Ռուս գենետիկ հայրենասերները

Խոսքն ամենեւին այն սափրագլուխների մասին չէ, որոնք, ամենայն հավանականությամբ, ռուսական հատուկ ծառայությունների ցուցումներով այլազգիներ, վերջերսհատկապես հայեր են սպանում: Դրանց որեւէ նորմալ տեղում հայրենասեր չես անվանի: Խոսքը նաեւ չուբայսների մասին չէ, ովքեր լիբերալ կայսրության մասին գաղափարը նետեցին ռուսական ուղեղին որոճալու եւ ինչ-որ բանով զբաղվելու համար, իսկ իրենք ավելի հանգիստ պայմաններում շարունակեցին իրենց գործը մթի եւ ցրտի մեջ թողնելով Հեռավոր արեւելքի սակավաքանակ ազգություններին ու այդ երկրի սովորական քաղաքացիներին:

Ասում են` իբր հայերի ընչաքաղցությունն ու նյութապաշտությունն են պայմանավորում նրանց վարքը, թեեւ հակառակն ապացուցելն ամենեւին դժվար չէ: Բոլորին է հայտնի, թե Հայասատանին ռազմավարական դաշնակից հռչակած Ռուսաստանն ինչպես չնչին պարտքի դիմաց գջլեց ռազմավարական արժեք ունեցող օբյեկտներ, մինչդեռ հրապարակայինի մակարդակում ոչ բարեկամ խաղացվող Վրաստանի ավելի մեծ պարտքերը ջրման ուղին բռնեցին: Հայերի վարքն անփոփոխ մնաց, թեեւ նրանից հսկայական նյութ էին խլել:

Հայերը շատ սիրում են եվրոպական երկրներում բախտ որոնել, թեեւ եվրոպական ոչ մի երկիր ցայսօր Ռուսաստանի ու նրա գործակալների նման շանտաժ չի արել, թե այսքան ու այսքան հայ է պատսպարված իր տարածքում: Իսկ երբ եվրոպական երկրներն են դժվարացնում հայերի մուտքը, ապա նույն հայերը, որ ամեն տեսակի ստորացման են ենթարկվում, ինչ է թե կարողանան ծիկրակել ռուսական անձնագրային ռեժիմի աճուկների արանքից, խելոք համակերպվում են այդ դժվարացումներին, եթե անգամ, ասենք, Իտալիայի դեսպանատունը մերժել է հայ պատանի շախմատիստի մուտքը իր երկիր` դրանով ապահովելով որեւէ սիցիլիական ծովահրեշիկի մյունխենյան հաղթանակը:

Բայց վիրավորանքը վիրավորանք, իսկ դրամը հաշվարկ է սիրում: Ուստի խաղասեր որեւէ հայի մեղադրել չի կարելի, թե ինչու է ուզում ֆուտբոլում Իտալիայի հաղթանակը, ասեքն, ԱՄՆ-ի դեմ: Պարզ էփող է դրել եւ ուզում է շահել: Իսկ եթե չի դրել ու սրճարանի գիշերային էկրանին գամված դարձյալ երկրպագում է նույն այդ Իտալիային, եւ մեր մեկնաբանն էլ եթերում իրավացիորեն արձանագրում է փաստը, ապա մեր հոգեբանները բացատրություն տալու պարտավորություն ունեն: Այլ բան է, որ հայ հանդիսականը, համաշխարհային մրցասպարեզում սեփական թիմը չունենալով, ինքն էլ գումար դրած չլինելով ցանկանա այլ շահ ունենալ, դիցուքգեղեցիկ ֆուտբոլ տեսնել, վայելել դրա հաճույքը: Բայց չէ. համենայն դեպս, այն սրահում, ուր ես էի, բացի մի սեղանից, մնացած տասից ավելի սեղանների շուրջ նստած մոտ հիսուն մարդ ցավում էր, երբ Իտալիային գոլ էին խփում, հրճվագին ծափահարում էր, երբ դատավորը չէր հաշվում նրանց խփված գնդակը: Ուրեմն մենք ֆուտբոլասեր էլ չենք, մենք հաճույք ստանալու ունակությունից էլ ենք զուրկ: Հայերը նույնիսկ կարգին նյութապաշտ էլ չեն, այլապես կպաշտպանեին անկախությունից ի վեր մոլորակի միակ երկրի ԱՄՆ-ի թիմին, որ նույնքան հայերի է ապաստան տվել եւ օրական էլ մեկին ազգային հողի վրա մորթելու փոխարեն մեկ միլիարդից ավելի անհատույց օգնություն է ցուցաբերել Հայաստանին` ի տարբերություն չնչին պարքի դիմաց իրենց երկրից հարստություններ խլած ռազմավարական շանտաժիստի: Մի բան սակայն լավ է. ամեն վայրկյան պատմությունից ու Տիգրան Մեծից ճամարտակող սնապարծ հայերն իրականում թքած ունեն այդ պատմության վրա ու չեն հիշում, որ իրենց միակ (համենայն դեպս, վերջին) կայսրությունը Հռոմը ոչնչացրեց. չեն հիշում առնվազն սպորտի մեջ:

Հոգեբաններից առաջ ընկնելովմեջբերեմ ընկերոջս, որ հայերի այդօրինակ վերոհիշյալ վարքը պայմանավորեց ազգային աշխարհընկալմամբ. ըստ որի հայերի ենթագիտակցության մեջ ԱՄՆ-ն Ռուսաստանի հակառակորդն է, իսկ Ռուսաստանի հակառակորդին պետք է դեմ լինել ամեն դեպքում, եթե անգամ դա քեզ է վնաս:

Ո՞ր սափրագլխի կամ չուբայսի մտքով կանցներ նույնիսկ սպորտի մեջ լինել «ռուս հայրենասեր», ո՞ր սափրագլուխը կամ չուբայսն իրեն կզրկեր խաղից ստանալիք հաճույքիցայն փոխարինելով հիվանդագին մտասեւեռմամբ: Իսկ գուցե մեր հոգեբանները խոսե՞ն այդ մասին. այդ դեպքում կխնդրեի մեկ-երկու բառով մեկնաբանեին նաեւ հայ բարձրաստիճան պաշտոնյաների անհամար շնորհակալությունների շարանը, որ այս տարվա մայիսի սկզբին, Սոչի քաղաքում ուղղում էին ռուսական իշխանություններին, թեեւ դեռ չգիտեին մեր ինքնաթիռիՍեւ ծովում խորտակվելու իրական պատճառը: Առանց ակնարկների ակնկալում եմ հայ արհեստավարժ հոգեբանների հրապարակային քննարկումն այն մասին, թե ինչով է պայմանավորված, որ մեր քաղաքի գրեթե բոլոր ազդագրերը ռուսերեն են, որ մեր կազմակերպությունների ու նույնիսկ որոշ բուհերի ինտերնետային կայքերի մայր լեզուն ռուսերենն է, որ գրեթե բոլոր սրճարաններում ճաշացանկերը ռուսերեն են, որ մենք մեր երկրում կերակրում ենք ռուսական բանակը, որ ահռելի չափերի ռուսալեզու եթեր ունենք, որ պետականության վերականգնումից 15 տարի անց հրատապ է մեր Հայրենիքի անկախության վերահռչակումը:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2006թ., հուլիսի 1

Share this content: