Ցրտի ու խավարի՞, թե՞ հպարտության տարիներ

«Կեցցե Զեյթունը, խրոխտ Սասունը, ֆիդայությունը,

Բախտավոր օրեր` պարծանք հայ ազգի»:

19-րդ դարի հայդուկային մի երգից

Ռուսական որեւէ գրքում, հոդվածում չեք հանդիպի այսպիսի արտահայտության` «Ցրտի եւ խավարի տարիներ», թեեւ ոչ մեկը չի կարող պնդել, թե 1941-45թթ. (ի դեպ, այն ի սկզբանե անվանվեց Հայրենական մեծ պատերազմ) եւ նույնիսկ հետագա մեկ տասնամյակում Խորհրդային Միությունում մարդիկ հոսանք են ունեցել, իսկ ձմեռները նրանց կացարաններում տաք է եղել, երեխաներն էլ` կուշտ: Փորձեք Լենինգրադի բլոկադայի ժամանակ այնտեղ եղած զինվորներին ու քաղաքացիներին ասել, թե դրանք եղել են սովի, ցրտի ու խավարի տարիներ, եւ նրանք կվիրավորվեն ու կասեն, որ թեկուզ սովամահության, ցրտամահության, մինչեւիսկ մարդակերության ոչ քիչ դեպքեր արձանագրած, բայց այդ տարիներն իրենց արժանապատվությա՛ն տարիներն են եղել, երբ կարողացել են դիմագրավել մինչեւ ատամները զինված օտարին: Նրանք, ինչպես նաեւ ռազմաճակատից բավականին հեռու գտնվող Հայաստանի` անլուր զրկանքների դատապարտված բնակիչները ցավով, բայց հպարտությամբ են հիշում այդ ժամանակները: Եվ դա միակ բնական արձագանքն է, երբ մարդն ավելին է, քան կենդանին:

Նույնն է նաեւ այս հոդվածի բնաբանի պարագայում: Մի՞թե Զեյթունի ու Սասունի ինքնապաշտպանության ժամանակ բնակչությունը չի վտանգել իր կյանքը, եւ դա սովորական ժամանց է եղել. այդ դեպքում դրանք չէին անվանվի հերոսական ինքնապաշտպանություն: Ամենեւին պետք չէ ուրիշի ողբերգության վրա ձեռքերը տաքացնողներով դատել մի ամբողջ ժամանակաշրջանի բովանդակության մասին: Անշուշտ, շատ նշանավոր մարդկանց հուշագրություններից եւ մանավանդ Գուրգեն Մահարու գեղարվեստից («Մանկություն եւ պատանեկություն», «Այրվող Այգեստաններ») բավականաչափ տեղեկանում ենք, թե ինչպես են շահարկել իրենց կարգավիճակը շատ ու շատ փանջունիներ, սակայն մի՞թե նույնը եւ ավելի վատ չէր վիճակը նույն ռուսների պարագայում, երբ նախիրներով հարստանում էին ոմանք, ավելին` դառնում էին նացիստական պոլիցայներ: Խոսքն այստեղ հասարակական գիտակցման մասին է. որեւէ ռուս մանկավարժ, նույնիսկ խորհուրդների հանդեպ թշնամանքով լցված էմիգրանտ ու վլասովական իրեն թույլ չտվեց Հայրենական մեծ սպատերազմն անվանել ցրտի, խավարի տարիներ: Այն ժամանակվա որեւէ հայ մտավորական նույնպես, ձաղկելով հանդերձ հայ քաղաքական վերնախավի կարճատեսությունը, չփորձեց վիճարկել 19-20-րդ դարագլխի հայ ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը:

Իսկ ի՞նչն է փոխվել այսօր: Ինչու՞ հենց պատերազմի տարիներին հայերիս կողմից Ադրբեջանի համար շրջանառության մեջ դրվեց «լույսի թագավորության», մեզ համար` «խավարի» բնորոշումը: Այն ժամանակվա եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության մեծամասնությունն այն ժամանակ իրավացիորեն ընդվզեց նման մտայնության դեմ, մինչդեռ նորերը հիմա առանց հոգնելու թունավորում են ժողովրդի միտքը, արգելում նրան նախախորհրդային եւ խորհրդային հազարամյա գաղթականից քաղաքացի դառնալ` անընդհատ շրջանառելով հակազգային այդ թունակաթիլը` ցրտի եւ խավարի տարիներ: Այսինքն, եթե վաղը Հայրենիքը պաշտպանելու հարց առաջանա, մենք ամեն գնով պիտի խուսափե՞նք, քանի որ անխուսափելիորեն լինելու են եւ՛ ցուրտ, եւ՛ խավար, ինչպես ամեն մի պատերազմում: Հայ ֆիդայիները շատ ճշմարիտ ու արժանապատվորեն էին արձանագրել` «Բախտավո՛ր օրեր` պարծա՛նք հայ ազգի»:

Ազգովին դառնում ենք ռուսախոս մուրադիկ, երբ որպես մեր «լավը» լինելու ցուցանիշ դեմ ենք տալիս վերջին ընտրություններից հետո ադրբեջանցի ընդդիմադիրների իբրեւ թե «վայրագությունները»` այն դեպքում, երբ պիտի նախանձեինք իրենց քվեի գինն իմացող, դրա պաշտպանության համար շատ թանկ գին վճարելու (ոչ թե հայերիս պես ծախելու) պատրաստ մարդկանց: Ինչի՞ հասանք. իշխանությունների ապաշնորհության արդյունքում տրամվայի` գործազուրկ դարձած վարորդներ, այգիներից հանիրավի վտարված հողագործներ ասում են. «Կա՛մ մեզ գործ տվեք, կա՛մ կգնանք էս երկրից», դատավորից, թաղապետից, ոստիկանից դժգոհ հայաստանցին չգիտես ում սպառնում է. «Էս երկիր չէ, մեզ թույլ տվեք գնալ»: Իսկ օրերս, կիրթ խոսելու ունակ, Հյուսիսային պողոտայի անիրավված մի հայ երիտասարդ, իրավացիորեն դժգոհելով մայրաքաղաքի ինչ-որ դատավորից ու քաղաքապետից, հեռուստաէկրանից ասում էր. «Ես երիտասարդ եմ, ինքս խոսք եմ տվել, որ իմ երեխան Հայաստանում չպիտի ծնվի»: Այդ երիտասարդը չի ասում, թե իր իրավունքները եւ պետության օրենքները խախտող պաշտոնյաների՛ երեխաները չպիտի ծնվեն Հայաստանում, այլ ի՛ր համար է ասում, հաշտվել է իր պարտությանը, պատրաստ է փախչել, չունի պայքարի ու ինքնապաշտպանության ոգի, կորցրել է իմունոհամակարգը. այս դեպքում պատերազմ չէ, այլ հավի գրիպն էլ հերիք է, որ վերջանանք:

Ու՞ր էին այն մտավորականները, որոնք այդ տղային, որ պատերազմի ժամանակ երեւի 10-12 տարեկան է եղել, դպրոցից սկսած այս վերջին 10-15 տարում անընդհատ ներարկեին, թե քաղաքակիրթ աշխարհում ամեն բան գին ունի. եթե խանութից հաց ես ուզում վերցնել, ապա պիտի պատրաստ լինես որոշակիորեն զոհաբերել գրպանիդ պարունակությունը, վճարել դրա դիմաց: Պիտի դաստիարակեին, որ պատմության դասագրքերը ստում են, թե ռուսները հենց այնպես, հանուն եղբայրության մեզ ազատագրեցին պարսիկներից, իսկ հարյուր տարի անց էլ` 1920-ին` ինքներս մեզնից: Պիտի դաստիարակեին, որ իրավա՛մբ ազատագրված ժողովուրդներն իրենց բարեկեցությամբ, իսկ երբեմն էլ` կյանքով են վճարել դրա համար. հնարավոր չէ եւ՛ հաղթել ռազմի դաշտում, եւ՛ լույսերի մեջ ողողված ապրել, զոհեր չտալ, կիսաքաղց չմնալ ու մորը թողած ճողոպրել արտասահմաններ: Շատ էլ թե մենք ուզում ենք որպես մակաբույծ ապրելով` ծովից-ծով ունենալ, ժողովրդավարական, իրավական երկիր ունենալ ու բարեկեցիկ լինել, բայց հո աշխարհն էլ մուրադիկ չէ՞, որ հանդուրժի դա: Իսկ ու՞մ կարող եք հավատացնել, թե «Ճիշտ է` երկիրը պահելու համար չենք ուզում վճարել (դուք եկեք` մեր փոխարեն կռվեք, մեռեք ու մեզ Տիգրան Մեծի ժամանակների մեր տարածքները տվեք), բայց մյուս հարցերում ամենեւին էլ մակաբույծ չենք լինի, մյուս հարցերում չենք գցի»: Մակաբույծն ամենուր եւ ամեն պարագայում է մակաբույծ: Եվ եթե հավատալու լինենք, թե համաշխարհային ազգ ենք, ապա վիճակն ավելի տագնապահարույց է. կնշանակի համաշխարհային մակաբույծ ենք, ու այդժամ այդ համաշխարհը կզբաղվի մեզնով լրջորեն ու անխնա: Ուշքի գալ է պետք:

Ես այդ երիտասարդին, վարորդներին, հողագործներին ու մյուս իրավացիորեն դժգոհ քաղաքացիներին չեմ մեղադրում – նրանք ինչ-որ իմաստով իրավունք ունեն անմեղսունակ լինելու – ես մեղադրում եմ ժողովրդի սերուցք, էլիտա կոչվող զանգվածին (եւ ինձ էլ հետները), որ ընտրությունների ժամանակ չասաց, թե փող, ալյուր ու նման բաներ չվերցնես. հենց վերցրեցիր` դու ազգ չես լինի, այլ տականք, վտանգավոր ուռուցք` մարդկության մարմնին: Մեղադրում եմ հոգեւորականներին, որ պետությունից ինչ ասես կպահանջեն` լինի այլադավաններին հալածել թե աներկբա երկյուղածություն կամ զանազան շինություններ, բայց սեփական ժողովրդին չեն ասի. «Ոչ միայն հացիվ», չեն պատմի անապատում Հիսուսի` հացի փորձության մասին:

Հիմա, սիրելի՛ ընթերցող, լինես դու երկրի նախարար, պրոֆեսոր թե գործազուրկ, ես քեզ արգելում եմ ինձ վիրավորել, ջուրը լցնել մորս ու զավակիս հպարտորեն գիտակցված զրկանքներն ու մեր հաղթանակների տարիներն անվանել ցրտի, խավարի տարիներ: Ցուրտն ու խավարը քո մտքում ու քո հոգում են, այդպես ասող. իսկ ես կարծում եմ` նույնիսկ հնարավոր ամենացածր գինն եմ վճարել ուղիղ հազար տարի չունեցած հաղթանակ տանելուս համար. հակառակորդը, որ մեզնից շատ զոհեր տվեց, կերազեր, որ իր զոհերը եռապատիկ շատ լինեին, բայց հաղթանակ տանողն ինքը լիներ: Ու եթե այդքան շատ ատելություն ունես իմ երկրի հանդեպ, այդքան օտար ես իմ երկրին, ապա իրոք գնա` ուր որ կընդունեն քեզ նման մակաբույծին, վատուժին, իր իրավունքները պաշտպանելու անընդունակ ստրուկին: Գնա ու այլեւս չհամարձակվես մորս` Հայրենիքիս մասին ասել «էս երկիրը», կամ ասելուց առաջ հիշիր, որ գոնե իմ տեսքով կա մեկը, ով էն գլխից փոխադարձել է հայհոյանքդ` ուղղելով ճիշտ նույն հասցեիդ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Չորրորդ իշխանություն», 2004թ., փետրվարի 13
«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2004թ., փետրվարի 21

Share this content: