Ոչ միայն հացիվ

Վաղուց ճշմարտություն է, որ մարդիկ «ոչ միայն հացիվ» են: Սակայն հաճախ «ոչ միայնը» ոչ թե հոգեւորն է, այլ «կրկեսը»: Հարավային Կովկասի երկրների պարագայում այդ կրկեսը հեղափոխություններն են դառնում: Հայաստանում էլ գալիք հեղափոխության մասին մտահանգումը հիմնվում է ոչ հեղինակի կողմից «ատելի վարչակարգի» հեռացման վերաբերյալ աշխարհը կառավարող ուժերի գաղտնի ծրագրերի իմացության վրա: Ավելին, այդ վարչակարգը եւ նրան համընթաց ընդդիմություն անվանվող կոնգլոմերատն անում են եւ կանեն ամեն ինչ, որպեսզի որեւէ իրական փոփոխություն Հայաստանում տեղի չունենա. ամեն ինչ եւ համարյա բոլոր խաղացողները կոշտ վերահսկողության տակ են: Իրական այլընտրանքների առաջացումը չեզոքացվում է միանգամից: Ժողովուրդն էլ կարծես չի ցուցաբերում առանձնակի դժգոհության եւ հեղափոխականության նշաններ: Օբյեկտիվորեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դիրքերը ամուր են առավել, քան երբեւէ, եւ նրանք պատրաստ են անցկացնել եւս տասնյակ հանրաքվեներ եւ նախագահա-խորհրդարանական ընտրություններ, որոնք նորից կճանաչվեն ոչ լեգիտիմ:

Սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ նման վիճակում լիդերները, որոնք հակադրում են իրենց պատմության ընթացքին կամ փորձում են խաղեր տալ նրա հետ, դատապարտված են եւ գոնե միջին հեռանկարում որեւէ շանս չունեն: Իսկ այն, որ այսօր Եվրոպայում եւ հատկապես նախկին հետխորհրդային տարածքում պատմությունը զարգանում է Քոչարյանի, Սարգսյանի, հանրապետականների, օրինացականների, դաշնակցականների, «օլիգարխների», թաղապետերի, Դեմիրճյանի, եղամյանի եւ այլ բազմոց (կներեք, որ ձեր անունները չեմ տալիս, նշվածներն էլ ոչ թե կոնկրետ անուններ են, այլ մեզ կլանած հետխորհրդային «սեւ խոռոչի» զուտ խորհրդանիշեր) պատկերացրած ուղուն հակառակ ուղղությամբ` ակնհայտ է բոլոր խելամիտ մարդկանց: Այսօր նրանց բոլորի միակ հոգսը պետք է լինի Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքից դուրս սեփական ապագայի մասին հոգալը:

Թեեւ նրանք դեռ կարող են գայթակղության մեջ ընկնել եւ նորից հարեւան երկրի կամ երկրների հետ պատերազմելու հաշվին փորձել խաբել պատմությանը եւ երկարացնել իրենց «աստեղնային ժամը»: Իրոք, գայթակղիչ է, սակայն պետք է հաշվի առնել նաեւ հետեւանքները:

Թե՛ մեր իշխանությունները, թե՛ մեր ընդդիմադիրները տակտիկական հաղթանակների վարպետներ են: Ճիշտ է, նման տակտիկական հաղթանակների վարպետներ արդեն թե՛ Եվրոպայում, թե՛ մեր հարեւան երկրներում եղել են: Մեկին անվանում էին Սլոբոդան Միլոշեւիչ, մյուսին` Էդուրարդ Շեւարդնաձե. մարդիկ, որոնք մի քանի գլուխ «մերոնցից» բարձր են: Որտեղ է այսօր մեկը եւ որտեղ է մյուսը, հիշեցնելը պարտադիր չէ:

Ճիշտն ասած եւ վերջին հաշվով` մեզ քիչ են հետաքրքրում ներկայումս ընթացող այդ «խավարասերների սահմանդրախաղերը»: Ինչպես ասել է մի քաղաքական դասական, «սրանք բոլորը ձախողված են», ուստի գալիք հեղափոխությունը սրանց բոլորին էլ դատապարտելու է հեռանալ պատմության թատերաբեմից: Սակայն մենք պետք է մտածենք, ավելի լուրջ բաների մասին, քան թե «ձախորդներին» հեռացնելը: Քանզի կան գործոններ, որոնք կապված չեն այս կամ այն անհատի կամ վարչակարգի հետ:

Իսկ մենք, որ չենք պատրաստվում հեռանալ ո՛չ մեր երկրից, ո՛չ էլ մեր քաղաքացիական ուղեկալներից, պետք է մտածենք նախ եւ առաջ, թե ինչ ենք անելու հեղափոխության հաջորդ ժամին, հաջորդ օրը, հաջորդ ամիսը, հաջորդ տարին:

Խոսելով հեղափոխությունների մասին` ոմանք կարծում են, որ ժողովրդավարության առաջացման համար բավական կլինի Ազատության հրապարակում կամ Բաղրամյան պողոտայում ցույցեր անել, ապա անցկացնել նորմալ ընտրություններ: Մինչդեռ դրանք ամենեւին չեն պատասխանելու ներկա եւ գալիք մարտահրավերներին, որոնք վերաբերվում են արեւմտյան արժեքային համակարգի եւ անվտանգության համակարգի ներսում սեփական տեղի ապահովմանը, ազգային անվտանգությանը սպառնացող առկա եւ հնարավոր վտանգների չեզոքացմանը, երկրի ներսում ժողովրդավարական պետության եւ ազատ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Այսինքն, այսօր արդեն հարկադրված ենք մտածել, թե ինչպես ստեղծել կենսունակ ժողովրդավարական պետություն եւ հասարակություն` լուծելով այն գերխնդիրը, որը կանգնած էր մեր առջեւ տասնհինգ տարի առաջ` Անկախություն հռչակելիս: Խնդիրն այն է, թե ինչ է ի վերջո կատարվում եւ կատարվելու Հայաստան անունով մեր երկրում:

Եթե հիշենք 1990-ականների սկիզբը եւ մտապահենք այն գալիք հեղափոխությունից հետո ժամանակների համար, ապա պիտի շեշտենք, որ տասնյակ հազարավոր հայեր (ինչպես եւ տասնյակ հազարավոր վրացիներ կամ ուկրաինացիներ — այստեղ լեհերի, չեխերի, լիտվացիների, լատվիացիների եւ նույնիսկ ռումինացիների բախտը մի քիչ ավելի է բերել) չէին վտանգում իրենց կյանքն ու առողջությունը (իսկ հայ ազգի կորիզը կազմող մոտ տասը հազար տղամարդ ընդհանրապես զոհաբերեցին իրենց կյանքները), որպեսզի իշխանությունից հեռացնեին մի խմբավորմանը եւ բերեին նրանից շատ չտարբերվող մյուսին: Այսօր, հետին հայացք գցելով 1988-91թվականների Ազատության հրապարակին եւ կանխազգալով գալիք ժամանակները` մենք իրավասու ենք վստահաբար պնդել, որ դրանք միայն արտացոլում են հայ ժողովրդի մի քանի արմատական պատմական հարցադրումները.

Ա. Հայաստանի որպես լիարժեք քաղաքական միավորի եւ ազատ քաղաքացիական հասարակության հարցադրումը,

Բ. «Միջանցիկ», «հետխորհրդային», «կվազիխորհրդային» պետականությունից լիարժեք եւ լիակերպ պետականության անցման հարցադրումը,

Գ. Վերոհիշյալ պայմաններում անխուսափելի դարձող ընտրանու կամ ընտրանիների փոփոխության հարցադրումը,

Դ. Սոցիալական արդարության, այսինքն` հասարակության կառուցվածքում բոլոր անհատներին իրենց արժանի տեղը եւ կենսաձեւը վերապահելու հարցադրումը:

Առաջին հեղափոխությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի կառավարման տարիներին այս հարցադրումներին տրվեց միայն մասնակի պատասխան. Հայաստանը դարձավ գրեթե 600-ամյա դադարից հետո միջազգային քաղաքականության սուբյեկտ, սակայն ի վերջո հայտնվեց իր նախկին տերերից մեկի «ֆորպոստի» կարգավիճակում: Խորհրդային Հայաստանին եկավ փոխարինելու Հայաստանի Երրորդ Հանրապետությունը` հարավկովկասյան տարածաշրջանում միակ պետությունը, որին հնարավոր չէր ներկայացնել տապալվելու, չկայանալու եւ սեփական տարածքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու անկարողության մեղադրանքներ, սակայն վերջիվերջո նախկին հետխորհրդային տարածքում Բալթյան երկրների հետ միասին ժողովրդավարության առաջամարտիկի թանկ ձեռքբերված կերպարը Հայաստանը փոխեց նեղ գավառական, կիսաասիական կեղծ պետական կազմավորման կերպարի հետ: Ընտրանու փոփոխություն ինչ-որ առումով կայացավ, սակայն այն ձեռք չբերեց նույն բալթյան կամ կենտրոնաեվրոպական երկրներին հատուկ փոփոխությունների տեսք. նախկին կոմունիստական վերնախավի զգալի մասը պահպանեց իր դիրքերը, իսկ խորհրդային եւ ռուսական հատուկ ծառայությունների գործակալների անունները, որոնք սարդոստայնի պես պատել էին մեր պետական մարմինները, այդպես էլ մնացին չբացահայտված:

Արդյունքում ունենք այսօր ոչ թե ընտրանի, այլ իշխանության եկած կրիմինալ, խուժան եւ այլ երկրներին ծառայող գործակալներ: Սոցիալական արդարության մասին խոսելն իսկ ավելորդ էր Ղարաբաղյան պատերազմի տարիներին:

Այն, որ մեր ուղին ձախողվել է, ակհնայտ է: Սակայն ակնհայտ է նաեւ, որ ձախողվել է Արեւմուտքի ռազմավարությունը Հարավային Կովկասում եւ ամբողջ նախկին հետխորհրդային տարածքում: Այսօր Արեւմուտքն իրոք պետք է հանձն առնի իրականացնելու այն նույն գիծը, որը նա իրագործեց Կենտրոնական Եվրոպայում եւ Մերձբալթիկայում:

Մենք ձգտում էինք եւ հիմա էլ պետք է ձգտենք վերադառնալ պատմության ասպարեզ, որտեղից մեզ 1923-ին Լոզանի կոնֆերանսի օրերին Ուինստոն Չերչիլը ընդմիշտ հեռացած համարեց: Իսկ վերադառնալ պատմություն` նշանակում էր գտնել սեփական եւ արժանի տեղն ու դերակատարությունը աշխարհի ժամանակակից քաղաքակրթության եւ անվտանգության համակարգերում, որոնք պայմանականորեն անվանենք Արեւմուտք (ՆԱՏՕ եւ ԵՄ): Եվ չպետք է մոռանալ, որ Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան, Լատվաիան, Լիտվան կամ Ռումինիան դարձան վերոնշյալ համակարգի անդամներ ոչ միայն այն պատճառով, որ նրանք պատմականորեն պատկանել են Արեւմուտքին, այլ նաեւ այն պատճառով, որ նրանց քաղաքական եւ տնտեսական վերնախավերը աչքի ընկան բարձր ժողովրդավարական կարգապահությամբ` աչքի առաջ ունենալով ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին միանալու հեռանկարը` բաղձալի պարգեւը: Դա ուժ տվեց նրանց բարեփոխելու իրենց սեփական երկրները: Նման մի ուժ կամ կամք պետք է գտնի մեր նոր ընտրանին: Փոխարենը նա պետք է ստանա երաշխիքներ, որ վերջապես Անկախության հռչակման եւ Ազատության ձեռքբերման երկրորդ փորձը չի տապալվի առաջինի նման, որ մենք թեկուզ եւ դժվարություններով, թեկուզ եւ արգելքներ հաղթահարելով` գնալու ենք դեպի իրական ժողովրդավարություն եւ քաղաքացիական հասարակարգ:

Չպիտի մոռանալ, որ մեր նախկին եւ ներկայիս իշխանավորները քիչ մեղք ունեն ստեղծված վիճակում: Վերջիվերջո, Սահմանադրությամբ իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Ո՞վ է մեղավոր, որ ժողովուրդն այդքան երկար հանդուրժում էր ՀՀՇ-ի «շեղումները» կամ դաշկեսանա-տարոնական գավառականությանը: Ո՞վ է այն թշնամին, որ թույլ տվեց այս բոլոր խայտառակությունները: Նայե՛նք հայելու մեջ: Շուտով իրոք հանրաքվե է, հետո… Ընտրելու ենք միայն մենք:

Որ չունենք ընդհանրական հասարակություն, ասել են բոլոր ազնիվ քաղաքացիները: Բայց մեկ քաղաքացիական ընդհանրականություն կարելի է տեսնել` համընդհանուր անտարբերության կոնսենսուս եւ հետխորհրդային «սեւ խոռոչի» սառեցված վիճակ: Այս դրությունում հաջողության կհասնեն միայն այն ուժերը, որոնք կոչ կանեն ոչ թե տապալել այսինչ նախագահին եւ նրա կլանին, այլ կպատասխանեն վերոհիշյալ չորս արմատական հարցադրումներին: Կհաղթի միայն նա, ով քայլում է պատմությանը համըթնաց, այլ ոչ թե հակառակ նրան: Այս առումով, գուցե, Անկախության երկրորդ հռչակումը կծնի նաեւ այդ, նոր տեսակի առաջնորդներին եւ կլինի ավելի արգասաբեր:

ԴԱՎԻԹ ԶՈՐՅԱՆ

Share this content: