Պահպանողական կուսակցությունը իշխանություններից կրկին պահանջում է օրակարգ բերել ՀՀ-ից ՌԴ զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը

Հայտարարություն

Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը,

Նկատի ունենալով, որ վերջին օրերին Հայաստանի հակառակորդները կրկին բարձրացնում են ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ռուս-թուրք-ադրբեջանական վերահսկողությամբ ճանապարհի տրամադրման թեման, 

Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում ռուսական զորքերի ներկայությունը ուժի սպառնալիք է և իրական գործիք հայ-ադրբեջանական սահմանազատումը ռուս-ադրբեջանական շահերին ծառայեցնելու, ՀՀ-ի դեմ կանխատեսվող ռուս-ադրբեջանական ագրեսիան սպասարկելու համար,

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններից կրկին պահանջում է օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը։

Համոզված ենք, որ ռուսական զորքերը դուրս հրավիրելու արդյունքում իրապես կչեզոքացվի Սյունիքի ուղղությամբ ռուս-ադրբեջանական կանխատեսվող ներխուժման վտանգը, հնարավոր կլինի իրականացնել հայ-ադրբեջանական հավասարակշված, հիմնավորված, քարտեզագրված, արդարացի և ամբողջական սահմանազատում, որը հասարակության համար ընկալելի կլինի, չի խախտի ներքին խաղաղությունը, չի հանգեցնի զանգվածային ընդվզումների, անցանկալի բախումների։

Պահպանողական կուսակցությունն ամբողջական սահմանազատում իրականացնելու, ռուս-ադրբեջանական կանխատեսվող ագրեսիան կանխելու, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները վերականգնելու նպատակ հետապնդող և հատվածական սահմանազատման դեմ արդարացի ընդվզող քաղաքացիներին և նախաձեռնություններին կոչ է անում իրենց պահանջների մեջ ներառել ռուսական ռազմակայանի և բոլոր ռուսական զորքերի անհապաղ դուրս հրավիրման հարցը։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
07.05.2024թ.
Երևան
»։

Share this content: