Հայի երկրորդ խելքը առաջինից էլ բեթար է

Չի շղթայվի մարդու հոգին ոչ մի կապով արտաքին,
Եթե դարի, ժամանակի զրահն ունի իր հագին…
Եղիշե Չարենց

Ուղիղ մեկ ու կես տարի առաջ հայ պահպանողականները հայտարարությամբ արձանագրեցին, որ «Հայաստանի Հանրապետության պետական շահը աներկբայորեն պահանջում է ընդառաջ գնալ ԱՄՆ նախագահ պարոն Ջորջ Բուշ-Կրտսերի կոչին եւ անհապաղ Իրաք գործուղել հայկական ստվար զորամիավորում` անգլո-ամերիկյան կոալիցիոն հրամանատարության ներքո»:

Այն ժամանակ դա նշանակում էր նախ` կատարել անկախության տարիներին մեր երկրում ամենամեծ ներդրում կատարած ԱՄՆ-ի առջեւ մեր դաշնակցային պարտավորությունը, երկրորդ` ձեռք բերել խաղաղապահության ու կարգուկանոնի հաստատման փորձառություն, որն առաջիկայում առանցքային է դառնալու Հարավային Կովկասում, երրորդ` վերստին ստանձնել տարածաշրջանում արեւմտյան քաղաքակրթական արժեքների ջահակրի հեգեմոն դերը` դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով (մի բան, որ այսօր սկսում է իրականացնել հարեւան Վրաստանը): Դա այն ժամանակ չէր նշանակում ո՛չ «պատերազմի» հայտարարում Եվրոպական առաջատար երկրներին ու Ռուսաստանին, որոնք դեմ լինելով անգլո-ամերիկյան մուտքին Իրաք` արդեն իրենք էին փորձում նավթային մեծ խաղին մասնակից դառնալ, ո՛չ էլ Իրաքն էր մխրճված քաղաքացիական-ահաբեկչական լայնածավալ հակաարեւմտյան թոհուբոհի մեջ: Մինչդեռ այն ժամանակ մենք, կարծում եմ` «ռուս մեծ եղբոր» հրահանգով եւ նրա շահերը սպասարկելով, հրաժարվեցինք համաշխարհային սակարանում մեր բաժինն ունենալուց` ապերախտաբար նույնիսկ օդային տարածք չտրամադրելով կոալիցիային: Այն ժամանակ մեր իշխանությունների կանացի բնազդները սրվեցին մինչեւ «մայրական հոգատարություն»` պատճառաբանելով, թե Իրաքում այսքան հայ է ապրում, Սիրիայում` այսքան, իսկ մնացյալ արաբական աշխարհում այսքան ու այսքան, թե մենք իրավունք չունենք հարվածի տակ դնելու նրանց անվտանգությունը. կարծես Հայաստանում հայեր չեն ապրում, եւ նրանց ապագան գոնե ռազմավարական նշանակություն էլ չունի, իսկ ԱՄՆ-ում ապրող դարձյալ մեկ ու կես միլիոնն էլ իր հերթին հայ չէ:

Չգործեց հայի առաջին խելքը. ավելի ճիշտ` վախը կերել էր նրան` հաշվելու ունակությունը փոխարինելով սեմինարիստի երկյուղածությամբ:

Մեկ տարվա մեջ աշխարհը դարձյալ փոխվեց: Իրաքում սառեցված պատերազմը փոխարինվեց ահաբեկչությամբ. այժմ օրական մի քանի ոչ իրաքցիներ են առեւանգվում ու սպանվում: Իրաքում ռազմական ներկայություն ունեցող երկրներում լայն թափով ծավալվում են պայթեցումներ ու ահաբեկչական այլ գործողություններ: Եվ այս ֆոնի վրա հանկարծ մեր իշխանությունները որոշում են 50 մատաղացու ուղարկել` լեհական դրոշի ներքո: Ի՞նչ է պատահել մեր իշխանություններին. մի՞թե Իրաքում, Սիրիայում ու մյուս երկրներում այլեւս հայեր չեն ապրում: Այժմ, երբ բացի ԱՄՆ-ից, որը սեպտեմբերի 11-ի զարհուրելի դեպքից հետո այլեւս որեւէ ահաբեկչական գործողության թիրախ չի դարձել, բոլոր մեծ ու փոքր երկրները փորձում են մատը գազանի բերանը չտանել, մենք գլուխներս ենք խոթում այնտեղ, եթե իհարկե որեւէ մեկը կապացուցի գլխի գոյության փաստը: Փորձում ենք սրբագրե՞լ մեկ ու կես տարի առաջվա սխալը, հայի երկրո՞րդ խելք ենք ուզում բանեցնել: Եթե սա է երկրորդ խելքը, ապա դա առաջինից էլ բեթար է:

Հսկայական Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, մյուսները մի կերպ են դիմակայում Իրաքում լինելու (իսկ հաճախ` նույնիսկ պետականորեն չլինելու) արդյունք ահաբեկչության ալիքին իրենց երկրների ներսում, մենք կարողանալու՞ ենք: Ամենափոքրիկ իսկ ակցիայի (Աստված մի արասցէ` մեծ, ստրատեգիական նշանակության) դեպքում ի՞նչ է կատարվելու ռուսների ողորմածությանը հանձնված թափանցիկ սահմաններով մեր երկրում. հաշվե՞լ ենք սա: Մի՞թե ռուսներին այնքան հիմար ենք կարծում, որ իրենց շահի համար չեն խաղարկի Հայաստանը որպես մանր խաղաթուղթ. չէ՞ որ դա միայն վերջին հարյուր տարվա պատմության մեջ բազմիցս է կատարվել մեզ հետ:

Այս հարցը մի շատ ավելի կարեւոր ու խորքային կողմ էլ ունի: Վստահ եմ` մեր քաղաքական ներկայիս երեւացող դեմքերից ոմանք նաեւ մտածելու ունակ են եւ կարող են հասկանալ այն աղետի ահագնությունը, որ կսպառնա մեզ` նման արկածախնդրության դեպքում, բայց լռում են: Գիտե՞ք` ինչու: Այն պարզ պատճառով, որ իրենց գավառական ուղեղներով կարծում են, թե աղետի դեմն առնելու փորձի դեպքում ԱՄՆ-ի կողմից կընկալվեն որպես հակաամերիկանիստներ ու կզրկվեն Քոչարյանին տապալելու եւ իշխանության գալու արեւմտյան հովանավորությունից: Իսկ թե այդ ընթացքում Հայաստան կմնա՞, որ դեռ իրենք էլ իշխեն, առաջին բարդության խնդիր է, որ ուղեղի մեկ-երկու գալար ավելին է պահանջում, դա նաեւ առաջին բարոյական վարքի խնդիր է, որ իրենց համար խաղի կանոնների մեջ չէ, եթե նույնիսկ ազգին, Հայրենիքին է վերաբերում: Իսկ սա, եթե այդպես է, արդեն մահացման լուրջ ախտանիշ է, համազգայի՛ն նեխման ու մահացման:

Անշուշտ, ապագայում հնարավոր է ծապլվարյան մտածողությամբ տրամաբանության ծիրի մեջ խցկել նաեւ այս արկածախնդրությունը` ասելով, թե «փոքրիկ ջարդ մը» պետք էր, որպեսզի կարողանայինք «ցեղասպանությունից մազապուրծ մեր խլյակների սերունդներին, որ օտար ափերի մեջ դատապարտված են ուծացման, դեպի Երկիր կոչել` բնակեցնելով Քարվաճառում, Բերձորում եւ հայաշունչ այլ վայրերում», որպեսզի այլեւս որեւէ մեկը չկարողանա ասել, թե այդ հողերը գրավյալ են եւ հայերին պետք չեն: Այս մտածողությունն արդեն մի անգամ մեր Հայրենիքը դատարկել, հայազրկել է, մեր ժողովրդին ցեղասպանել ու աշխարհացրիվ է արել: Պատմությունը կրկնվում է միայն այն դեպքում, երբ այն չեն կերտում, իսկ մեր պարագայում այն արդեն մի քանի տասնյակ դարեր պարբերաբար կրկնվելու հունից դուրս չի ուզում գալ:

Պարոնա՛յք, պատմությունը ձեզ դավաճան պիտակով կխարանի, եթե չհասկանաք, որ ձեր ցանկացած քայլ պետք է պայմանավորված լինի մեկ գերագույնով` Հայաստանի Հանրապետության շահով, իսկ մնացյալը` ցանկացած շահ ու գաղափարախոսություն պետք է ածանցվեն սրանից: Մարտահրավեր է նետված մեր երկրին. կա՛մ դուք ձեր զոռբայությամբ գնած մանդատները մեկ անգամ կծառայեցնեք Հայրենիքի ու քաղաքացիների շահերին եւ Խորհրդարանում կմերժեք Իրաք զորք ուղարկելու Ռ.Քոչարյանի որոշումը, որ լավ օրից չի կայացրել, այլ իր իշխանությունը մի քանի ժամով երկարացնելու ակնկալիքով, կա՛մ ձեզ նույն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կհամարեն թույլ ու վախկոտ, իսկ «թույլերին խփում են», ինչպես կասեր ձեր պաշտելի Պուտինը:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Չորրորդ իշխանություն», 2004թ., հոկտեմբերի 1
«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2004թ., հոկտեմբերի 15

Share this content: