Հայաստանը բռնազավթվում է հիմնավորապես

Հայկական եթերից օրերս մի հեռուստաալիք էլ ռուսացավ. ըստ պաշտոնական տեղեկատվության` «հայ մտավորականների խնդրանքով», թեեւ այդ երեւակայական խնդրողների անուններ չհնչեցին: Չենք կարծում, թե որեւէ հայ մտավորական ունակ է թիկունքից դավել մայրենին` ազգային ինքնության գերագույն նշանը: Հայ մտավորականին ձեռնոց է նետված: Մենք սեփական ժողովրդի առջեւ հերքում ենք` ասելով, որ կապ չունենք այդ խաբեության հետ: Իսկ եթե, այնուամենայնիվ, եղել են այդպիսիք, ապա թող սեփական անունով հանդես գան. նմանների մասին ուղիղ 90 տարի առաջ Վահան Տերյանը գրեց այսպիսի տողեր. «Այսպես ահա, այդ հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը, ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլով, որի համար ոչ մի միջոց չի խնայում, ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգեւորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ… Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին եւ սիրտն է նրա… Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը: Դուք, որ ինքնակոչ հյուր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը: Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում: Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ու ձեր որջն` ավելի տաք… Մինչեւ անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այսօր այդքա¯ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա…» (Վահան Տերյան, Հոգեւոր Հայաստան):

Ի՞նչն է փոխվել այսօր, կեղծավորներ: Երեւի միայն այն, որ այլեւս մտնում եք ոչ թե մանթաշովների ու ԿԳԲ-ի, այլ սեփական պետության ու ժողովրդի վաստակի մեջ: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ որեւէ վրացի, էստոնացի, թուրք… մտավորական դիմի իր երկրի ղեկավարին` խնդրելով ռուսացնել իր ժողովրդին: Սրանից այն կողմ կա՞ առավել անբարոյականություն: Եվ կարո՞ղ եք պատկերացնել, որ Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի… ղեկավարը, անսալով այդպիսի զառանցանքին, վերցնի ու սեփական ժողովրդի մտածողությունն ուղղորդելու կոչված զենքը` եթերը, տրամադրի երեկվա զավթիչին, մանավանդ երբ այդ ղեկավարը շրջապատված է «նժդեհական» ու ազգային-հեղափոխական խաժամուժով: Ասացե՛ք, կա՞ մի վայր, ուր տխմարությունն ու ազգային ինքնասպանության մոլուցքն այսպես զանգավածային լինեն:

Ձեր արածն այն բանի համա՞ր էր, որ Ռուսաստանից եկած ինչ-որ աստիճանավորներ ու ռուս պետության մտավորականներ ասեն. «Քանի որ դա գալիս է հայկական կողմից, դա մեզ հաճույք է պատճառում»: Մտավորական եք կոչվում, ասացե՛ք` ի՞նչ անուն են տալիս հաճույք պատճառողին: Մարմնավաճա՞ռ: Ո՛չ: Ձեզ հետ համեմատած` մարմնավաճառն ավելի պարկեշտ է ու ավելի 1700-ամյա, քանի որ միայն մարմինն է վաճառում, իսկ դուք մեր ազգային հոգին եք վաճառքի հանել: Ինչպե՞ս կոչենք ձեզ, հոգեվաճառնե՛ր:

Սպասեցինք երկար, որ մի օր կդիմեք ձեր նույն հասցեատիրոջն ու կասեք. «Փոխարինիր եթերիդ ռուսախոս բերանը հայկականով. մեր երկիրը Հայաստան է»: Բայց դուք լռեցիք, երբ նույնիսկ հայալեզու ալիքներ փակվեցին: Դա քաղաքականությու՞ն է, իսկ դուք քաղաքականությամբ չե՞ք զբաղվում, որովհետեւ մտավորակա՞ն եք: Ո՛չ, դուք մտավորական չեք, այլապես հեռու չէիք լինի քաղաքականությունից, որը ձե՛ր Հայրենիքի հանդեպ է վարվում: Այդպես մակաբույծն է փորձում արդարանալ` պարտքը չկատարելու համար: Դուք շատ էլ լավ զբաղվում եք քաղաքականությամբ, պարզապես այն մանր խարդավանք է, ու ձեր մասին նույն Վահան Տերյանն ասում է «ապոլիտիկ» եւ «պոլիտիկան»: Ձեր քաղաքականությունը մի քանի լումա պոկելն է` պալատականներին քծնելու գնով. հիմա էլ նո՞ր գին եք դնում` երեսուն արծաթ: Դուք այդպես վարվեցիք, նույն ծառայության մեջ էիք, երբ Չարենցին ու Բակունցին, Մահարուն ու Թոթովենցին էին ոչնչացնում, այդպես էիք վարվում, երբ ժողովներ էիք անում Սոլժենիցինին դատափետող նամակներ հղելով ձեր տիրոջը: Ավելին, ձեր զավակներին հանձնում էիք ռուսական կրթության հոշոտմանը` սովորական մեր ժողովրդի համար ծառայելով ամենավատ օրինակը. այդ պատճառով էլ ձեր մեջ հալածյալներ էին Խորենացուց սկսած մինչեւ Հովհաննես Շիրազ, Ռաֆայել Իշխանյան ու Հրանտ Մաթեւոսյան:

Հիմա, ես արգելում եմ ձեզ` վերցնել մտավորականի իմ անունը. դուք մտավոր աշխատանքի իմիտացիայով հաց փախցնողներ եք, դուք ազգիս մակաբույծներն եք ու մոլորեցնողները: Ձեզնի՛ց են գալիս բոլոր գայթակղությունները` որպես Կայենի հարազատ զավակներ: Այլոց հաշվին գոյություն քարշ տալու իրավունքը ձերն է, բայց իրավունք չունեք ձեր սատանայի կճղակներով մտնելու մեր ինքնության երագույն տաճարը:

ուք ամենեւին կապ չունեք ռուսական հզոր մշակույթի հետ, դուք նրա սիրուց չէ, որ ուրացողներ եք դարձել. պարզապես հիվանդի հոգեբանությամբ հույս եք փայփայում, թե այնտեղից կարող եք ավելին կլպել ձեր անհագ որկորի համար: Այլապես, երկար ապրելով ռուսական մշակույթի արեալում, գոնե ռուսականի մակարդակի մի արժեք ստեղծած կլինեիք եւ չէիք անապատացնի մեր մշակույթի հորիզոնը: Ձերը մշտապես եղել է մարդկանց աքսորող ու ճզմող, հնգամյակներ գովերգող լենինյանը, ո՛չ երբեք ճշմարիտ ռուսականը, որ սահմաններ չի ճանաչում: ավառամիտներ, նախ դու՛ք կրթվեք` թեկուզ հենց նույն ռուսականով, հետո փորձեք ձեր չմարսածը մեր իսկապես խեղճ ժողովրդին ներարկել: Դուք ամենասովորական մակաբույծներ եք. այն, ինչ պետք է ինքներդ անեիք, փորձում եք գցել ուրիշի վրա: Այդպես ձեր զավակների համար կույրի ու համրի, կաղի ու խելագարի թղթեր եք հանում ու, որպես արդարացում, պահանջում ռուսական զորք Հայաստանում: Հիմա էլ ռուսական հոգու զո՞րքն եք բերում ձեր խեղված հոգու սահմանները «պաշտպանելու»: Դուք ատեցիք մեր բանակը, ատեցիք մեր ինքնապաշտպանության իրավունքը` այն անվանելով ցրտի ու խավարի ժամանակաշրջան, բթացրիք ժողովրդի հիմնական` ինքնապաշտպանության բնազդը, չներեցիք պատերազմը հաղթած գերագույն գլխավոր հրամանատարին ու սպարապետին: Հիմա էլ ատելություն եք սփռում մեր լեզվի՞ հանդեպ, հիմա էլ բթացնում եք հոգեւո՞ր ինքնապաշտպանության բնազդը: Ինչպե՞ս կոչենք ձեզ. դու՛ք տվեք ձեր անունը, եթե դա ցենզուրայից դուրս չէ:

Դուք նույն ռուսական սայլի կցորդն էիք նաեւ խորհուրդների ժամանակներում, երբ ձեր փոխարեն հոգու պահպանման գործն անում էր ընդամենը մի քանի երիտասարդ:

Բայց` պարոն վարչապետ, Դուք էլ հո՛ մակաբույծների պարտքը Ձեզ վրա ինքնակամ վերցնող այդ երիտասարդներից էիք, ինչպե՞ս հասկանալ, որ հենց Ձե՛ր կառավարության օրոք է խեղվում այն, ինչի համար Ձեր ընկերների հետ դրեցիք Ձեր երիտասարդությունը: Ավելին, նժդեհակա¯ն եք. նորից կարդացեք Նժդեհի գրածը հայ վայ-մտավորականների մասին, ոչինչ չի՛ փոխվել: Եթե չեք հասկանա, Ձեր նժդեհականների հետ հեռացեք` առանց սերունդների համար թանկ Ձեր անցյալը արժեզրկելու, առանց մինչեւ վերջ լլկելու Գարեգին Նժդեհի անունը:

Պարոն Քոչարյան, Դուք մեղավոր չեք, որ հայերեն չեք մտածում. դա մեր ժողովրդի ճակատագրի մի մասն է կազմում, բայց Դուք հավիտենական նզովքի տակ եք ընկնում, երբ վկայակոչելով չեղած մարդկանց` ձեռք եք բարձրացնում Հոգեւոր Հայաստանի տարածքային անձեռնմխելիության դեմ: Կարող եք նյութական հայրենիքից էլի ինչ-որ բաներ նվիրել ռուսներին, եթե իհարկե երկրի շահն է այդպես պահանջում. դա «երեք օրում վերականգնելի է», բայց անդառնալի է Հոգեւոր Հայրենիքի ամեն մի թիզ կորուստը: Դուք իրավունք չունենք կապիտուլացնելու Հոգեւոր Հայաստանը:

Իմ մաշտոցական քույրեր ու եղբայրներ, ի՞նչ եղավ մեր ոգին, մի՞թե այն մարեց լուսահոգի Ռաֆայել Իշխանյանի հետ, մի՞թե մեր երազը ճզմվեց կոալիցիոն փարիսեցիության մամլիչի տակ: Այսօր մեր մայր լեզուն մե՛զ է կոչում. չանսալը սրիկայություն է:

Անհուսության մեջ, խեղված պատմության օրինակով ոգեկոչենք Խորենացուց Մաթեւոսյա՞ն. բայց ինչու՞ ողջերին փնտրել հանգուցյալների մեջ: Ես` որպես պետության քաղաքացի, դիմում եմ «Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի»` մեր գերագույն նվաճման հեղինակին` Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. պարոն Նախագահ, այո՛, եղել է մեղանչում Ձեր դեմ, սակայն ո՛չ ժողովրդի կողմից. ժողովուրդները մեղքի ու անմեղության դաշտում չեն գոյում, նրանք ընդամենը կարող են լինել կենսունակ կամ անկենսունակ: Դուք Ձեր իմաստնության վերեւներից կարող եք հանդարտորեն նայել այսօրվա քաղաքական կարճատեսությանը, Ձեր հիմնած պետությունը դանդաղ մարման տանող ուղուն` վստահ, որ մի օր, երբ այլեւս հնար չի լինի, Դուք կտաք այդ հնարը, բայց մի՞թե սա վերջը չէ, երբ քանդում են ոչ միայն նյութական հայրենիքի առաջընթացի տրամաբանությունը, այլեւ Հայրենիքի հիմքն ընդհանրապես: Ծնողը միշտ ներում ունի` անկախ ապաշխարանքից, մանավանդ երբ «իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում»: Դուք ականավոր գիտնական եք եւ գիտեք, որ սրանք միայն ձեւով են քրիստոնյա, ուստի խորթ է սրանց քրիստոնեական թիվ մեկ արժեքը` ապաշխարանքը: Ուրեմն ի՞նչ, թողնելու եք, որ այսպես թավալգլոր կործանվի՞ Ձեր ստեղծածը, դիակապտիչների նման փորեն ու հանեն Տաճարի նույնիսկ անկյունաքարե՞րը, որ Դուք եք դրել: Աստվածաշնչի լավագույն թարգմանիչներից եք եւ գիտեք, որ անգամ Սոդոմը չէր ավերվի, եթե այնտեղ գտնվեր նույնիսկ ոչ թե հիսուն, այլ տասը արդար մարդ: Վստահեցնում եմ` մեր Լեզվի տաճարում բնակվող անմեղներն ու անմեղսունակները պահանջվածից բազմապատիկ ավելին են: Իսկ այդ լեզուն այնքա¯ն ապաշխարանք ունի իր մեջ, միայն թե այդ լեզվով իրապես մտածելը չմեռնի: Այլապես արդարները կելնեն եղբայրակործան փրկության կռվի, ու Ձեր հիմնած Տաճարից քար քարի վրա չի մնա:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Առավոտ», 2004թ., հուլիսի 10 «Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2004թ., հուլիսի 10

Share this content: