
«2020թ․ սկսվեց Փաշինյան Նիկոլի պարտության շրջանը։ Խաղադրույքները սպառվում են, սակայն նա շարունակում է խաղալ։ Այժմ խաղադրույքը Հայաստանն է»։ «Առավոտի» զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը․
— Նիկոլ Փաշինյանի վերջին` հինգ ժամանոց ասուլիսը ինչի՞ մասին էր, ու՞մ և ի՞նչ ուղերձ հղեց Նիկոլ Փաշինյանը, մանավանդ, երբ խոսում էր Ակնայով հումանիտար մատակարարումների, Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ երկխոսության մասին, երբ ասաց` չի ցանկանում մտածել այն մասին, թե ինչ կանի Երևանը, երբ Արցախում պատերազմ սկսվի։
— Առիթ եմ ունեցել ասելու, որ իր էությամբ, Փաշինյան Նիկոլը ազարտ խաղացող է: Մինչև վերջ խաղում է: Այդպիսի խաղացողների համար կանգ առնել չկա: Նրանց մոտ բացակայում է խաղադրույքի չափի և սահմանի հասկացությունը: Նրանք մինչև վերջ են խաղում: Այդպիսի դեպքերում, մեծամասամբ, խաղն ավարտվում է կյանքի հետ մեկտեղ: Փաշինյան Նիկոլից այլ բան սպասել պետք չէ: Նա խաղալու է այնքան, քանի դեռ ունի խաղադրույքներ անելու հնարավորություն:
2020թ սկսվեց Փաշինյան Նիկոլի պարտությունների շրջանը: Խաղադրույքները սպառվում են, սակայն նա շարունակում է խաղալ: Այժմ խաղադրույքը Հայրենիքն է: Եվ, հենց այդ հարթության մեջ պետք է դիտարկենք իր բոլոր քայլերը, այդ թվում 5 ժամանոց ասուլիսները, դրանց ուղերձները, արծարծված մտքերը և այսպես շարունակ: Փաշինյան Նիկոլը միայն մեկ նպատակ է հետապնդում. խառնել ամեն ինչ, խառնել բոլորի խաղաքարտերը, բլեֆ անել և, մաքսիմում՝ հաղթել, մինիմում՝ ժամանակ ձգել: Այլ տրամաբանություն նրա գործողությունների և ասածների մեջ չկա:
— Նիկոլ Փաշինյանը նաև ատելության մեծ քարոզ տարավ, պատմական էքսկուրսով հիշեցրեց այն մասին, որ պատմական տարբեր շրջաններում պետություն չենք ունեցել.ի՞նչ էր ուզում դրանով ասել։
— Ատելության քարոզ Փաշինյան Նիկոլն ու վերջինիս թիմակիցներն իրականացնում են 2018թ սկսած: Դա նորություն չէ: Ինչ վերաբերում է պատմական էքսկուրսին և պետություն ունենալ-չունենալու պարբերականությանը, ապա դա ևս պետք է դիտարկել ազարտ խաղի տեսանկյունից:
Տվյալ դեպքում, Փաշինյան Նիկոլը փորձեց հասկացնել Կրեմլին, որ իրենք միասին կարող են դեռ երկար ճանապարհ անցնել և հենց ինքն է այն ուժը, որը պետք է Կրեմլին: Սակայն, մյուս կողմից՝ ո՞վ ասաց, որ այդ ուղերձը Կրեմլին է ուղղված: Միգուցե՝ Թուրքիային: Ճիշտ հասկացեք, եթե խաղացողը Փաշինյան Նիկոլն է, ապա խաղի կանոնները, դասական իմաստով, չեն գործում:
— Ի դեպ, Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության մասին նաև ԱԳ նախարարների եռակողմ մոսկովյան հանդիպումից հետո, խոսեց նաև ՌԴ ԱԳ նախարարը։
— Խոսելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Արդյո՞ք երկխոսությունը պետք է ընթանա ելնելով հավասարության սկզբունքից: Եթե այդ սկզբունքը չի գործելու, ապա ի՞նչ իմաստ ունի երկխոսել: Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ ինքը Ղարաբաղի հարցը համարում է լուծված: Այդ դեպքում, ո՞րն է լինելու երկխոսելու հիմքը:
Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր, որ իրենից պահանջում են իջեցնել Ղարաբաղի խնդրի լուծման նշաձողը: Կարծում եմ, որ հենց Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն է նշաձողի իջեցումը: Այժմ, ունենք այն ինչ ունենք: Ստիպված պետք է գնանք այդ քայլի: Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը փաստացի չի կայանա, սակայն դրա մերժումը կարող է էլ ավելի իջեցնել նշաձողը մինչև, ենթադրենք՝ Գյանջա-Խանքենդի երկխոսություն:
— Մոսկվայում՝ ԱԳ նախարարների հանդիպումից հետո, Սերգեյ Լավրովը խոսեց այդ մասին: Նաեւ՝ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ամրագրում կա ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, բայց Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Շահումյանից, Գետաշենից եւ այլ բնակավայրերից տեղահանված հայերի մասին որեւէ հիշատակում չկա: Այսինքն, ադրբեջանցիների ներգաղը Հայաստան՝ սպասվում է:
— Տեսեք, Դուք հիշատակեցիք Բաքուն, Սումգայիթը, Կիրովաբադը, Շահումյանը, Գետաշենը, որոնք հայաշատ էին կամ հիմնականում բնակեցված էին հայերով: Սակայն, կա Արծվաշենը, որի կարգավիճակն աշխարհի որևէ պետության կողմից կասկածի տակ չի դրվում՝ չի վիճարկվում: Աշխարհի համար Արծվաշենը ՀՀ անբաժանելի մաս է այնպես, ինչպես Գյումրին կամ Երևանը: Եվ, այս պայմաններում, շուրջ 31 տարի շարունակ Արծվաշենը վերադարձի խնդիրը հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին երբեք չի եղել: Իսկ Դուք ասում եք Բաքու կամ Գետաշեն:
Այս պահին պաշտոնական Երևանի անունից բանակցողին միայն մեկ բան է հետաքրքրում՝ հնարավորինս երկար մնալ իշխանության ղեկին: Այդ նպատակի ճանապարհին նա պատրաստ է զիջել ամեն հնարավորը: Ադրբեջանցիները դա վաղուց են հասկացել և քայլ առ քայլ ձեռքբերումներ են արձանագրում:
Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Եթե խոսում ենք նախկինում հայաբնակ տարածքների կամ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի մասին, ապա պետք է հասկանանք, թե արդյոք կան այդ խնդիրների լուծման շահառուներ: Մասնավորապես՝ արդյո՞ք մեր հայրենակիցները ցանկանում են վերադառնալ Բաքու, Սումգայիթ, Շահումյան կամ Գետաշեն: Արդյո՞ք նման հանրային պահանջ կա: Հենց այս պահին ես փնտրում եմ Արծվաշենի վերադարձի շահառուներ, որպեսզի փորձեմ ձևավորել Արծվաշենի վերադարձի առերևույթ հանրային պահանջ: Չի ստացվում, քանզի շահառուներ գրեթե չկան: Հիշեցնեմ, որ խոսքը գնում է ՀՀ անբաժանելի մաս կազմող համայնքի մասին: Եվ, եթե այսպիսի արդյունք ենք արձանագրում Արծվաշենի մասով, ապա պատկերացնու՞մ եք ինչ կլինի Բաքվի կամ Կիրովաբադի հարցում:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում գոնե առերևույթ Լաչին, Քելբաջար ու Ղուբաթլու վերադառնալու պահանջ միշտ եղել է: Ըստ այդմ, եղել են նաև շահառուներ: Ավելին, կարծում եմ, որ այժմ Ադրբեջանում կգտնվեն մարդիկ, որոնք իբր կցանկանան վերադառնալ Սիսիան, Կապան կամ, նույնիսկ՝ Երևան: Վերջիններս Ադրբեջանում այդ խնդրի շուրջ հանրային պահանջ կձևավորեն, կդիմեն միջազգային ատյաններ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ձեռք կբերեն քաղաքական դիվիդենտներ, դատեր կշահեն: Մեր երկրում նույնիսկ այդպիսիք չկան, որոնք գոնե հանրային պահանջ ստեղծելու համար, իբր կցանկանան վերադառնալ Արծվաշեն, էլ չեմ խոսում Բաքու և Սումգայիթ վերադառնալու մասին:
Մի խոսքով, այսրոպեական իշխանության և ազգաբնակչության ազգային խնդիրների հանդեպ բացարձակ անտարբերությունից օգտվում են միայն ադրբեջանցիները: Իսկ Լավրով Սերգեյն ու մնացածները մատուցած ծառայությունների դիմաց Ադրբեջանից իրենց փայն են տանում:
— Արցախում սկսված համաժողովրդական շարժումը, ռուս խաղաղապահներին ուղղված քննադատությունը, Նիկոլ Փաշւնյանի անունը չհնչեցնելը և շարժումը միայն հումանիտար համարելը ի՞նչ մտորումների տեղիք են տալիս։
— Միայն բացասական էմոցիաներ է առաջացնում: Նկատել եմ, որ նորաստեղծ շարժումն իրեն քաղաքական չի համարում: Այդ դեպքում, այն ի՞նչ նպատակ ունի կամ ումի՞ց և ի՞նչ է պահանջում: Եթե նպատակը բացառապես հումանիտար բեռներն են, ապա ի՞նչ տարբերություն, թե դրանք որ ճանապարհով կգան՝ Լաչին- Ստեփանակերտ, թե Աղդամ-Ստեփանակերտ: Բացի դրանից՝ չեմ կարծում, որ շարժումը ձևավորվել է դեպի Արցախ մեկանգամյան հումանիտար բեռ հասցնելու նպատակով: Սա երկարատև գործընթաց է և քաղաքական լուծումներ է պահանջում: Սակայն, եթե մարդկանց նպատակը միայն հացն է, ապա այդ խնդրով կարող է զբաղվել, ենթադրենք՝ Կարմիր Խաչը, Գորիսի կամ Գերանբոյի քաղաքապետարանը, սակայն ոչ ԱՄՆ կոնգրեսը, Եվրախորհրդարանը կամ ՌԴ Պետական Դուման:
Վստահ եմ, որ առանց քաղաքական բաղադրիչի նորաստեղծ համաժողովրդական շարժումը շուտով կմարի: Ափսոս այն ժամանակը և ռեսուրսները, որոնք վատնվում են: Սակայն, ո՞վ գիտի, միգուցե նպատակը դա է:
— Արցախի խորհրդարանում քաղաքական վերադասավորումների մասին խոսակցություններ կան։ Իշխող ուժը ներկայացնող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին պիտի փոխարինի ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը։ Սա Արցախում կհանգեցնի՞ դիրքորոշումների կոշտացման և ին՞չ զարգացումներ ակնկալել։
— Արցախն ու Հայաստանը մեկ մարմին են և պարտավոր են հանդես գալ որպես մեկ մարմին: Եվ, եթե Արցախն ու Հայաստանը հանդես են գալիս որպես տարբեր սուբյեկտներ, ապա ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականը և ցանկացած այլ մարդու այդ պաշտոնում ընտրվելը ոչինչ չի փոխի: Փաշինյան Նիկոլը, Արցախի մասով, Հայաստանի անունից ձեռքերը լվացել է: Այս պարագայում, ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու Արցախի թվով երկրորդ պաշտոնյան: Կարծում եմ, որ Արցախի խնդիրը հնարավոր է վերակենդանացնել միայն Փաշինյան Նիկոլից հետո:
Աղբյուրը՝ «Առավոտ» օրաթերթ, 28․07․2023թ․
Share this content: