«Տիկնայք և պարոնայք,
սիրելի ներկաներ
Պահպանողական կուսակցությունը հիմնադրման օրվանից նպատակ է ձևակերպել Անկախ և ինքնիշխան Հայաստանը։ Այն Հայաստանը, որն առանց կաշկանդվելու օբյեկտիվ գնահատական է տալիս անցյալին, ներկային և ապագային։
Հայաստանն արդեն 33 տարի անկախ է, սակայն մեր հայրենիքում դեռ չի ձևավորվել ազատության միջավայրը։ Մեր երկրի 70-ամյա բռնազավթումը մինչ այժմ կոչում են երկրորդ հանրապետություն՝ խնամքով թաքցնելով բռնազավթման փաստը։ Փորձ չեն անում օտար-օկուպացիոն զորքերի դուրս հրավիրման հարցն օրակարգ բերել։ Չեն փորձում անկաշկանդ քննարկել արտաքին քաղաքական օրակարգը, քաղաքակրթական ընտրություն կատարել։
Մինչ այժմ ՀՀ իշխանությունները, վերոնշյալ խնդիրները լուծելու հավակնություն անգամ չունենալով, դիմել են պոպուլիզմի էժանագին հնարքներին՝ ամփոփվելով հետխորհրդային երկրի իշխանության կերպարի մեջ։
Մեր կուսակցության առաքելությունը տեսնում եմ ժողովրդի հետ ազնիվ խոսելու միջոցով նրան հավակնոտ օրակարգ առաջարկելու՝ անկախության ու ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնելու նպատակն իրականացնելու մեջ։ Համոզված եմ, որ կեղծիքով ու պոպոլիզմով կայուն իշխանություն չի լինի, այլ կլինի սահմանադրական աղբյուրից զատ այլ հանգամանքներից կախյալ իշխանություն։ Հետևապես՝ պնդում եմ, որ անկեղծությունն այընտրանք չունի։
Սիրելի կուսակիցներ,
Գիտակցում եմ, որ վերոշարադրյալ նպատակը, գուցե, ուտոպիստական թվա՝ հաշվի առնելով մեր հասարակության մեջ երկար տարիներ սերմանված կեղծիքն ու հակաիրատեսության քարոզը։ Ուստի՝ նպատակին հասնելու համար խիստ կարևոր եմ համարում կուսակիցների շարքերի ստվարացումը, կուսակցության շարքերում կարող մարդկանց, այդ թվում՝ գաղափարակից գործարարների ներգրավումը։
Այս տարի պիտի փորձենք հանգանակություններ կազմակերպել և մի շարք ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես՝ կազմելու և հրապարակելու ենք խորհրդային բռնազավթման տարիների քաղաքական գնահատականը ներկայացնող տեղեկատվական գրքույկ, կազմակերպելու ենք քաղաքական հետազոտությունների մրցույթ, անկախությանն ու ժողովրդավարությանը նվիրված գրական և երաժշտական մրցույթներ։
Շնորհակալ եմ վստահության համար։
Խոստանում հնարավորինս՝ արդարացնել ձեր ակնկալիքները»։
Նշենք, որ հունվարի 9-ին Պահպանողական կուսակցության 13-րդ համագումարում Հայկ Միրզոյանն ընտրվել է կուսակցության նախագահ։ Կուսակցության նախկին նախագահ Կարեն Հեքիմյանը ընտրվել է խորհրդի անդամ։
Share this content: