Հայաստանում գործող նորաստեղծ կամ հին քաղաքական կազմակերպությունները 1991թ. ապրիլի 14-ին՝ կիրակի օրը, անցկացնում էին հիմնադիր համագումարներ՝ կանոնադրային փոփոխություններ, անվանափոխություններ եւ այլն: Ապրիլի 2-ից ուժի մեջ մտած «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը թույլ էր տալիս գործող կազմակերպություններին գրանցվել: 1989թ. հուլիսի 3-ից գործող Հայ ազգային երիտասարդական միությունը 1991-ի ապրիլի 14-ին վերանվանվեց Հայաստանի ազգային պահպանողական կուսակցություն: Ես ընտրվեցի կուսակցության քարտուղար:
Այդ օրը երեկոյան մեր կուսակցության հանձնարարությամբ գնացի Հանրապետական կուսակցության (ՀԿ) գրասենյակ (Ճարտարապետների միության շենքում): Այդ ժամանակ ՀԿ նախագահն Աշոտ Նավասարդյանն էր: Նրա հետ առանձնազրույցը տեւեց 3 րոպե: Ասացի, որ մենք վերանվանվել ենք Հայաստանի ազգային պահպանողական կուսակցություն եւ այդ անվամբ գրանցվելու ենք առաջիկայում: Ուրախացավ, ասաց, որ իրենք էլ Հանրապետական են անվանվել՝ կարծելով, որ ժողովրդին դժվար կլինի բացատրել, թե ինչ է պահպանողականությունը: Հույս հայտնեցի, որ կհամագործակցենք անկախության հանրաքվեի, Ազգային բանակի ստեղծման հարցերում: «Անկախության համար կռիվը դեռ առջեւում է»,- ասաց Աշոտ Նավասարդյանը:
Հաջորդ աշխատանքային օրը փաստաթղթերը ներկայացրի արդարադատության նախարարություն: Նրանք կոլեգիայի նիստ էին անում երկու շաբաթը մեկ՝ հինգշաբթի օրերին: Առաջինը գրանցվեց Հանրապետականը: Տարիներ հետո մի առիթով տիկին Նավասարդյանը, որն արդարադատության նախարարությունում էր աշխատում, ինձ ասաց, որ ինքն այդ հարցում դեր է ունեցել: Երկրորդը գրանցվեց Աբովյանի սոցիալ դեմոկրատ կուսակցությունը, որը 1991-ի նախագահական ընտրություններում փորձեց առաջադրել Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը (Դեմիրճյանը համաձայնություն չտվեց եւ չառաջադրվեց): Երրորդը գրանցվեց Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը, չորրորդը՝ ՀՌԱԿ-ը: Մեզ կուսակցության վկայականը (կաշեպատ, կապույտ մեծ վկայական էր՝ բուհի դիպլոմի նման) հանձնեց նախարար Վահե Ստեփանյանը՝ մայիսի 10-ին:
ՀՀԿ-ի հետ չհաջողվեց համագործակցել, որովհետեւ նա առաջին տարիներին չմտավ պահպանողական դաշտ, այլ որդեգրեց ցեղակրոնությունը, իսկ Նավասարդյանի մահվանից հետո կոռուպցիայի գայթակղության զոհ դարձավ: Չհաջողվեց նաեւ պահպանողական գործիչներին միավորել մեր կուսակցության շուրջ: Բոլոր համագործակցությունները, որոնք կազմավորել ենք կամ որոնց մաս ենք կազմել անցած 27 (29) տարիներին, եղել են կոնկրետ քաղաքական խնդիրների շուրջ:
Այսօր բազմացել են Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության ամրապնդման հարցերն առաջնային համարող պահպանողական ուժերն ու գործիչները: Դա ողջունելի է: Ավելին՝ այսօր, առավել քան երեկ, հնարավոր է միավորել պահպանողական դիրքերից հանդես եկող հին ու նոր առողջ ուժերին եւ գործիչներին, առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցել գաղափարական-քաղաքական դաշինքով, շահել ընտրողի վստահությունը, ազատագրել հայրենիքը ռուսական-օտար քայքայիչ ազդեցությունից եւ առաջընթացի իրական հեռանկար ստեղծել: Պետք է իրագործել այն, ինչն ուղենշվել է 1991-ին:
Թաթուլ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության քարտուղար
Share this content: