Գրեթե բոլորը գիտեն, որ ՀՀ ինքնիշխանության դեմ ռուսական ճնշումները սկսվել են ոչ թե ԱԽ քարտուղարի՝ դեկտեմբերի 26-ին Հ1-ի հետ հարցազրույցում արված գաղտնազերծումից հետո, այլ 1994-1995 թվականներից, երբ ի հեճուկս նախընթաց, բազմակողմ պայմանավորվածության, ՀՀ-ից դուրս չեկավ ռուսական զորքը։
ՀՀ իշխանությունները տասնամյակներ շարունակ համառորեն ձևացնում են, իբր իրենց նախաձեռնությամբ են այստեղ պահում ռուսական զորքը, կամովին են ՌԴ-ին նվիրում ենթակառուցվածքները, հրաժարվում ազատ աշխարհի հետ ռազմական գործակցությունից, արտաքին ներդրումներից, 88-ականների զենք գնում, 10 տոկոսով կրակող իսկանդեր, առանց զինամթերքի ռուսական ինքնաթիռ, իսկ այսօր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին մեղադրում պատերազմի ժամանակ չեխական (ոչ ռուսական) զինամթերք գնելու մեջ, պահում բանտում և նույնիսկ 35 մլն դրամ գրավի դիմաց ազատ չեն արձակում։
Հիմա, փաստորեն, աշխարհաքաղաքական իրադարձությունները ՀՀ-ին հասցրել են այն հանգրվանին, երբ իշխանությունները չեն արդարացնում ռուսական ճնշումները, հնչեցնում են հրապարակային մեղադրանքներ։
ԱԽ քարտուղարի Հ1-ին հետ հարցազրույցից 2 օր անց, Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետն է արձանագրում, որ Արցախի հայաթափման ադրբեջանական նկրտումներին ՌԴ լուռ դիտորդի դիրքը ավելի ու ավելի տեսանելի է դառնում։ Արձանագրենք, որ խոսք է գնում ոչ թե նոր ի հայտ եկած փաստի, այլ արդեն ակնհայտ բաների ավելի ու ավելի տեսանելի դառնալու մասին։ Նույն հայտարարության մեջ Փաշինյանը ՌԴ նման դիրքորոշումն անընդունելի է համարում։
Եթե այսպիսի կոշտ գնահատականների կողքին համարժեք քայլեր չկան, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը խոսքից գործի անցնելու խնդիր ունի։ Ավելին՝ երբ Փաշինյանը ռուսներին քլնգելուց հետո հայտարարում է, որ ՌԴ խաղաղապահների ներկայության ջատագովն է, ապա այդ ընդգծմամբ՝ ուղղակի դառնում է Արցախի հայաթափման կողմնակալ դիտորդ ռուսների մեղսակիցը։
ԱԽ քարտուղարի հարցազրույցից 2 օր անց, Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկել է օրինագիծ, որով քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը։ Քրեականացվելու են նաև նման նման գործողություններ կատարելուն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Իշխանությունն այս օրինագծով փաստացի պայքար է հայտարարում ռուսական ազդեցության գործակալների դեմ, և այսպիսով, իբր, փորձում է դիմադրել ռուսական ճնշումներին։ Ակնհայտ է, որ այս օրինագիծը կարող է արդյունք ունենալ, եթե դրան զուգահեռ իրականացվի Լյուստրացիա։ Այսինքն՝ նախ պետք է քաղաքական համակարգը մաքրել ռուսական գործակալից, որից հետո պայքարի կարմիր սլաքն ուղղել ռուսական ազդեցության գործակալի դեմ։ Հակառակ դեպքում օրենքը կմնա թղթի վրա և ինքնիշխանության դեմ սպառնալիքը կանխելու հարցում չի աշխատի։
Ի վերջո, գրեթե բոլոր քաղաքական գործիչները հասկանում են, որ ԱԽ քարտուղարի ակնարկած ռուսական ճնշումները չեզոքացնելու առաջին քայլը ՀՀ տարածքից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցն օրակարգ բերելն է։ Եթե ՀՀ իշխանությունը դա չի նախաձեռնում, ապա առաջանում է հոռետեսական կասկած, թե ռուսական միջամտությամբ ձևավորված ներկա քաղաքական մեծամասնությունը և նրա գործընկեր խորհրդարանական ընդդիմությունը մտադիր են չդիմադրել ռուսական ճնշումներին, գործել ինքնիշխանության դեմ և այդ աններելի դավաճանության մեղքը գցել ժողովրդի գրպանը։
Հայկ Միրզոյան
Պահպանողական կուսակցության անդամ
Աղբյուրը՝ Lragir.am, 30․12․2023թ․
Share this content: