Պահպանողական կուսակցության առաջին ծրագիրն ընդունվել է 1991թ. ապրիլի 14-ին, գրանցվել՝ 1991թ․ հունիսի 10-ին՝ 3-րդ համարի ներքո: ՊԿ ծրագրի այս խմբագրումն ընդունվել է 2023թ. հունվարի 8-ին Պահպանողական կուսակցության 12-րդ արտահերթ համագումարում:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը: Իսկ պետության կառավարման արվեստը հին հույներից մինչև այսօր անվանում են ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Ժամանակակից աշխարհում քաղաքականության կիրարկման միջոցը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են. սրա այլընտրանքը նույնպես մարդկությանը դեռևս հայտնի չէ: 1991թ. վերստեղծված պետության քաղաքականությունը վարելու համար Հայաստանում նոր կազմավորված, միմյանց երբեմն թշնամաբար վերաբերվող կուսակցություններին չհաջողվեց ձևավորել մրցունակ քաղաքական համակարգ։ Խելամիտ, հավասարակշռված քաղաքականություն վարելու միջոցով է միայն, որ հնարավոր է մեր Պետությունը դարձնել մեր երազների Հայրենիքը: Այսօրվա կյանքը դեռևս այն չէ, ինչին ձգտում է ՀՀ քաղաքացին: Պահպանողականությունը Հայաստանի ապագան է՝ դրական ձեռքբերումները պահպանողը, միևնույն ժամանակ նորի կրողը:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԵՆՔԸ — Պահպանողականության էությունը էվոլյուցիոնիստական է. մերժում է ցանկացած հեղափոխականություն:
ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՆՔԸ — Պահպանողական կուսակցության բարձրագույն արժեքներն են՝ Հայաստանի պետությունը, պետական անվտանգությունը, պետական լեզուն՝ հայերենը, մշակույթը, բարոյականությունը, քաղաքացու իրավունքները, խղճի ազատությունը, սեփականության իրավունքը: Հայաստանի պետությունը՝ հայ մարդու Հայրենիքը, 21-րդ դարում կարող է գոյատևել և զարգանալ միայն ժողովրդավարության, հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների, քաղաքացիական հասարակարգ և եվրոպական իրավական մոդել, բարձր զարգացվածությամբ կրթական և գիտական համակարգ ունենալու, ամուր և կարգապահ բանակի, պետական քաղաքականությամբ ուղղորդվող և ազատ շուկայի կողմից կառավարվ տնտեսության, համաշխարհային գործընթացներից առաջ կամ ետ չընկնելով՝ դրանց ներդաշնակորեն ինտեգրվելու պայմաններում: (Տե՛ս նաև՝ Կանոնադրություն, գլուխ II:) ՊԿ-ն նեոկոնսերվատիզմի կրողն ու միակ ներկայացնողն է ՀՀ-ում. պաշտպանում է տնտեսության, գիտության, կրթության, սոցիալական ինստիտուտների ինքնավարությունը, որտեղ պետության ուղղակի միջամտությունը պետք է հասցվի նվազագույնի: Ըստ այդմ՝ կողմնակից է հակամենաշնորհային քաղաքականության՝ բացառությամբ ընդհանուր անվտանգությունն ապահովող պետական մենաշնորհների (բանակ, հատուկ ծառայություններ և այլն): ՀՀ աշխարհաքաղաքական շահերի տիրույթում գործող զարգացման համապարփակ և ստեղծագործաբար ծավալվելու ունակ ծրագրից և այդ ծրագրի իրականացման՝ հայ ազգի էությանը և ազատ ինքնադրսևորման ինքնահատուկ կերպին համապատասխան ճանապարհներից բացի՝ ՊԿ-ն ցանկացած այլ գաղափարախոսություն համարում է անշարժ, զարգացման անընդունակ, վտանգավոր դոգմա: ՊԿ-ի համար առաջնայինը պետական շահն է՝ քաղաքացու և հասարակության անվտանգությունն ու բարեկեցությունը:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ — Հայաստանի պետությունն ու քաղաքացիները իրավունք ունեն և պարտավոր են տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների և միջազգային հանրության հետ խաղաղ համակեցություն ապահովել, թոթափել հազարամյա մեկուսացման կաղապարները, դառնալ քաղաքակիրթ մարդկության մասնիկը՝ մերժելով ծայրահեղությունները՝ հեղափոխականությունն ու պասիվ հարմարվողականությունը:
ՊԿ-ն համարում է, որ Հայաստանի պետությունը դաշնակիցներ ընտրելու, դրանք փոփոխելու հարցում պետք է առաջնորդվի բացառապես պետական շահով:
ՊԿ-ն Արցախի մարզը դիտարկում է իբրև ՀՀ անբաժանելի մաս 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ ԱԽ համատեղ որոշման հիմքով։ Արցախի հիմնահարցի համապարփակ լուծումը հնարավոր է միայն այդ ելակետով։
ՊԿ-ն օրենքի շրջանակներում անելու է ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն ակտիվ ներգավվի տարածաշրջանային և միջազգային տնտեսական, կոմունիկացիոն, գիտակրթական, մշակութային, արդյունաբերական, ռազմական ինտեգրացիոն գործընթացներում:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ — ՊԿ-ն Հայաստանի տնտեսության առաջնահերթություններ է համարում բարձր տեխնոլոգիաները, գիտակրթական արդյունաբերությունը, Էներգետիկան, ջրային պաշարների շահագործումը, ներքին և արտաքին կապուղիները, օգտակար հանածոների արդյունահանումն ու տեղում ցիկլային արդյունաբերության կազմակերպումը, գյուղատնտեսական, թեթև և սննդի արդյունաբերական ենթակառուցվածքները, բանկային համակարգերը, զբոսաշրջությունը, առևտուրը:
ՊԿ-ն բացի պետական ռազմավարական մենաշնորհներից՝ չի ընդունում այլ մենաշնորհներ:
ՊԿ-ն մրցակցային դաշտի ապահովումը և պահպանումը համարում է ՀՀ կենսունակության և առաջընթացի պարտադիր պայման:
Հայաստանի ապագան բազմակացութաձև տնտեսավարումն է:
Օտարերկրյա կապիտալի ներհոսքը և շրջանառումը Հայաստանի զարգացման և պետական անվտանգության առաջնային գրավականներից են:
Սեփականության իրավունքը սրբազան իրավունք է, և այն պետք է օրենքով խստագույնս պաշտպանված լինի ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար՝ անկախ նրանց ազգային և դավանանքային պատկանելությունից:
ՊԿ-ն Հայաստանի զարգացումը տեսնում է արտահանումը և ներդրումները խրախուսող հարկային, մաքսային, ֆինանսավարկային քաղաքականության մեջ: Ըստ այսմ, այս ոլորտում ևս ՊԿ-ն աջ կենտրոնական՝ ազատական-պահպանողական (նեոկոնսերվատիվ) կուսակցություն է:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ — ՊԿ-ն միջին խավի, մտավորականների և ծառայողների շահերի արտահայտողն ու պաշտպանն է։ Ձգտում է աշխատելն ու բարիք ստեղծելը խարախուսելու ճանապարհով վերացնել աղքատությունը:
Պետությունը երաշխավորն է մանուկների և ծերերի բարեկեցության. սոցիալական բեռը ժամանակի ընթացքում աստիճանաբար պետք է փոխանցվի գործատուին:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի բժշկական սպասարկումից պատշաճ չափով օգտվելու հնարավորություն ունենա, անհրաժեշտ է սոցիալական ինստիտուտների ինքնավար կայացումը:
ՊԿ-ն մշտապես պայքարելու է գոյատևման բյուջեները զարգացման բյուջեներով փոխարինելու համար:
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈԼՈՐՏ — ՊԿ-ն համոզված է , որ ամենուր և առաջի՛ն հերթին քաղաքականության մեջ հնարավոր և անհրաժեշտ է ապահովել բարոյականությունը, որը պատասխանատվության գիտակցումն ու դրա կատարումից չխուսափելն է. լինի դա պետության, ընտանիքի, եկեղեցու թե շրջապատի հանդեպ:
Մարդիկ ծնվում են տարբերություններով. միակ հավասարությունը Պետության օրենքների և Աստծո առջև է: Ըստ այսմ՝ այդ հավասարությունը պետք է և հնարավոր է ապահովել միայն քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն և Բարոյական Հայրենիք ստեղծելով, որի համար Պահպանողական կուսակցությունը ներդնելու է բոլոր կարողությունները:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏ — Պահպանողական կուսակցությունն քաղաքական կազմակերպություն է: Մեթոդաբանությամբ լինելով քրիստոնեավարական՝ ՊԿ-ն քաղաքականության անհրաժեշտ պայման է համարում բարոյականությունը և հանդուրժողականությունը, պարտադիր՝ պրագմատիզմը՝ խարսխված իր արժեքային կուռ համակարգի վրա. ըստ այդմ, անկախ նպատակից, մերժում է հեղափոխականությունը, ահաբեկչությունը, արկածախնդրությունը:
Որևէ կուսակցության հզորության և արդյունավետության միակ պայման է համարում նրա արժեքային համակարգը և համակիրների քանակը։
ՊԿ-ի քաղաքական դաշնակիցներն են աջ կենտրոնական հակումներով ուժերը մասնավորապես և ազատական հոսանքը՝ ընդհանրապես: Որոշակի կտրվածքում ՊԿ-ն ինքը բնապահպանական (էկոլոգիական՝ կանաչների) կառույց է:
ՊԿ-ի ծրագրային առաջնայնություններից է նաև միջազգային պահպանողական շարժումների, օտարերկրյա գաղափարակից կազմակերպությունների հետ առկա կապերի անընդմեջ խորացումը՝ ի բարօրություն բոլոր ժողովուրդների, ի նպաստ խաղաղության և հօգուտ ՀՀ քաղաքացիների բարեկեցության, ազատ ու լիարժեք ինքնադրսևորման:
ՊԱՏՎԻՐԱՆ — ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Մարդը կարող է անսահմանորեն զարգանալ, բայց անփոփոխ է նրա էությունը:
- Պետք է պահպանել միայն այն, ինչը առաջադիմական է, արժեքավոր, օգտագործելի, բարի, հարազատ և միայն այն ավանդույթները, որոնք ներդաշնակ են մարդկային էությանը. հասարակական ցանկացած փոփոխություն պետք է ներդրվի աստիճանաբար, ընտրողաբար, մտածված:
- Սեփականության իրավունքը տրված է ի վերուստ և սրբազան է:
- Պահպանողական քաղաքական գործչի գործունեությունը գնահատվում է միայն հետևանքներով, ոչ երբեք ժամանակավոր հաջողություններով ու էժան պոպուլիզմով:
- Դեպի ուտոպիական տեսլականներ մղումը միշտ ավարտվում է համակործանմամբ, ուստի պետք է ձգտել ընդունելի հասարակական կարգի, արդարադատության և ազատությունների՝ պահպանելով և բարելավելով այդ կարգն աստիճանական բարեփոխումներով:
- Սոցիալական ինստիտուտների ու կացութաձևերի բազմազանությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և հիմնականում օրինաչափորեն. և արգելվում է հեղափոխական ճանապարհով ամեն ինչ տակնուվրա անել:
- Կա կանխավարկած՝ հօգուտ փորձարկված կառավարման համակարգի, ուստի եղած չարը հեղափոխական՝ չար ճանապարհով հեռացնելը բերում է ավելի մեծ չարիքի:
- Ինստիտուտներից բարձրագույնը Պետությունն է. միայն Պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, և միայն Պետությունն է ունակ իրականացնելու այն:
- Կատարյալ, քարացած մարդկային հասարակություն հնարավոր չէ կառուցել, քանի որ մարդն ինքը կատարյալ և քարացած չէ, բայց պետք է ձգտել հնարավորինս շատ շատերի համար առավել ընդունելի համակեցության ձևերի և փորձել անընդհատ բարելավել այն. այս նույն օրենքին է ենթարկվում ազգերի համակեցության պարագան:
- Մարդկային բազմաբղետության արդյունքը և զարգացման շարժիչը մասնավոր սեփականությունն է, առանց որի չի կարող լինել ազատություն, իսկ հասարակությունը կդատապարտվի նեխման և մահվան. սա գիտակցող ազգերը, որպես սեփականության վերաբերելով իրենց Հայրենիքներին, պահպանում ու զարգացնում են իրենց հասարակությունները:
- Միայն իրավական ու սոցիալական պետությունը կարող է լինել ամուր և կայուն, ապահովել համընդհանուր բարօրություն, արդարադատություն, հասարակական կարգ ու կայունություն:
- Միայն ազատ անհատը կարող է արժևորել Հայրենիքը, Ընտանիքը, Օրենքները, Հավատքը, Կարգուկանոնը, Բարոյականությունը, Մայրենի լեզուն, Մշակույթը, և դրանցով ապահովել ու պահպանել իր Ազատությունը:
ԱՄՓՈՓՈՒՄ
Պահպանողականությունը մարդու էությունն է: Հաճախ տգիտության պատճառով կամ միտումնավոր կերպով՝ պահպանողականությունը (կոնսերվատիզմ) շփոթում են ավանդապաշտության (տրադիցիոնալիզմ) հետ: Պահպանողականությունն էվոլյուցիոն, անվերջ կատարելագործվող ուսմունք է, այլ ոչ թե ծիսականության վերածված, քարացած, դոգմատիկ գաղափարախոսություն:
Պահպանողականները ստեղծեցին ժամանակակից զարգացած երկրները (նրանք ԱՄՆ-ում կոչվում են՝ հանրապետականներ, Անգլիայում՝ պահպանողականներ, Գերմանիայում՝ քրիստոնեա-դեմոկրատներ և այլն), իսկ այժմ էլ նեոպահպանողականներն են շարունակում հաղթարշավն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Հայ ժողովրդի և իր պետության հարատևման միակ երաշխիքը ևս բազմիցս փորձված, միայն անվիճարկելի հաջողություններ արձանագրած, մարդկությանն առայժմ հայտնի ամենաարդյունավետ, ճգնաժամերը բացառող և հակաճգնաժամային, միևնույն ժամանակ՝ իրապես բնական այս ճանապարհն է:
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ
ԴՐՈՇԸ
Ա. Քառակուսի՝ 1×1 համամասնությամբ:
Բ. Քառակուսու գույնն է ծիրանին:
Գ. Քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 0,16×0,16 լայնքով խաչ:
Դ. Խաչի գույնն է կապույտը:
ԶԻՆԱՆՇԱՆԸ
Ա. 45 աստիճանով թեքված քառակուսի՝ 1×1 համամասնությամբ:
Բ. Քառակուսու գույնն է ծիրանին:
Գ. 45 աստիճանով թեքված քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 0,16×0,16 լայնքով խաչ:
Դ. Խաչի գույնն է կապույտը:
Քառակուսին խորհրդանշում է Արևը, ծիրանին՝ բարիքը, խաչը՝ քրիստոնեությունը, կապույտը՝ ազնվությունը:
ՊԿ խմբագրված ծրագիրն ընդունվել է ՊԿ 12-րդ համագումարում
08.01.2023թ.
Երևան