Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արծվաշենը նույնպես մտնում է ՀՀ 29 800 քմ-ի մեջ։
Oragir.News-ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանն ասաց, որ Արծվաշենն, իհարկե 29 800 քմ-ի մեջ մտնում է, և այդ առումով Նիկոլը ճիշտ է ասում, բայց մի հարց է այն, որ մտնում է ՀՀ 29 800-ի մեջ, մեկ այլ բան է՝ Արծվաշենը հետ պահանջել։
«Նիկոլ Փաշինյանը կարող է շատ բան ասել, բայց արդյո՞ք Արծվաշենի խնդիրը դրված է բանակցությունների սեղանին։ Ես օրինակ խիստ կասկածում եմ այն ամեն ինչին, ինչ ասում է Փաշինյան Նիկոլը։ Որքանով ես տեղյակ եմ, իսկ ես տեղյակ եմ հայկական և ադրբեջանական մամուլի աղբյուներից՝ Ադրբեջանական կողմը անկլավների հարցը դրել է, բայց հայկական կողմը բանակցությունների սեղանին Արծվաշենի հարցը չի դրել։
Միգուցե Փաշինյան Նիկոլն այդ հարցը հիմա է որոշել դնել բանակցությունների սեղանին, քանի որ հասկացել է, որ ոչ մի զիջում չի լինելու ադրբեջանցիների կողմից, դրա համար էլ որոշել է դնել, բայց ես կարծում եմ՝ արդեն ուշացել է թե դիվանագիտական առումով, թե ժամանակային առումով, որովհետև ադրբեջանցիները անկլավների հարցը վաղուց են դրել բանակցությունների սեղանին։ Փաշինյանը կամ ինչպես միշտ ուշացել է, կամ էլ հերթական մանիպուլիացիան է անում, թե բա մենք էլ Արծվաշենն ենք վերցնելու։ Բայց ես նորից ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյան Նիկոլը 2019 թ-ի դեկտեմբերի 5-ին, արծվաշենցիների հերթական բողոքի ակցիայի մասին խոսելիս, կառավարության նիստի ընթացքում ասաց, որ «արծվաշենցիները չուզող հարևաններ» են, եթե իրենք հարևաններ են, ոնց է այդ հարցը դնելու սեղանին»։
Անդրադառնալով Արծվաշենի հետ ֆիզիկական կապի անհրաժեշտությանը՝ նա ընդգծեց, որ անկլավային տրամաբանությունն ամբողջ աշխարհում հուշում է այն մասին, որ եթե կա անկլավ, ապա միջազգայնորեն պարտավոր են դրան տալ ճանապարհ։
«Օրինակ, Կալինինգրադը առանձին տարածք է, ընդ որում՝ Կալինինգրադը շրջապատված է Ռուսաստանի համար թշնամական պետություններով, բայց այնուամենայնիվ, ռուսներն անարգել մտնում, դուրս են գալիս։ Եթե պետությունն ունի անկլավ, պետք է ունենա ճանապարհ։ Ես, իհարկե, չգիտեմ՝ ով կգնա Արծվաշեն ապրելու, բայց կարող եմ ասել, որ եթե Արծվաշենը վերադարձվի Հայաստանին, ես կլինեմ առաջինը, ով գնա այնտեղ ու կփորձի որևէ ներդրում անել»։
Աղբյուրը՝ Oragir.News, 22.05.2023թ․
Share this content: