Հայտարարություն
Ռուս-թուրքական տանդեմը, օգտվելով ՀՀ իշխանությունների սպասարկու էությունից, շտապում է պայմանագրի վերածել 2020թ. նոյեմբերի 9-ի ապօրինի եռակողմ հայտարարությունը:
Սույնով ահազանգում և հայտարարում ենք.
1․ Արցախյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ ընդունելի է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, իսկ դրանից դուրս որևէ փաստաթուղթ կլինի ապօրինի, եթե անգամ ՀՀ իշխանությունները պարտադրված լինեն ստորագրել:
2․ Ապաշրջափակման շահարկման ցանկացած տարբերակ, որտեղ ՀՀ տարածքի որևէ մասի կամ այդ մասով անցնող որևէ կապուղու վրա չի տարածվելու ՀՀ լիարժեք իրավազորությունը, ապօրինի է և դրա իրագործումը կանխվելու է հնարավոր բոլոր միջոցներով:
3․ Հայոց ցեղասպանության փաստը ժխտող կամ կասկածի տակ դնող հայ-թուրքական ցանկացած համաձայնագիր ճանաչվելու է ապօրինի, իսկ իշխանությունների այդ ուղղությամբ տարվող ազգադավ քարոզչությունը՝ մերժելի։
4․ Անընդունելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից տարվող ապապետական այն քարոզը՝ ըստ որի կատարվում է թուրքի՝ թշնամու կերպարի առաջընթացիկ փոփոխություն, քանի դեռ թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենաներով և կրթական համակարգերում հայի կերպարի հանդեպ դա չեն արել Թուրքիան և Ադրբեջանը, և քանի դեռ իրենց ռազմական դոկտրիններում Հայաստանը համարվում է թշնամի:
5․ Կոչ ենք անում հանրությանը և քաղաքական ուժերին՝ համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու և անվտանգության առավել հուսալի դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով:
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնորոշում» միավորում
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն
Share this content: