղացածի, աշխարհից ու հատկապես ինքներս մեզնից խռովածի թաղանթում ապրելու: 1988-ին հարթակ ելածներից ոմանք ասացին բաներ, որ մենք հասկացանք յուրովի, ապա հաջորդեց անուրջների բիրտ փլուզումը, որ եղավ պատերազմի տեսքով, իսկ պատերազմների մասին մենք մոռացել էինք վաղուց. մեզ ճակատամարտերի դաշտն էր թողնվել դեռ հազար տարի առաջ, ուր անշուշտ հերոսանում էինք, լիներ դա Սրդարապատում թե Ստալինգրադի պատերի տակ: Պատերազմները մենք պատկերացնում էինք դարձյալ աղոտ, ուր մեզ մի ելք էր մնում` խուսափել մարտից եւ հուսալ ամենափրկիչ հերոսին` «Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա», «Ելի՛ր, դաշնակ Դրո»: Ուստի ամենեւին մեղադրելի չէր, որ երեք միլիոնանոց Հայաստանը մեր հայրենական պատերազմին տվեց ավելի քան հարյուր հազար անմիջական մասնակից եւ հինգ հազար զոհ, իսկ երեք անգամ ավելի Սփյուռքը` ընդամենը 14 մասնակից: Բոլորն էին հասկանում, որ պատերազմը մի օր ավարտվելու է: Գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա ողջախոհության զինակից բնակչության մի հատվածը կողմնակից էին դրա արագ ավարտման, որովհետեւ արագության մեջ լուծումն ամեն դեպքում հօգուտ մեզ էր լինելու: Սակայն օբյեկտիվորեն հաղթեց պատարեզմն ավարտելու ծուռ աշխարհընկալման մեր հազարամյա կերպը: Ես ինքս էլ այդ «հաղթողների» մեջ էի` կարծելով, թե Օմարից երեւացող Գանձակն էլ չազատագրելը դավաճանության պես մի բան է…
Հիմա, կարծես թե, ստվարացել է նրանց թիվը, որ հստակեցրել են իրենց երազանքը` ունենալ ժամանակակից, մրցունակ, անխարդախ, ապահով հայրենիք, ուր մարդն առաջին հերթին մարդ է հետո նոր զոհ` հանուն տարբեր բաների: Միեւնույնն է, զոհի քաղաքականությամբ մարդիկ այլեւս չեն կերակրվում. վկա չդադարող, արյունաքամ անող արտագաղթը` չդադարող տնտեսական աճերի պարագայում: Ես եւ ինձպեսները, անշուշտ, պատերազմի ու նրա հետեւանք անասելի դժվարությունների մեղքը պիտի փնտրեինք մեզնից դուրս` որպես հազարամյա պետականազուրկ ժողովրդի ներկայացուցիչներ: Իսկ «մեզնից դուրսի» ավելի հարմար օբյեկտ չէր կարող լինել, քան իշխանությունները եւ այն մարմնավորող նախագահը: Չեղավ մի ընտրություն, որ մենք ձայն տայինք ՀՀՇ-ին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սա ինքնադատափետում չէ. քավ լիցի: Ավելին` կարող ենք ասել, որ լավ էլ արել ենք, քանի որ ժողովրդի իրավունքն է պահանջելը, իսկ իշխանություններինը` այդ պահանջները բավարարելը: Դա եթե ոչ մենք, ապա Տեր-Պետրոսյանը հասկանում էր ու ներողամտաբար տանում իր խաչը` չնեղանալով, «Ապերախտ ժողովուրդ» չասելով:
Իհարկե, պետության արյունը քամող պատերազմի արդյունքում մենք պիտի հոսանք չունենայինք, որ ճակատում հրասայլը տեղից շարժվեր, պիտի կտրոնով հաց գնեինք, որ ճակատում զինվորը սոված չմնար, պիտի ցրտահարվեինք, որ ճակատում հրանոթները արկեր ունենային: Իսկ պատերազմի սառեցումից ամիսներ անց նույն Տեր-Պետրոսյանի օրոք եւ՛ շուրջօրյա հոսանք ունեցանք, եւ՛ կտրոնները հուշ դարձան, սակայն չփորձեցինք վերլուծել իրականությունը: Մոտեցանք զգացմունքով, երբ տարրական թվաբանությունն իսկ բավական էր հասկանալու համար, որ պատերազմն էր կլլում մեր երկրի միջոցները:
Աստված մի արասցե, որ այսօր էլ հետադարձ հայացքով պատմությանը նայելիս` փորձենք զգացմունքներով առաջնորդվել: Խորհել է պետք, երբ հարցը վերաբերում է հայրենիքի ապագային: Երրորդ հանրապետության հիմնադիր-նախագահը թերեւս եզակի անհատականություն է, որ ի տարբերություն իր ժամանակի եւ այսօրվա գործիչների` երբեք չփորձեց դուր գալ հանրությանը, այլ արեց այն, ինչ գտնում էր, որ պետք է նույն ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու ապագայի համար: Երբեք չխոսեց տղամարդկությունից, թեեւ իրական տղամարդկությունը հենց դուր գալու կանացի ֆենոմենի բացակայությունն է: Նա իր բաժին խիզախության անկապտելի տերն է, մնում է մեր` հանրության խիզախության քննություն բռնելը: Հիմա հարցը շատ պարզ է դրված` մեր երկրին ի՞նչ է պետք, որ դուրս գա տեղում դոփելու այս կախարդական շրջանակից, երբ շուրջբոլորը կայծակնային արագություններ են զարգացվում: Երբ առանց անհիմն զգացմունքայնության կպատասխանենք այս հարցին, եւ կպատասխանենք որպես մեր հայրենիքի ճակատագրով մտահոգ եւ 21-րդ դարի քաղաքացիներ, ապա վստահ եմ` կհանդիպենք Լեւոն Տեր-Պետրոսյանի տիրական ու խոհուն կերպարին:
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
Share this content: