Ինքնիշխանության բանաձևը. ով կտնօրինի մեր տան բանալիները

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական օրակարգում փորձ է արվում ներդնել մի նոր հայեցակարգային թեզ։ Իշխանական խոսույթը մեզ համոզում է, թե մենք հաղթահարել ենք «պատմական ցիկլերը» և թևակոխել ենք բացառիկ ինքնուրույնության փուլ։ Սակայն պետականության իրական չափումը ոչ թե հռչակագրերն են, այլ այն կաշկանդվածության աստիճանը, որով կայացվում են որոշումները։​

Այսօր հայկական քաղաքական միտքը կանգնած է մի էկզիստենցիալ հարցի առաջ. արդյոք շղթաների բացակայությունը հենց ազատությո՞ւնն է, թե՞ ազատությունը սեփական տան բանալիներին տիրապետելու կամքն է։ ​

Կաշկանդվածության ստվերները​
Երբ պետական բարձրագույն ամբիոններից քաղաքացուն կոչ է արվում «տեր կանգնել ձեռքբերումներին», դա հաճախ հնչում է որպես պատասխանատվության պատվիրակում։ Ինքնիշխանությունը «բեռ» չէ, որը կարելի է դնել ժողովրդի ուսերին։ Այն կամք է, որը պետք է գեներացնի Պետությունը՝ որպես ինստիտուտ։

​Եթե իշխանությունը խուսափում է հասցեական լուծում տալ օտարերկրյա ռազմական ներկայության հարցին, որը տասնամյակներ շարունակ եղել է հենց այդ «կախվածության ցիկլի» երաշխավորը, ապա առաջանում է հիմնավոր կասկած. արդյոք 2018-ի լեգիտիմության գինը չի եղել ռազմավարական անձեռնմխելիության ստվերային պայմանավորվածությունը։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ պաշտոնական Երևանը հայտնվում է քաղաքական ցուգցվանգում՝ կաշկանդված անցյալի երաշխիքներով և ներկայի անվտանգային մարտահրավերներով։​

Ռազմական մեքենան և սուվերեն տարածքը​
Հայաստանը չի կարող ձևակերպել իր իրական ինքնիշխանությունը, քանի դեռ նրա հողում գործում է այլ պետության շահերը սպասարկող ռազմական մեքենա։ Մենք պետք է դադարենք լինել ուրիշի պատերազմների համար վարձակալված տարածք։ Սա ոչ թե հակառուսականության կամ արևմտամետության հարց է, այլ պետական հիգիենայի։ ​Իրական «ցիկլը» կփակվի միայն այն պահին, երբ վերջին օտարերկրյա զինվորը կլքի Հայաստանի սուվերեն տարածքը։ Եվ այստեղ է, որ պետք է դրսևորվի նոր որակի քաղաքական հավակնություն։ ​​

Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետը կրկին հայտարարեց, որ իրենց օրակարգում օտարերկրյա ռազմակայանի հեռացման հարց չկա։ Սա փաստում է, որ գործող վարչակազմը կամովին հրաժարվում է ինքնիշխանության ամբողջականացման օրակարգից։ ​

Այսօր քաղաքական դաշտում պետք է ձևավորվի այնպիսի սուբյեկտայնություն, որը պատրաստ կլինի ստանձնել պետականության վերականգնման ամբողջական պատասխանատվությունը։ Խնդիրն այլևս այնպիսի քաղաքական ծրագրի կենսագործումն է, որտեղ ինքնիշխանությունը սակարկության առարկա չէ։ Պետականության իրական կրողները պետք է պատրաստ լինեն վերցնելու «տան բանալիները» և ավարտին հասցնելու անկախության գործընթացը, քանի որ դա այլևս ոչ թե լոկ ցանկություն է, այլ գոյաբանական անհրաժեշտություն։ ​Հայրենիքը վայելելու տեղ է, և այդ վայելքը սկսվում է սեփական հողում բացարձակ տեր լինելու զգացողությունից։

Հայկ Միրզոյան
Պահպանողական կուսակցության նախագահ

aravot.am, 27.02.2026թ․

Share this content: