Այս օրերին, երբ ողջ ընդդիմադիր զանգվածը` Բագրատ սրբազանի գլխավորությամբ պահանջում է իշխանության հրաժարականը, քաղաքական տարբեր ուժեր հայտարարում են այդ շարժմանը միանալու կամ սատարելու մասին, ոչ իշխանական կուսակցություններից մեկը` Պահպանողական կուսակցությունը կրկին պահանջում է օրակարգ բերել Հայաստանից ռուսական ռազմակայանը և ՌԴ զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը։
Մեզ հետաքրքրեց, թե այս թեման ինչով է այսօր ակտուալ, զրուցել ենք Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանի հետ:
— Ինչո՞ւ եք ռուսական ռազմակայանը և ռուս զինծառայողներին ՀՀ-ից դուրս բերելու հարցը հենց այսօր օրակարգ բերել: Ի՞նչ նպատակով:
— Անկեղծ ասած, մենք ոչ թե հարցը հիմա ենք օրակարգ բերում, այլ համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների, այդ թվում այսօր տեղի ունեցող պրոցեսների բուն էությունը հենց դրանում է կայանում: Մենք արմատին ենք կպնում, այն ամենն ինչ այսօր տեղի է ունենում, հետևանքն է այդ հիմնական պատճառի, որն առկա է: Մենք անդրադարձել ենք սահմանազատմանը, ինչի հետևանքը հենց այսօր տեղի ունեցող քայլարշավն է: Մենք գնահատել ենք սահմանազատման գործընթացը, սահմանազատման պրոցեսը, որը տեղի է ունենում, հանրության մոտ արդարացի ընդվզում առաջացնելով, թե ընդվզման շահառուն, թե անարդար` հատվածական սահմանազատման շահառուն Ռուսաստանն է: Մենք նաև առաջարկում ենք լուծումը` ի՞նչ անել, ինչպե՞ս գտնել խաղաղության բանալին: ՀՀ իշխանություններն ասում են, որ խաղաղության բանալին իրավական հարթության վրա է, ասում են սահմանազատում իրականցնենք, սյուները տնկենք ու դրանից հետո խաղաղությունը կգա: Մեր դիրքորոշումը կայանում է հետևյալում. պատերազմ սկսելու դրդապատճառները քաղաքական են, հետևաբար պետք է քաղաքական գործիքակազմին մեծ ուշադրություն դարձնել, ոչ թե միայն իրավականին: Քաղաքական գործիքակազմն այն է, որ անվերջ պատերազմի լեգիտիմություն է ձեռքբերում Ադրբեջանը, Հայաստանին ներկայացնելով որպես ՌԴ դաշնակից: Դրանից ձերբազատվելու միակ ճանապարհն օր առաջ ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելու պահանջն է:
— Այս իշխանություններն էլ են հակառուսական գործողություններ անում, տրամադրություններ տարածում, դուք էլ: Ստացվում է, որ կիսում եք իշխանությունների գաղափարները, ուստի կարելի է ենթադրել, որ ձեր կուսակցությունը պրոիշխանական կուսակցություն է:
— — Ոչ, մենք իշխանական չենք, մեր բարձրաձայնած պահանջը 33 տարի շարունակ ներկայացրել ենք, բայց ոչ մի անգամ Ռուսաստանից անկախանալու, պորտալարը կտրելու հարցը մինչ օրս չի իրականացվել: Ոչ մի հայտարարություն չեն արել:
— Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, գուցե վաղն էլ ինչպես Դուք եք ասում` կտրեն հայ-ռուսական հարաբերությունների պորտալարը:
— Եթե ՀՀ-ում կգտնվի մի քաղաքական ուժ, ով կբարձրաձայնի Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման պահանջը, մենք այդ ուժին կհամարենք մեր համակիրը:
— Բայց եթե այսօր նման հարց բարձրացվի, ի՞նչ տեղի կունենա, ո՞րն է ձեր նպատակը: Ռուսաստանի նման թշնամի պե՞տք է մեզ հիմա: Ի՞նչ խնդիր եք դրանով լուծելու:
— Ռուսաստանը մեզ հայտարարել է թշնամի: Ընդ որում, ՀՀ-ում գործող ռուսամետ բոլոր իշխանությունների օրոք, դա նաև նախկին իշխանություններին է վերաբերում, Ռուսաստանը համարել է մեզ իր թշնամին: Ներկայումս Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ամենօրյա ռեժիմով հակառակորդ են համարում այաստանը:
— Ե՞րբ, ո՞վ է նման հայտարարություն արել: Եթե անգամ կան որոշակի տարաձայնություններ դա իշխանությունների հետ է:
— Ոչ, Հայաստանի Հանրապետության մասին են խոսում, հղում են անում հայ ժողովրդին: Նրանք որպես ՀՀ իշխանություն, պետականություն չեն ընկալում:
Աղբյուրը՝ Hraparak.am, 07.05.2024թ.
Share this content: