Հաղորդակից անոթների օրենքը

Մեծ մերձավոր արեւելքի այն հատվածը, որ այսօր զբաղեցնում են Թուրքիան, Իրանը եւ մասամբ` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, մշտապես եղել են ռազմական բախումների կիզակետ` պայմանավորված ենթատարածաշրջանի խաչմերուկայնությամբ: Նախապես հյուսիս-հարավ, իսկ ավելի քան երկու հազար տարի առաջ այն դարձավ արեւելք-արեւմուտք քաղաքակրթական արյունալի շարժերի միակ ցամաքային ճանապարհը: Հռոմը եւ Իրանն այն երկու հաղորդակից անոթներն էին, որոնք իրենցով պայմանավորում էին գլոբալ հավասարակշռությունը ճանաչելի աշխարհում: Անշուշտ, կային նաեւ կենսունակ այլ էթնոսներ, որոնք ժամանակ առ ժամանակ, տարբեր հանգամանքների արդյունքում հաջողեցնում էին տարածաշրջանում հանդես գալ անկախ պետականությամբ: Մեր ենթատարածաշրջանում, օրինակ, վրացիները եւ աղվանցիները, իրենց եզրային եւ գլոբալ բախումներից փոքր-ինչ զատված լինելու շնորհիվ, կարողացան թեկուզ եւ ոչ շատ լուրջ հայտերով, բայց այնուամենայնիվ ապահովել պետականություն: Հայերի պարագան մի փոքր այլ էր. նրանք կարողացան նույնիսկ ոչ կարճ մի ժամանակով ներկայացնել համաշխարհային ասպարեզում սեփական ձայնով հանդես գալու իրավունքի հայտ: Իսկ Հռոմի աճին զուգահեռ` կորցնելով կայսրության հնարավորությունը, կարողացան ապահովել հնարավորինս ինքնուրույն պետականություն` երբեք չհրաժարվելով համաշխարհային ասպարեզում որպես որոշիչ գործոն կրկին հայտնվելու հավակնությունից:

Հետո այս կամ այն ժամանակային կտրվածքում հայտնվեցին նոր ինքնուրույն խաղացողներ, ինչպես օրինակ Արաբական խալիֆաթը, ավելի ուշ` Ռուսական կայսրությունը: Միտումնավոր չենք նշում Օսմանյան Թուրքիան, քանի որ այն աշխարհաքաղաքականության տեսակետից ժառանգորդը դարձավ Բյուզանդական կայսրության, թեեւ քաղաքակրթական առումով ժառանգորդն անվիճելիորեն Ռուսաստանն էր: Այսպիսով, դարձյալ վերականգնվեց հաղորդակից անոթների սկզբունքը. երկու համակշռող բեւեռները դարձան Իրանն ու Թուրքիան: Կայսրությունների մեծագույն մասը վերացրած Առաջին համաշխարհային պատերազմն Օսմանյան Թուրքիային տեղավորեց ազգային պետության սահմանման տիրույթում, որի մեջ Իրանի տեղավորումը սկսվել էր 19-րդ դարի առաջին կեսի ռուսական արշավանքների ժամանակներից եւ ավարտվեց Երկրորդ աշխարհամարտով:

20-րդ դարի 90-ական թվականներին, երբ համաշխարհային քարտեզի վրայից սկսեց անհետանալ երկբեւեռ աշխարհի մի բեւեռը` ԽՍՀՄ-ը, տարածաշրջանային բեւեռները եւս սկսեցին տեւտոնիկ փոփոխություններ կրել: Բազմազգ ու հիմնականում ախոյան երկրներով շրջապատված Թուրքիան այլեւս սկսեց կորցնել Սառը պատերազմի ժամանակ իրեն վերապահված նշանակությունը, մինչդեռ պետությունն իր ամբողջության մեջ պահպանել է նախորդ պատմափուլի տրամաբանությունը: Սրանով պետք է բացատրել Թուրքիայի` մի կողմից օսմանյան շրջանի կայսերական կայծկլտացող հավակնությունների, երկրորդ կողմից` թյուրքական աշխարհի առաջամարտիկ լինելու եւ մյուս կողմից` եվրոպական համակեցության մեջ տեղավորվելու իրարամերժ ու աներեւակայելիորեն անհամատեղելի գաղափարախոսական բախումները, որոնք իրենց առարկայական դրսեւորումներն են ունենում Թուրքիայի հաճախ հստակորեն ցայթնոտ արտահայտող քաղաքականության մեջ:

«Մավրն այլեւս անելիք չունի, եթե շարունակի որպես մավր» դրույթը կարծես կախվել է եւ՛ Թուրքիայի, եւ՛ Իրանի գլխին: Սա պարզորոշ հիշեցնում են նրանց:

Թուրքիային երբեք չէր կարող սպառնալ իրաքյան քրդերի հավանական ինքնավարության հարցը` ազգային անվտանգության վտանգման աստիճանի, քանի դեռ կար Սառը պատերազմը, մինչդեռ այսօր դա այլեւս յոթ սարի ետեւում չէ: Իսկ աշխարհագրորեն սիրիական, իրաքյան, թուրքական, իրանյան քրդերը շարված են մեկ գծի վրա: Դա ոչ հեռու ապագայում կարող է Թուրքիայի համար դառնալ այն, ինչ Իկոնյան փոքրիկ սուլթանությունը դարձավ Բյուզանդական կայսրության համար, երբ փոխարինվեց Օսմանյան կայսրությամբ: Այսինքն` այսօրվա Թուրքիան պարզորոշ կանգնած է ընտրանքի առջեւ, որի ապագան կարող է լինել հաղորդակից անոթի իր գործառույթից զրկվելը: Մանավանդ եթե հաշվի առնենք այսօր դեռեւս աղոտ նշմարելի մի քանի հանգամանք եւս:

Նախ` համաշխարհային միակ ակներեւ բեւեռ ԱՄՆ-ն (մյուսն անտեսանելի, վիրտուալ բեւեռ համշխարհային ահաբեկչությունն է) «չարի առանցքներից» է հռչակել Իրանին, որի ի դերեւ լինելը կամ տարածաշրջանային բեւեռի լիազորություններից զրկվելը կվերաբերի հաղորդակից մյուս անոթին` Թուրքիային, ուղիղ համեմատականությամբ: Իսկ որ իսլամական Իրանի գլխին կախված վտանգն ամենեւին էլ հորինովի չէ, պարզորոշ երեւում է վերջին երկու տասնամյակում տարածաշրջանային ուժային տեղաշարժերից. Իրաքում կոալիցիոն զորքերի արմատական տեղավորումից հետո Իրանը շրջապատվում է կարծես թե հիմնավորապես: Սա շատ լավ են հասկացել եւ՛ ամերիկացիները, եւ՛ պարսիկները: Ուստի երկուսն էլ խաղարկում են սիրիական հարցը. իսկ այդպիսի հարց կա: Պարսիկները համագործակցության կարեւոր պայմանագիր են ստորագրում նույնիսկ ցամաքային կապով չկապված Սիրիայի հետ, իսկ Արեւմուտքը բազում պատճառաբանումներով վաղուց էր հիշեցնում, որ Սիրիան կարող է դառնալ հաջորդ թիրախ: Այնուհետեւ. Պակիստանի հետ Իրանը վերջերս փորձում է դաշնակցային հարաբերություններ հաստատել, մինչդեռ Պակիստանն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հենակետերից էր դեռեւս Սառը պատերազմի ժամանակներից: Հնդկաստանը, որն օրեցօր ամրապնդում է համաշխարհային խաղացողի իր բռնած ուղին, դժվար թե այսօր պատրաստ լինի փորձության գնալ, մանավանդ որ Իրանի հետ իր սահմանը միայն ջրային ճանապարհով է, ուր անմրցակցելի ռազմական առավելություններ ունի ԱՄՆ նավատորմը, որ ուժեղացվել էր դեռեւս Ծոցի առաջին պատերզմի ժամանակներից: Իրանի սահմանակից մյուս երկիրը` Աֆղանստանը, եւս ԱՄՆ լիակատար վերահսկողության տակ է սեպտեմբերյան ողբերգությունից հետո: Թուրքմենական լուսանցքային սեւ խոռոչը որոշիչ նշանակություն ունենալ չի կարող, եթե Իրանի հետ հարաբերությունները դուրս գան խաղաղ երկխոսության դաշտից: Բավականին խառնիճաղանջ է Իրանին սահմանակից Հարավային Կովկասի պարագան, ուր սահմանակից եւ բարի դրացի Հայաստանն ու շիա հավատակից Ադրբեջանը ժամանակավորապես սառեցված պատերազմական վիճակում են` Լեռնային Ղարաբաղի խնդրով: Սա միակ մտահոգիչ հատվածը կարող է լինել արեւմտյան ռազմավարության տեսակետից: Արեւմուտքի վաղեմի աշխարհաքաղաքական դաշնակից Թուրքիան լավագույն դեպքում կարող է անել այն ջղագրգիռ ցնցումները, ինչն արեց Իրաքյան վերջին պատերազմի ժամանակ. ոչ ավելին: Իսկ եթե հանկարծ խաղարկվեն բազմազգ Իրանի ազգային հարցերը (մանավանդ իրանական Ադրբեջանինը եւ Քուրդիստանինը) եւ արդեն մի քանի փորձաշրջան անցած ազատամիտ երիտասարդության գործոնը, ապա պատկերն առավել հստակ է դառնում: Ահա այսպիսին է Թուրքիայի համակշիռ մյուս բեւեռի պարագան, որի գիտակցումը թուրքական կողմին ստիպում է արագություններ զարգացնել նախեւառաջ եվրաինտեգրման գործընթացում:

Երկրորդ` Թուրքիային առավել կարող է մտահոգել նաեւ այն, որ Իրանի թեկուզ ժամանակավոր թուլացումն իրեն կզրկի թյուրքական աշխարհի առաջատարի ցայսօր պահպանված դերից: Իրանում ապրող ավելի քան 20 միլիոն ազերիների եւ Ադրբեջան պետության ազերիների պարագան չի կարող Արեւմուտքի կողմից թեկուզ որպես տարբերակ չհաշվառվել: Իսկ այդ պարագայում ոչ միայն որպես թյուրքական աշխարհի առաջնորդ հանդես գալու Թուրքիայի հավակնություններն են զրոյացվում` տեղը զիջելով երիտասարդ եւ նավթառատ Ադրբեջանին, այլեւ հանդես է գալիս տարածաշրջանային նոր բեւեռի ավելի կենսունակ հավակնորդ:

Երրորդ` ինչ-որ կերպ քրդական գործոնի խաղարկումից կարող են եւ օգտվել Թուրքիայի նույնիսկ երբեմնի դաշնակիցները, եթե Թուրքիան իր քաղաքականավարման ընթացքում սայթաքումներ եւ հապաղումներ թույլ տա կամ փորձի դրսեւորել նախկինում իրեն վերապահված լիազորություններ: Մի նոր Կիպրոս չէ, այլ դրա մեկ տոկոսն այլեւս ի զորու չէ մարսել Թուրքիան: Այստեղ այնքան էլ անիրատեսական չէ նոր Ադրբեջանին համակշռող նոր Քուրդիստան բեւեռի ձեւավորումը: Մանավանդ եթե հաշվի առնենք Թուրքիայի` ղարաբաղյան հարցով ինքն իրեն ծուղակը գցելը, երբ հանուն այսօր դեռեւս իր կրտսեր եղբայր Ադրբեջանի` նա փակեց սահմանը Հայաստանի հետ. միայն փոքրիկ եւ ոչ այնքան կարեւոր Վրաստանի հետ Թուրքիան չի կարող իրացնել լիազորություններ, որ վերապահված են բեւեռին: Եթե հաշվի առնենք եւս երկու հանգամանք քրդական մասով, ապա իրադրությունն է՛լ ավելի պարզորոշ կդառնա: Նախ` եւ՛ քրդերը, եւ՛ ադրբեջանցիները պետականության տեսակետից որպես երիտասարդ ազգեր` առավել կենսունակ եւ կանխատեսելի են, մինչդեռ եւ՛ թուրքերի, եւ՛ պարսիկների մեջ կայսերական պահպանված որոշ մոտեցումները, ինքնագնահատման արժեհամակարգը մի տեսակ մարտահրավերի տարր են պարունակում: Երկրորդ` թեեւ առայժմ հետախուզական բնույթի, բայց լուրջ դրույքներ են կատարում քրդերի եւ ադրբեջանցիների վրա նաեւ տարածաշրջանի այլ էթնոսներ եւ ուժեր: Այսպես. ասենք, Իսրայելը, որ լրջագույն խնդիրներ ունի գրեթե ողջ արաբական աշխարհի հետ, Սադամին պատժելու գործողությունների հենց սկզբից ֆինանսավորեց մեծ թվով քրդերի վերաբնակեցումը Իրաքի հյուսիսում, թեեւ այդ գործողությանը դեմ էր նրա վաղեմի դաշնակից Թուրքիան: Կամ` արաբական աշխարհը, որ լրջագույն խնդիրներ ունի Թուրքիայի հետ եւ, օրինակ, հայ-թուրքական դիմակայության մեջ իր համակրանքը պահպանում է հայկական կողմի նկատմամբ, հայ-ադրբեջանական հակամարտության հարցում առավել հակված է դեպի Ադրբեջանը, որին չզլացավ եւ չի զլանում իր ամեն կարգի օժանդակությունները ցուցաբերել: Այսպիսի հաստատումները կարելի է տասնյակներով ներկայացնել: Թուրքիան հասկանում է, թե ժամանակն ում օգտին է աշխատում:

Սակայն սա ընդամենը մարտահրավերների թուրքական եւ իրանական կողմերին` տարածաշրջանային հաղորդակից անոթների այսօրվա երկու բեւեռներին, մտահոգող թնջուկն է, որն ամեն վայրկյան փոփոխելի է, ինչն էլ փորձում են անել տարածաշրջանում ներկայացված ու չներկայացված կենտրոնները: Նմանատիպ եւ է՛լ ավելի խճճված թնջուկներ ունեն տարածաշրջանային մյուս երկրները նույնպես, որոնք եւս փոփոխելի են:

Ժամանակակից առերեւույթ միաբեւեռ աշխարհի կառավարման մոդելը կարծես թե պարզորոշ է` տարածաշրջանների միջոցով: Իսկ տարածաշրջանները կանգուն են պահվում հիմնականում երկբեւեռության վրա: Մի կողմից առաջնային է հռչակվում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից` այդ ամբողջականությունը խարխլվում է քաղաքակրթական վերաբաժանումների միջոցով: Իսկ քարտեզների վերագունավորմանը միշտ նախորդում են քաղաքակրթական վերագունավորումները: Այսինքն` այո՛, մեր տարածաշրջանը կանգնած է նոր վերագունավորման շեմին, սակայն սա, վերոշարադրյալի հետ միասին, դեռեւս չի նշանակում, թե անպայման այդ վերագունավորումը կատարվելու է ռազմական միաժամանակյա ներխուժումների միջոցով եւ անմիջապես: Մանավանդ որ, արեւմտյան քաղաքակրթությունը ոչ այլ ինչ է, քան մշակույթների համադաշնություն եւ անվտանգության համապարփակ համակարգ, որն առնվազն մեր տարածաշրջանում ստարտային հնարավորություններ է ընձեռում բոլոր էթնոսներին եւ պետություններին հավասարապես` ազատորեն կողմնորոշվելու եւ համընդհանուր տրամաբնությանը չվնասելու տիրույթում դարձյալ ազատորեն գործելու անսահմանափակ դաշտ ապահովելով, ընդհուպ մինչեւ հաղորդակից նոր անոթների բեւեռ դառնալը: Հենց դա էլ արեւմտյան քաղաքակրթության անվիճարկելի առավելությունն ու գրավչությունն է մյուսների նկատմամբ, որից, պետք է խոստովանել, հայկական կողմն առայժմ արդյունավետ չի օգտվում, թեեւ տրված են բոլոր շանսերը, որնց մասին միայն երազել կարելի էր: Իսկ դրա համար պետք է նախ` ընկալվի գլոբալ քաղաքակրթության զարգացման տրամաբանությունը, երկրորդ` այդ տրամաբանությանը տոտալ պատերազմ չհայտարարել` հենվելով իրենց դարն ապրած արժեհամակարգերի վրա, եւ երրորդ` զարգացնել այնպիսի արագություններ, որոնք հատուկ են միայն գլոբալ քաղաքակրթությանը:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

«Նոր Հայաստան» (ԱՄՆ), 2001թ., մարտի 21

Share this content: