Հարցն առ այսօր պատասխան չի ստանում

2003թ. Հայաստանի նախագահական ընտրությունները նշանավորվեցին ինչպես բազմաթիվ ընտրախախտումներով, այնպես էլ մեծ չափերի հասած ձերբակալություններով, ոստիկանության պաշտոնյաների կողմից կիրառված ֆիզիկական ու հոգեբանական տանջանքներով:

Անշուշտ, կատարված ամեն մի դեպք անմիջականորեն չի կարելի կապել երկրի քաղաքական ղեկավարության հետ: Իշխանությունը պահպանելու` ղեկավարության ձգտումը եւ, դրանով պայմանավորված, ենթակա կառույցներին նրանց պահանջները հիմնականում տեղավորվում են քաղաքական պայքարի տրամաբանության մեջ: Սակայն խնդիրն այն է, որ պետական տարբեր մակարդակների ներկայացուցիչներն ուղղակի, այսպես ասած, «գերակատարում են» իրենց տրված հրահանգները: Ցայտուն օրինակներից են վարչական ձերբակալումները: Ընդդիմությունը եւ միջազգային շատ կազմակերպություններ պնդում են, որ հանրահավաքների հետ կապված ձերբակալությունները քաղաքական են եւ զուրկ են որեւէ օրինական հիմքից: Կառավարությունը, մասնավորապես՝ ոստիկանությունը պնդում է, որ դրանք կատարվել են օրինական հիմքերով` մատնանշելով վարչական իրավախախտումների մասին ՀՀ Օրենսգրքի հոդվածներ: Այս խնդիրը տեղափոխվեց դատական մարմինների վարույթ: Ընդդիմությունը որոշում կայացրեց յուրաքանչյուր ձերբակալության համար առանձին դիմել դատական վիճարկման: Այստեղ էր, որ պարզվեց մի հետաքրքրական փաստ. ձերբակալվածներից շատերն իրենց համար պարզեցին, որ իրենք… երբեւիցե ձերբակալված չեն եղել: Հայցադիմումները քննող դատարաններում ի հայտ եկավ մի շատ զավեշտական իրողություն: Մարդկանց տրված` վարչական ձերբակալումների մասին որոշումները որեւէ կապ չունեին պատասխանող ոստիկանական մարմինների հետ, ասել է` նրանց տրվել էին թղթի կտորներ: Սրանից ելնելով՝ դատարանները, չունենալով պատասխանող կողմ, ուղղակի մերժում էին քաղաքացիների հայցերը: Այսպիսով, տասնյակ քաղաքացիներ, որոնք ձերբակալվել էին երեք, հինգ կամ յոթ օրով, չէին կարողանում փաստել իրականում իրենց ձերբակալված լինելը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սրա նպատակը մեկն է` սահմանափակել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային դատարաններ դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական իրավունքը, քանզի այս հարցի լուծման դեպքում տվյալ ոստիկանության ղեկավարության պատասխանատվության խնդիրն արդեն առկա է:

Ընդամենը մի քանի հաստատակամ տուժածներ, անասելի դժվարությունների գնով, կարողացան հասնել միջազգային դատարան, թեեւ այդուհետ էլ անպատիժ մնացին իրավապահ մարմիններում վարչական ձերբակալման ենթարկվածների հանդեպ բռնություն կիրառողները, որոնց լուսանկարներն ու անօրինական գործողությունների վերաբերյալ տեսաժապավենները դարձան հանրության սեփականությունը: Իսկ ամբողջության մեջ իրավաբանորեն չպարզված մնաց` այդ հետապնդումները իրավակա՞ն էին, թե՞ քաղաքական, դրանք ձեռնտո՞ւ էին դեպի եվրոպական արժեքներ ձգտող երկրի ղեկավարությանը: Մինչ այսօր առկախ է մնում պետական կառույցների անունն արատավորող պաշտոնյաներին խստագույնս պատասխանատվության ենթարկելու հարցը:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԴԱՎԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ
Պահպանողական կուսակցություն
«Հայկական ժամանակ», 24 դեկտեմբերի 2005թ., «Արմատ» միջուկ

Share this content: